Վերջին տարիներին կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրում Հայաստանի Հանրապետությունում որակապես նոր՝ ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների և միջազգային լավագույն փորձի վրա հիմնված՝ ԱՀԿ ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքներին համապատասխան հաշմանդամության գնահատման համակարգ ներդնելու ուղղությամբ: Հաշմանդամության գնահատման գործող կարգը չի համապատասխանում ժամանակակից զարգացումներին, պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, առկա են մի շարք այլ խնդիրներ: Հաշմանդամության սահմանման կարգի հետ կապված առկա խնդիրները հիմնականում հանգում են հետևյալին.
1. Հաշմանդամությունը սահմանվում է ՄՍԾ բժշկասոցիալական փորձաքննության բաժինների (այսուհետ՝ ԲՍՓ բաժին) կողմից։ Վերջիններիս կազմերը և նրանց կողմից սպասարկվող տարածքները նախապես սահմանված են, ինչը կոռուպցիոն ռիսկ է պարունակում՝ նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելու տեսանկյունից։
2. Նշված հանձնաժողովների կազմում միայն բժիշկներ են, հիմնականում թերապևտ, վիրաբույժ, նյարդաբան, մանկաբույժ։ Բոլոր դեպքերի և բոլոր տարիքային խմբերի համար միևնույն բժշկական կազմով հանձնաժողովը չի կարող բազմակողմանի գնահատել անձի ֆունկցիոնալությունը և սահմանել այն ծառայությունների կարիքը, որոնք կապահովեն նրա հիմնական իրավունքների իրացումը և սոցիալական ներառումը:
3. Անձի հաշմանդամության սահմանման հիմքում ընկած են առավելապես բժշկական չափորոշիչները, անձին հաշմանդամ ճանաչելիս հիմնականում հաշվի է առնվում նրա ախտորոշումը: Չնայած գնահատվում է նաև անձի կենսագործունեությունը, սակայն գնահատման չափանիշները խիստ մակերեսային են և հստակ նկարագրված չեն, ինչը նույնպես հայեցողական որոշումներ կայացնելու տեղիք է տալիս: Հաշմանդամության սահմանման չափորոշիչները պարունակում են դրույթներ, որոնք հիմք են հանդիսանում սուբյեկտիվ մոտեցումների և կոռուպցիոն ռիսկերի շարժառիթների համար:
4. Բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում սահմանվում է հաշմանդամության առաջին, երկրորդ, երրորդ խումբ և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ: Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների ծանրությունը չի տարբերակվում և հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաների համար սահմանվում են նույն ծառայությունները:
5. Չնայած գործում է հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման «Փյունիկ» տեղեկատվական համակարգը, սակայն այն հնարավարություն չի տալիս ողջ գործընթացն իրականացնել դրա միջոցով։ Հետևաբար, հաշմանդամության սահմանման գործընթացն ավտոմատացված չէ, որի պարագայում մեծ է ոչ իրավաչափ և սուբյեկտիվ որոշումների կայացման ռիսկը։ Ելնելով այս հանգամանքից՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել և ներդնել նոր տեղեկատվական համակարգ, որտեղ կարտացոլվի գնահատման ամբողջ գործընթացը։
|