2010 թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան` ստանձնելով պարտավորություն ՀՀ օրենսդրությունը և պետական քաղաքականությունը համապատասխանեցնել կոնվենցիայի պահանջներին:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան ներառում է խելամիտ հարմարեցման հայեցակարգը խտրականության բացառման և հավասարության սկզբունքի շրջանակներում: Կոնվենցիայի 2-րդ հոդվածը միանշանակ ընդունում է, որ խելամիտ հարմարեցումը կենսական նշանակություն ունի հաշմանդամություն ունեցող անձանց համար իրենց իրավունքները մյուսների հետ հավասար հիմունքներով իրականացնելու հարցում:
Խտրականության բացառման և իրավահավասարության շրջանակներում խելամիտ հարմարեցումների ներառումը կատարում է «յուրահատուկ կամրջող դեր». բոլոր իրավունքների մեջ՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային, կիրառումը միավորում է և այդպիսով վերախմբավորում է մարդու իրավունքների համակարգը:
Խելամիտ հարմարեցման հայեցակարգը, որն ի սկզբանե արտահայտված էր Ամերիկայի Միացյալ Նահանգների հաշմանդամության օրենսդրության մեջ, առաջին անգամ միջազգային մակարդակում հայտնվել է Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի 5-րդ ընդհանուր մեկնաբանությունում: Հիմնվելով այդ ձևակերպման վրա՝ ՀՈՒԱԻԿ-ը սահմանում է խելամիտ հարմարեցումը հետևյալ կերպ.
«Անհրաժեշտ հատուկ դեպքերում համապատասխան փոփոխությունների կամ շտկումների կատարում, որոնք չեն պահանջում անտեղի ջանքեր, ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից օգտվելն ու դրանց կիրառումը»։
Որպես կառուցվածքային հարց, հավասարության և խտրականության բացառման պարտավորությունները, ներառյալ խելամիտ հարմարեցումը, արտահայտված են 5-րդ հոդվածում, այն դրույթների խմբի շրջանակներում, որոնք ընդհանուր կիրառություն ունեն կոնվենցիայում: Հոդված 5 (2)-ը պարտավորեցնում է մասնակից պետություններին «արգելել հաշմանդամության պատճառով ցանկացած խտրականություն»: Հաշմանդամության խտրականությունը սահմանվում է 2-րդ հոդվածում որպես «հաշմանդամության պատճառով ցանկացած տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որոնց նպատակն է սահմանափակել կամ նվազագույնի հասցնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ճանաչումը, կիրառումը կամ դրանցից օգտվելը քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ ցանկացած այլ ոլորտում` մյուսների հետ հավասար հիմունքներով: Այն ընդգրկում է խտրականության բոլոր ձևերը` ներառյալ խելամիտ հարմարեցումների տրամադրման մերժումը»։
Խելամիտ հարմարեցման մերժումը, հետևաբար, առանձին և հստակ հիմք է: Ավելին, ՀՈՒԱԻԿ-ի 2-րդ հոդվածում խտրականության բացառման սահմանման մեջ խելամիտ հարմարեցման ինտեգրումը նշանակում է, որ հիմնարար քաղաքացիական և քաղաքական իրավունքների իրացումը պահանջում է դրական միջոցների ձեռնարկում՝ ուղղված համակարգային խտրականության վերացմանը:
Բացի այդ, 5-րդ հոդվածը պահանջում է, որ պետությունները «հավասարության հաստատմանն աջակցելու և խտրականությունը վերացնելու նպատակով ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը` ապահովելու համար խելամիտ հարմարեցումների տրամադրումը»։
ՀՈՒԱԻԿ-ում խելամիտ հարմարեցում ապահովելու պարտականությունը տարածվում է սոցիալական դերակատարների լայն շրջանակի վրա՝ ներառյալ պետությունը, գործատուները, կրթություն տրամադրողները, առողջապահական ծառայություններ մատուցողները, ապրանքներ և ծառայություններ մատուցողները: Պարտականությունը ենթադրում է, որ այս դերակատարները ողջամտորեն կկարգավորեն հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը և մասնակցությանը խոչընդոտող քաղաքականությունները և գործելակերպերը: Թեև խելամիտ հարմարեցման պարտականությունը պատկանում է ընդհանուր կիրառման հոդվածներին և, հետևաբար, տարածվում է բոլոր հոդվածների վրա, այն նաև հատուկ հիշատակվում է անձի ազատության և անվտանգության (հոդված 14(2)), կրթության (24-րդ հոդվածը), զբաղվածության (հոդված 27) վերաբերյալ հոդվածներում, ինչպես նաև 13-րդ հոդվածում, որը վկայակոչում է արդարադատության մատչելիությունն «ընթացակարգային ու տարիքին համապատասխան» հարմարեցումների միջոցով։
Մատչելիությունը կապված է խմբերի հետ, մինչդեռ խելամիտ հարմարեցումը կապված է անհատների հետ: Սա նշանակում է, որ մատչելիություն ապահովելու պարտականությունը ex ante պարտականություն է: Հետևաբար, մասնակից պետությունները պարտավոր են ապահովել մատչելիությունը՝ նախքան անձի՝ որևէ վայրից կամ ծառայությունից օգտվելու անհատական հարցում ստանալը:
Կոմիտեն նաև նշում է, որ անհատների դեպքում, որոնք ունեն հազվագյուտ խնդիրներ, որոնք հաշվի չեն առնվել մատչելիության ստանդարտների մշակման ժամանակ, կամ ովքեր չեն օգտագործում մատչելիության հասնելու համար առաջարկվող եղանակները, մեթոդները կամ միջոցները (օրինակ՝ Բրայլի տառերը չկարդալը), նույնիսկ երբ մատչելիությունն ապահովված է, ստանդարտները կարող են բավարար չլինել: Նման դեպքերում կարող են կիրառվել խելամիտ հարմարեցումներ: Հաշմանդամություն ունեցող անձը կարող է պահանջել հարմարեցում, որը դուրս է ցանկացած մատչելիության ստանդարտի շրջանակից:
Խելամիտ հարմարեցում տրամադրելու պարտականությունը ex nunc պարտականություն է, ինչը նշանակում է, որ այն կիրառելի է այն պահից, երբ հաշմանդամություն ունեցող անհատը դրա կարիքն ունի տվյալ իրավիճակում, օրինակ՝ աշխատավայրում կամ դպրոցում՝ իր իրավունքներից օգտվելու համար։ Այստեղ մատչելիության ստանդարտները կարող են լինել ցուցիչ, բայց չեն կարող ընդունվել որպես հրահանգիչ: Խելամիտ հարմարեցումը կարող է օգտագործվել որպես որոշակի իրավիճակում հաշմանդամություն ունեցող անձի համար մատչելիության ապահովման միջոց: Խելամիտ հարմարեցումը ձգտում է հասնել անհատական արդարության այն իմաստով, որ խտրականության բացառումն ու հավասարությունն ապահովված են` հաշվի առնելով անձի արժանապատվությունը, ինքնավարությունը և ընտրությունը:
2021 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով ամրագրվեց հաշմանդամություն ունեցող անձանց՝ խելամիտ հարմարեցումների իրավունքը։
Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա կատարվում է խելամիտ հարմարեցում գործատուի կամ ուսումնական հաստատության ղեկավարի (այսուհետ՝ պարտականություն կրող) հետ երկխոսության միջոցով: Օրենքը սահմանում է, որ խելամիտ հարմարեցումն անհրաժեշտ և համապատասխան փոփոխությունների և հարմարեցումների (շտկումների) կատարումն է, որոնք չեն առաջացնում անհամաչափ կամ անհարկի բեռ և ուղղված են հաշմանդամություն ունեցող անձի՝ մարդու իրավունքներից և հիմնական ազատություններից մյուսների հետ հավասար հիմունքներով օգտվելուն։
Օրենքը՝ հիմնված լինելով ՀՈՒԱԻԿ-ի սկզբունքների վրա, սահմանում է, որ հաշմանդամության հիմքով խտրականությունը ներառում է նաև խելամիտ հարմարեցումների ապահովման մերժումը: Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել խելամիտ հարմարեցումների իրավունքի՝ արագ զարգացող լինելը, վերոնշյալ միջազգային իրավական համատեքստը և ազգային օրենսդրության պահանջները։
|