Добавить в избранное
"Կրիպտոակտիվների մասին" ՀՀ օրենքի նախագիծ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր
-
9 - За
-
198 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Վարդան Վերդյան 04.06.2024 14:14:59 | Նախագծով կարգավորվող մի շարք դրույթներ կրում են խիստ ձևական բնույթ, զուրկ են իրավական որոշակիությունից, քանի որ դրանց մի շարք էական պայմանների կարգավորման իրավասությունը տրվել է ԿԲ-ին՝ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու միջոցով։ Ո՞րն է սույն օրենքի ընդունման տրամաբանությունը, եթե այն ընդունման պահին չի կարգավորելու առկա խնդիրները, ստեղծելու է անորոշություն և ոլորտի կարգավորումը թողնվելու է ԿԲ-ի քմահաճույքին։ Սույն ոլորտի ամբողջական կարգավորումը պետք է տեղի ունենա օրենսդրական մակարդակով, այլ ոչ թե ԿԲ նորմատիվ իրավական ակտերով։ | Չի ընդունվել: Ֆինանսական ոլորտը կարգավորող և վերահսկող մարմնի կողմից ռիսկերի վրա հիմնված վերահսկողության իրականացման համար կարևոր նշանակություն ունի ենթաօրենսդրական ճկուն կարգավորումը: Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանման ենթակա պահանջներն օրենքով սահմանելը նպատակահարմար չէ, քանի որ դրանց սահմանումն անկախ կարգավորող մարմնի կարևորագույն գործառույթն է, որն իրականացվում է օրենքով սահմանված շրջանակներում՝ հիմք ընդունելով ոլորտում տեղի ունեցող զարգացումները: Այսպիսով օրենքով ամրագրվում են ոլորտի առավել կարևոր հարաբերությունների կարգավորման ուղղված պահանջները, իսկ Կենտրոնական բանկն ապահովելու է դրանց նորմատիվ իրավական կարգավորումը: Հետևաբար՝ կարծում ենք, որ տվյալ դեպքում իրավական որոշակիության սկզբունքը չի խախտվում, քանզի որոշումները պետք է կայացվեն ոչ թե հայեցողականորեն, այլ օրենքով սահմանված շրջանակներում։ Ավելին, այդ պայմանները և պահանջները սահմանվում են նորմատիվ իրավական ակտերով, որոնք նույնպես պաշտոնապես հրապարակվում են, և որոնց ուժի մեջ մտնելու համար անձանց իրավունքներն ու օրինական շահերը ապահովող հստակ մեխանիզմներ են ներդրված և գործում ՀՀ-ում։ | |
2 | Վարդան Վերդյան 04.06.2024 14:15:18 | Նախագծի 16-րդ հոդվածը սահմանում է կրիպտոակտիվներով իրականացվող ծառայությունների տեսակները, որոնք թվով 10-ն են, սակայն նախագիծը բոլոր տեսակներով գործունեություն իրականացնելու համար ներկայացնում է նույնական պահանջներ։ Կրիպտոակտիվներով իրականացվող ծառայությունները միմյանցից էապես տարբերվող են, ուստի յուրաքանչյուրի համար պետք է նախատեսվեն տարբերակված կարգավորումներ, մասնավորպես՝ լիցենզավորման տարբեր չափանիշներ։ | Չի ընդունվել «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագծով սահմանվում են գործունեության ընդհանուր պահանջներ՝ անկախ մատուցվող ծառայության տեսակից, որոնք իրենց բնույթով կախված չեն կոնկրետ ծառայության տեսակի առանձնահատկություններից: Իսկ նույն նախագծի 9-10-րդ գլուխներով սահմանվում են լրացուցիչ առանձնահատուկ պահանջներ՝ ըստ մատուցվող ծառայության տեսակի: Նույն սկզբունքը օգտագործվելու է նաև Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանվող պահանջների դեպքում (այդ թվում՝ նվազագույն կապիտալի չափի և այլ տնտեսական նորմատիվների դեպքում), որոնք նույնպես կտարբերակվեն ըստ ծառայության տեսակի՝ հաշվի առնելով յուրաքանչյուրին բնորոշ ռիսկերը: | |
3 | Վարդան Վերդյան 04.06.2024 14:18:05 | Անդրադառնալով Նախագծի 19-րդ հոդվածի կարգավորումներին՝ հարկ է ընդգծել, որ լիցենզիայի միասնական ձևի սահմանումը ևս վերապահվել է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին։ Լիցենզավորմանը վերաբերելի կարգավորումները սույն Նախագծի համատեքստում ունեն էական նշանակություն, քանի որ կրիպտոակտիվների ծառայություն մատուցելու հնարավորություն տրվում է բացառապես լիցենզավորվելու պարագայում։ Նման պայմաններում լիցենզավորման համար պարտադիր նախատեսված պահանջների անտեսումը սույն Նախագծով և դրանց ամրագրումը ԿԲ-ի նորմատիվ իրավական ակտերով կարգավորելու խոսում է սույն Նախագծի իրավական անորոշության մասին։ | Ընդունվել է ի գիտություն Լիցենզավորման կարգն ու պայմանները սահմանված են «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագծով: Միայն լիցենզիայի միասնական ձևն է, որը սահմանվում է Կենտրոնական բանկի իրավական ակտով, իսկ այն զուտ վերաբերում է տրվող լիցենզիայի կառուցվածքին (ձևին): Նշենք, որ լիցենզավորման գործընթացը ստանդարտ ընթացակարգ է և նույնն է բոլոր տեսակի ծառայությունների դեպքում: Իսկ կախված ծառայության տեսակից և դրան բնորոշ առանձնահատկություններից՝ ծառայություններ մատուցող անձանց համար սահմանվում են գործունեության տարբեր պահանջներ: | |
4 | Վարդան Վերդյան 04.06.2024 14:18:05 | հարկ է նկատել, որ լիցենզավորման ենթակա անձը, պետք է ունենա ընդհանուր կապիտալ, ինչը ևս ընդունելի չի համարվում բոլոր տեսակի կրիպտոծառայություններ մատուցելու պարագայում։։ Այս համատեքստում ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ կապիտալի նվազագույն սանդղակի չափը ևս ամրագրված չէ Նախագծով և թողնվել է ԿԲ-ի հայեցողությանը։ Հատկանշական է այն հանգամանքը, որ ԿԲ-ին վերապահված է լիազորություն վերանայելու իր կողմից սահմանված նվազագույն սանդղակը՝ տարին մեկ անգամ։ Նման մոտեցումը կհանգեցնի ոլորտի անկայունությանը, ինչպես նաև ԿԲ-ի ուղղակի միջամտությանը սույն ոլորտին։ | Ընդունվել է ի գիտություն Տե՛ս 1-2-րդ առաջարկների պատասխանները: | |
5 | Վարդան Վերդյան 04.06.2024 14:21:06 | Նախագծում առկա երաշխիքներ առ այն, որ ՀՀ-ում գործող բանկերը սպասարկելու են կրիպտոակտիվներով մատուցվող ծառայությունները։ Անհերքելի է այն հանգամանքը, որ ներկայումս բանկերը չեն սպասարկում կրիպտոակտիվներով իրականացվող գործարքները, ավելին՝ մի քանիսը իրենց պայմանագրերում նախատեսել են կրիպտոակտիվներով իրականացվող գործարքների ուղղակի արգելք։ Նման պայմաններում ծառայությունների մատուցումը միայն անկանխիկ եղանակով անիրատեսական է, ինչը բնականաբար իմաստազրկում է սույն Նախագծի ընդունումը | Ընդունվել է ի գիտություն Անկանխիկ եղանակն ապահովում է գործարքների ավելի վստահելի, թափանցիկ և արդյունավետ իրականացումը (օրինակ՝ նվազեցնելով վերջնահաշվարկի հետ կապված ռիսկերը): Բացի այդ, անկանխիկ եղանակով գործարքների իրականացումն էապես նվազեցնում է փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) և հանցավոր այլ գործունեություն ռիսկերը: Ինչ վերաբերում է բանկերի կողմից կրիպտոակտիվների հետ կապված գործարքները չսպասարկելուն, նշենք, որ ներկա պահին կան առևտրային բանկեր, որոնք սպասարկում են կրիպտոակտիվների ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններին, իսկ բանկերից յուրաքանչյուրն, իր ռիսկերի կառավարման քաղաքականությունից ելնելով, կարող է պահանջներ սահմանել։ Ակնհայտ է նաև, որ նախագծերի փաթեթի ընդունման և կրիպտոակտիվների ոլորտի ամբողջապես կարգավորված լինելու դեպքում էապես կնվազեն ՀՀ տարածքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց հետ կապված ռիսկերը, և դրանք ավելի հասկանալի կդառնան ՀՀ առևտրային բանկերի համար, որոնք հնարավորություն կունենան վերանայել իրենց՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց հետ համագործակցելու ընթացակարգերը: | |
6 | Վեբ Երեք Զարգացման Հիմնադրամ 07.06.2024 10:56:24 | ՎԵԲ ԵՐԵՔ ԶԱՐԳԱՑՄԱՆ Հիմնադրամը միանգամայն սոլիդար է Վարդան Վերդյանի վերը նշված բոլոր դիպուկ առաջարկների հետ և դեմ է նախագծին այս բովանդակությամբ ընդունվելուն: | Ընդունվել է ի գիտություն: | |
7 | Արամ Քոչարյան 11.06.2024 13:11:00 | Հաշվի առնելով, որ ՏՏ֊ն ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է, ինչպես նաև կրիպտոգրաֆիան ու բլոկչեյն տեխնոլոգիանների ապագա ՏՏ-ի անբաժան մասն են, կարծում ենք որ կարգավորումը պետք է հնարավորինս զերծ մնա, տեխնոլոգիայի և նորարարության սահմանափակիչ դառնալուց։ Դրա հաջողված փորձեր աշխարհում կան, ինչպիսին են՝ ԱՄԷ, Հոնկ Կոնգի և Սինգապուրը, ինչու չէ նաև ԱՄՆ, այս երկրները հիմա ամեն կերպ ուզում են լավ միջավայր ստեղծեն կրիպտո ընկերությունների համար։ | Չի ընդունվել Կարգավորումը որևէ կերպ չի արգելում կրիպտոակտիվների հիմքում ընկած տեխնոլոգիաների մշակմանը, զարգացմանն ու նորարարություններին ուղղված գործունեությունը: Այն ուղղված է կրիպտոակտիվներով այնպիսի գործունեության կարգավորմանը, որն էությամբ նման է ավանդական ֆինանսական գործունեությանը. մասնավորապես կարգավորումը սահմանում է խաղի կանոններ կրիպտոակտիվներով ծառայությունների (առուվաճառքի, միջնորդության, փոխանցման, ներդրումների կառավարման և խորհրդատվության) մատուցման համար: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող բազմաթիվ խոշոր ընկերություններ ձգտում են գործունեություն ծավալել այնպիսի երկրներում, որոնք ունեն կարգավորված դաշտ, հաճախորդների շահերի պաշտպանության համար սահմանված պահանջներով և ՓԼ/ԱՖ ռիսկերի զսպման պատշաճ մեխանիզմներով, որպեսզի կարողանան ներգրավել մեծ թվով հաճախորդներ և պլանավորել երկարաժամկետ գործունեություն տվյալ երկրում: Օրինակ՝ նման մոտեցում է որդեգրել Դուբայը, որտեղ կրիպտոակտիվների կարգավորումը բավականին խիստ է (շատ դեպքերում նույնիսկ ավելի խիստ, քան ԵՄ կարգավորումն է), ինչը սակայն չի վանել կրիպտոակտիվներով գործունեություն ծավալող անձանց, այլ ընդհակառակը՝ դարձել է գրավիչ բազմաթիվ միջազգային խոշոր ընկերությունների համար: | |
8 | Արամ Քոչարյան 11.06.2024 13:11:00 | Ես հասկանում եմ, կարգավորման կարիքը, փողերի լվացման և անօրինական գործունեությունները կանխելու համատեքստում, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ տվյալ կարգավորումը շատ ավելին է քան այդ ռիսկերը կառավարելը։ Ըստ մեզ կարելի է այս նույն կարգավորումը փուլերով իրականացնել։ Նախ սկսել հիմնական խնդիրներից որի պատճառով կարգավորման կարիք է առաջացել և ոչ թե վերցնել այս մեծ փաթեթը ու ամբողջ ոլորտը փորձել դնել ինչ որ օրենքների տակ, որոնք որ փաստացի աշխարհում հաջողության չեն հասել։ Գաղտնիք չի, որ Եվրոպան զգալիորեն զիջում է վերը թվարկած երկներին՝ կրիպտո ստարտափների քանակով և որակով։ | Չի ընդունվել Նախագծերին կից ներկայացված հիմնավորմամբ մանրամասն նշվում է ոլորտի կարգավորման անհրաժեշտության մասին, համաձայն որի՝ ռիսկերի զսպումը կարգավորման նպատակներից մեկն է միայն: Ընդ որում, սահմանված պահանջները ուղղված են ոլորտում ծառայությունների մատուցման համար խաղի կանոնների հստակեցմանը և սպառողների շահերի պաշտպանությանը: Կրիպտոակտիվների ոլորտի առաջարկվող կարգավորումը որևէ կերպ չի խոչընդոտում տեխնոլոգիաների զարգացմանը, քանի որ այն չի կարգավորում դրա հիմքում ընկած տեխնոլոգիաները, որևէ կերպ չի արգելում կրիպտոակտիվների հիմքում ընկած տեխնոլոգիաների մշակմանը, զարգացմանն ու նորարարություններին ուղղված գործունեությունը, այլ նպատակ ունի խաղի կանոններ սահմանել կրիպտոակտիվների շրջանառության, դրանցով ծառայությունների մատուցման և հաճախորդների հետ հարաբերությունների համար: | |
9 | Aram Avagyan 14.06.2024 17:08:32 | Սա կատարյալ հիմարություն է ու ճղճիմ բանկային լոբբինգի պարզ օրինակ։ Նշվածներից ոչ մի բան չի կարգավորվելու, փոխարենը զուտ կրիպտո-չենջերը փակվելու են, բանկերն էլ հով լռվեն։ Նախագծի հետևում գտնվող մարդիկ ընդհանրապես պիտի կապ չունենան ոլորտի հետ որևէ որոշման ընդունման հետ, սկսեք դրանից։ | Ընդունվել է ի գիտություն Ոլորտի կարգավորման անհրաժեշտությունն ու հիմնական դրույթները ներկայացված են հիմնավորման մեջ: | |
10 | Էդուարդ Ավետիսյան 14.06.2024 23:59:47 | Նախագծում ԿԲ-ն իրեն է վերապահում գրեթե բոլոր հոդվածների վերաբերյալ իրավական ակտերով կարգավորում տալու լիազորություն, ինչը պակասեցնում է օրենքի դերը` միաժամանակ բարձրացնելով ԿԲ-ինը: Չնայած որ ԿԲ-ն ֆինանսական ոլորտի ռիսկերի կառավարման լիազություններ ունի, օրենքով չի կարող միջամտել առանձին բանկերի գործունեությանը: Այս նախագծով, սակայն, ԿԲ-ն փորձում է իր ձեռքն առնել կրիպտո ընկերությունների ամենօրյա որոշումները` ընդհուպ մինչև այն, արդյո՞ք բիզնես պլանն իրատեսական է թե ոչ: Սույն նախագիծը ավելի շատ նման է ոչ թե ոլորտի կարգավորմանը, այլ ոլորտի ամբողջական, խիստ և կամայական վերահսկողությանը։ Հաշվի առնելով կենտրոնական բանկի նմանատիպ տրամադրվածությունը և այն, որ կրիպտոարժույթների ոլորտը ուղղակիորեն մրցակցում է բանկերի և կենտրոնական բանկերի հետ, հարկավոր է ոլորտի կարգավորման լիազորությունները տրամադրել ոչ թե Կենտրոնական բանկին, այլ մեկ այլ գերատեսչությանը, օրինակ` Էկոնոմիկայի նախարարությանը կամ ԲՏԱ նախարարությանը։ Գրեթե ոչ մի երկրում կրիպտոարժույթների ոլորտը չի կարգավորվում կենտրոնական բանկերի կողմից։ | Չի ընդունվել Կարգավորող և վերահսկող մարմնի կողմից ռիսկերի վրա հիմնված վերահսկողության իրականացման համար կարևոր նշանակություն ունի ենթաօրենսդրական ճկուն կարգավորումը: Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանման ենթակա պահանջներն օրենքով սահմանելը նպատակահարմար չէ, քանի որ դրանց սահմանումն անկախ կարգավորող մարմնի կարևորագույն գործառույթն է, որն իրականացվում է օրենքով սահմանված շրջանակներում՝ հիմք ընդունելով ոլորտում տեղի ունեցող զարգացումները: Այսպիսով օրենքով ամրագրվում են ոլորտի առավել կարևոր հարաբերությունների կարգավորման ուղղված պահանջները, իսկ Կենտրոնական բանկն ապահովելու է դրանց նորմատիվ իրավական կարգավորումը: Առաջարկվող կարգավորման մոդելը հիմնված է «նույն գործունեություն, նույն ռիսկ, նույն կարգավորում» սկզբունքի վրա։ Դա նշանակում է, որ եթե կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձն առաջարկում է ավանդական ֆինանսական գործունեությանը նմանատիպ ծառայություններ, պետք է կարգավորվի նույն ձևով: Կրիպտոակտիվները բազմաթիվ հատկանիշներով նման են ավանդական ֆինանսական գործիքներին. դրանք օգտագործվում են ներդրումներ կատարելու, բիզնեսի կամ տարաբնույթ ծրագրերի զարգացման համար կապիտալ ներգրավելու, մեկ անձից մյուսն էլեկտրոնային եղանակով որոշակի արժեք փոխանցելու և այլ նպատակներով: Բացի այդ, կրիպտոակտիվների ոլորտում իրականացվում է գործունեություն, որը գրեթե ամբողջությամբ նման է ավանդական ֆինանսական համակարգում իրականացվող գործունեությանը, այդ թվում՝ կրիպտոակտիվների թողարկման և հրապարակային առաջարկի, առուվաճառքի, միջնորդության, փոխանցման, ներդրումների կառավարման և խորհրդատվության տեսակետից: Ուստի հաճախորդները բախվում են նմանատիպ ռիսկերի, որոնք պետք է պատշաճ կերպով հասցեագրվեն: Հակառակ դեպքում, ինչպես ցույց է տալիս աշխարհի փորձը, դա կարող է հանգեցնել սպառողների համար մեծ կորուստների: Կենտրոնական բանկը, որպես ֆինանսական համակարգի կարգավորվող մարմին, ունի բազմամյա փորձ նման գործընթացներում սպառողների շահերի պաշտպանությունն ապահովելու և համակարգային ռիսկերը զսպելու առումով: Աշխարհում նույնպես կրիպտոակտիվների ոլորտը կարգավորում է (կամ կարգավորվելու է) ֆինանսական համակարգը կարգավորող և վերահսկող մարմինների կողմից. օրինակ՝ ԵՄ՝ ESMA, ECB, EBA, Մեծ Բրիտանիա՝ FCA, Ֆրանսիա՝ AMF, Գերմանիա՝ BaFin, Հոնկոնգ` SFC և այլն: | |
11 | Էդուարդ Ավետիսյան 14.06.2024 23:59:47 | Նախագիծը ոլորտի շահառուների` կազմակերպությունների, օգտատերերի և սպառողների համար միայն դժվարություններ է ստեղծելու։ Առաջանալու են հավելյալ միջնորդներ և վստահության օղակներ` ի դեմս բանկերի, որոնք բարձրացնելու են սպառողներից գանձվող միջնորդավճարները և փոխանակման դեպքում դանդաղեցնելու են կատարվող գործարքների արագությունը, որը կրիպտոարժույթների արագ տատանվող շուկաների դեպքում կարող է սպառողների համար բերել էական վնասներ։ Մյուս կողմից տվյալ բարդ և բազմակողմանի պահանջներն ու վերահսկողությունը դժվարեցնելու է կազմակերպությունների մուտքը ոլորտ, որը պակասացնելու է մրցակցությունը և կրկին վնասելու է ոլորտի վերջնական սպառողին և շահառուին։ Բացի այդ կա վտանգ, որ միջազգային բորսաները անհասանելի կդառնան ՀՀ քաղաքացիների համար և դրանք` տվյալ բարդ կարգավորման պարագայում, այդքան ջանքեր չեն գործադրի, որպեսզի գան ՀՀ-ի պես փոքր շուկա և նմանատիպ լիցենզավորում ստանան։ | Ընդունվել է ի գիտություն Անկանխիկ եղանակն ապահովում է գործարքների ավելի վստահելի, թափանցիկ և արդյունավետ իրականացումը (օրինակ՝ նվազեցնելով վերջնահաշվարկի հետ կապված ռիսկերը): Բացի այդ, անկանխիկ եղանակով գործարքների իրականացումն էապես նվազեցնում է փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) և հանցավոր այլ գործունեություն ռիսկերը: Իսկ բանկային համակարգը կարևորագույն նշանակություն ունի դրամական միջոցների փոխանցման և տնտեսության մեջ տարբեր ոլորտներում դրանցով վճարումների կատարման գործում: Առաջարկվող կարգավորումը չի կարող խոչընդոտել ՀՀ տարածքում կրիպտոակտիվներով գործունեությամբ զբաղվելուն, քանի որ այն նպատակ ունի բոլոր մասնակիցների համար սահմանել հստակ խաղի կանոններ, որոնք կլինեն առկա և հնարավոր ռիսկերին համաչափ և կանխատեսելի: Միջազգային բորսաների հետ կապված մտահոգությունն անտեղի է: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող բազմաթիվ խոշոր ընկերություններ ձգտում են գործունեություն ծավալել այնպիսի երկրներում, որոնք ունեն կարգավորված դաշտ, հաճախորդների շահերի պաշտպանության համար սահմանված պահանջներով և ՓԼ/ԱՖ ռիսկերի զսպման պատշաճ մեխանիզմներով, որպեսզի կարողանան ներգրավել մեծ թվով հաճախորդներ և պլանավորել երկարաժամկետ գործունեություն տվյալ երկրում: Ընդ որում, այդ անձինք պարտավոր կլինեն լիցենզավորվել Կենտրոնական բանկի կողմից և բավարարել օրենքով սահմանված այլ պահանջներին միայն այն դեպքում, երբ իրենց ծառայություններն առաջարկեն (թիրախավորեն) ՀՀ ռեզիդենտներին (solicitation): Հակառակ դեպքում, երբ ՀՀ ռեզիդենտներն իրենց նախաձեռնությամբ դիմեն (reverse solicitation) արտասահմանյան բորսաներին կամ այլ ծառայություններ մատուցող անձանց գործարքներ իրականացնելու նպատակով, վերջիններս ստիպված չեն լինի լիցենզավորվել կամ բավարարել այլ պահանջների: Մանրամասն, տե'ս ԿԲ պաշտոնական պարզաբանումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=160627 | |
12 | Էդուարդ Ավետիսյան 14.06.2024 23:59:47 | Օրինագիծը տնտեսվարողների գործունեությանն ավելացնելու է բյուրոկրատիա, բանկերից կախվածություն, կապիտալ ունենալու պահանջ, ղեկավարների համար մասնագիտական ու փորձի մասին ոչ օբյեկտիվ պահանջներ, օրենքով չամրագրված (ԿԲ քմահաճույքին թողնված) տասնյակ դրույթներ, աուդիտի ու հաշվետվությունների հրապարակման, գովազդի մասին պահանջներ: Ընդ որում, այդ պահանջները վերաբերելու են բոլոր տնտեսվարողներին` անկախ գործունեության տեսակից (օրինակ` ակտիվների պահուստավորում, խորհրդատվական ընկերություն, կամ կրիպտոարժույթի փոխանակման կետ): Բոլոր տեսակի ընկերությունների նկատմամբ պահանջները նույնն են, ինչը տրամաբանական չէ: | Ընդունվել է ի գիտություն Տե՛ս 1-2-րդ առաջարկների պատասխանները: | |
13 | Էդուարդ Ավետիսյան 14.06.2024 23:59:47 | Կապիտալի, աուդիտի, աշխատավակզմի ու ղեկավարների նկատմամբ խիստ պահանջները կարող են շուկայից դուրս մղել փոքր խաղացողներին ու խոչընդոտել նոր կամ միջազգային ընկերությունների մուտքը շուկա` առաջացնելով մոնոպոլիայի վտանգ: Սա հատկապես արդիական է այն պարագայում, որ տվյալ պահանջները դեռ սահմանված չեն և ԿԲ-ն ինքն է որոշելու, թե ինչպես սահմանի դրանք։ Ոլորտը և պոտենցիալ տնտեսվարողները ամբողջական կախվածության մեջ են ընկնում Կենտրոնական բանկից։ | Ընդունվել է ի գիտություն Կան ստանդարտ ընթացակարգեր, որոնք միասնական են Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձանց համար, ինչպիսիք են լիցենզավորման ընթացակարգերին վերաբերող պահանջները: Իսկ մյուս պահանջները սահմանվում են՝ հաշվի առնելով ծառայության տեսակը և դրան բնորոշ առանձնահատկությունները: Նշված մյուս մտահոգությունների հետ կապված տե՛ս 1-ին, 7-րդ ու 11-րդ առաջարկների պատասխանները: | |
14 | Էդուարդ Ավետիսյան 14.06.2024 23:59:47 | Ոլորտում առկա այս պահին գլխավոր խնդիրներն են` կրիպտոարժույթների սահմանումը, տվյալ ոլորտում ծառայություն մատուցող կամ գործունեություն ծավալող կազմակերպությունների գրանցման և հարկման տեսակները, իրավապահ մարմինների հետ աշխատանքը, ինչպես նաև այն, որ բոլոր բանկերը հրաժարվում են սպասարկել ոլորտին առնչվող կազմակերպություններին։ Նմանատիպ բարդ և ոլորտին խոչընդոտող օրենսդություն ընդունելուց առաջ հարկավոր է նախ հասցեագրել վերոնշյալ խնդիրները, իսկ ոլորտի ավելի բարդ ասպեկտները մանրամասն քննարկել շահագրգիռ կազմակերպությունների և մարմինների հետ, որից հետո նոր հանդես գալ առանձին օրենսդրական կարգավորմամբ։ | Ընդունվել է ի գիտություն Ներկայացված նախագծերով կարգավորված են կրիպտոակտիվների և այլ հասկացությունների սահմանման, ծառայություններ մատուցող անձանց գրանցման և լիցենզավորման հետ կապված հարցերը: Կարգավորման մոդելի հետ կապված Կենտրոնական բանկը նախաձեռնել է մասնավոր հատվածի հետ մի շարք քննարկումներ, միաժամանակ ոլորտի կարգավորման նախագիծը սահմանված կարգով ներկայացվել է հանրային քննարկման e-draft.am կայքում, որի միջոցով ոլորտում գործունեություն ծավալող անձինք հնարավորություն են ունենում ներկայացնել նախագծերի դրույթների հետ կապված կոնկրետ առաջարկներ և դիտողություններ: Բանկերի կողմից կրիպտոակտիվների հետ կապված գործարքները չսպասարկելու հետ կապված՝ տե՛ս 5-րդ առաջարկի պատասխանը: | |
15 | Էդուարդ Ավետիսյան 14.06.2024 23:59:47 | Առաջնորդվելով Եվրոպական MiCA ռեգույացիայով, նախագիծը բազմաթիվ կետերով բառացի կրկնում է եվրոպականը օրենսդրությունը, առանց հաշվի առնելու մեր երկրում առկա իրականությանը և խնդիրները: Նախագծի որոշ հոդվածներ էլ կրկնում են ՀՀ-ում գործող վարկային կազմակերպությունների ու արժեթղթերի շուկայի մասին օրենքները, որոնք կիրառելի չեն էությամբ մեծ տարբերություն ունեցող այս ոլորտում։ Հարկավոր է դրանք փոխարինել ավելի պարզ և ՀՀ-ում իրատեսական դրույթներով։ | Չի ընդունվել Ներկայացված նախագիծը ԵՄ MiCA կարգավորման և ՀՀ ֆինանսական համակարգի կարգավորման մոդելի օպտիմալ համադրություն է, և նման մոտեցում է ընտրվել այն պատճառով, որ ԵՄ MiCA կարգավորումը համապարփակ է և առաջարկում է ամբողջական լուծում, իսկ ԵՄ և ՀՀ ֆինանսական համակարգի կարգավորման մոտեցումները մեծամասամբ համընկնում են: Հիմնավորված չէ պնդումը, թե արժեթղթերի շուկայի կարգավորման դրույթները կիրառելի չեն կրիպտոակտիվների նկատմամբ. կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը, կրիպտոակտիվներով մատուցվող ծառայությունների բնույթը, հաճախորդների հետ հարաբերությունները գրեթե նույն կերպով առկա են արժեթղթերի ոլորտում, և երկու ոլորտներում էլ կան միանման ռիսկեր, իսկ գործունեություն ծավալող անձինք ունեն նմանատիպ նպատակներ: Ուստի եթե կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը առաջարկում է ավանդական ֆինանսական գործունեությանը նմանատիպ ծառայություններ և առաջացնում է նմանատիպ ռիսկեր, պետք է կարգավորվի նույն ձևով: | |
16 | Էդուարդ Ավետիսյան 14.06.2024 23:59:47 | Օրենքն այս տեսքով չի կարող կարգավորել ամբողջ ոլորտը, քանի որ այն դիտարկում է կրիպտոն որպես ռիսկ, որը պետք է անհապաղ զսպել: Օրինագիծը բացարձակապես անտեսում է կրիպտոակտիվների տեխնոլոգիական ասպեկտն ու խրթին կարգավորումներով դժվարացնում և որոշ դեպքերում անհնար է դարձնում տեղական կազմակերպությունների աշխատանքը։ Բացի այդ սույն օրենսդրությունը անհետաքրքիր է դարձնում երկիրը` միջազգային կրիպտո կազմակերպությունների և բորսաների համար։ Հարկավոր է ոլորտում հաջողություն գրանցած այլ երկրների օրինակով պարզ և բիզնեսի համար հարմար օրենսդրական պայմաններ ստեղծել։ | Չի ընդունվել Տե՛ս 7-8-րդ առաջարկների պատասխանները: | |
17 | Էդուարդ Ավետիսյան 15.06.2024 00:07:48 | Նախագծով առաջարկվում է կրիպտոարժույթների փոխանակում իրականացնել բացառապես անկանխիկ եղանակով, որը առաջացնում է հավելյալ միջնորդներ, միջնորդավճարներ, վստահության օղակներ և հաճախորդների ավելի դանդաղ սպասարկում։ Մի կողմ դնելով այն, որ ներկայումս ՀՀ-ում որևէ բանկ չի սպասարկում կրիպտոարժույթներին առնչվող կազմակերպություններ, անգամ եթե բանկերը սկսեն մատուցել տվյալ ծառայությունը, որոշ դեպքեր կան, որտեղ կանխիկով փոխանակումը կենսական է մնում։ Օրինակ` կրիպտոարժույթների փոխանակումը ՌԴ-ից և Իրանից եկած զբոսաշրջիկների համար, ովքեր կարճ ժամանակով են գտնվում ՀՀ-ում, չունեն ՀՀ բանկային հաշիվ կամ առհասարակ զրկված են միջազգային բանկային և քարտային ծառայություններից։ Նրանց` կրիպտոարժույթի փոխանակում իրականացնելու միակ միջոցը կանխիկն է, որը պետք է շարունակի գործել։ | Չի ընդունվել Տե՛ս 5-րդ առաջարկի պատասխանը: | |
18 | Areg Gasparyan 15.06.2024 00:40:26 | Եթե նպատակն է նվազեցնել անօրինական գործունեությունը, ակնհայտ է, որ կրիպտոակտիվների կառավարումը և նման օրենսդրական նախագծերը որևէ շոշափելի արդյունք չեն տալու, քանի որ կրիպտո տեխնոլոգիաները կենտրոնացված չեն և հեշտությամբ կարողեն օգտագործվել ցանկացած տեղից ուղակի կիրառելով որոշակի ծրագրային ապահովումներ կամ միջնորդներ։ Օրինակ, եթե նպատակներից մեկն է պայքարել տելեգրամյան ալիքներով տարածվող անօրինական գործունեությունը, որի հիմնական ֆինանսական միջոցը կրիպտոարժույթն է, ապա կարծում եմ, որևէ օրենսդրական փոփոխություն շոշափելի արդյունք չի գրանցելու և դրա լուծումն է համապատասխան կառույցների ծավալուն աշխատանքը, քանի որ կրիպտոի գաղափարն է անկառավարելի լինելը։ Ես կողմեմ օրենսդրական բարելավմանը որից ցանկացած մարդու համար կրիպտոն կլինի հեշտ և հարմար հասանելի և դա մարդու անձնական ազատության և գախտնիության իրավունքն է իսկ անօրինականության դիմաց պետք է այլ կերպ պայքարել։ Թղտից պատ կառուցելով չես պաշտպանի քո տունը։ | Ընդունվել է ի գիտություն Կարգավորման անհրաժեշտությունը չի բխում միայն հանցավոր գործունեությունը կանխելու նպատակից: Ինչպես նշված է նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ, կարգավորումը նախ և առաջ նպատակ ունի ոլորտում գործունեություն ծավալող անձանց համար ստեղծել հստակ խաղի կանոններ, ինչը հնարավորություն կտա երկարաժամկետ գործունեություն պլանավորել ՀՀ տարածքում: Բացի այդ, կարգավորումը ուղղվելու է նաև սպառողների շահերի պաշտպանությունն ապահովելուն, ՓԼ/ԱՖ և հանցավոր այլ գործունեության կանխմանը: Ինչ վերաբերում է անօրինական գործունեության դեմ պայքարի անարդյունավետությանը, նշենք, որ ներկայացված կարգավորման մոդելն ինքնին նպատակ չունի ամբողջությամբ վերահսկել բոլոր ապակենտրոնացված գրանցամատյաններում իրականացվող գործունեությունը: Սակայն կարգավորման արդյունքում ոլորտում ծառայություններ մատուցող անձինք կգտնվեն վերահսկողության դաշտում, կիրականացնեն հաճախորդների պատշաճ ուսումնասիրություն, կվարեն և կպահպանեն գրանցումներ կապված հաճախորդների կողմից իրենց միջոցով իրականացվող գործարքների վերաբերյալ, կձեռնարկեն օրենքով սահմանված կարգով ՓԼ/ԱՖ կանխմանն ուղղված այլ միջոցառումներ և պատշաճ կերպով կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ, ինչն էական ազդեցություն կունենա հանցավոր գործունեության դեմ պայքարի արդյունավետության վրա: |