Ամբիոնները, բազային գիտահետազոտական լաբորատորիաները բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրման, գիտական ներուժի զարգացման, գիտամանկավարժական կադրերի պատրաստման և դասախոսական կազմի երիտասարդացման նպատակով՝ յուրաքանչյուր տարի ՀՀ գերատեսչություններից, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից և գիտական կազմակերպություններից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ըստ մասնագիտությունների, ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների պետության կողմից նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, առկա ուսուցմամբ ասպիրանտական կրթական ծրագրով տեղերը:
2019/2020 ուսումնական տարվա համար ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019/2020 ուսումնական տարում ասպիրանտուրայի ընդունելության՝ նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար) հեռակա ուսուցման տեղերի բաշխումը հաստատելու մասին» N 1673-Ն որոշման հավելվածով հաստատվել էր 206 տեղ, որից 86-ը ձևավորվել էր համաձայն ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ներկայացված հայտերի՝ հաշվի առնելով իրենց ոլորտի համար հետաքրքրություն ներկայացնող հետազոտությունների թեմաներն (համապատասխան հիմնավորումներով) ըստ մասնագիտությունների (Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկին համապատասխան), որոնց արդյունքի կիրառումը կարող էր նպաստել ոլորտի զարգացմանը: Դրանք ուղարկվել էին ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական կազմակերպություններին՝ դրանց վերնագրերը բուհերի մասնագետների հետ հստակեցնելու և գիտական ձևակերպում տալու համար:
Ամփոփելով վերոգրյալը՝ տեղեկացնում եմ, որ հատկացված 86 տեղերից փաստացի ընդունվել են 22-ը՝ 9 մասնագիտություններով: Ըստ համապատասխան բուհերից ստացած բանավոր տեղեկատվության կանխատեսվում է (թեմաների հաստատման վերջնաժամկետ սահմանված է մարտի երրորդ տասնօրյակը), որ մոտ 10 ասպիրանտ կընտրեն այն թեմաները, որոնք առաջադրել են ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինները:
Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ասպիրանտական կրթական ծրագրով ընդունելության և ուսումնառության անվճար տեղերի հատկացման գործընթացները:
Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, առկա ուսուցմամբ տեղերն՝ ըստ մասնագիտությունների նախագծելիս հաշվի է առնվել.
1) բուհերի կամ գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների /ըստ հաստիքացուցակի/ թվաքանակը, տարիքային շեմը /65-ից բարձր/, սովորող ասպիրանտների թիվը, ինչպես նաև անհրաժեշտ համապատասխան մասնագետների քանակը:
2) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում մագիստրոսի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների թիվը, ինչպես նաև մասնագիտությունների թիվը, որոնցով բարձրագույն ուսումնական հաստատություններն ու գիտահետազոտական ինստիտուտները իրականացնում են ասպիրանտական կրթական ծրագիր:
3) նախկին տարիներին հատկացված տեղերի և փաստացի ընդունելության արդյունքների վերլուծությունը:
ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները համապատասխան մասնագետներով ապահովելը, մասնավորապես տեղեր են հատկացվել՝ բնագիտական ոլորտին, տեխնիկական, առողջապահական և այլն:
|