ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 749-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 749-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է հիշյալ որոշմամբ նախատեսված Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրի 2021-2025 թվականների միջոցառումների ցանկի 1.8 միջոցառման բովանդակության և ժամկետի վերանայման անհրաժեշտությունից։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 749-Լ որոշմամբ հաստատվել է Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը, որի 1.8 միջոցառման շրջանակներում պետք է մշակվի Տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում կլիմայական ռիսկի կառավարման և կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանը։
Ներկայումս Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ իրականացվում է ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կլիմայական փոփոխությունների ռիսկերի գնահատում, որի շրջանակներում 2024 թվականին «Գեոռիսկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) կողմից պետք է իրականացվի ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կլիմայի և աղետների ռիսկերի վերլուծություն (ընկերության հետ պայմանագիրը կնքվել է 2024 թվականի հոկտեմբեր ամսին)։ Ընկերության կողմից վերջնական հաշվետվությունը պետք է ներկայացվի 2024 թվականի վերջին։ Նշվածի շրջանակներում Ընկերության կողմից կատարված վերլուծությունների և առաջարկությունների հիման վրա միայն 2025 թվականին հնարավոր կլինի մշակել Ավտոմոբիլային ճանապարհների կլիմայական ռիսկի կառավարման և կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիր։ Քննարկման փուլում են գտնվում նաև Տրանսպորտի ոլորտի մասով կլիմայական ռիսկի կառավարման և կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի մշակման աշխատանքները։
Միաժամանակ, ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N1 հավելվածի ՏԿԵՆ միջոցառումների ծրագրի 55.1-րդ կետով նախատեսվում է միջազգային լավագույն փորձին համապատասխան իրականացնել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կլիմայական փոփոխությունների ռիսկերի գնահատում և ընթացիկ աշխատանքներում կլիմայի փոփախության հարմարվողականության ծրագրի մշակում և իրականացում։
Ուստի անհրաժեշտ է Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրով և ՀՀ կառավարության 2021-2026թթ․ միջոցառումների ծրագրով նախատեսված միջոցառումների բովանդակությունը և ժամկետները համապատասխանեցնել։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Հաշվի առնելով, որ Տրանսպորտային ենթակառուցվածքի կլիմայի հարմարվողականության միջոցառումը իրականացվում է ԱԶԲ աջակցությամբ, որը նախատեսվում է իրականացնել 2025 թվականին, ուստի անհրաժեշտություն է առաջանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 749-Լ որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն և միջոցառման կատարման ժամկետ սահմանել 2025 փվականի 4-րդ եռամսյակը, ինչպես նաև բովանդակությունը և ժամկետը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2021-2026թթ․ միջոցառումների ծրագրով նախատեսվող միջոցառմանը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքները
Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 749-Լ որոշմամբ հաստատված Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրի 2021-2025 թվականների միջոցառումների 1․8 կետով նախատեսված միջոցառման բովանդակությունը կհստացեցվի, ինչպես նաև կսահմանվի դրա համար ողջամիտ ժամկետ։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրից», ինչպես նաև Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։