Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
25.10.2019
3․ Արժեթղթերի շուկայի կայացում Անկախության հռչակումից ի վեր Հայաստանում տնտեսության զարգացման տեսանկյունից անտեսվել է արժեթղթերի շուկայի դերակատարումը։ Այս հանգամանքին անդրադարձ չկա նաև ներկայացված նախագծում։ Մինչդեռ ժամանակակից աշխարհում տնտեսություններում ներդրումներ կատարելու արդյունավետ ձևերից մեկը արժեթղթերի առուվաճառքի միջոցով շահույթ ստանալն է։ Հայաստանի իրավական դաշտում դեռևս ձևավորված չեն անհրաժեշտ գործիքակազմեր, որոնք հնարավորություն կտան ակտիվացնել արժեթղթերի շրջանառությունը և ներդրողների համար բացել նոր հնարավորություններ՝ ազատ միջոցները տնտեսության մեջ ներարկելու և արդյունքում շահույթ ակնկալելու համար։ Խնդրի լուծման նպատակով առաջատար տնտեսություն ունեցող երկրներում օրենսդրորեն սահմանված են պահանջներ տնտեսության որոշ ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների համար, որոնք առաջնահերթորեն վերաբերում են նրանց կազմակերպաիրավական ձևերին։ Մասնավորապես՝ նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների համար Մեծ Բրիտանիայում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Սլովակիայի Հանրապետությունում, Ռուսաստանի Դաշնությունում նախատեսվում է բաց բաժնետիրական ընկերության կազմակերպաիրավական ձևը՝ շրջանառության որոշակի չափը գերազանցելու դեպքում։ Վերոնշյալ գործոնը հանդիսանում է ոչ միայն արժեթղթերի շուկայի զարգացման կարևոր երաշխիք, այլ նաև տվյալ ընկերության լիկվիդայնության ապահովման կարևոր գործոն։ Առաջարկություն • ՀՀ-ում օրենսդրորեն սահմանել ընկերությունների համար շրջանառության կամ ցուցանիշային որևէ այլ շեմ, որի ապահովման դեպքում ընկերությունը պետք է գրանցվի կամ վերակազմակերպվի բաց բաժնետիրական ընկերության կազմակերպաիրավական ձևով։