Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ նաև՝ Նախագծերի փաթեթ) ընդունումը պայմանավորված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին իրականացված օրենսդրական փոփոխություններով «Հանրային ծառայության մասին» օրենքում (այսուհետ նաև՝ Օրենք)՝ շահերի բախման վերաբերյալ կարգավորումների վերախմբագրմամբ: Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ Օրենքի 33-րդ հոդվածի գործողության տիրույթում գտնվող անձանց վրա տարածելի դառնա շահերի բախման լայն սահմանումը, ինչպես նաև վերջիններիս համար իրենց պարտականությունների իրականացման շրջանակներում սահմանվեն կարգապահական պատասխանատվության հստակ հիմքեր և կառուցակարգեր:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարություն և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիր

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1871-Լ որոշման (այսուհետ նաև՝ Հակակոռուպցիոն ռազմավարություն) հավելված 2-ի 1.9․-րդ գործողության կատարումից:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Ներկայումս Օրենքով սահմանված հանրային ծառայության տեսակներին վերաբերելի իրավական ակտերում «շահերի բախում» հասկացությունը սահմանված է Օրենքի նախորդ խմբագրությամբ ներդրված տրամաբանության շրջանակներում: Մինչդեռ, «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-540-Ն օրենքի շրջանակներում Օրենքի 33-րդ հոդվածը վերախմբագրվել է:

Արդյունքում, հոդվածում կատարվել են մի շարք բովանդակային փոփոխություններ. մասնավորապես, նախ վերանայվել է շահերի բախման հասկացությունը, տրվել է պաշտոն զբաղեցնող անձանց մասնավոր շահի հասկացությունը, մասնավորեցվել են շահերի բախման իրավիճակում գործողություն (անգործություն) կատարելուց կամ որոշում կայացնելուց ձեռնպահ մնալու հիմնական դրսևորումները, սահմանվել է հստակ ժամկետ առ այն, թե յուրաքանչյուր դեպքում վերադաս կամ անմիջական ղեկավար ունեցող պաշտոն զբաղենող անձը շահերի բախման ռիսկային իրավիճակում հայտվելիս երբ պետք է դիմի իր վերադասին կամ անմիջական ղեկավարին, ինչպես նաև սահմանվել են հստակ հիմքեր, թե տվյալ խնդրին առնչվելիս ինչ իրավական լուծումներ կարող են առաջադրվել վերադասի կամ անմիջական ղեկավարի կողմից: Վերանայվել են նաև վերոնշյալ իրավիճակում գտնվող և վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող պաշտոնատար անձանց իրավաչափ վարքագիծ դրսևորելուն վերաբերելի կառուցակարգերը. արդյունքում ամրագրվել է, որ վերջիններս ոչ թե կարող են, այլ պարտավոր են գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) և ստանալ տվյալ իրավիճակի լուծմանն ուղղված քայլերի իրականացման համապատասխան առաջարկություններ: Ամրագրվել  է նաև այն, որ տվյալ իրավիճակներում պաշտոնատար անձը նախքան Հանձնաժողովի առաջարկը կամ վերադասի/անմիջական ղեկավարի գրավոր համաձայնությունը ստանալը, պետք է ձեռնպահ մնա հարցի վերաբերյալ որևէ որոշում կամ գործողություն կատարելուց, դրան զուգահեռ կոնկրետ հանգամանքների հաշվառմամբ սահմանվել են նաև բացառություններ: Հոդվածի շրջանակներում ընդլայնվել են նաև փոխկապակցված անձանց, ինչպես նաև այն անձանց շրջանակը, ում վրա տարածվում է սույն հոդվածը: Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջանում գործող հոդվածի համապարփակ իմպլեմենտացումը ապահովել նաև այն իրավական ակտերում, որոնցով սահմանվել են սույն հոդվածի գործողության տիրույթում գտնվող պետական պաշտոն զբաղեցնող անձանց իրավունքներն ու պարտականությունները, վերջիններիս պատասխանատվության ենթարկող մարմինների իրավասությունների շրջանակը, պատասխանատվության հիմքերը և այլն:

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված առանձին ծառայությունների տեսակների գործունեությունը կարգավորող իրավական ակտերում վերանայել կամ լրացնել շահերի բախման վերաբերյալ առկա կառուցակարգերը՝ դրանք համապատասխանեցնելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներին։

Բացի այդ, առաջարկվում է որպես պարտականություն սահմանել Օրենքի 33-րդ հոդվածով սահմանված վարքագծային դրսևորումներին հետևելը, իսկ նշյալ պահանջին չհետևելը սահմանել որպես կարգապահական պատասխանատվության հիմք:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունումը չի հանգեցնելու պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ֆինանսական միջոցների ավելացումների կամ նվազեցումների:

Ակնկալվող արդյունքները.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել «Հանրային ծառայության մասին»  օրենքի գործողության տիրույթում գտնվող բոլոր պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար շահերի բախման հնարավոր իրավիճակների՝ Օրենքով սահմանված շահերի բախման նոր եզրույթի ներքո միասնական և համապարպակ ընկալումը և գործնականում իրացումը:

  • Обсуждалось

    03.05.2024 - 18.05.2024

  • Тип

    Конституционный закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1518

Принт

Предложения

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

17.05.2024

13. Ընդհանուր առմամբ, հանրային կառավարման առանձին ոլորտներում շահերի բախման հարաբերությունների կարգավորումները իրականացվում է ինչպես կոնկրետ ոլորտների առանձնահատկությունների հաշվառմամբ, այնպես էլ փոխադարձ, համընդհանուր կարգավորող սկզբունքների ու որոշումների հիման վրա։ Վերջինս հաճախ անվանվում է շահերի բախման կարգավորման համընդհանուր մոդել։ Նման մոդելի պայմաններում պարզեցվում է հանրային ծառայության առանձին ոլորտային օրենսդրություններում շահերի բախման առանձնահատուկ իրավիճակների կարգավորումները և հնարավորություն է ընձեռվում խուսափելու կրկնություններից ու իրարամերժ կարգավորումներից և ընկալումների կիրառումից։ Արդյունքում, հանրային կառավարման բոլոր ոլորտներում ծառայողների ու պաշտոնատար անձանց համար շահերի բախման օրենսդրական կարգավորման համընդհանուր մոդելը հնարավորություն է ընձեռում մեկ օրենսդրական ակտի շրջանակներում սահմանելու շահերի բախման կառավարման համընդհանուր նորմերը, իսկ ոլորտային օրենքներով՝ կարգավորելու համապատասխան ծառայության ոլորտային առանձնահատկություններով պայմանավորված շահերի բախման դրույթները։ Ելնելով վերոնշյալից․ Առաջարկություն • Շահերի բախման համընդհանուր մոդելի կիրառման պայմաններում շահերի բախման կարգավորման և կառավարման օրենսդրական հարցերը ամբողջականացնել կամ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում՝ առանձին գլխով, կամ էլ դրանք սահմանել «Կոռուպցիայի կանխարգելման մասին» մշակվելիք օրենսդրական առանձին ակտում, որում կտրվեն շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, նվերների ընդունման արգելքին վերաբերելի բոլոր դրույթները։ [3]«Legislative Toolkit on Conflict of Interest», Prepared by:Tilman Hoppe, Project Long-Term Adviser with inputs and reviews from: Valts Kalnins, Council of Europe Consultant,Vera Devine, Council of Europe Consultant José Igreja Matos, Council of Europe Expert, Vice President International Association of Judges Jelena Jolić, Council of Europe Secretariat․ CoE/EU Eastern Partnership Programmatic Co-operation Framework (PCF) “Fight against Corruption and Fostering Good Governance/Fight against Money-Laundering” (EaP-2)․ 2015 էջ-19, http://tilman-hoppe.de/ECCU-PCF-Toolkit_REG_-2_2015.pdf

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

17.05.2024

12. «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում՝ հոդված 23-ի 1-ին մասում, սահմանված է, որ «1. Համայնքային ծառայողը կրում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված հիմնական պարտականությունները»: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված է, որ հանրային ծառայողի պարտականություններն են «հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին և դրանից բխող վարքագծի կանոններին, անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և շահերի բախմանն առնչվող կարգավորումներին հետևելը»։ Արդյունքում, համայնքային ծառայողների համար, ընդհանուր առմամբ կիրառելի են դառնում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված բարեվարքության այն բոլոր դրույթները՝ ներառյալ շահերի բախման կարգավորումները, որոնք կանոնակարգված չեն համայնքային ծառայության մասին օրենքով։ Այդուհանդերձ, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 24-ով համայնքային ծառայողի համար սահմանված սահմանափակումները մասնակիորեն կրկնում են և համահունչ չեն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված հանրային ծառայողների անհամատեղելիության և այլ սահմանափակումների պահանջներին։ Միաժամանակ, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ը կարգապահական պատասխանատվության միջոցներ չի նախատեսում շահերի բախման իրավիճակների խախտումների համար, իսկ նույն օրենքի հոդված 33-ի 1-ին մասի ժ) կետով, համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները չպահպանելը հիմք է համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու համար։ Համայնքային ծառայողին այլ սահմանափակումների պահանջների չպահպանման համար պաշտոնից ազատելու պատասխանատվության միջոցը համաչափ չէ համայնքային ծառայողի լիազորությունների իրականացմանը և համահունչ չէ հանրային ծառայության և այլ ոլորտային օրենքներով ծառայողների այլ սահմանափակումների համար սահմանված կարգապահական պատասխանատվության միջոցներին։ Ելնելով վերոնշյալից․ Առաջարկություն • «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում նախատեսել փոփոխություններ և լրացումներ՝ համայնքային ծառայողների անհամատեղելիության և այլ սահմանափակումները «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաև համայնքային ծառայողների այլ սահմանափակումների ու իրավիճակային շահերի բախման մասով՝ կարգապահական պատասխանատվության միջոցներ նախատեսելու օրենսդրական կարգավորումներ։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

17.05.2024

11. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը շահերի բախման կարգավորումների համապատասխանեցման տեսանկյունից չի դիտարկում «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով համայնքային պաշտոն զբաղեցնող անձանց շահերի բախման օրենսդրական կարգավորումների հարցը։ Մասնավորապես, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում բացակայում են շահերի բախման սահմանման և կառավարման ընդհանրական դրույթները։ Համայնքի ավագանու մասով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի հոդված 21․1-ով սահմանված է, որ «Համայնքի ավագանու անդամը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակում պարտավոր է չմասնակցել ավագանու որոշումների քվեարկությանը»: Համայնքի ղեկավարի, նրա տեղակալի և Երևան համայնքի վարչական շրջանի ղեկավարի շահերի բախման օրենսդրական կարգավորումները սահմանվում են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով, որպես քաղաքական և վարչական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձինք։ Մինչդեռ, բաց է մնում համայնքային հայեցողական պաշտոն, ինչպես նաև վարչական պաշտոն զբաղեցնող անձանց մասով շահերի բախման իրավիճակների օրենսդրական կարգավորումները, քանի որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 33-ի 12-րդ մասի դրույթներով «12. Սույն հոդվածի դրույթները տարածվում են պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև հանրային ծառայողների վրա»։ Ելնելով վերոնշյալից․ Առաջարկություն • «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում նախատեսել փոփոխություններ ու լրացումներ համայնքային հայեցողական ու վարչական պաշտոն զբաղեցնող անձանց շահերի բախման օրենսդրական կարգավորումների մասով։ • Համանման փոփոխություններ ու լրացումներ իրականացնել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում։

Узнать больше