«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
1 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդիրը.
««Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծեր) կարգավորում են իրավահարաբերությունները խաղային ոլորտում: Ընդ որում, խաղային ոլորտը վերոնշյալ օրենքների իմաստով ընդգրկում է բոլոր տիպի շահումով խաղերը` ներառյալ միջազգային պրակտիկայում ընդունված, որպես «մոլեխաղ» սահմանվող խաղերը:
2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Ներկայումս մոլեխաղերի ոլորտը կարգավորվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով: Հարկ է նշել, որ օրենքը լիարժեքորեն չի ներառում տվյալ ոլորտը, ինչի արդյունքում կարգավորումներից դուրս են մնում մի շարք կարևորագույն հայեցակետեր, ինչպես օրինակ` կիրառվող ծրագրային և տեխնիկական միջոցների համապատասխանությունը հայտարարված չափանիշներին, կեղծ կամ արտաքին միջամտությունից չպաշտպանված սարքավորումների կամ ծրագրային միջոցների կիրառմամբ խաղերի կազմակերպումը, ինչի արդյունքում ոտնահարվում են խաղացողների շահերը և այլն:
Մշտապես առաջանում են հարցեր, կապված «շահումով խաղ» հասկացության մեկնաբանման հետ: Գաղտնիք չէ, որ շուկայում առաջարկվում են բազմաթիվ խաղեր, որոնք որոշակի պայմանների պահպանման դեպքում հանդիսանում են պարզ ատրակցիոն խաղեր` ապահովելով որոշակի նյութական շահումների տրամադրում խաղի մասնակցին, միևնույն ժամանակ հեշտությամբ կարող են վերածվել մոլեխաղի` հստակ օրենսդրական կարգավորումների բացակայության պատճառով:
Բավարար չափով կարգավորված չեն նաև ոլորտի նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված խնդիրները, այդ թվում` ֆինանսական հոսքերի, խաղային պրոցեսում տեղի ունեցող իրադարձությունների, օրենքով սահմանված չափանիշների հետ սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը:
Պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով Նախագծերով նախատեսվում է շահումով խաղերի գործունեության կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի, ծրագրային միջոցների, տվյալների շտեմարանների և խաղային սարքերի միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիտորինգային կենտրոնին: Մինչ մոնիտորինգային կենտրոնին միացումը նախատեսվում է ծրագրային և տեխնիկական միջոցների փորձագիտական ուսումնասիրություն` ընդունված ստանդարտներին համապատասխանությունը հաստատելու նպատակով:
Նշված ուսումնասիրությունները նախատեսվում է իրականացնել հատուկ փորձարկման լաբորատորիայի միջոցով, իսկ ստանդարտների մշակումը, կազմակերպիչների կողմից դրանց պահանջների պահպանումը, համապատասխանության վկայագրերի տրամադրումը նախատեսվում է իրականացնել հատուկ այդ նպատակով ստեղծվող` խաղային ոլորտի լիազոր օպերատորի միջոցով։
Նախագծերով առավելագույնս հստակեցվել և պարզեցվել են մի շարք հասկացություններ, որոնց տարընթերցման հետևանքով հաճախ առաջանում են խնդիրներ դրանց կիրարկման առումով:
«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքը կարգավորում է վիճակախաղերի կազմակերպման գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրա նկատմամբ պետական վերահսկողությունը: Ընդ որում, որպես վիճակախաղ է սահմանվում նաև տոտալիզատորի կազմակերպման գործունեությունը:
Իրականում անհրաժեշտ է տարանջատել վիճակախաղը տոտալիզատորից, իսկ ավելի ստույգ` բուքմեյքերական գործունեությունից, որի մասն է կազմում տոտալիզատորը: Եթե այս երկու գործունեություններն իրենց բնույթով նման են միմյանց այնքանով, որքանով որ դրանց հիմքում դրված է որևէ իրադարձության ելքի կանխագուշակումը, ապա տարբերություններն անհամեմատ շատ են, ներառյալ կանխագուշակվող իրադարձության տեսակը. Եթե վիճակախաղի դեպքում իրադարձություն է հանդիսանում կազմակերպչի կողմից գեներացված և տոմսերի տեսքով մասնակիցներին առաջարկվող` պատահականության սկզբունքով շահող համակցության ձեռքբերումը կամ վիճակախաղային շահող համադրությունների կանխագուշակումը, ապա տոտալիազտորի դեպքում, որպես կանոն, իրադարձություն է հանդիսանում իրական ընթացող իրադարձությունը, որի ելքը պատահականությամբ պայմանավորված չէ:
Վերոգրյալից հետևում է, որ անհրաժեշտ են տարբեր մոտեցումներ այս երկու գործունեությունների հետ կապված հարաբերություններում, ինչը հնարավոր է իրագործել օրենսդրորեն դրանք միմյանցից տարանջատելու պարագայում:
Հաշվի առնելով միջազգային փորձը, տոտալիզատորի և բուքմեյքերական գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվելու են «Խաղային ոլորտի մասին» ՀՀ օրենքով:
Ներկայումս գիտատեխնիկական առաջընթացը, ցանցային, տելեկոմունիկացիոն միջոցների զարգացումը հանգեցրել են նրան, որ վիճակախաղերի ասպարեզում ևս լայն տարածում են գտնում ցանցային, ինտերակտիվ վիճակախաղերը: Սակայն նման վիճակախաղերի (այդ թվում` էլեկտրոնային կամ ինտերնետային) կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները գործող օրենքով ներկայումս կարգավորված չեն:
Բավարար չափով կարգավորված չեն նաև գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված խնդիրները, այդ թվում` ֆինանսական հոսքերի նկատմամբ վերահսկողությունը: Այդ նպատակով Նախագծերով նախատեսվում են վիճակախաղի գործունեության կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի, ծրագրային միջոցների և տվյալների շտեմարանների միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիտորինգային կենտրոնին: Հարկ է նշել, որ մոնիտորինգային կենտրոնին միացվելու են նաև ավանդական (թղթային) վիճակախաղերի տոմսերի գեներացումն իրականացնող ծրագրային միջոցները կամ գեներացված տոմսերով տվյալների շտեմարանները: Մինչ մոնիտորինգային կենտրոնին միացումը նախատեսվում է ծրագրային և տեխնիկական միջոցների փորձագիտական ուսումնասիրություն` ընդունված ստանդարտներին համապատասխանությունը հաստատելու նպատակով:
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է ««Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
4․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ» փաստաթղթերից:
6․ Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման նպատակը վիճակախաղերի, շահումով խաղերի կազմակերպման գործունեության կազմակերպիչների հետ իրավահարաբերությունները հստակեցումն է` հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ոլորտում, վիճակախաղերի, շահումով խաղերի նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացումն է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով, պետական մարմիններին տրամադրվող տեղեկությունների, հաշվետվությունների ներկայացման ձևերի և մեթոդների արդիականացումը, ինչպես նաև մասնակիցների շահերի առավելագույն պաշտպանվածության ապահովումը` վիճակախաղերի, շահումով խաղերի կազմակերպման և անցկացման ծրագրային և տեխնիկական միջոցների, խաղի կանոնների և պայմանների նկատմամբ սահմանված պահանջներին և չափանիշներին համապատասխանության մասով վերահսկողության իրականացման միջոցով:
- Այլ տեղեկություններ
««Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Discussed
24.11.2021 - 09.12.2021
-
Type
Law
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 5453
Print