Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման 2019-2024 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Որոշման նախագծով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման 2019-2024 թվականների ռազմավարությունը, որը ուղղված է գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը` բիզնեսի համար վարչարարական բեռի կրճատման, մասնավորապես գործող օրենսդրության պարզեցման և ավելի որակյալ կարգավորումների մշակման, ընթացակարգերի առավելագույնս թվայնացման, շահագրգիռ բոլոր կողմերի հետ ավելի արդյունավետ հաղորդակցության և հետադարձ կապի կազմակերպման միջոցով:

Նախատեսված է գործարար միջավայրի վրա ազդեցույթուն ունեցող պետական կարգավորումների և վարչարարական ընթացակարգերի բարելավումն այնպիսի ծավալով, որն Հայաստանը կդարձնի աշխարհի համար ճանաչելի, հասանելի, արտահանման լայն հնարավորություններ ընձեռող, ներդրումների և գործարարության համար գրավիչ երկիր։

Ռազմավարության հիմնական թիրախն է «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում մատնանշված ոլորտներում գործարարների համար վարչարարական բեռի և ռիսկերի կրճատումը, որը արտացոլված կլինի ինդեքսում Հայաստանի համար ակնկալվող միավորների ավելացմամբ (այսինքն՝ լավագույն արդյունքից հեռացվածության կրճատմամբ) և դիրքի բարելավմամբ, մասնավորապես` նախատեսվող միջոցառումների արդյունքում նախատեսված է լինել գործարար և ներդրումային միջավայրի գրավչությամբ աշխարհի առաջին 15 երկրների շարքում։

  • Քննարկվել է

    10.10.2019 - 25.10.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8805

Տպել

Առաջարկներ`

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

25.10.2019

3․ Արժեթղթերի շուկայի կայացում Անկախության հռչակումից ի վեր Հայաստանում տնտեսության զարգացման տեսանկյունից անտեսվել է արժեթղթերի շուկայի դերակատարումը։ Այս հանգամանքին անդրադարձ չկա նաև ներկայացված նախագծում։ Մինչդեռ ժամանակակից աշխարհում տնտեսություններում ներդրումներ կատարելու արդյունավետ ձևերից մեկը արժեթղթերի առուվաճառքի միջոցով շահույթ ստանալն է։ Հայաստանի իրավական դաշտում դեռևս ձևավորված չեն անհրաժեշտ գործիքակազմեր, որոնք հնարավորություն կտան ակտիվացնել արժեթղթերի շրջանառությունը և ներդրողների համար բացել նոր հնարավորություններ՝ ազատ միջոցները տնտեսության մեջ ներարկելու և արդյունքում շահույթ ակնկալելու համար։ Խնդրի լուծման նպատակով առաջատար տնտեսություն ունեցող երկրներում օրենսդրորեն սահմանված են պահանջներ տնտեսության որոշ ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների համար, որոնք առաջնահերթորեն վերաբերում են նրանց կազմակերպաիրավական ձևերին։ Մասնավորապես՝ նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների համար Մեծ Բրիտանիայում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Սլովակիայի Հանրապետությունում, Ռուսաստանի Դաշնությունում նախատեսվում է բաց բաժնետիրական ընկերության կազմակերպաիրավական ձևը՝ շրջանառության որոշակի չափը գերազանցելու դեպքում։ Վերոնշյալ գործոնը հանդիսանում է ոչ միայն արժեթղթերի շուկայի զարգացման կարևոր երաշխիք, այլ նաև տվյալ ընկերության լիկվիդայնության ապահովման կարևոր գործոն։ Առաջարկություն • ՀՀ-ում օրենսդրորեն սահմանել ընկերությունների համար շրջանառության կամ ցուցանիշային որևէ այլ շեմ, որի ապահովման դեպքում ընկերությունը պետք է գրանցվի կամ վերակազմակերպվի բաց բաժնետիրական ընկերության կազմակերպաիրավական ձևով։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

25.10.2019

2․ Հանրային ծառայությունների մատակարարման ցանցերին միանալու գործընթաց Ռազմավարության նախագծի 5․3 կետով որպես գործարար միջավայրի բարելավման եղանակ նախատեսված է նաև հանրային ծառայությունների մատակարարման ցանցերին միացման գործընթացի պարզեցումը, սակայն նախատեսված չեն այն գործողությունները և մեխանիզմները, որոնք պետք է իրականացվեն այդ նպատակին հասնելու համար։ Հայաստանում ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից բավական լուրջ խոչընդոտ է հանդիսանում գազամատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման, էլեկտրամատակարարման ծառայությունները սպառող-բաժանորդներին հասցնելու գործընթացը։ Ավելին, այդ բնագավառում առկա են կոռուպցիոն ռիսկեր, քանի որ բացակայում են հստակ կանոնակարգերը, որոնք հնարավորություն կտան կանխատեսելի դարձնել այդ ծառայությունների հասանելիության ժամկետները և մեխանիզմները, ինչից ելնելով էլ համապատասխան ծառայություններ մատուցող ընկերությունները շատ հաճախ խնդիրները կարգավորում են ըստ իրավիճակի և ըստ դիմող սուբյեկտի հնարավորության սահմանների։ Վերոնշյալ ծառայությունների մատուցման ոլորտն ըստ էության գտնվում է մասնավոր գերխոշոր ընկերությունների մենաշնորհային կառավարման դաշտում և վերջիններիս կողմից այդ ծառայությունների մատուցումը չի սահմանափակվում միայն ապրանք-ծառայությունների մատակարարմամբ։ Այն ներառում է նաև վերոնշյալ ընկերությունների կողմից այդ ծառայություններից օգտվելու հնարավորություն ընձեռելը կամ համապատասխան ենթակառուցվածքների տրամադրումը՝ իրենց կողմից կազմված նախահաշվի հիման վրա։ Հիշյալ հանգամանքը հանրության կողմից միշտ քննադատվել է քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը, ուստի նաև գործարար միջավայրի բարելավմանը խոչընդոտելու տեսանկյունից։ Առաջարկություն • Ռազմավարության նախագծով նախատեսել հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների համար ծառայությունների հասանելիության ապահովման պարտավորություն՝ համապատասխան իրավական երաշխիքներ սահմանելու եղանակով։ • Գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից տնտեսվարողների համար որպես լրացուցիչ երաշխիք սահմանել ՀՀ կառավարության պարտավորությունը՝ վերոնշյալ ընկերությունների կողմից ծառայությունների հասանելիությունն ապահովելու պարտականությունները չկատարելու դեպքում դատական կարգով պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման ձևով։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

25.10.2019

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ գործարար միջավայրի բարելավման ռազմավարության նախագծի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման ռազմավարության նախագիծը, որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները․ 1․ Փաստաթղթի կառուցվածքը և չափելիության ցուցիչները Ռազմավարության նախագիծը որպես գործարար միջավայրի բարելավման նպատակ իրավացիորեն մատնանշել է միջազգայնորեն մրցունակ ազգային տնտեսության կառուցումը։ Այդ նպատակով առաջադրվել են գործարարների համար վարչարարական բեռի և ռիսկերի կրճատման կարևորագույն խնդիրը լուծելու թիրախներ, այդ թվում՝ վարկերի ստացման, հանրային ծառայությունների մատակարարման ցանցերին միացման, փոքր բաժնետերերի պաշտպանության, սնանկության ճանաչման գործընթացների հստակեցման և արդյունավետության բարձրացման։ Սակայն հարկ ենք համարում նշել, որ նախագիծը չի նախատեսում կոնկրետ ժամկետներում գործողություններ, որոնց իրականացումը հնարավորություն կընձեռի բարելավել գործարար միջավայրի համար իրավական դաշտը և գնահատել կոնկրետ արդյունքները ժամանակի մեջ։ Այլ կերպ ասած՝ նախագիծը չունի ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագիր, ինչը բացառում է նախագծով նախանշված նպատակների չիրականացման դեպքում պատասխանատվության գործոնը, քանի որ չկան կոնկրետ գործողություններ և պատասխանատուներ։ Առաջարկություն • Ռազմավարությունից բացի մշակել և քննարկման ներկայացնել ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագիր՝ ամրագրելով ռազմավարությամբ նախանշված նպատակների իրականացման ժամկետները և պատասխանատուներին։

Տեսնել ավելին