Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՓԱՌԱՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Իրավական ակտի ընդունման համար հիմք են հանդիսանում «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին (ապահովում է պետական մշակութային քաղաքականության իրականացումը) և 4-րդ (իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ) կետերը:
Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակույթի գործիչների համար խրախուսման համակարգերի ներդրման, ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ ստեղծագործական միջավայրի ձևավորման հանգամանքով:
Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 36.3 և 41.1-րդ կետերին։
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Ներկայացվող որոշման նախագծով առաջարկվում է անվանական թոշակներ սահմանել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոններում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար:
Անվանական թոշակ կտրամադրվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մշակույթի ոլորտի այն գործիչներին, որոնք որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոններին և մրցանակաբաշխություններին և արժանացել են մրցանակի:
Անվանական թոշակի վճարումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ, մեկ տարի ժամկետով: Միևնույն անձը կարգի համաձայն մեկից ավելի արդյունք ունենալու դեպքում վճարվելու է դրանցից յուրաքանչյուրի համար։
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվում է նաև հեղինակավոր փառատոնների և մրցանակաբաշխությունների ցանկը:
Անվանական թոշակի հատկացումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով:
Խմբային արդյունքի դեպքում անվանական թոշակը բաշխվելու է խմբի անդամների միջև հավասարաչափ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ հատկացվելու է տվյալ իրավաբանական անձին, որի գործադիր մարմնի որոշմամբ իրականացվելու է անվանական թոշակի բաշխումը։
Որոշմամբ հաստատված կարգով կանոնակարգվում են նաև անվանական թոշակի դիմելու ժամկետները, ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
Անվանական թոշակի թեկնածուների հաշվառման, փաստաթղթերի հավաքման և անվանական թոշակի թեկնածուների հետագա առաջադրման նպատակով նախարարի կողմից ստեղծվելու է հանձնաժողով, որի կազմը ձևավորվելու է նախարարության 3, մշակույթի ոլորտի ստեղծագործական միությունների մեկական ներկայացուցիչներից: Նշված հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպելու է եռամսյակային պարբերականությամբ և քննարկելով Նախարարություն դիմած անվանական թոշակի թեկնածուների հայտադիմումները համապատասխան առաջարկություններ է ներկայացնելու նախարարին:
Ակնկալվում է, որ տարեկան կրտրվածքով անվանական թոշակ կստանան 7 մշակույթի գործիչ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Մշակույթի ոլորտի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոններում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակի վճարման կարգը և չափերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ մշակույթի գործիչների, ինքնազբաղ արվեստագետների համար կձևավորվի բարենպաստ ստեղծագործական
միջավայր, կխթանվեն ժամանակակից և ստեղծարար ոլորտի զարգացումը, ազգային ավանդական մշակույթի պահպանության և հանրահռչակման, ինչպես նաև արտերկում հայ մշակույթի դիրքավորման հարցերը:
- Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
«Մշակույթի ոլորտի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոններում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակի վճարման կարգը և չափերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Մշակույթի ոլորտի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոններում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակի վճարման կարգը և չափերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների՝ իրավական ակտերի մշակում հրամայականից։