«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են հաստատության տնօրենի հավակնորդին տրվող հավաստագրի գործողության ժամկետի, դրանով պայմանավորված կարգավորումների հստակեցման, ինչպես նաև ուսուցչի մասնագիտական զարգացմանն ուղղված՝ հերթական և կամավոր ատեստավորումների գործընթացների արդյունքում կառավարության որոշումներով սահմանված դեպքերում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքերի տարանջատման, օրենքում որոշ հասկացություններ, լիազորող նորմերի ձևակերպումներ ու դրույթներ վերանայելու անհրաժեշտությամբ:
Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները թույլ կտան հստակեցնել ոլորտում առկա իրավահարաբերությունները, կարգավորել տնօրենի հավաստագրի կասեցման դեպքերի հավասարաչափ ազդեցության հնարավորությունը:
Ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ու վարձատրության բարձրացմանն ուղղված՝ հերթական և կամավոր ատեստավորումների արդյունքում չատեստավորված մասնագետների հետ պայմանագրի լուծման մասով դրույթների հստակ տարանջատման արդյունքում այլևս այդ երկու ատեստավորումները միաժամանակ չեն դիտարկվի, այլ առանձին կետերով կկարգավորվեն՝ կիրառողների և շահառուների համար հստակ և հասկանալի դարձնելով հնարավոր հետևանքների մասին դրույթները:
Ուսուցչի մոտ մասնագիտական զարգացման գնահատված կարիքը առարկայական գիտելիքի իմացությունը լինելու դեպքում ուսուցիչը նույն տարում պարդադիր մասնակցելու է պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող համապատասխան բովանդակությամբ վերապատրաստման, որից հետո՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ կամավոր ատեստավորմանը:
Կսահմանվի ուսումնական հաստատություններում վարչատնտեսական կառավարման անցնելու մեկնարկային ժամկետ, որի արդյունքում տնօրենի թափուր տեղ առաջանալու պահից սկսած՝ նշանակված գործադիր մարմինների կամ ժամանակավոր պաշտոնակատարների համար հետագա անելիքները հստակ պլանավորելու և իրականացնելու հնարավորություն կընձեռվի:
Հավաստագրի գործողության ժամկետը կհստակեցվի՝ նշանակված գործող տնօրենների համար դարձնելով այն անժամկետ նաև այն դեպքում, երբ ատեստավորման արդյունքում պայմանագրի ժամկետը երկարաձգվել է, իսկ նոր մրցույթին մասնակցող անձի համար առնվազն 5 տարի առաջ հավաստագրված լինելու մասին կարգավորում կսահմանվի:
Օրենքի լրամշակման արդյունքում hանրակրթության բովանդակության փոփոխությունները հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել՝ հնարավորինս զերծ մնալով հակասություններից և անհամապատասխանություններից: