2019 թվականի ապրիլի 29-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» թիվ 18 համաձայնագրի 9-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հաշմանդամություն սահմանելու նպատակով աշխատողի (ընտանիքի անդամի) բժշկական զննումն իրականացվում է նրա բնակության պետության օրենսդրությանը համապատասխան՝ ըստ նրա բնակության վայրի:
2. Հաշմանդամության խմբի, ժամկետի եւ պատճառական կապի (աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանի) վերաբերյալ որոշումներն ընդունում է, այդ թվում` հեռակա կարգով, այն անդամ պետության բժշկասոցիալական փորձաքննությունն (համալիր զննումն) իրականացնող մարմինը (հաստատությունը), որի օրենսդրությանը համաձայն իրականացվում են համապատասխան կենսաթոշակի նշանակումն ու վճարումը։
Անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում մյուս անդամ պետությունների համապատասխան հաստատությունների կողմից տրված տեղեկանքները եւ բժշկական եզրակացությունները։»։
Համաձայնագրից բխող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների, իրավասու մարմինների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության մասին» 2019 թվականի դեկտեմբերի 20-ի համաձայնագրի նորմերի կիրառման հարցերով փոխգործակցության կարգում նույնպես կիրառվում են «հաշմանդամության խմբեր», «բժշկասոցիալական փորձաքննություն» եզրույթները և ըստ այդմ՝ համապատասխան գործառույթներ։
Հետևաբար, անձի ֆունկցիոնալության գնահատմանն անցնելու համատեքստում, անհրաժեշտ է սահմանել համապատասխան կարգավորումներ և ընթացակարգ միջպետական Համաձայնագրի դրույթներն իրագործելու համար։
Կառավարության 2022թ․ հուլիսի 28-Ի N 1180-Ն որոշման աղյուսակ N 1-ի համաձայն, երեխաների դեպքում օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը պետք է գնահատեն համապատասխան նեղ մասնագիտություն ունեցող մանկաբույժները։ Սակայն շատ հաճախ նման մասնագետների բացակայությունը խնդիրներ է առաջացնում գնահատման գործընթացը կազմակերպելու համար։
Միաժամանակ, նպատակահարմար է փոփոխությունները իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշմամբ, ինչի արդյունքում ամբողջկաան կարգավորումները նախատեսված կլինի մեկ իրավական ակտում։
|