Add to favourites

Under development

«ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի և ՀՀ վարչապետի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1317-Ա որոշման հավելվածի 8-րդ կետի պահանջներից։

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

2010 թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան` ստանձնելով պարտավորություն ՀՀ օրենսդրությունը և պետական քաղաքականությունը համապատասխանեցնել կոնվենցիայի պահանջներին:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան ներառում է խելամիտ հարմարեցման հայեցակարգը խտրականության բացառման և հավասարության սկզբունքի շրջանակներում: Կոնվենցիայի 2-րդ հոդվածը միանշանակ ընդունում է, որ խելամիտ հարմարեցումը կենսական նշանակություն ունի հաշմանդամություն ունեցող անձանց համար իրենց իրավունքները մյուսների հետ հավասար հիմունքներով իրականացնելու հարցում:

Խտրականության բացառման և իրավահավասարության շրջանակներում խելամիտ հարմարեցումների ներառումը կատարում է «յուրահատուկ կամրջող դեր». բոլոր իրավունքների մեջ՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային, կիրառումը միավորում է և այդպիսով վերախմբավորում է մարդու իրավունքների համակարգը:

Խելամիտ հարմարեցման հայեցակարգը, որն ի սկզբանե արտահայտված էր Ամերիկայի Միացյալ Նահանգների հաշմանդամության օրենսդրության մեջ, առաջին անգամ միջազգային մակարդակում հայտնվել է Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի 5-րդ ընդհանուր մեկնաբանությունում: Հիմնվելով այդ ձևակերպման վրա՝ ՀՈՒԱԻԿ-ը սահմանում է խելամիտ հարմարեցումը հետևյալ կերպ.

«Անհրաժեշտ հատուկ դեպքերում համապատասխան փոփոխությունների կամ շտկումների կատարում, որոնք չեն պահանջում անտեղի ջանքեր, ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից օգտվելն ու դրանց կիրառումը»։

Որպես կառուցվածքային հարց, հավասարության և խտրականության բացառման պարտավորությունները, ներառյալ խելամիտ հարմարեցումը, արտահայտված են 5-րդ հոդվածում, այն դրույթների խմբի շրջանակներում, որոնք ընդհանուր կիրառություն ունեն կոնվենցիայում: Հոդված 5 (2)-ը պարտավորեցնում է մասնակից պետություններին «արգելել հաշմանդամության պատճառով ցանկացած խտրականություն»: Հաշմանդամության խտրականությունը սահմանվում է 2-րդ հոդվածում որպես «հաշմանդամության պատճառով ցանկացած տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որոնց նպատակն է սահմանափակել կամ նվազագույնի հասցնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ճանաչումը, կիրառումը կամ դրանցից օգտվելը քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ ցանկացած այլ ոլորտում` մյուսների հետ հավասար հիմունքներով: Այն ընդգրկում է խտրականության բոլոր ձևերը` ներառյալ խելամիտ հարմարեցումների տրամադրման մերժումը»։

Խելամիտ հարմարեցման մերժումը, հետևաբար, առանձին և հստակ հիմք է: Ավելին, ՀՈՒԱԻԿ-ի 2-րդ հոդվածում խտրականության բացառման սահմանման մեջ խելամիտ հարմարեցման ինտեգրումը նշանակում է, որ հիմնարար քաղաքացիական և քաղաքական իրավունքների իրացումը պահանջում է դրական միջոցների ձեռնարկում՝ ուղղված համակարգային խտրականության վերացմանը:

Բացի այդ, 5-րդ հոդվածը պահանջում է, որ պետությունները «հավասարության հաստատմանն աջակցելու և խտրականությունը վերացնելու նպատակով ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը` ապահովելու համար խելամիտ հարմարեցումների տրամադրումը»։

ՀՈՒԱԻԿ-ում խելամիտ հարմարեցում ապահովելու պարտականությունը տարածվում է սոցիալական դերակատարների լայն շրջանակի վրա՝ ներառյալ պետությունը, գործատուները, կրթություն տրամադրողները, առողջապահական ծառայություններ մատուցողները, ապրանքներ և ծառայություններ մատուցողները: Պարտականությունը ենթադրում է, որ այս դերակատարները ողջամտորեն կկարգավորեն հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը և մասնակցությանը խոչընդոտող քաղաքականությունները և գործելակերպերը: Թեև խելամիտ հարմարեցման պարտականությունը պատկանում է ընդհանուր կիրառման հոդվածներին և, հետևաբար, տարածվում է բոլոր հոդվածների վրա, այն նաև հատուկ հիշատակվում է անձի ազատության և անվտանգության (հոդված 14(2)), կրթության (24-րդ հոդվածը), զբաղվածության (հոդված 27) վերաբերյալ հոդվածներում, ինչպես նաև 13-րդ հոդվածում, որը վկայակոչում է արդարադատության մատչելիությունն «ընթացակարգային ու տարիքին համապատասխան» հարմարեցումների միջոցով։

Մատչելիությունը կապված է խմբերի հետ, մինչդեռ խելամիտ հարմարեցումը կապված է անհատների հետ: Սա նշանակում է, որ մատչելիություն ապահովելու պարտականությունը ex ante պարտականություն է: Հետևաբար, մասնակից պետությունները պարտավոր են ապահովել մատչելիությունը՝ նախքան անձի՝ որևէ վայրից կամ ծառայությունից օգտվելու անհատական հարցում ստանալը:

Կոմիտեն նաև նշում է, որ անհատների դեպքում, որոնք ունեն հազվագյուտ խնդիրներ, որոնք հաշվի չեն առնվել մատչելիության ստանդարտների մշակման ժամանակ, կամ ովքեր չեն օգտագործում մատչելիության հասնելու համար առաջարկվող եղանակները, մեթոդները կամ միջոցները (օրինակ՝ Բրայլի տառերը չկարդալը), նույնիսկ երբ մատչելիությունն ապահովված է, ստանդարտները կարող են բավարար չլինել: Նման դեպքերում կարող են կիրառվել խելամիտ հարմարեցումներ: Հաշմանդամություն ունեցող անձը կարող է պահանջել հարմարեցում, որը դուրս է ցանկացած մատչելիության ստանդարտի շրջանակից:

Խելամիտ հարմարեցում տրամադրելու պարտականությունը ex nunc պարտականություն է, ինչը նշանակում է, որ այն կիրառելի է այն պահից, երբ հաշմանդամություն ունեցող անհատը դրա կարիքն ունի տվյալ իրավիճակում, օրինակ՝ աշխատավայրում կամ դպրոցում՝ իր իրավունքներից օգտվելու համար։ Այստեղ մատչելիության ստանդարտները կարող են լինել ցուցիչ, բայց չեն կարող ընդունվել որպես հրահանգիչ: Խելամիտ հարմարեցումը կարող է օգտագործվել որպես որոշակի իրավիճակում հաշմանդամություն ունեցող անձի համար մատչելիության ապահովման միջոց: Խելամիտ հարմարեցումը ձգտում է հասնել անհատական արդարության այն իմաստով, որ խտրականության բացառումն ու հավասարությունն ապահովված են` հաշվի առնելով անձի արժանապատվությունը, ինքնավարությունը և ընտրությունը: 

2021 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով ամրագրվեց հաշմանդամություն ունեցող անձանց՝ խելամիտ հարմարեցումների իրավունքը։

Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա կատարվում է խելամիտ հարմարեցում գործատուի կամ ուսումնական հաստատության ղեկավարի (այսուհետ՝ պարտականություն կրող) հետ երկխոսության միջոցով: Օրենքը սահմանում է, որ խելամիտ հարմարեցումն անհրաժեշտ և համապատասխան փոփոխությունների և հարմարեցումների (շտկումների) կատարումն է, որոնք չեն առաջացնում անհամաչափ կամ անհարկի բեռ և ուղղված են հաշմանդամություն ունեցող անձի՝ մարդու իրավունքներից և հիմնական ազատություններից մյուսների հետ հավասար հիմունքներով օգտվելուն։

Օրենքը՝ հիմնված լինելով ՀՈՒԱԻԿ-ի սկզբունքների վրա, սահմանում է, որ հաշմանդամության հիմքով խտրականությունը ներառում է նաև խելամիտ հարմարեցումների ապահովման մերժումը: Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել խելամիտ հարմարեցումների իրավունքի՝ արագ զարգացող լինելը, վերոնշյալ միջազգային իրավական համատեքստը և ազգային օրենսդրության պահանջները։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Կարգավորման նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց՝ աշխատավայրում և ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրականացումը, դյուրինացնել գործընթացը հաշմանդամություն ունեցող անձանց և խելամիտ հարմարեցման պարտականությունը կրող անձանց համար՝ ձևավորելով երաշխիքներ և կողմերի հավասարակշռված շահերի ամբողջություն։

Նախագիծը կազմվել է հաշվի առնելով շահագրգիռ գերատեսչություններից, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից ստացված առաջարկությունները, ինչպես նաև ներառվել էին միջոցառումներ` հիմնվելով ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումների (CRPD/C/ARM/CO/1), կոմիտեի ընդհանուր մեկնաբանությունների (CRPD/C/GC/2, CRPD/C/GC/3, CRPD/C/GC/4, CRPD/C/GC/6) վրա: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի (այդ թվում՝ Նյու Յորքի), Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փորձերը, մասնավորապես` Լատվիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի և Նորվեգիայի քաղաքականությունները և ընթացակարգերը։ Հաշվի է առնվել նաև Հավասարության մարմինների եվրոպական ցանցի «Խելամիտ հարմարեցումներ հաշմանդամություն ունեցող անձանց համար. բացահայտելով դրա գործնական իրականացման մարտահրավերները» ուսումնասիրությունը։

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ՄԱԶԾ և ՅՈՒՆԻՍԵՖ «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» համատեղ ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից։

Նախագծում արտահայտված կարծիքները պատկանում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԶԾ տեսակետների հետ։

Նախագծի մշակմանն իր փորձագիտական աջակցությունն է ցուցաբերել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը։

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի շրջանակներում ակնկալվում է հստակեցնել հաշմանդամություն ունեցող անձանց՝ աշխատավայրում և ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումների իրավունքի ապահովման կարգը, հաշմանդամություն ունեցող անձանց և խելամիտ հարմարեցման պարտականությունը կրող անձանց համար պարտականությունների շրջանակը և մեխանիզմները՝ ներկայացնելով երաշխիքներ հաշմանդամություն ունեցող անձանց խտրականությունից պաշտպանության նպատակով։

6.

Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը

 

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

7

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է ծրագրի N 1 հավելվածի 10-րդ կետի դրույթներից՝ Հաշմանդամության հիմքով խտրականության դրսևորումների բացառում, հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի ապահովում (մասնավորապես, կետ 10.2՝ «Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում Վարչապետի աշխատակազմ»)։

 

 

 

 

 

  • Discussed

    18.02.2022 - 07.03.2022

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5979

Print

Suggestions

՛՛Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ՛՛ հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ

07.03.2022

Որևէ կառույցում (դա կլինի դպրոց, աշխատանքի վայր և այլն) խելամիտ հարմարեցումներ ապահովելուց առաջ անպայման այն պետք է բխի անձի իրական կարիքներից։ Պետական զբաղվածության ծրագրերում այս կոմպոնենտը խրախուսվում է և գործատուին տրվում է գումար՝ խելամիտ հարմարեցումների ապահովման համար՝ ելնելով իր աշխատակցի կարիքներից։ Լինում են դեպքեր, երբ այդ ամենը կատարվում է կամայականության սկզբունքով՝ ասենք օրինարկ հիմնարկությանը անհրաժեշտ է համակարգիչ կամ որևէ սարք և այս խելամիտ հարմարեցումների ապահովման շղարշի ներքո այն ձեռք է բերվում իսկ օրինակ աշխատակցին իրականում անհրաժեշտ էր ընդամենը հարմարավետ ցածր սեղան և աթոռ՝ աշխատանքը արդյունավետ կազմակերպելու համար։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

07.03.2022

14. Պայմանագրի 9-րդ կետի համաձայն՝ Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման առաջարկվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ: Առաջարկում ենք վերախմբագրել սույն կետը հետևյալ շարադրանքով․ «Պայմանագիրը լուծելու վերաբերյալ գրավոր առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման առաջարկվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ:»։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

07.03.2022

13. Պայմանագրի 8.2-րդ կետի համաձայն Խելամիտ հարմարեցումներ ստացողի կողմից պայմանագրից միակողմանի հրաժարվելու դեպքում։ Առաջարկում ենք նախատեսել, որ միակողմանի հրաժարումը կատարվում է գրավոր կարգով։

See more