«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N1238-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«.....» ………………… 2022 թվականի N…….-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N1238-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը սահմանելու մասին» N1238-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության և 67-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ, 15-րդ և 26-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշման N 1 հավելվածի 37-րդ կետի 1-ին ենթակետը՝ պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում զուտ շահույթի որոշման և պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների վճարման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) որոշման 1-ին կետում «պետական» բառից հետո լրացնել «և տարածքային» բառերը և հանել «և էկոնոմիկայի» բառերը.
3) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սահմանել, որ սույն որոշման կիրառման նպատակով Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) սահմանված շահութահարկի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվող նվազեցումների սահմանափակումների մասին հիմնական հասկացություններն օգտագործվում են նույն իմաստով:».
4) որոշման 4-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 5.0 տոկոսի չափով: Ընդ որում, գործուղվողի` գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի առավելագույն չափը սահմանվում է 30.0 հազ. դրամ, իսկ Կառավարության կողմից այլ գումար սահմանված լինելու դեպքում՝ Կառավարության կողմից սահմանված գումարը չգերազանցող գումարի չափով.».
5) որոշման 4-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման օրապահիկի ծախսերը` գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար` 12.0 հազ. դրամի չափով։
Շինարարություն իրականացնող ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքում օրապահիկի ծախսերի ամսական հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ շինարարությունում ընդգրկված յուրաքանչյուր վարձու աշխատողի հաշվով հաշվարկված՝ տվյալ ամսվա աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը.».
6) որոշման 4-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) ներկայացուցչական ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5.0 մլն դրամը.».
7) որոշման 4-րդ կետը լրացնել նոր՝ «ժ»-«ժդ» ենթակետերով.
«ժ) վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների չափով (այդ թվում՝ լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսների գումարների), բայց ոչ ավել քան ֆինանսական տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկին համապատասխանող գումարները.
ժա) բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների գծով ֆինանսական տարվա ընթացքում հաշվարկվող տոկոսների գումարների չափով, բայց ոչ ավել քան ֆինանսական տարվա (բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների)՝ ֆինանսական տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի դրական մեծության կրկնապատիկը։
Ֆինանսական տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի բացասական մեծության դեպքում բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների գծով հարկային տարվա ընթացքում հաշվարկվող տոկոսների գումարները շահութաբաժնի հաշվարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում.
ժբ) բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների չափով, բացառությամբ՝ եթե այդ վարկերի և (կամ) փոխառությունների գումարները անտոկոս տրամադրվում են այլ կազմակերպությունների։
Եթե բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գումարների հաշվին այլ կազմակերպություններին տրամադրված փոխառությունների գծով ստացվող տոկոսների գումարները գերազանցում են ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարներից, ապա գերազանցող մասը շահութաբաժնի հաշվարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում.
ժգ) ընկերության կողմից վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների գծով վճարվող վարձակալական վճարների չափով, բացառությամբ՝ եթե դրանք անհատույց օգտագործմամբ տրամադրվում են այլ կազմակերպություններին:
Եթե ընկերության կողմից վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների գծով վճարվող վարձակալական վճարները գերազանցում են այդ հիմնական միջոցները և (կամ) ոչ նյութական ակտիվները այլ կազմակերպությունների ենթավարձակալության տրամադրելու դիմաց ստացվող վարձակալական վճարներին, ապա գերազանցող մասը շահութաբաժնի հաշվարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում.
ժդ) վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում կատարվող կենսաթոշակային վճարների չափով, բայց ոչ ավել քան տվյալ վարձու աշխատողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի 7.5 տոկոսը:
8) որոշման 5-րդ կետում «պետական» բառից հետո լրացնել «և տարածքային» բառերը և հանել «և էկոնոմիկայի» բառերը.
9) որոշման 6-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) պետական կամ համայնքների բյուջեներ կամ կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների կամ հարկային մարմնի կողմից վերահսկվող այլ գումարների մասով օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված կարգով հաշվարկվող և վճարվող տույժերը, տուգանքները և այլ գույքային պատժամիջոցները.».
10) որոշման 6-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) անհատույց տրամադրած ակտիվները, անհատույց կատարված աշխատանքները կամ անհատույց մատուցված ծառայությունները, ներած պարտավորությունները, բացառությամբ՝
ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի, բայց ոչ ավել քան ֆինանսական տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը, իսկ ֆինանսական տարվա ընթացքում համախառն եկամտի բացակայության դեպքում՝ այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի մեկ տոկոսը.
գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին, առողջապահական կազմակերպություններին, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների և (կամ) դրանց մատուցված ծառայությունների արժեքը, բայց ոչ ավելի, քան ֆինանսական տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը.
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և առողջապահական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով հաստատված պայմանագրային գումարների փաստացի ծավալներից ավելի կատարված (նույն թվում 10 տոկոս ռիսկի գոտու շրջանակներում), սակայն կողմերի միջև կնքված պայմանագրերի հիմքով պատվիրատուի կողմից չֆինանսավորվող աշխատանքների արժեքն ամբողջությամբ.».
11) որոշման 6-րդ կետի «դ» ենթակետում «պետական» բառից հետո լրացնել «և տարածքային» բառերը.
12) որոշման 6-րդ կետը լրացնել նոր՝ «է» ենթակետով.
«է) Շահութաբաժին վճարողի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձի՝ գործուղման հետ չկապված կեցության ծախսերը (մասնավորապես, այդ ֆիզիկական անձի համար վարձակալված բնակարանի կամ առանձնատան վարձակալական վճարները, վարձակալության պայմանագրով նախատեսված` էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, հեռախոսի վճարները և այլ կոմունալ ծախսերը)՝ անկախ շահութահարկ վճարողի և այդ ֆիզիկական անձի միջև կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերում շահութահարկ վճարողի կողմից այդ ծախսերը կատարելու պարտավորություն ստանձնած լինելու հանգամանքից, բացառությամբ երբ շահութաբաժին վճարողի և ֆիզիկական անձի միջև կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրով նախատեսված է, որ ֆիզիկական անձի աշխատավարձը կամ վարձատրությունը ներառում է նաև վերոնշյալ ծախսերը։».
13) որոշման 8-րդ կետում «պետական» և «կառավարման» բառերի միջև լրացնել «և
տարածքային» բառերը.
14) որոշման 9-րդ կետում «պետական» և «կառավարման» բառերի միջև լրացնել «և
տարածքային» բառերը և հանել «և էկոնոմիկայի» բառերը.
15) որոշման 10-րդ կետում հանել «և էկոնոմիկայի» բառերը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2022 թվականի և հաջորդ տարիների գործունեության արդյունքներով առևտրային կազմակերպություններում ձևավորվող շահութաբաժինների հիման վրա 2023 թվականից սկսած՝ պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում զուտ շահույթի որոշման և պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացների նկատմամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ՝ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
17.05.2022 - 06.06.2022
-
Type
Decision
-
Area
State revenue, Economy, Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 3650
Print