Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

 

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվա­կանի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 31-րդ հոդվածի 4-րդ մասը «առանձնապես ծանր հանցագործություն» բառերից հետո լրացնել «կամ նախապատրաստում է կատարել կամ կատարել է կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանք» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Обсуждалось

    03.12.2025 - 19.12.2025

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1766

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Մուշեղ Բաբայան

06.12.2025

Կարծիք

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ

 

Պետք է փաստել, որ առաջարկվող լրացումը արդիական է և իրավամբ կարող է նպաստել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։

Այնուամենայնիվ, Նախագիծն առավել համապարփակ դարձնելու համար մի քանի առաջարկ ունեմ։

Այսպես․

Նախագծով առաջարկվում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 31-րդ հոդվածի 4-րդ մասը «առանձնապես ծանր հանցագործություն» բառերից հետո լրացնել «կամ նախապատրաստում է կատարել կամ կատարել է կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանք» բառերով։

Նախագծի ընդունման դեպքում համապատասխան օրենսդրական նորմը կունենա հետևյալ շարադրանքը՝

<<4. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ առերևույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կամ նախապատրաստում է կատարել կամ կատարել է կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանք և այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է:>>։

Ինչպես երևում է Նախագծից, դրա ընդունվելու դեպքում, վերը նշված հոդվածում թվարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարած անձանց նկատմամբ հնարավոր կլինի կատարել եթե նրանք կասկածվեն կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործությունների կատարման և նախապատրաստության մեջ։ Այսինքն այս հանցանքների ավարտված տեսակի և չավարտված հանցանքի ընդամենը մի մասի՝ նախապատրաստության դեպքում։ Ակնհայտ է, որ չավարտված այս հանցագործությունների մյուս փուլի՝ հանցափորձի վերաբերյալ կարգավորումները նորմի կարգավորումներում տեղ չեն գտել։

Իրականում կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործությունները ոչ հաճախ, բայց տեսականորեն հնարավոր է որ խափանվեն կամ դադարեցվեն հանցափորձի փուլում։ Կարծում եմ, որ այս պարագայում իրավակիրառողը խնդիրներ է ունենալու այդ հանցագործությունների փորձի կատարման մեջ կասկածվող անձի նկատմամբ մի դեպքում կատարելու վերը նշված ՕՀ միջոցառումները, իսկ մեկ այլ դեպքում լեգիտիմացնելու արդեն իսկ կատարված ՕՀ միջոցառման արդյունքները։

Օպոնենտները կարող են հակադարձել, որ քննարկվող նորմում ավարտված հանցանքի մասին նշելիս հասկացվում է նաև այդ հանցանքի չավարտված հանցագործության փուլերը, այդ թվում հանցափորձը /ծանր կամ առանձնապես ծանր չավարտված հանցագործությունը ևս ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը է/։ Իհարկե այս պնդումը չէր վիճարկվի, եթե Նախագծով առաջարկվող լրացումը շեշտադրումը կատարեր կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործության տարբեր դրսևորումների ծանրության աստիճանների վրա, ինչպես որ կատարված է գործող նորմում մյուս հանցատեսակների պարագայում։ Սակայն Նախագիծը հստակեցնում է, որ այս ՕՀ միջոցառումները կարող են կատարվել այն անձի նկատմամբ, ով

1․ նախապատրաստում է կամ

2․ կատարել է

կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցանքներ։

Այսինքն, Նախագծով լրացման պարագայում շեշտադրումը կատարվում է, ոչ թե հանցագործության ծանրության աստիճանի այլ կոնկրետ փուլերի վրա։ Հետևաբար, կարծում եմ, որ պետք է բոլոր փուլերը նշվեն։

Օպոնենտները կարող են հակադարձել, որ կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործությունների փորձի դեպքում ժամանակային ռեսուրսի դեֆիցիտը պրակտիկորեն հնարավորություն չի տալու օրենքով սահմանված ընթացակարգերով ստանալ համապատասխան թույլտվություն դատարանից և իրականացնել հիշյալ ՕՀ միջոցառումները։

Պետք է նշել, որ նախ հնարավոր են իրավիճակներ, որ ՕՀ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունն առաջանա ոչ թե դեռևս ընթացքի մեջ գտնվող այլ արդեն տարբեր պատճառներով հանցափորձի փուլում դադարեցված այս հանցանքները բացահայտելու համար։ Մյուս կողմից՝ հնարավոր է, որ այլ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձի նկատմամբ իրականացվող ՕՀ միջոցառումների ընթացքում ձեռք բերվեն կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցափորձերի վերաբերյալ տեղեկություններ, որոնց ստացումը նախատեսված չէր տվյալ միջոցառումներն անցկացնելու մասին որոշմամբ։ Այս դեպքում անհրաժեշտություն է առաջանալու լուծել ստացված տեղեկությունների թույլատրելիության և հետագայում օգտագործման հնարավորության հարցը։ 

Այսպես․ Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ

<<3. Եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում այն անձի վերաբերյալ, ում նկատմամբ այդ միջոցառումներն իրականացվում են, ձեռք են բերվել տեղեկություններ, նյութեր և փաստաթղթեր, որոնց ստացումը նախատեսված չէր տվյալ միջոցառումներն անցկացնելու մասին որոշմամբ, ապա դրանք չեն կարող օգտագործվել և ենթակա են ոչնչացման, բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները գործել են բարեխղճորեն, և

2) ստացված տեղեկությունները պարունակում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կամ դրա նախապատրաստման վերաբերյալ տեղեկություններ կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործընթաց սկսելու կամ սկսված վարույթին առերևույթ առնչվող տվյալներ, և

3) այդ տեղեկությունների ձեռքբերման համար սույն օրենքով թույլատրվում է իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը:>>։

 

Այսինքն, որպեսզի հնարավոր լինի այլ հանցանքների բացահայտման նպատակով իրականացվող ՕՀ միջոցառումների ընթացում կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցափորձերի վերաբերյալ տեղեկություններն օգտագործել՝

ա/ պետք է այդ տեղեկությունների համար Օրենքով թույլատրվի իրականացնել այդ ՕՀ միջոցառումները (այսինքն, պետք է Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասում այս հանցափորձերի կատարման մեջ կասկածվող անձանց նկատմամբ այս ՕՀ միջոցառումների կատարման թույլատրելիության մասին հստակ նշվի),

բ/ հանցափորձի վերաբերյալ տեղեկությունները պետք է պարունակեն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ տեղեկություններ, (այսինքն, քննարկվող Նախագծով պետք է փոփոխություն առաջարկվի նաև Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում, որպեսզի խոսքը լինի նաև կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործությունների միջին ծանրության տեսակների վերաբերյալ)։

 

Հետևաբար առաջարկում եմ Նախագիծը խմբագրել վերը նշված դիտարկումներն ու մտահոգությունները հաշվի առնելու հետևյալ տեսանկյունից․

1․ Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասում հստակեցնել որ այս ՕՀ միջոցառումների կատարումը թույլատրվում է նաև կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցափորձերի կատարման մեջ կասկածվող անձանց նկատմամբ,

2․ Խմբագրել Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, այն հաշվարկով, որ շեշտադրումը լինի ոչ միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ ստացված տեղեկությունների վերաբերյալ, այլ նաև կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործությունների միջին ծանրության տեսակների վերաբերյալ։

Ընդ որում, 2-րդ կետով նշված փոփոխությունը չկատարելու դեպքում իրավակիրառողն ընդհանրապես զրկված կլինի հետագայում օգտագործելու հնարավորությունից ոչ միայն կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործությունների փորձերի միջին ծանրության տեսակների վերաբերյալ տեղեկությունները, այլ նաև ավարտված կամ նախապատրաստվող տեսակների վերաբերյալ ստացվող տեղեկությունները, եթե այդպիսիք ստացվել են այլ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների կատարման մեջ կասկածվող անձանց նկատմամբ։

 

Մուշեղ Բաբայան 

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: