ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման գոծընթացները կարգավորող միասնական կարգի ստողծման պահանջով:
- Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.
Ներկայումս հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման գործընթացները կարգավորվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի՝ «ՀՀ ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու, հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը հաստատելու մասին» N 752-Ն հրամանով:
Գործող իրավակարգավորմամբ սահմանված չեն հանրակրթական առարկաների դասագրքերին ներկայացվող ընդհանրական պահանջները, որոնք մանրամասն ներկայացված են նախագծում:
Սահմանված է, որ դասագիրքը պետք է համապատասխանի Հանրակրթության պետական չափորոշչի, տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջներին: Սահմանված է նաև, որ դասագքերը կարող են լինել թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ (համակցված):
Նախագծով հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման և հրատարակման գործընթացները իրականացվում են մրցութային եղանակով: Դասագրքերի ստեղծման մրցույթի ընթացքում ներկայացված հավակնորդ դասագրքերի փորձաքննությունն իրականացվում է երեք հիմնական փուլերով: Հանրակրթական ուսումնական առարկաների դասագրքեր կարող են ստեղծվել և հրատարակվել կրթության կառավարման պետական լիազոր մարմնի կողմից՝ պետական պատվերի շրջանակներում։ Պետական պատվերի պարագայում՝ հանրակրթական ուսումնական առարկաների դասագրքերը կարող են ստեղծվել ոչ մրցութային եղանակով՝ ուղիղ պատվերի միջոցով:
Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն նաև դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված հավակնորդ դասագրքերի փորձաքննությունն իրականացնելու և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանությունը գնահատելու նպատակով առարկայական հանձնաժողովների ձևավորման և գործունեության հետ կապված իրավահարաբերությունները:
- Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
«Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը հիմնավորված է «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.2-րդ կետով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: