Իրավական ակտի ընդունման համար հիմք են հանդիսանում «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին (ապահովում է պետական մշակութային քաղաքականության իրականացումը) և 4-րդ (իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ) կետերը:
Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակույթի գործիչների համար խրախուսման համակարգերի ներդրման, ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ ստեղծագործական միջավայրի ձևավորման հանգամանքով:
Ներկայացվող որոշման նախագծով առաջարկվում է անվանական թոշակներ սահմանել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոններում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար:
Անվանական թոշակ կտրամադրվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մշակույթի ոլորտի այն գործիչներին, որոնք որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոններին և մրցանակաբաշխություններին և արժանացել են մրցանակի: