Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 52-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «ներկայացվող» բառից հետո լրացնել «, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում հարկային մարմնի կողմից ինքնաշխատ եղանակով կազմվող» բառերը,
2) 2-րդ մասի 5-րդ կետում «ստորագրությունը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածի՝
1) 1-ին և 2-րդ մասերում «և 4-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով,
2) 7-րդ մասը՝
ա. առաջին պարբերությունում «արտատիպում նշված օրը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի» բառերը,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Օրենսգրքով սահմանված դեպքերում հարկային մարմնի կողմից ինքնաշխատ եղանակով կազմվող և Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին չներկայացված հարկային հաշվարկը ներկայացնելու օր է համարվում տվյալ հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու համար Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետի վերջին օրը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասում «ներկայացված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Օրենսգրքով սահմանված դեպքերում հարկային մարմնի կողմից ինքնաշխատ եղանակով կազմված և հարկային մարմին ներկայացված համարված» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 142-րդ հոդվածը՝
1) վերնագրում «հարկման օբյեկտի» բառերից հետո լրացնել «և սոցիալական ծախսերի» բառերը,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով․
«2․ Օրենսգրքի 147.1-ին հոդվածով սահմանված սոցիալական ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվառման հաշվեգրման մեթոդով։»։
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 147․1-ին հոդվածով․
«Հոդված 147․1․ Սոցիալական ծախսերը
1. Սոցիալական ծախսեր են համարվում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ֆիզիկական անձի կատարած՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով, իսկ ծառայություն ստացող ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) պարունակելու դեպքում՝ նույն մասի 5-րդ կետով սահմանված հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված առողջապահության և կրթության գծով ծախսերը:
2. Սույն հոդվածով սահմանված ուղղություններով սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, դրանց փաստաթղթավորման կարգը և առավելագույն չափերը սահմանում է Կառավարությունը:»։
Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 152․1-ին հոդվածով․
«Հոդված 152․1․ Եկամտային հարկը հաշվարկելը ֆիզիկական անձի կողմից
1. Օրենսգրքի 153-րդ հոդվածով սահմանված դեպքերում, ինչպես նաև հարկային գործակալ չհանդիսացող անձանցից ստացված եկամուտների մասով ֆիզիկական անձը եկամտային հարկը հաշվարկում է ինքնուրույնաբար՝ Օրենսգրքի 154-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը:»:
Հոդված 7. Օրենսգրքի 154-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասում «և (կամ) 3-րդ մասերով սահմանված համապատասխան» բառերը փոխարինել «մասով սահմանված» բառերով,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«3. Ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն) Օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափով հաշվարկված եկամտային հարկի գումարների և Օրենսգրքի 147.1-ին հոդվածով սահմանված սոցիալական ծախսերի դրական տարբերությունը:»:
Հոդված 8. Օրենսգրքի 155-րդ հոդվածի վերնագրում «Պետական բյուջեից» բառերը փոխարինել «Հարկային գործակալներին պետական բյուջեից» բառերով:

Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 155․1-ին հոդվածով․
«Հոդված 155․1․ Ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի փոխհատուցումը (վերադարձը)
1. Հաշվետու տարվա արդյունքներով ֆիզիկական անձի կողմից կատարված սոցիալական ծախսերը Օրենսգրքի 147.1-ին հոդվածով սահմանված չափով, բայց ոչ ավել, քան այդ ժամանակաշրջանին վերաբերող՝ Օրենսգրքի 143-րդ հոդվածով սահմանված հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով հաշվարված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարը փոխհատուցվում (վերադարձվում) են ֆիզիկական անձին:
2. Օրենսգրքի 147.1-ին հոդվածով սահմանված սոցիալական ծախսերը հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով չեն փոխհատուցվում, եթե Օրենսգրքի 160-րդ և (կամ) 160․1-ին հոդվածի և (կամ) 159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ֆիզիկական անձին վերադարձվել են այդ հաշվետու տարվան վերաբերող եկամտային հարկի գումարներ:
3. Սույն հոդվածով սահմանված՝ փոխհատուցման (վերադարձման) ենթակա սոցիալական ծախսերի հաշվարկման ժամանակ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված`ժամանակավոր անաշխատունակության նպաստների և վարձու աշխատողների ու ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված ֆիզիկական անձանց մայրության նպաստների գումարների մասով հաշվարկված և (կամ) վճարված եկամտային հարկի գումարները հաշվի չեն առնվում:
4. Օրենսգրքի 147.1-ին հոդվածով սահմանված սոցիալական ծախսերը փոխհատուցելուց (վերադարձնելուց) հետո համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի ճշտված (պարզեցված) հաշվարկով կամ ստուգման արդյունքում կամ դատարանի որոշման կամ բողոքարկման հանձնաժողովի որոշման հիման վրա ֆիզիկական անձի եկամուտների մասով նախկինում հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի հաշվարկով հայտարարագրած եկամտային հարկի պարտավորության փոփոխության դեպքում կատարվում է տվյալ ֆիզիկական անձին փոխհատուցման (վերադարձման) ենթակա սոցիալական ծախսերի գումարների վերահաշվարկ՝ Կառավարության սահմանած կարգով:
5. Սույն հոդվածով 1-ին մասով սահմանված՝ փոխհատուցման (վերադարձման) ենթակա սոցիալական ծախսերի հաշվարկման և փոխհատուցման (վերադարձման) կարգը սահմանում է Կառավարությունը։
Հոդված 10. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 156․1-ին հոդվածով․
«Հոդված 156․1․ Ֆիզիկական անձի կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելը
1. Ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն) մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (այսուհետ սույն հոդվածում՝ հայտարարագիր):
2. Մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 1-ը ֆիզիկական անձի կողմից հայտարարագիր չներկայացնելու դեպքում հարկային մարմնում հաշվառված (այդ թվում՝ Օրենսգրքի 289-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերությամբ սահմանված կարգով հաշվառված) ֆիզիկական անձանց համար ապրիլի 1-ին հայտարարագրի նախագիծը կազմվում է հարկային մարմնի կողմից ինքնաշխատ եղանակով՝ հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվության հիման վրա և տեղադրվում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգում:
3. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 2-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ ֆիզիկական անձինք, ըստ անհրաժեշտության, կատարում են համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ ու հաստատում են հարկային մարմնի կողմից ինքնաշխատ եղանակով կազմված հայտարարագրի նախագիծը։
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում հայտարարագրի նախագիծը չհաստատելու դեպքում հարկային մարմնի կողմից ինքնաշխատ եղանակով կազմված հայտարարագրի նախագիծը համարվում է ներկայացված հարկային մարմին՝ հայտարարագիրը ներկայացնելու համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետում։
5. Հայտարարագիր ներկայացնում են հետևյալ ֆիզիկական անձինք՝ հետևյալ ժամկետներում.
1) 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնում են՝
ա. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները,
բ. ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավել համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության բաժնետեր (փայատեր, անդամ),
գ. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նոտար հանդիսացող (հանդիսացած) ռեզիդենտ ֆիզիկական անձինք՝ անձնական եկամուտների մասով,
դ. Օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված եկամուտներ ստացող ֆիզիկական անձինք,
2) 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնում են՝
ա. 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված՝ սույն մասի 1-ին կետում չնշված ռեզիդենտ ֆիզիկական անձինք,
բ. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ռեզիդենտ ֆիզիկական անձինք,
գ. սույն մասի 1-ին կետում նշված ֆիզիկական անձինք,
3) 2025 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնում են ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
6. Զինվորական ծառայողների, ազգային անվտանգության մարմիններում ծառայողների և ոստիկանությունում ծառայողների կողմից ներկայացվող հայտարարագրում չի լրացվում այնպիսի տեղեկատվություն, որը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն:
7. Սույն հոդվածով սահմանված կարգով հայտարարագրի նախագիծը ինքնաշխատ եղանակով կազմելու համար՝ ֆիզիկական անձի համաձայնությամբ, հարկային մարմինը կարող է ունենալ հասանելիություն ֆիզիկական անձի բանկային հաշիվներին:
8. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք կարող են 2023 և (կամ) 2024 թվականների հաշվետու տարիների համար ներկայացնել հայտարարագիր՝ անկախ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամանակացույցից:»:
Հոդված 12. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «ապրիլի 20-ը» բառերը փոխարինել «մայիսի 1-ը» բառերով:
Հոդված 13. Օրենսգրքի 159-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս․
«1.1. Սոցիալական ծախսերը փոխհատուցվում (վերադարձվում) են Օրենսգրքի 155.1-ին հոդվածով սահմանված կարգով:»:
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։ Սույն օրենքի կիրարկումն ապահովող Կառավարության որոշումները Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ընդունվելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում:

  • Discussed

    26.10.2022 - 15.11.2022

  • Type

    Law

  • Area

    State revenue

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5114

Print

Suggestions

Ա. Ավագյան

08.11.2022

Ձևական բնույթ կրող հայ­տա­րա­րա­գրում, որն արժանանալու է նախկինում գործող հայտարարագրման ճակատագրին:

See more