Добавить в избранное
В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծեր
-
5 - За
-
11 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 17.05.2024 16:25:53 | ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի հոդված 1-ի՝ օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետում, այն է «7) զերծ մնալ Հանրային ծառայության մասին օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակի առաջացումից, բացառել ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների՝ իր ի պաշտոնե լիազորությունների իրականացման վրա որևէ ազդեցություն» կատարված փոփոխությունը չի բնութագրում դատավորի շահերի բախման սահմանումը։ Նշված փոփոխությունը ընդամենը խմբագրում է դատավորի պաշտոնեական պարտականությունները կատարմանը վերաբերելի շահերի բախման իրավիճակը բնութագրող վարքագծի կանոնը։ 2022 թվականի դեկտեմբերին հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ սկզբունքորեն վերանայվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց շահերի բախման սահմանումը։ Մինչդեռ, դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը ոչ մի նշում կամ հղում չի պարունակում շահերի բախման նոր սահմանման մասով։ Միաժամանակ, կատարված օրենսդրական փոփոխությունը իր բովանդակությամբ, ըստ էության, չի փոխում կամ ծածկում դատավորի կողմից շահերի բախման Հանրային ծառայության մասին օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակները, քանի որ հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի հոդված 33-ի 1-ին մասում տրված է շահերի բախման ընդհանրական սահմանումը, որը ուղղակիորեն չի բնութագրում կոնկրետ իրավիճակներ։ Դատավորի համար կոնկրետ իրավիճակների նկարագրությունը պայմանավորված է դատական գործընթացում նրա կողմից իրականացվող գործառույթներով, որի ընթացքում էլ դատավորը պետք է դրսևորի անաչառություն և օբյեկտիվություն, որպեսզի իր մասնավոր շահերը չազդեն կամ չկարողանան ազդել նրա պաշտոնեական պարտականությունների կատարման վրա։ Ինչ վերաբերում է, դատավորների մասով, շահերի բախման իրավիճակների համար փոխկապակցվածության հանգամանքներին, ապա դրանք ամբողջովին համահունչ են հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի հոդված 33-ի 11-րդ մասում սահմանված պաշտոնատար անձի մասնավոր շահերը բնութագրող փոխկապակցված անձանց շրջանակի հետ։ Ելնելով վերոնշյալից․ Առաջարկություն • Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի հոդված 71-ի վերնագրում կատարել փոփոխություն՝ այն լրացնելով «դատավորի շահերի բախումը և» բառերով, որի 1-ին մասը լրացնել և խմբագրել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով։ | ||
2 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 17.05.2024 16:25:53 | 2. «Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի հոդված 1-ի՝ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում, կատարված փոփոխությունը, իր բովանդակությամբ չի տալիս պատգամավորի շահերի բախման սահմանումը։ Այն ավելի շուտ իրենից ներկայացնում է պատգամավորի կողմից շահերի բախման իրավիճակներից զերծ մնալու վարքագծի կանոն կամ շահերի բախման իրավիճակից խուսափելու գործիքակազմ։Շահերի բախման իրավիճակներից պատգամավորի խուսափելու գործիքակազմերը շարադրված են ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին ՀՀ օրենքի հոդված 4-ի 3-րդ և 4-րդ մասերում։ Նկատի ունենալով, որ հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի հոդված 33-ը ընդհանրապես չի կանոնակարգում պատգամավորների շահերի բախման իրավիճակները, հետևաբար օրենսդրական փոփոխությամբ բացակայում է նաև պատգամավորի շահերի բախման իրավիճակներում, վերջինիս կողմից ներկայացված բանավոր կամ գրավոր հայտարարության վերաբերյալ եզրակացություն տալու մասով օրենսդրական կարգավորումը։ Շահերի բախման իրավիճակների վերաբերյալ պատգամավորների գրավոր կամ բանավոր հայտարարությունների մասով եզրակացությունների տրամադրման գործառույթը պետք է իրականացնի ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը։ Բացի այդ, օրենսդրական փոփոխությունը չի անդրադարձել ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին ՀՀ օրենքին, որով սահմանված չեն ընդհանրապես ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների բարեվարքությանը ներկայացվող պահանջները, այդ թվում շահերի բախման կարգավորումները։ Ելնելով վերոնշյալից․ Առաջարկություն • «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Պատգամավորի շահերի բախումն իրավիճակ է, երբ պատգամավորի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։ Պատգամավորի մասնավոր շահը ներառում է որևէ արտոնություն` իրեն կամ իր հետ փոխկապակցված անձանց, ինչպես նաև այն անձանց կամ կազմակերպություններին, որոնց հետ ինքը կամ իր հետ փոխկապակցված անձն ունի գործարար, քաղաքական կամ այլ գործնական կամ անձնական հարաբերություններ։ Գործարար հարաբերությունները ներառում են տնտեսական, տնտեսավարման կամ գործարքներից ծագող ցանկացած հարաբերություններ, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել օգուտների ստացման այդ հարաբերությունների մասնակիցների կամ նրանցից որևէ մեկի համար»: • «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի 5-րդ մասի 2)-րդ կետը լրացնել «ինչպես նաև պատգամավորի քաղաքական հարաբերություններից, որևէ կուսակցության մասնակցության կամ տվյալ կուսակցության այլ անդամների հետ ունեցած գործարար կամ այլ գործնական կամ անձնական կապի ուժով ծագող հարաբերություններով» բառերով։ • «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում նախատեսել լրացումներ ու փոփոխություններ պատգամավորի կողմից շահերի բախման իրավիճակներում գրավոր կամ բանավոր հայտարարությունների, ինչպես նաև պատգամավորի կողմից շահերի բախման իրավիճակում պարզաբանումների ու եզրակացության ներկայացման լիազորության վերաբերյալ։ • «Աժ աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում նախատեսել լրացումներ ու փոփոխություններ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների շահերի բախման ու ընդհանրապես բարեվարքության ինստիտուտի ներդրման ուղղությամբ։ [2]Աժ աշխատակազմում պետական ծառայության մասին ՀՀ օրենք, https://www.arlis.am/documentview.aspx?docid=165102 | ||
3 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 17.05.2024 16:25:53 | 3. «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծում «շահերի բախում» եզրույթի վերաշարադրումը «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակների» բառերով փոփոխություններն իրենց բովանդակությամբ ոչ մի նոր արժեք կամ կարգավորում չեն ապահովում։ Ավելին, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ «Քաղաքացիական ծառայողների հիմնական իրավունքների և պարտականությունների, սոցիալական երաշխիքների, բարեվարքության համակարգի և այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերություններ, որոնք պարտադիր են քաղաքացիական ծառայողների համար, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»:Ելնելով վերոնշյալից․ Առաջարկություն • «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարման մասին օրենքի նախագծից հանել շահերի բախման վերաբերյալ առաջարկվող բոլոր փոփոխությունները և վերադառնալ օրենքի նախկին շարադրանքին։ | ||
4 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 17.05.2024 16:25:53 | 4. «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի հոդված 1-ի՝ օրենքի հոդված 37-ում և հոդված 3-ի՝ օրենքի հոդված 43-ում նախատեսված փոփոխությունները չեն առաջացնում բովանդակային փոփոխություններ և, ըստ էության, չունեն նաև հստակեցման իմաստ։ Մասնավորապես, «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 43-ի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է, որ «Դիվանագետի պարտականություններն են` 1) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտականությունները», իսկ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է, որ հանրային ծառայողի պարտականություններն են «հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին և դրանից բխող վարքագծի կանոններին, անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և շահերի բախմանն առնչվող կարգավորումներին հետևելը»։ Արդյունքում, դիվանագիտական ծառայողների համար կիրառելի են դառնում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված բարեվարքության այն բոլոր դրույթները՝ ներառյալ շահերի բախման կարգավորումները, որոնք կարգավորված չեն դիվանագիտական ծառայության մասին օրենքով։Այս իմաստով, առավել կարևորվում է օրենքի նախագծի հոդված 2-ի՝ օրենքի հոդված 39-ում առաջարկվող փոփոխությունը, որով դիվանագիտական ծառայողների համար սահմանվում է կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառման հնարավորություն՝ շահերի բախման իրավիճակների խախտումների համար։Ելնելով վերոնշյալից․ Առաջարկություն • «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարման մասին օրենքի նախագծի հոդված 1-ը և հոդված 3-ը հանել՝ թողնելով միայն հոդված 2-ով նախատեսված օրենսդրական փոփոխությունը։ | ||
5 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 17.05.2024 16:25:53 | 5. «Մաքսային ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների կատարման մասին ՀՀ օրենքների նախագծերում առաջարկվող օրենսդրական փոփոխությունները նույնպես կրում են մեխանիկական բնույթ և բովանդակային իմաստով հիմնավորված չեն։ Մասնավորապես, «Մաքսային ծառայության մասին» (հոդված 48․2), «Փրկարար ծառայության մասին» (հոդված 60), «Քրեակատարողական ծառայության մասին» (հոդված 55․3), «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» (հոդված 19) ՀՀ օրենքներում համապատասխան հղում է տրված «Քաղաքացիական ծառայության մասին» և հանրային ծառայության մասին ՀՀ օրենքներին՝ այն է «(փրկարար, մաքսային, քրեակատարողական, հարկադիր) ծառայողների բարեվարքության համակարգի և այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերությունները, որոնք պարտադիր են հարկադիր, փրկարար, մաքսային, քրեակատարողական ծառայողների համար, կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով։ Իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով կարգավորվում են վարքագծի կանոնների, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների պահանջների խախտումների համար կարգապահական պատասխանատվության միջոցները և դրանց կիրարկման ընթացակարգերը։ Այսպիսով, վերոնշյալ ծառայության ոլորտներում, փրկարար, մաքսային, քրեակատարողական, հարկադիր ծառայողների բարեվարքության կարգավորման դրույթների կամ ոլորտային առանձնահատկությունների բացակայության պայմաններում, այդ ոլորտների հանրային ծառայողների համար կիրառելի են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված բարեվարքության համընդհանուր դրույթները՝ ներառյալ շահերի բախման օրենսդրական կարգավորումները։ Առաջարկություն • «Մաքսային ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների կատարման մասին ՀՀ օրենքների նախագծերը հանել օրենսդրական նախագծերի փաթեթից։ | ||
6 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 17.05.2024 16:25:53 | 6. «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հոդված 1-ի՝ օրենքի հոդված 20-ի 3-րդ կետը լրացնել 3․1 կետով, այն է «3.1. «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածով սահմանված շահերի բախմանն առնչվող կարգավորումներին հետևելը», նախադասության մեջ հանրային ծառայության մասին օրենքին հղումը կրկնվում է և իմաստազուրկ է դարձնում հոդված 33-ով սահմանված շահերի բախմանն առնչվող կարգավորումները, այն դեպքում, երբ չենք կոնկրետացնում անհամատեղելիության պահանջների այլ սահմանափակումների հոդվածների համարները։ Նույն օրենքի հոդված 42․1-ի 1-ին մասում, նոր լրացված 5)-րդ կետով՝ այն է, «5) Հանրային ծառայության մասին օրենքով նախատեսված անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումները, ինչպես նաև Հանրային ծառայության մասին օրենքի 33-րդ հոդվածով սահմանված շահերի բախմանն առնչվող կարգավորումները խախտելը», կատարված լրացման մեջ նույնպես մեխանիկորեն կրկնված է նույն ձևակերպումը։ Բացի այդ, նշված լրացումը բովանդակային իմաստով կրկնում է օրենքի նախագծի հոդված 2-ի՝ օրենքի հոդված 42․1-ի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված, այն է` օրենքի հոդված 39-ի 1-ից 4-րդ մասերով նախատեսված անհամատեղելիության պահանջներն ու այլ սահմանափակումները, ներառյալ նվերների ընդունման արգելքի խախտումը։ Ելնելով վերոնշյալից․ Առաջարկություն • «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հոդված 1-ի 3․1 կետից հանել «ինչպես նաև Հանրային ծառայության մասին օրենքի 33-րդ հոդվածով սահմանված» բառերը; • Օրենքի նախագծի հոդված 2-ի նոր լրացված 5-րդ կետից հանել «ինչպես նաև Հանրային ծառայության մասին օրենքի 33-րդ հոդվածով սահմանված» բառերը, ինչպես նաև այն համադրել օրենքի հոդված 39-ում ոստիկանական ծառայողի համար սահմանված սահմանափակումների հետ, դրանք համահունչ դարձնելով հանրային ծառայության մասին օրենքով հանրային ծառայողների համար սահմանված անհամատեղելիության ու այլ սահմանափակումների պահանջներին՝ բացառելով կրկնությունները։ | ||
7 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 17.05.2024 16:25:53 | «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի հոդված 1-ի՝ օրենքի հոդված 8-ի նոր լրացված 13-րդ կետում, այն է «13) խախտելու Հանրային ծառայության մասին օրենքով նախատեսված անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումները, ինչպես նաև Հանրային ծառայության մասին օրենքի 33-րդ հոդվածով սահմանված շահերի բախմանն առնչվող կարգավորումները» ձևակերպումը նույնպես մեխանիկորեն կրկնված է, առանց համադրելու հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով հանրային ծառայողների համար սահմանված անհամատեղելիության և այլ սահմանափակումների պահանջների հետ։ Արդյունքում, անհամատեղելիության ու այլ սահմանափակումների պահանջների մասով զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին ու հանրային ծառայողների մասին երկու օրենքների միջև ունենք հակասություն և կրկնություններ։ Ելնելով վերոնշյալից․ Առաջարկություն • «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի հոդված 1-ի՝ նոր լրացված 13-րդ կետից հանել «ինչպես նաև Հանրային ծառայության մասին օրենքի 33-րդ հոդվածով սահմանված» բառերը։ • Օրենքի նախագծի հոդված 1-ի նոր լրացված 13-րդ կետով սահմանված զինվորական ծառայողների անհամատեղելիության ու այլ սահմանափակումների հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով սահմանված դրույթները համադրել զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի հոդված 8-ի 1-ին մասի 1-ից 12-րդ կետերով սահմանված զինվորական ծառայողներին ներկայացվող ոլորտային առանձնահատուկ սահմանափակումների հետ՝ տեքստից հեռացնելով հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներն ու այլ սահմանափակումները կրկնող դրույթները։ | ||
8 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 17.05.2024 16:25:53 | 8. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի հոդված 1-ի՝ նոր լրացված 1․1 մասում նույնպես մեխանիկորեն պատճենված են «ինչպես նաև Հանրային ծառայության մասին օրենքի 33-րդ հոդվածով սահմանված» բառերը, որոնք կրկնում են նախադասության սկզբում արդեն իսկ հիշատակված «հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով» եզրույթը։Ելնելով վերոնշյալից․ Առաջարկություն • «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի հոդված 1-ի 1․1 մասերից հանել «ինչպես նաև Հանրային ծառայության մասին օրենքի 33-րդ հոդվածով սահմանված» բառերը։ | ||
9 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 17.05.2024 16:25:53 | 9. «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի հոդված 1-ի՝ օրենքի հոդված 34-ի 1-ին մասի, նոր խմբագրության մեջ նույնպես մեխանիկորեն պատճենված են «ինչպես նաև Հանրային ծառայության մասին օրենքի 33-րդ հոդվածով սահմանված» բառերը, որոնք կրկնում են նախադասության սկզբում արդեն իսկ հիշատակված «հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով նախատեսված» եզրույթը։ Միաժամանակ, հոդված 34-ի 1-ին մասի վերաշարադրման արդյունքում, երբ պատասխանատվության միջոցներ են նախատեսվում արտաքին հետախուզության ծառայողների անհամատեղելիության պահանջների ու այլ սահմանափակումների մասով, ապա համապատասխան փոփոխությունների պահանջ է առաջանում նաև հստակեցնելու ու կոնկրետացնելու «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի և «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 42-ում սահմանված հանրային ծառայողին և արտաքին հետախուզության ծառայողին ներկայացվող անհամատեղելիության ու այլ սահմանափակումների պահանջների մասով։ Բացի այդ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 31-ով հանրային ծառայողի կողմից անհամատեղելիության պահանջների խախտումը հանգեցնում է պաշտոնից ազատման պատասխանատվության միջոցի կիրառմանը։ Մինչդեռ, «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 38-ում ծառայությունը դադարեցնելու հիմքերում բացակայում է անհամատեղելիության պահանջների խախտման մասով հիմքը։ Ելնելով վերոնշյալից․ Առաջարկություն • «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի հոդված 1-ի 1-ին մասի նոր խմբագրությունից հանել «ինչպես նաև Հանրային ծառայության մասին օրենքի 33-րդ հոդվածով սահմանված» բառերը։ • «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի հոդված 42-ում ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները համադրել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 31 և 32-ով սահմանված հանրային ծառայողների անհամատեղելիության ու այլ սահմանափակումների պահանջների հետ՝ տեքստից հեռացնելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներն ու այլ սահմանափակումները կրկնող դրույթները։ • «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի հոդված 38-ում լրացում կատարելու միջոցով, ծառայությունը դադարեցնելու հիմքերում նախատեսել արտաքին հետախուզության ծառայողի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման դեպքում ծառայությունը դադարեցնելու դեպքը։ | ||
10 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 17.05.2024 16:25:53 | 10. «էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի հոդված 1-ում և 2-ում՝ օրենքի համապատասխանաբար հոդված 20-ում ու 21-ում ներկայացված «շահերի բախում» եզրույթի վերաշարադրումը «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակների» բառերով փոփոխությունը մեխանիկական է և չի հանգեցնում բովանդակային փոփոխության։ Նկատի ունենալով, որ «էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 20-ում սահմանված է, որ «․․․Ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով», հետևաբար իրականացվող օրենսդրական փոփոխությունը բովանդակային իմաստով նոր արժեք չի ստեղծում։ Ելնելով վերոնշյալից․ Առաջարկություն • «էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծից հանել շահերի բախում եզրույթի վերաբերյալ վերաշարադրումները և պահպանել օրենքի գործող շարադրանքը։ | ||
11 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 17.05.2024 16:25:53 | 11. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը շահերի բախման կարգավորումների համապատասխանեցման տեսանկյունից չի դիտարկում «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով համայնքային պաշտոն զբաղեցնող անձանց շահերի բախման օրենսդրական կարգավորումների հարցը։ Մասնավորապես, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում բացակայում են շահերի բախման սահմանման և կառավարման ընդհանրական դրույթները։ Համայնքի ավագանու մասով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի հոդված 21․1-ով սահմանված է, որ «Համայնքի ավագանու անդամը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակում պարտավոր է չմասնակցել ավագանու որոշումների քվեարկությանը»: Համայնքի ղեկավարի, նրա տեղակալի և Երևան համայնքի վարչական շրջանի ղեկավարի շահերի բախման օրենսդրական կարգավորումները սահմանվում են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով, որպես քաղաքական և վարչական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձինք։ Մինչդեռ, բաց է մնում համայնքային հայեցողական պաշտոն, ինչպես նաև վարչական պաշտոն զբաղեցնող անձանց մասով շահերի բախման իրավիճակների օրենսդրական կարգավորումները, քանի որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 33-ի 12-րդ մասի դրույթներով «12. Սույն հոդվածի դրույթները տարածվում են պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև հանրային ծառայողների վրա»։ Ելնելով վերոնշյալից․ Առաջարկություն • «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում նախատեսել փոփոխություններ ու լրացումներ համայնքային հայեցողական ու վարչական պաշտոն զբաղեցնող անձանց շահերի բախման օրենսդրական կարգավորումների մասով։ • Համանման փոփոխություններ ու լրացումներ իրականացնել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում։ | ||
12 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 17.05.2024 16:25:53 | 12. «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում՝ հոդված 23-ի 1-ին մասում, սահմանված է, որ «1. Համայնքային ծառայողը կրում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված հիմնական պարտականությունները»: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված է, որ հանրային ծառայողի պարտականություններն են «հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին և դրանից բխող վարքագծի կանոններին, անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և շահերի բախմանն առնչվող կարգավորումներին հետևելը»։ Արդյունքում, համայնքային ծառայողների համար, ընդհանուր առմամբ կիրառելի են դառնում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված բարեվարքության այն բոլոր դրույթները՝ ներառյալ շահերի բախման կարգավորումները, որոնք կանոնակարգված չեն համայնքային ծառայության մասին օրենքով։ Այդուհանդերձ, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 24-ով համայնքային ծառայողի համար սահմանված սահմանափակումները մասնակիորեն կրկնում են և համահունչ չեն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված հանրային ծառայողների անհամատեղելիության և այլ սահմանափակումների պահանջներին։ Միաժամանակ, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ը կարգապահական պատասխանատվության միջոցներ չի նախատեսում շահերի բախման իրավիճակների խախտումների համար, իսկ նույն օրենքի հոդված 33-ի 1-ին մասի ժ) կետով, համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները չպահպանելը հիմք է համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու համար։ Համայնքային ծառայողին այլ սահմանափակումների պահանջների չպահպանման համար պաշտոնից ազատելու պատասխանատվության միջոցը համաչափ չէ համայնքային ծառայողի լիազորությունների իրականացմանը և համահունչ չէ հանրային ծառայության և այլ ոլորտային օրենքներով ծառայողների այլ սահմանափակումների համար սահմանված կարգապահական պատասխանատվության միջոցներին։ Ելնելով վերոնշյալից․ Առաջարկություն • «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում նախատեսել փոփոխություններ և լրացումներ՝ համայնքային ծառայողների անհամատեղելիության և այլ սահմանափակումները «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաև համայնքային ծառայողների այլ սահմանափակումների ու իրավիճակային շահերի բախման մասով՝ կարգապահական պատասխանատվության միջոցներ նախատեսելու օրենսդրական կարգավորումներ։ | ||
13 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 17.05.2024 16:25:53 | 13. Ընդհանուր առմամբ, հանրային կառավարման առանձին ոլորտներում շահերի բախման հարաբերությունների կարգավորումները իրականացվում է ինչպես կոնկրետ ոլորտների առանձնահատկությունների հաշվառմամբ, այնպես էլ փոխադարձ, համընդհանուր կարգավորող սկզբունքների ու որոշումների հիման վրա։ Վերջինս հաճախ անվանվում է շահերի բախման կարգավորման համընդհանուր մոդել։ Նման մոդելի պայմաններում պարզեցվում է հանրային ծառայության առանձին ոլորտային օրենսդրություններում շահերի բախման առանձնահատուկ իրավիճակների կարգավորումները և հնարավորություն է ընձեռվում խուսափելու կրկնություններից ու իրարամերժ կարգավորումներից և ընկալումների կիրառումից։ Արդյունքում, հանրային կառավարման բոլոր ոլորտներում ծառայողների ու պաշտոնատար անձանց համար շահերի բախման օրենսդրական կարգավորման համընդհանուր մոդելը հնարավորություն է ընձեռում մեկ օրենսդրական ակտի շրջանակներում սահմանելու շահերի բախման կառավարման համընդհանուր նորմերը, իսկ ոլորտային օրենքներով՝ կարգավորելու համապատասխան ծառայության ոլորտային առանձնահատկություններով պայմանավորված շահերի բախման դրույթները։ Ելնելով վերոնշյալից․ Առաջարկություն • Շահերի բախման համընդհանուր մոդելի կիրառման պայմաններում շահերի բախման կարգավորման և կառավարման օրենսդրական հարցերը ամբողջականացնել կամ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում՝ առանձին գլխով, կամ էլ դրանք սահմանել «Կոռուպցիայի կանխարգելման մասին» մշակվելիք օրենսդրական առանձին ակտում, որում կտրվեն շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, նվերների ընդունման արգելքին վերաբերելի բոլոր դրույթները։ [3]«Legislative Toolkit on Conflict of Interest», Prepared by:Tilman Hoppe, Project Long-Term Adviser with inputs and reviews from: Valts Kalnins, Council of Europe Consultant,Vera Devine, Council of Europe Consultant José Igreja Matos, Council of Europe Expert, Vice President International Association of Judges Jelena Jolić, Council of Europe Secretariat․ CoE/EU Eastern Partnership Programmatic Co-operation Framework (PCF) “Fight against Corruption and Fostering Good Governance/Fight against Money-Laundering” (EaP-2)․ 2015 էջ-19, http://tilman-hoppe.de/ECCU-PCF-Toolkit_REG_-2_2015.pdf |