Добавить в избранное

"Կրիպտոակտիվների մասին" ՀՀ օրենքի նախագիծ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

 «Կրիպտոակտիվների մասին»,

««ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ կատարելու մասին»,

««ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

««ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

««ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

««ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

««ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

««ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ կատարելու մասին»,

««ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

««ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ  ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

««ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

««ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

««ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

 ««Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» փոփոխություն ԵՎ լրացումներ կատարելու մասին»,

««Հայաստանի Հանրապետության ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ օրենսգրքում» փոփոխություն ԵՎ լրացումՆԵՐ կատարելու մասին»,

««Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին»,

 ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

 

  1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Կրիպտոակտիվների շրջանառության ծավալների մեծացմանը զուգընթաց բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, զգալի չափով մեծացել է հասարակության ներգրավվածությունը այս ոլորտում: Բացի այդ, ի հայտ են եկել բազմաթիվ անձինք, որոնք սկսել են բիզնես գործունեություն ծավալել այս ոլորտում՝ ներգրավվելով ինչպես բլոքչեյն և ապակենտրոնացված այլ գրանցամատյանների (distributed ledger) տեխնոլոգիաների (ԱԳՏ) ստեղծման, տարբեր ոլորտներում (այդ թվում՝ ֆինանսական համակարգում) դրանց կիրառելիության ապահովման և զարգացման ծրագրերում, այնպես էլ ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձանց մատուցելով կրիպտոակտիվներով տարաբնույթ ծառայություններ, այդ թվում՝ կրիպտոակտիվների առուվաճառք, փոխանակում, փոխանցում, խորհրդատվություն և այլն: Այնուամենայնիվ, համապատասխան կարգավորման դաշտի բացակայությունը խոչընդոտ է հանդիսանում կրիպտոակտիվների ոլորտում նորարարական գործունեությամբ զբաղվելու համար: Այդ մասին բազմիցս նշվել է բազմաթիվ երկրների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ոլորտում բիզնես գործունեություն ծավալող անձանց կողմից: Կարգավորման դաշտի բացակայության արդյունքում առաջանում են իրավական խնդիրներ կապված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու, պետական մարմինների հետ առնչվելու կամ համագործակցելու, հաճախորդների և ներդրողների հետ երկարաժամկետ ու կայուն հարաբերություններ ձևավորելու հետ:

Կրիպտոակտիվների ոլորտի ակտիվության հետ միաժամանակ առաջացել են մի շարք ռիսկեր: Դրանք մեծամասամբ կապված են հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմների բացակայության և կրիպտոակտիվների ու դրանց հիմքում ընկած տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) նպատակով կիրառելու վտանգների հետ: Բացի այդ, կրիպտոակտիվների շրջանառության ծավալների շարունական աճը կարող է ստեղծել նաև ֆինանսական կայունության ռիսկեր: Նշված ռիսկերին պատշաճ չարձագանքելը նույնպես բացասաբար է ազդում ոլորտի զարգացման վրա: Մասնավորապես, հաճախորդների շահերի անբավարար պաշտպանվածությունը թույլ չի տալիս ներգրավել մեծ թվով հաճախորդներ և նրանց հասանելի դարձնել բարձրորակ ծառայություններ, ինչպես նաև հնարավորություն տալ մասնակցել տարաբնույթ ծրագրերի ֆինանսավորմանը նոր թողարկված կրիպտոակտիվներում ներդրումներ կատարելով, իսկ ՓԼ/ԱՖ և այլ ռիսկերը սահմանափակում են կրիպտոէկոհամակարգի և ֆինանսական համակարգի պատշաճ ինտեգրման և փոխշահավետ համագործակցության հնարավորությունները:

Հաշվի առնելով նշված խնդիրներին պատշաճ արձագանքելու կարևորությունը և հրատապությունը՝ անհրաժեշտություն է առաջացել ներդնել կրիպտոակտիվների ոլորտի համապարփակ կարգավորման մոդել, որը հնարավորություն կտա ստեղծել ոլորտի անխափան զարգացման համար անհրաժեշտ նախապայմաններ՝ միաժամանակ նվազեցնելով առկա և հնարավոր ռիսկերի բացասական հետևանքները: 

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման բացակայությունը մի շարք խնդիրներ է ստեղծում ոլորտի զարգացման համար, մասնավորապես.

  • իրավական դաշտի բացակայությունը (այդ թվում՝ կրիպտոակտիվների և դրանց հիմքում ընկած տեխնոլոգիաների տերմինների իրավական սահմանման, գործունեության տեսակների, գործունեություն ծավալող անձանց իրավունքների և պարտականությունների հետ կապված) թույլ չի տալիս ոլորտում բիզնես գործունեություն ծավալող անձանց ՀՀ-ում երկարաժամկետ գործունեություն պլանավորել, ներգրավել տեղական ու միջազգային գործընկերներ և հաճախորդներ.
  • ոլորտի չկարգավորված լինելը խոչընդոտում է կրիպտոէկոհամակարգի և ֆինանսական համակարգի համագործակցությունը, ինչը բացասաբար է անդրադառնում ինչպես կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման անխափան ընթացքի, այնպես էլ ֆինանսական համակարգում առկա տարբեր նախագծերում ԱԳՏ-երի կիրառության վրա: 

Բացի այդ, կրիպտոակտիվների ոլորտում ակտիվությունը առաջացրել է մի շարք ռիսկեր, որոնք նույնպես բացասաբար են ազդում ոլորտի զարգացման վրա և պահանջում են անհապաղ լուծում, մասնավորապես.

  • կրիպտոակտիվների և ԱԳՏ-ի անանուն բնույթը և անդրսահմանային փոխանցումներ կատարելու հնարավորությունը ստեղծում են բազմաթիվ ՓԼ/ԱՖ ռիսկեր,
  • կրիպտոակտիվների էկոհամակարգը բնորոշվում է փոխկապվածության (interconnectedness) մեծ աստիճանով, գործառույթների ուղղահայաց ինտեգրված խոցելի կառուցվածքներով, կառավարման ոչ պատշաճ համակարգերով, լեվերիջի կիրառման բարձր մակարդակով, ինչը պարունակում է շահերի բախումների և ֆինանսական կայունության ռիսկեր,
  • մեծ քանակությամբ հաճախորդների հոսքը կրիպտոակտիվների ոլորտ ուղեկցվում է նրանց շահերի ոչ բավարար պաշտպանվածությամբ, այդ թվում՝ միջոցների ոչ բարեխիղճ պահպանության գործընթացներով, տեղեկատվության անբավարար թափանցիկությամբ։

Նշված խնդիրների լուծումը հնարավոր է միայն հստակ կարգավորման դաշտ սահմանելու միջոցով, որը կներառի կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը, առևտուրն ու ծառայությունների մատուցումը և կսահմանի գործունեություն ծավալող անձանց գործունեության նկատմամբ պահանջները:

Վերջին շրջանում ոլորտի կարգավորման օգտին են հանդես եկել նաև մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ IOSCO, FSB, IMF, BIS և FATF-ը. 

  • IOSCO-ը հստակ արձանագրել է կրիպտոակտիվների շուկայի արդյունավետ և թափանցիկ գործունեության, ինչպես նաև ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունը[1].
  • FSB-ը շեշտադրել է կրիպտոակտիվների ոլորտում մասնակիցների միջև աճող փոխկապվածության հնարավոր ռիսկերը՝ առաջարկելով ոլորտի կարգավորմանը ցուցաբերել համապարփակ մոտեցում[2].
  • IMF-ը հայտարարել է կրիպտոակտիվների իրավական կարգավիճակի սահմանման և հարկային քաղաքականության հստակեցման անհրաժեշտության մասին[3].
  • BIS-ը անդրադարձել է կրիպտոակտիվների ոլորտի բարձր կենտրոնացվածությանը և ոլորտում ներդրողների ակտիվությանը՝ առաջարկելով դրանցից բխող ռիսկերը չեզոքացնելու նպատակով կարգավորել ոլորտը[4].
  • FATF-ը բազմիցս նշել է, որ կրիպտոակտիվների տեխնոլոգիական լուծումները հնարավորություն են տալիս դրանց օգտագործել ՓԼ/ԱՖ նպատակով, ինչը կանխարգելելու համար առաջարկել է ոլորտը կարգավորել[5]:

Նշված կազմակերպությունների միջև առկա է փոխհամաձայնություն. ոլորտի կարգավորումը պետք է լինի համապարփակ: «Թեթև» ռեժիմով գրանցումը կամ գործունեության միայն մի մասի կարգավորումը որևէ կերպ չի կարող համարվել հարցի լուծման տարբերակ։ Անարդյունավետ է համարվում նաև կրիպտոակտիվներով գործունեության արգելումը՝ հաշվի առնելով նման որոշումը կիրարկելու հետ կապված խնդիրները, որոնք առաջացել են մի շարք երկրներում։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առկա խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է ներդնել կրիպտոակտիվների ոլորտի համապարփակ կարգավորման մոդել, որի նպատակով մշակվել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը: Միևնույն ժամանակ առաջարկվում է կատարել փոփոխություններ և լրացումներ գործող մի շարք օրենքներում:

Կարգավորման մոդելի մշակման համար ուղենիշ է հանդիսացել ԵՄ «The Markets in Crypto-Assets Regulation (MiCA)» կարգավորումը՝ հաշվի առնելով հետևյալ հանգամանքները.

  1. կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող այն առանձնահատուկ մոդելներից է, որը նախատեսում է կրիպտոակտիվներով հարաբերությունների ամբողջական կարգավորում (թողարկում, հրապարակային առաջակ, ակտիվին կցված թոքեններ՝ stablecoin-ներ, ծառայություններ)՝ սահմանելով հստակ պահանջներ թողարկողների և ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ.
  2. այն ավելի քան երեք տարի քննարկվել և վերջնական տեսքի է բերվել ԵՄ երկրների կարգավորող մարմինների հետ համատեղ: Ըստ այդմ, հանդիսանում է մի քանի երկրների միջև համաձայնեցված կարգավորման միակ մոդելը.
  3. իր բովանդակությամբ և կառուցվածքով ունի մի շարք նմանություններ ԵՄ արժեթղթերի ոլորտը կարգավորվող MIFID II դիրեկտիվի հետ, իսկ ՀՀ արժեթղթերի շուկան կարգավորող նորմատիվ ակտերը հիմնված են հիմնականում ԵՄ դիրեկտիվների և կարգավորումների վրա.
  4. այն մեծամասամբ բավարարում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների՝ կիրպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված ստանդարտներին:

Արդյունավետ կարգավորման դաշտ ստեղծելու նպատակով հաշվի է առնվել «նույն գործունեություն, նույն ռիսկ, նույն կարգավորում» սկզբունքը[6], համաձայն որի՝ կրիպտոակտիվներով գործունեության իրականացումը, որն իր էությամբ նման է որևէ ավանդական ֆինանսական գործունեությանը և առաջացնում է նմանատիպ ռիսկեր, պետք է կարգավորվի նմանատիպ ձևով:

Կարգավորման հիմնական դրույթները հետևյալն են.

  • ֆինանսական գործիքները (արժեթղթեր, ավանդներ և այլն), որոնք ստեղծվում են կրիպտոակտիվների տեսքով, կարգավորվում են գործող օրենքներով՝ անկախ հիմքում ընկած տեխնոլոգիաներից.
  • այլ տեսակի կրիպտոակտիվները և դրանցով ծառայությունները կարգավորվում են նոր՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով.
  • էլեկտրոնային փող համարվող կրիպտոակտիվները (էլեկտրոնային փողի թոքեններ) կարգավորվում են ինչպես էլեկտրոնային փողի կարգավորման գործող օրենսդրությամբ, այնպես էլ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով.
  • կարգավորման շրջանակից դուրս են եզակի հատկանիշներ ունեցող (non-fungible tokens (NFTs)), ոչ փոխանցելի կրիպտոակտիվները և կենտրոնական բանկերի թվային արժույթները (CBDC).
  • կարգավորման շրջանակից դուրս է որպես պարգևատրում կրիպտոակտիվների ստացման նպատակով ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացմանն ուղղված գործունեությունը (այդ թվում՝ մայնինգը).
  • արգելվում է ՀՀ տարածքում կրիպտոակտիվներն օգտագործել վճարումներ կատարելու նպատակով, բացառությամբ էլեկտրոնային փող համարվող կրիպտոակտիվների.
  • կրիպտոակտիվներով գործարքների և կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման դիմաց վճարումները թույլատրվելու է իրականացվել բացառապես անկանխիկ ձևով.
  • ՀՀ տարածքում կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի համար սահմանված է առաջարկի փաստաթուղթ հրապարակելու պահանջ: Սահմանված են նաև գովազդի նկատմամբ պահանջներ.
  • թույլատրվում է ՀՀ տարածքում մատուցել կրիպտոակտիվներով հետևյալ ծառայությունները.
  • առևտրային հարթակի գործարկում
  • կրիպտոակտիվների պահառություն
  • իր հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք (փոխանակում)
  • հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք
  • կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում
  • կրիպտոակտիվների տեղաբաշխում
  • կրիպտոակտիվների փաթեթի կառավարում
  • խորհրդատվություն
  • կրիպտոակտիվների փոխանցում
  • ակտիվին կցված թոքենների (stablecoins) առաջարկ.
  • Ծառայությունները կարող են մատուցել միայն այն իրավաբանական անձինք, որոնք ՀՀ կենտրոնական բանկի կողմից կստանան համապատասխան լիցենզիա.
  • ծառայություններ (մասնակի կամ ամբողջությամբ) կարող են մատուցել նաև գործող ֆինանսական կազմակերպությունները, մասնավորապես՝ բանկերը, ներդրումային ընկերությունները, ներդրումային ֆոնդերի կառավարիչները, կարգավորվող շուկայի օպերատորը և Կենտրոնական դեպոզիտարիան՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում.
  • ծառայությունների մատուցման համար սահմանված են մի շարք պահանջներ, այդ թվում՝ հաճախորդների միջոցների պաշտպանության, ղեկավարների և նշանակալից մասնակիցների, ներքին և արտաքին աուդիտի, հաշվետվությունների հրապարակման, շահերի բախումների կանխարգելման և այլ պահանջներ: Սահմանված են պահանջներ նաև ըստ յուրաքանչյուր ծառայության տեսակի.
  • սահմանված են պահանջներ կրիպտոակտիվների շուկայում չարաշահումները (գների չարաշահում, ներքին տեղեկատվության անբարեխիղճ օգտագործում) կանխարգելելու նպատակով.
  • սահմանված է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց կողմից ՓԼ/ԱՖ դեմ պայքարին ուղղված կարգավորումներին բավարարելու պահանջ.
  • կարգավորմամբ տրված է հնարավորություն հաճախորդներին դիմել ֆինանսական հաշտարարին:    

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կրիպտոակտիվների ոլորտում կձևավորվի հստակ կարգավորման դաշտ՝ գործունեություն ծավալող անձանց հստակ սահմանված իրավունքներով և պարտականություններով, հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմներով և շուկայի թափանցիկ գործունեությամբ: Կարգավորումը հնարավորություն կտա ձևավորել հստակ իրավական դաշտ՝ կապված կրիպտոակտիվների և դրանց հիմքում ընկած տեխնոլոգիաների հետ, ստեղծել ԱԳՏ-երի զարգացման և նորարարությունների համար անհրաժեշտ պայմաններ, սահմանել ոլորտում գործունեություն ծավալող անձանց համար խաղի հստակ կանոններ, ինչը կապահովի ՀՀ-ում կրիպտոակտիվների հետ կապված երկարաժամկետ գործունեություն պլանավորելու համար անհրաժեշտ նախադրյալներ՝ ներգրավելով նաև ոլորտում միջազգային խաղացողներին:

Միևնույն ժամանակ կստեղծվեն հաճախորդների շահերի պաշտպանության գործուն մեխանիզմներ, այդ թվում՝ շահերի բախումների կանխարգելման և հաճախորդներից ստացված բողոք-պահանջների ընդունման ու քննության ընթացակարգերի, հաճախորդների միջոցների պաշտպանության, վարվելակերպի կանոններ, անհրաժեշտ տեղեկատվության հրապարակման և թափանցիկության ապահովման այլ պահանջների տեսքով՝ հնարավորություն տալով   հաճախորդներին օգտվել մատուցվող պրոֆեսիոնալ ծառայություններից, ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն որոշումներ կայացնելու համար, անհրաժեշտության դեպքում դիմել ֆինանսական հաշտարարին և օգտվել իրենց շահերի պաշտպանության համար առկա այլ հնարավորություններից:

Կարգավորման պայմաններում ՀՀ կենտրոնական բանկը հնարավորություն կունենա ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն ոլորտում իրականացվող գործունեության վերաբերյալ, պատշաճ կերպով արձագանքել ֆինանսական կայունության, ՓԼ/ԱՖ և այլ ռիսկերին, և համագործակցել այլ երկրների կարգավորող և վերահսկող մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ, ինչը կբարձրացնի երկրի հեղինակությունը:     

 

  1. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

Ակտերը նորմատիվ բնույթի են, քանի որ Նորմատիվ իրավական ակտի նախագիծը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների համաձայն մշակված գրավոր ակտ է և պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:

 

  1. Օրենքների ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է:

 

  1. Օրենքների ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծերի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է ՀՀ կենտրոնական բանկի մի շարք նորմատիվ ակտերի ընդունումը՝ կապված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց լիցենզավորման գործընթացի և ծառայությունների մատուցման նկատմամբ նվազագույն պահանջների սահմանման հետ:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և (կամ) այլ ռազմավարություններ

 

 

[1] IOSCO: Policy Recommendations for Crypto and Digital Asset Markets Consultation Report. 2023. https://www.iosco.org/library/pubdocs/pdf/IOSCOPD734.pdf

[2] FSB: International Regulation of Crypto-asset Activities: A proposed framework – questions for consultation. 2022. https://www.fsb.org/wp-content/uploads/P111022-2.pdf

[3] IMF: Elements of effective policies for crypto assets, 2023. https://www.imf.org/en/Publications/Policy-Papers/Issues/2023/02/23/Elements-of-Effective-Policies-for-Crypto-Assets-530092 /

[4] BIS: The crypto ecosystem: key elements and risks, 2023. https://www.bis.org/publ/othp72.pdf

[5] FATF: Guidance for a Risk-Based Approach to Virtual Assets and Virtual Asset Service Providers. 2021. https://www.fatf-gafi.org/en/publications/Fatfrecommendations/Guidance-rba-virtual-assets-2021.html

[6] IOSCO: Policy Recommendations for Crypto and Digital Asset Markets Consultation Report. 2023. https://www.iosco.org/library/pubdocs/pdf/IOSCOPD734.pdf

  • Обсуждалось

    30.05.2024 - 15.06.2024

  • Тип

    Закон

  • Область

    Финансовая, Экономическая, Борьба с коррупцией, Принудительное исполнение судебных актов, Гражданское и коммерческое законодательство

  • Министерство

    Центральный банк Республики Армения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9415

Принт

Предложения

Areg Gasparyan

15.06.2024

Եթե նպատակն է նվազեցնել անօրինական գործունեությունը, ակնհայտ է, որ կրիպտոակտիվների կառավարումը և նման օրենսդրական նախագծերը որևէ շոշափելի արդյունք չեն տալու, քանի որ կրիպտո տեխնոլոգիաները կենտրոնացված չեն և հեշտությամբ կարողեն օգտագործվել ցանկացած տեղից ուղակի կիրառելով որոշակի ծրագրային ապահովումներ կամ միջնորդներ։ Օրինակ, եթե նպատակներից մեկն է պայքարել տելեգրամյան ալիքներով տարածվող անօրինական գործունեությունը, որի հիմնական ֆինանսական միջոցը կրիպտոարժույթն է, ապա կարծում եմ, որևէ օրենսդրական փոփոխություն շոշափելի արդյունք չի գրանցելու և դրա լուծումն է համապատասխան կառույցների ծավալուն աշխատանքը, քանի որ կրիպտոի գաղափարն է անկառավարելի լինելը։ Ես կողմեմ օրենսդրական բարելավմանը որից ցանկացած մարդու համար կրիպտոն կլինի հեշտ և հարմար հասանելի և դա մարդու անձնական ազատության և գախտնիության իրավունքն է իսկ անօրինականության դիմաց պետք է այլ կերպ պայքարել։ Թղտից պատ կառուցելով չես պաշտպանի քո տունը։

Էդուարդ Ավետիսյան

15.06.2024

Նախագծով առաջարկվում է կրիպտոարժույթների փոխանակում իրականացնել բացառապես անկանխիկ եղանակով, որը առաջացնում է հավելյալ միջնորդներ, միջնորդավճարներ, վստահության օղակներ և հաճախորդների ավելի դանդաղ սպասարկում։ Մի կողմ դնելով այն, որ ներկայումս ՀՀ-ում որևէ բանկ չի սպասարկում կրիպտոարժույթներին առնչվող կազմակերպություններ, անգամ եթե բանկերը սկսեն մատուցել տվյալ ծառայությունը, որոշ դեպքեր կան, որտեղ կանխիկով փոխանակումը կենսական է մնում։ Օրինակ` կրիպտոարժույթների փոխանակումը ՌԴ-ից և Իրանից եկած զբոսաշրջիկների համար, ովքեր կարճ ժամանակով են գտնվում ՀՀ-ում, չունեն ՀՀ բանկային հաշիվ կամ առհասարակ զրկված են միջազգային բանկային և քարտային ծառայություններից։ Նրանց` կրիպտոարժույթի փոխանակում իրականացնելու միակ միջոցը կանխիկն է, որը պետք է շարունակի գործել։

Էդուարդ Ավետիսյան

14.06.2024

Օրենքն այս տեսքով չի կարող կարգավորել ամբողջ ոլորտը, քանի որ այն դիտարկում է կրիպտոն որպես ռիսկ, որը պետք է անհապաղ զսպել: Օրինագիծը բացարձակապես անտեսում է կրիպտոակտիվների տեխնոլոգիական ասպեկտն ու խրթին կարգավորումներով դժվարացնում և որոշ դեպքերում անհնար է դարձնում տեղական կազմակերպությունների աշխատանքը։ Բացի այդ սույն օրենսդրությունը անհետաքրքիր է դարձնում երկիրը` միջազգային կրիպտո կազմակերպությունների և բորսաների համար։ Հարկավոր է ոլորտում հաջողություն գրանցած այլ երկրների օրինակով պարզ և բիզնեսի համար հարմար օրենսդրական պայմաններ ստեղծել։

Узнать больше