Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   

  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Օրենսդիրը պատասխանատվություն է նախատեսել նաև ծանրացնող հանգամանքներում պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար: Հոդվածի 2-րդ մասում որպես ծանրացնող հանգամանք նախատեսված է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելը:

Ըստ այդմ, հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Գործնականում հանցագործության որակման խնդիրներ են առաջանում այն դեպքերում, երբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը դիտավորությամբ է առաջացրել ծանր հետևանքներ: Իրավակիրառ պրակտիկայում այս դեպքերում,  օրենսդրական բացի պատճառով, արարքը որակվում է 308-րդ հոդվածի 1-ին մասով, որը, ինչպես վերը նշվեց, ավելի մեղմ պատիժ է նախատեսում, քան անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջանալու պարագայում: Այսինքն, գործող օրենքի ներկայիս կարգավորումը հնարավորություն չի տալիս ավելի խիստ պատասխանատվություն սահմանել դիտավորությամբ ծանր հետևանքներ առաջացնելու համար: Նման իրավակարգավորումը արդարացի և տրամաբանական չէ, խախտում է պատժի համաչափության սկզբունքը և չի բխում պատժի նպատակներից:

Այս առումով հարկ է նշել նաև, որ ծանր հետևանքների նկատմամբ հանցավորի կողմից դրսևորած մեղքի ձևի հարցը իրավաբանական գրականության մեջ ևս միասնական լուծում չի ստացել[1]:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենքի նախագծով առաջարկվում է նոր իրավական կարգավորում, որը հնարավորություն կտա համարժեք և համաչափ պատիժ նախատեսել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, որը դիտավորությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից:

 

 

  1. Ակնկալվող արդյունքը

 Օրենքի նախագծի ընդունման արդյունքում կվերացվի օրենսդրական բացը, պատիժ սահմանելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որը դիտավորությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ դրանով իսկ հստակեցնելով  տվյալ հանցագործության որակումը և ապահովելով պատժի համաչափության սկզբունքի պահպանումը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

    «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում  լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

    «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում  լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

 

 

 

[1] Տես ՀՀ քրեական իրավունք: Հատուկ մաս: Եր.: ԵՊՀ հրատ. 2009, էջ 953

  • Discussed

    14.01.2020 - 29.01.2020

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    RA Investigative Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8434

Print

Suggestions

Արման Բաբախանյան

25.01.2020

Նախագծի հեղինակների կողմից որպես քննարկվող ծանրացնող հանգամանքի անհրաժեշտության հիմնավորում կարող է նշվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի կարգավորումները, որի 1-ին մասում նախատեսված է որպես հետևանք էական վնասը, իսկ 2-րդ մասում որպես ծանրացնող հանգամանք ծանր հետևանքների առաջացումը (2-րդ մասում «անզգուշությամբ» ձևակերպման բացակայությունը վկայում է, որ այդ հետևանքի նկատմամբ անձը ևս պետք է դրսևորի դիտավորություն): Այս առնչությամբ հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասում նման ծանրացնող հանգամանքի առկայությունը խնդրահարույց է, որպիսի հետևությունը հիմնավորվում է նրանով, որ ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի 265-րդ հոդվածի (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը) 2-րդ մասում որպես ծանրացնող հանգամանք նախատեսված է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելը, այլ ոչ թե դիտավորությամբ (https://www.e-draft.am/projects/2115/about): Նման պայմաններում գտնում եմ, որ Նախագծով առաջարկվող ծանրացնող հանգամանքը ընդունելի չէ:

Արման Բաբախանյան

25.01.2020

Հարկ է նշել, որ նման ծանրացնող հանգամանք (դիտավորությամբ ծանր հետևանքներ առաջացնելը) բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորմանը նմանվող ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածում, որի 1-ին մասում ևս որպես հետևանք նախատեսված է էական վնասի առաջացումը: ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածում որպես ծանրացնող հանգամանք նախատեսված է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելը, ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի գործող խմբագրությունում է: Վերոգրյալը վկայում է Նախագծով առաջարկվող ծանրացնող հանգամանքի ընդունելի չլինելու մասին:

Արման Բաբախանյան

25.01.2020

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածում նոր ծանրացնող հանգամանք նախատեսելը, այն է՝ դիտավորությամբ ծանր հետևանքներ առաջացնելը, խնդրահարույց է իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից, քանի որ իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ են առաջանալու քննարկվող հոդվածի 1-ին մասում սահմանված էական վնասի և Նախագծով առաջարկվող ծանր հետևանքի տարբերակման հարցում, երբ երկու հետևանքների համար էլ նախատեսվի մեղքի դիտավորյալ ձևը: Նման պայմաններում գտնում եմ, որ Նախագծով առաջարկվող ծանրացնող հանգամանքը ընդունելի չէ:

See more