ՀՀ էկոնոմիկայի նախարար
Վահան Քերոբյանին
ՀՀ, ք. Երևան, Մ. Մկրտչյան 5
«Ագրո Մաստեր» ՍՊԸ
Տնօրեն՝ Լևոն Ղազարյանից
ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 270/1
ՀՀ, ք․ Երևան 18 դեկտեմբերի 2023թ․
Մեծարգո պարոն նախարար,
Ամփոփելով «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) նախատեսվող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) քննարկման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում 2023թ.-ի դեկտեմբերի 13-ին կայացած նիստը՝ ներկայացնում ենք դիտարկումները և առաջարկությունները.
I. Նախագծում «արտադրող» և «արտադրական տարածք» տերմինների հետ միասին ավելացնել «գրանցող» տերմինը և տալ դրա պարզաբանումը:
Հաշվի առնելով, որ խոշոր արտադրողները սովորաբար ունենում են բարդ կորպորատիվ կառուցվածք, և գրանցումները կարող են կատարվել հատուկ այդ նպատակով ստեղծված ստորաբաժանումների կողմից, նպատակահարմար է օրենքում ավելացնել հետևյալ տերմինը.
Գրանցող (Ռեգիստրանտ)` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով արտադրողի անունից և ի շահ արտադրողի ներկայացրել է պեստիցիդների կամ ագրոքիմիկատների պետական գրանցման հայտ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական գրանցման ընթացակարգին համապատասխան պեստիցիդների կամ ագրոքիմիկատների պետական գրանցումը և վերջինիս հիման վրա գրանցման վկայականը ստանալու նպատակով:
Ինչպես նաև տալ պարզաբանում, թե քանի արտադրական տարածք կարող է նշվել միաժամանակ մեկ ապրանքի համար:
II. Նախագծում տա՛լ «փաստացի հասցե» տերմինի պարզաբանումը (որպես՝ արտադրող երկիր):
Նախագծում առաջարկվում է Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետը խմբագրել և Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու համար պահանջում է Արտադրողի մասին տեղեկատվություն, մասնավորապես՝ (իրավաբանական անձի դեպքում՝ անվանում, իրավաբանական հասցե, փաստացի հասցե և (կամ) արտադրական տարածք, ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն, հայրանուն, հաշվառման հասցե, փաստացի հասցե և (կամ) արտադրական տարածք»:
Տալ մեկնաբանում փաստացի հասցե տերմինին, որպես արտադրման երկիր:
III. 2022 թվականի նոյեմբերի 28-ի ՍԱՏՄ Ղեկավարի՝ «ՀՀ-ում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 3763-Ա հրամանը համարե՛լ անվավեր և կատարե՛լ փոփոխություն անվանացանկում՝ «արտադրող երկիրը, արտադրող կազմակերպության անվանումը» բառակապակցությունը փոխարինե՛լ օրենքի մեջ կիրարվելիք «գրանցող», կամ «արտադրող», կամ «արտադրական տարածք» տերմիններով:
2022 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ ՍԱՏՄ Ղեկավարը հաստատել է «ՀՀ-ում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 3763-Ա հրամանը, որի առկա, բայց դատարկ սյունակներից մեկում ավելացվել է «արտադրող երկիրը, արտադրող կազմակերպության անվանումը» բառակապակցությունը:
Ընդ որում, գրանցման հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալու համար Օրենքում չկա և երբևէ չի եղել պահանջ «արտադրող երկրի» մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ: Այսպիսով՝ սյունակներից մեկում ավելացված բառակապակցութոյւնը չի արտացոլում որևէ օրենքի պահանջ, ուստի կամայական է: Ավելին, հակաօրինական է ՍԱՏՄ-ի կողմից ներկրման վերաբերյալ դրական եզրակացություն չտրամադրելը՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ ներկրվող պեստիցիդի կամ ագրոքիմիկատի որակի և ծագման հավաստագրում նշված ծագման երկիրը չի համապատասխանում անվանացանկում նշված «արտադրող երկրին», քանի որ օրենքը չի պահանջում նման համապատասխանության առկայությունը:
IV. Նախագծում ավելացնե՛լ գրանցման մեջ փոփոխություն կատարելու և վերագրանցման պարզեցված ընթացակարգ կիրառելու հնարավորություն, որի հիման վրա գրանցման վկայականում փոփոխություններ կատարելու հնարավորություն:
Հաշվի առնելով 2022 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ ՍԱՏՄ Ղեկավարի հրամանից եկած տերմինաբանական խառնաշփոթը, որի արդյունքւմ 2022-2023թթ.-ի ընթացքում ՍԱՏՄ-ն իրարամերժ մեկնաբանություններ է տվել Օրենքի դրույթների վերաբերյալ, և դրանց արդյունքում կատարված սխալ գրանցումների ծավալը, ՍԱՏՄ-ն պետք է տա հնարավորություն սխալ մեկնաբանության արդյունքում կատարված սխալ գրանցումներում փոփոխություն կատարելու կամ դրանք պարզեցված և արագացված ընթացակարգով վերագրանցելու:
V. Համապատասխանեցնե՛լ գրանցման վկայականում նշվող տեղեկատվությունը Օրենքի և Նախագծի պահանջներին: Մասնավորապես՝ գրանցման վկայականում նշել «արտադրող» և «արտադրական տարածք», որը գրանցման պահանջ է համաձայն նախագծի:
Վրաստանի Հանրապետության օրինակով ավելացնել 3 տող՝ Արտադրող, Արտադրական տարածք, Ռեգիստրանտ (գրանցման վկայականի օրինակը կցվում է):
VI. Առանձնացնե՛լ պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու պահանջները (օժանդակ նյութերը, յուրաքանչյուր նյութի տոկոսային հարաբերությունը կամ դրանց պարունակությունը միավոր ծավալում և թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթղթի առկայություն):
Օրենքի 6-րդ հոդված 5-րդ մասը պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու համար ներկայացնում է միանման պահանջներ, մինչդեռ այնպիսի պահանջներն, ինչպիսիք են սպասման ժամկետները, թունունակությունը, ազդեցությունը վերարտադրողականության վրա, և որոշ այլ հատկություններ կիրառելի չեն պարարտանյութերի նկատմամբ։
Ի տարբերություն պեստիցիդների՝ ագրոքիմիկատների համար չպահանջել օժանդակ նյութերը և թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթղթի առկայությունը:
VII. Հստակեցնե՛լ ՀՀ-ում տրված թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթղթի կիրառումը:
Եվրոպական և աշխարհի երկրների մեծամասնությունը հրաժարվել է թունաբանահիգիենիկ գնահատուման ընթացակարգից և այն հավաստող փաստաթղթի պահանջից:
VIII. Հստակեցնել կենսաբանական պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու առանձնակի պահանջները (օժանդակ նյութերը, յուրաքանչյուր նյութի տոկոսային հարաբերությունը կամ դրանց պարունակությունը միավոր ծավալում, թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթղթի առկայություն)՝ հաշվի առնելով այդպիսի ապրանքների բաղադրությունը (պարունակությունը):
Կենսաբանական պեստիցիդների և պարարտանյութերի համար չպահանջել օժանդակ նյութերը, թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթղթի առկայությունը՝ հաշվի առնելով բաղադրությունը (պարունակությունը):
Նշված ապրանքների առանձնահատկություններից է այն, որ իրենց բնույթով պայմանավորված չեն կարող պարունակել թունավոր ազդող նյութեր:
Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի «թ» կետի համաձայն և՛ պեստիցիդների, և՛ ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու համար պահանջվում թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթուղթ (հաշվետվություն):
Կենսաբանական պեստիցիդների պարագայում արտադրող երկների (բացառությամբ ԵԱՏՄ երկրների) օրենսդրությամբ թունաբանահիգիենիկ գնահատում չի պահանջվում, որի պատճառով տնտեսվարողները հնարավորություն չունեն ներկայացնելու այդ երկրներում իրականացված փորձարկման արդյունքներ ՍԱՏՄ-ին, ինչը խանգարում է կենսաբանական պեստիցիդների և ագրոքիմիկատների ճյուղի զարգացման:
Վերջին հանգամանքն էլ խոչընդոտում է ՀՀ-ում զարգացող բիոպայքարի ճյուղերից մեկըին՝ օգտակար միջատներով պայքարին, որը պակասեցնում է թունաքիմիկատների քանակի կիրառումը, սակայն այն իր հերթին պարտադրում է յուրահատուկ թունաքիմիկատների օգտագործումը, մասնավորապես այնպիսի պեստիցիդների, որոնք աշխատելով վնասատռուի դեմ միաժամանակ չեն վնասում օգտակար միջատների պոպուլացիան: Տվյալ դասի պեստիցիդները նույն վերոնշյալ պատճառներով զրկված են գրանցված և ներմուծված լինելու հնարավորությունից:
IX. Հստակեցնել կենսաբանական պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու առանձնակի պահանջները (յուրաքանչյուր նյութի տոկոսային հարաբերությունը կամ դրանց պարունակությունը միավոր ծավալում): Հստակեցնել լաբորատոր պահանջները կենսաբանական ծագման պեստիցիդների և պարարտանյութերի ներմուծման գործընթացում։
Հաշվի առնելով ՀՀ լաբորատորիաների փաստացի տեխնիկական սպառազինվածությունը և հնարավոր հետազոտությունների շրջանակը, Կենսաբանական պեստիցիդների և պարարտանյութերի համար չպահանջել յուրաքանչյուր նյութի տոկոսային հարաբերությունը կամ դրանց պարունակությունը միավոր ծավալում, այլ պահանջել միջակայք՝ նվազագույն և առավելագույն քանակները նշելով, ինչպես դա արված է, օրինակ, Ուկրաինայի Հանրապետությունում (գրանցման վկայականի օրինակը կցվում է): Ներմուծման ժամանակ որպես հիմք ընդունել արտադրողի կատարած լաբորատոր հետազոտությունների արդյունքները:
X. Օրենքում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացվող պահանջները համապատասխանեցնել միջազգային իրավական ակտերին, ինչպես նաև հիմնական արտադրող երկրներում արկա և արդիական շրջանառվող փաստաթղթերին և դրանց ներկայացվող պահանջներին: Մասնավորապես՝ թունաբանահիգիենիկ գնահատման փորձարկման արդյունքները, գրանցման վկայականները:
XI. Ընդգրկե՛լ Չինաստանն ու Հնդկաստանը այն երկրների ցանկում, որոնց թունաբանահիգիենիկ գնահատման փորձարկման արդյունքներն ընդունելի են ՀՀ-ում պեստիցիդների եվ ագրոքիմիկատների գրանցման համար, քանի որ և Չնաստանը և Հնդկաստանը հանդիսանում են աշխարում պեստիցիդներ արտադրող առաջատար երկրներից:
Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «թ» ենթակետի համաձայն՝ գրանցման մասին եզրակացություն տալու համար պահանջվում է պեստիցիդի և (կամ) ագրոքիմիկատի թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթղթի (հաշվետվության) առկայությունը:
29.10.2015թ.-ին ՀՀ կառավարությունը ընդունել է N 1266 որոշումը «Այն երկրների ցանկը հաստատելու մասին, որոնց թունաբանահիգիենիկ գնահատման փորձարկման արդյունքներն ընդունելի են ՀՀ-ում պեստիցիդների եվ ագրոքիմիկատների գրանցման համար», սակայն Չինաստանը և Հնդկաստանը չեն ներառվել վերոնշյալ որոշման հավելվածում։
XII. Առաջարկում ենք Օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված գրանցման 5 (հինգ) տարի ժամկետը փոխարինել առնվազն 10 (տասը) տարի ժամկետով։
XIII. Պահանջում ենք Նախագծում պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման ընթացքում ՍԱՏՄ-ին ներկայացվող և առևտրային գաղտնիք պարունակող խիստ կոնֆիդենցիալ փաստաթղթերի գաղտնիությունը ապահովելու մասին հոդված ավելացնել:
XIV. Ցանկացած օրենսդրական կարգավորում կամ փոփոխություն ձեռնարկել ոլորտի յուրահատյությունները ուսումնասիրելով և գնահատելով նման փոփոխությունների ռիսկերը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի շահերը, գյուղատնտեսների կարիքները և առաջարկները:
«Ագրո Մաստեր» ՍՊԸ
Տնօրեն՝ Լևոն Ղազարյանից