ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ) մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի 1.1-րդ կետով նախատեսված միջոցառման: Նախագծի մշակումը պայմանավորված է քաղաքացիների առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի հետևողականորեն ներդրման անհրաժեշտությամբ, որը կապահովի բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրումը՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից:

Հայաստանի առողջապահության ֆինանսավորման համակարգի գնահատման միջազգային համեմատականները և ծախսարդյունավետ ծրագրերի մասով դիտարկումները ցույց են տալիս, որ համապատասխան ֆինանսական միջոցների պայմաններում առողջապահության համակարգը գործում է արդյունավետ և հնարավորություն է տալիս գրանցել բարելավվող ոչ ֆինանսական ցուցանիշներ՝ կյանքի միջին տևողության աճի, մայրական մահացության, երեխաների մահացության նվազման տեսքով: Սակայն երբ դիտարկում ենք այն միջոցները, որոնց հաշվին ապահովվում են այդ ցուցանիշները, ապա նկատելի է, որ Հայաստանը ունի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի շատ երկրների համեմատ ցածր պետական ֆինանսավորում՝ վերջին 25 տարիների ընթացքում ապահովելով առողջապահության բնագավառի մասով համախմբված բյուջեի ծախսերի 5.4%-ը կամ ՀՆԱ-ում շուրջ 1,4%-ը, որն առնվազն 4 անգամ պակաս է Հայաստանի հետ միևնույն եկամտային խմբում գտնվող երկրների միջին ցուցանիշներից[1]։ Ոչ բավարար չափով ֆինանսավորումը բերել է ծառայությունների մատուցման համակարգի մասնատման, իրական ծախսերից ցածր փոխհատուցվող գների, բժշկական մասնագիտացված անձնակազմի բացակայությանը մարզերում: Ֆինանսական մատչելիության ցածր մակարդակը բերել է բժշկական կազմակերպությունների թերի ծանրաբեռնվածությանը և ֆինանսական պատճառներով ոչ աղքատ բնակչության 12,6%-ը, աղքատների 24,5%-ը և ծայրահեղ աղքատների 49%-ը չի հաճախում ԱԱՊ բժշկի[2]:

Առողջապահության պետական ֆինանսական միջոցների պակասը և գրպանից դուրս կատարվող ծախսերի անկառավարելիությունը, խոչընդոտում են համակարգի զարգացմանը և բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանը, նպաստում է բազմաթիվ ընտանիքների աղքատացման առողջապահական աղետալի ծախսերի պատճառով, խոչընդոտում է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության և ֆինանսական մատչելիության բարելավմանը: Տնային տնտեսությունների եկամուտներից առողջապահական ծախսերին 10%-ից ավելին ուղղելու ցուցանիշով (16.1%), Հայաստանը գերազանցում է համաշխարհային (12.7%) և տարածաշրջանային (7.4%) միջին ցուցանիշները: Բնակչության շուրջ 9%-ի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25%-ը կազմում են առողջապահական ծախսերը, որի հետևանքով վերջիններիս շուրջ 6%-ը աղքատանում է՝ ինչն ամենաբարձր ցուցանիշներից մեկն է տարածաշրջանում[3]:

Միջազգային փորձի տեսանկյունից բազմաթիվ երկրներ վաղուց ներդրել են առողջապահական ծախսերի խառը ֆինանսավորման համակարգ՝ բժշկական պարտադիր ապահովագրություն, և ներկայումս նրանց հիմնական ռազմավարական խնդիրն է համընդհանուր ծածկույթի ապահովումը բնակչության բոլոր խմբերի համար։ Այս տեսանկյունից, Հայաստանը նույնպես պետք է կիրառի առողջապահական արդյունավետ համակարգեր ունեցող երկրների փորձը` ապահովելով բնակչության ֆինանսական հասանելիությունը և պաշտպանվածությունը հիմնական ծառայությունների փաթեթում ընդգրկված ծառայություններ ստանալիս, կրճատելով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց կատարվող աղետալի ծախսերը և դրա հետևանքով աղքատացող բնակչության թվաքանակը, բարձրացնելով առողջապահության բնագավառում ծախսվող գումարների արդյունավետությունն ու նպատակայնությունը և բարելավվելով բժշկական օգնության և սպասարկման որակը։

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

  ԱՀԱ ներդրման հիմնական նպատակը բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովումն է: Հայեցակարգը պետք է հիմք հանդիսանա առողջապահության նախարարության կողմից իրականացվող համալիր միջոցառումների հայեցակարգային մոտեցումները ամրագրելու, առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքը, այլ հարակից օրենսդրական փոփոխությունները մշակելու և 2024 թվականից առողջության համապարփակ ապահովագրության փուլային ներդրումն ապահովելու համար:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

  Նախագիծը մշակվել է առողջապահության նախարարությունում ձևավորված աշխատանքային խմբի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

  Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնական արդյունքը հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավումն է, կյանքի միջին տևողության ավելացումը, առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի նվազումը, ինչը կնպաստի մարդկային կապիտալի կայուն զարգացմանը և տնտեսության աճին:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ներկայացված նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի Հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի 1.1 կետից, ինչպես նաև «ՀՀ Առողջապահության համակարգի հնգամյա ծրագրի (2022-2026 թվականներ) զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծից: Բացի այդ, նախագիծը կապված է նաև «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթի հետ, որի 4-րդ մեգանպատակը վերաբերում է առողջության պահպանմանը: Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնական նպատակը բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովումն է, ինչն էլ իր հերթին կոչված կլինի ապահովելու բնակչության առողջության պահպանումը:

 

[1] Համաձայն ԱՀԿ տվյալների բազայի, Հայաստանի հետ միևնույն եկամտային խմբում գտնվող երկրներում պետական առողջապահական ծախսերը ՀՆԱ-ում միջինում 4-6% են կազմում

[2] Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտություն, 2019թ

[3] Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտություն, 2018թ.:

  • Discussed

    11.01.2023 - 26.01.2023

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12284

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

26.01.2023

Որպես ոչ ֆինանսական ցուցիչ սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի տևողության երկարելը: Առողջության համապարփակ ապահովագրությունը պետք է նպաստի առողջապահական ծառայությունների անհավասարությունների վերացմանը, ինչի լավագույն ցուցիչը հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի տևողությունն է։ Հետազոտությունների համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն վաղաժամ մահացության ավելի բարձր ցուցանիշ հաշմանդամություն չունեցող անձանց հետ համեմատությամբ: Օրինակ՝ բարձր եկամուտ ունեցող երկրներում հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց մոտ մահացության տարբերությունը տղամարդկանց համար կազմում է 20 տարի, իսկ կանանց համար՝ 15 տարի (​​Thornicroft G. Physical health disparities and mental illness: the scandal of premature mortality. British J Psychiatry. 2011;199:441–2): Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց մահացության տարեկան մակարդակը կրկնակի է ընդհանուր բնակչության համեմատ (Heslop P, Blair PS, Fleming P, Hoghton M, Marriott A, Russ L. The confidential inquiry into premature deaths of people with intellectual disabilities in the UK: a population-based study. Lancet. 2014;383:889–95): Մահացության բարձր մակարդակի հիմնական գործոնը հաճախ առողջապահական ծառայությունների որակն է։ Մահացության մակարդակի վրա ազդող այլ գործոններ են երկրի և անձի անհատական եկամուտները: Օրինակ՝ եթե Ռումինիայում միջին հաշվով ողնուղեղի վնասվածքով մարդիկ պատահարից հետո ապրում են 10,8 տարի, ապա Շվեյցարիայում ապրողները՝ միջինում 26 տարի (Oña A, Strøm V, Lee B-S, Le Fort M, Middleton J, Gutenbrunner C et al. Health inequalities and income for people with spinal cord injury. A comparison between and within countries. SSM Popul Health. 2021;15:100854):

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

26.01.2023

Հայեցակարգի նախագծի 5-րդ կետից հեռացնել «առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի նվազեցմանը» բառերը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հաշմանդամության կանխարգելման գաղափարախոսության հիմքում հաշմանդամության բժշկական մոդելն է և այն հակասում է հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվությանը։ Առաջարկը բխում է նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի՝ Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումների 6 (2) առաջարկից (վերանայել իր օրենսդրությունը և պլանները, որոնք առնչվում են հաշմանդամության կանխարգելմանը և բուժմանը և դրանք համապատասխանեցնել հաշմանդամության մարդու իրավունքների վրա հիմնված մոդելին)։ Համապատասխանաբար անհրաժեշտ է հեռացնել նաև հավելված 4-ի ոչ ֆինանսական ցուցանիշների 5-րդ և 6-րդ տողերը։ Անհրաժեշտ է նաև խմբագրել հավելված 5-ի 17-20-րդ կետերը՝ ապահովելու, որ դրանք «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի սկզբունքներին և հաշմանդամության սահմանմանը։ Որպես օրինակ 18-րդ կետում նշվում է, որ «Հայաստանի ողջ տնտեսությունն ընդհանուր առմամբ վնասներ է կրում հիվանդություններ կամ վաղ տարիքից հաշմանդամություն ունեցող անձանց չկատարած նյութական և ոչ նյութական ներդրումների հետևանքով», մինչդեռ հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարողանում իրենց ներդրումն ունենալ ոչ թե իրենց առողջական խնդիրների, այլ հասարակության՝ հաշմանդամության մարդու իրավունքների մոտեցումը չընկալելու, վերաբերմունքի և անմատչելիության, համակարգային խտրականության և խարանի պատճառով։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

26.01.2023

Առաջարկվում է հայեցակարգի նախագծից և հավելվածներից հեռացնել «հաշմանդամության կանխարգելմանն» առնչվող դրույթները՝ համապատասխանեցնելով նախագիծը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի սկզբունքներին։

See more