«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐ
-
17 - Agree
-
5 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում, օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացնող, ինչպես նաև հատուկ ստորաբաժանումներում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, հաշվի առնելով ներկայիս անվտանգային լուրջ մարտահրավերները, այդ թվում՝ այն հանգամանքը, որ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը փուլային տարբերակով Պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը՝ հրամայական է Ազգային անվտանգության ծառայությունը համալրել որակյալ և բանիմաց կադրերով՝ գրավիչ դարձնելով ծառայությունն ազգային անվտանգության մարմիններում ընդհանրապես, իսկ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացնող, ինչպես նաև հատուկ ստորաբաժանումներում ու սահմանապահ զորքերում (այսուհետ՝ համապատասխան ստորաբաժանումներ) հատկապես, ինչպես նաև կանխել կադրերի արտահոսքը համակարգից՝ վերը նշված ստորաբաժանումներում ծառայողների համար նախատեսելով լրացուցիչ սոցիալական երաշխիքներ:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է ներդնել ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Ատեստավորման կարգը, պետական սահմանի պահպանության, օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման, վերահսկման գործառույթների շրջանակը, ինչպես նաև հավելավճարի չափերը և վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ:
Առաջարկվում է հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորումն իրականացնել պարտադիրության սկզբունքով, ինչը կխթանի համապատասխան ստորաբաժանումների ծառայողների մոտ պատշաճ մասնագիտական պատրաստվածության ապահովմանը և պահպանմանը: Միաժամանակ, այն ծառայողներին, որոնց համար ատեստավորման արդյունքներով հաշվարկվել է հավելավճար, այն կվճարվի 3 տարի ժամկետով, իսկ հավելավճարի վճարումը շարունակվելու համար՝ ծառայողը ստիպված կլինի անցնել նոր ատեստավորում:
Միաժամանակ, ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծառայողը նոր ատեստավորում անցնելու համար մեկ տարվա ընթացքում կկարողանա դիմել ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը կհաշվարկվի այդ իրավունքի ձեռքբերման օրվանից:
Ընդ, որում երկրորդ անգամ նոր ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծառայողները, կազատվեն զբաղեցրած համապատասխան պաշտոնից և կթողնվեն կադրերի տրամադրության տակ մինչև 2 ամիս ժամկետով: Նշված ծառայողներին 2 ամսվա ընթացքում կառաջարկվի նրա կրթությանը և նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող և ազգային անվտանգության մարմիններում ոչ պետական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն, իսկ տվյալ պաշտոնին նշանակվելու համաձայն չլինելու դեպքում, կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ ծառայողն օրենքով սահմանված կարգով կարձակվի ծառայությունից:
Բացի այդ, առաջարկվում է նախատեսել իրավակարգավորում, համաձայն որի՝ հավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը կսահմանվեն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նորմատիվ հրամանով:
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ածանցյալ են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում առաջարկվող իրավակարգավորումներից:
Նախագծի ընդունումից հետո առաջացող ծախսերը ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Միաժամանակ, հաշվի առնելով, որ ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափը սահմանվելու է ՀՀ կառավարության որոշմամբ, կանխատեսվող բյուջետային ծախսերին հնարավոր է անդրադառնալ նշված որոշման նախագծի շրջանակներում:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում վերը նշված կարևորագույն ոլորտներում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, միաժամանակ, բարձրացնելով համապատասխան ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձերը: Բացի այդ կմեծանա համապատասխան ստորաբաժանումներում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, ինչի արդյունքում վերջիններս կհամալրվեն բանիմաց կադրերով, ինչպես նաև կկանխվի կադրերի արտահոսքը դրանցից:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը պարբերությունից, համաձայն որի ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, կայունության, հասարակության բնականոն գործունեության կարևորագույն նախապայմաններից է նաև համապատասխան որակյալ կադրերով համալրվող և հասարակության վստահությունը վայելող ազգային անվտանգության մարմինների առկայությունը: Հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը: Ազգային անվտանգության մարմինների համար կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացի շարունակական կատարելագործումն այդ մարմինների զարգացման և մասնագիտական կարողությունների խորացման առանցքային գործոններից է:
Միաժամանակ, վերոհիշյալ պարբերության համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումներ, այդ թվում՝ սահմանապահ զորքերի անձնակազմի թվի ավելացում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը փուլային տարբերակով Պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը:
Ազգային անվտանգության ծառայություն
-
Discussed
27.12.2022 - 11.01.2023
-
Type
Law
-
Area
Security
-
Ministry
National Security Service
Views 4448
Print