Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Կարգավորման ենթակա խնդիրը
«Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ նախագիծ) մշակվել է՝ հաշվի առնելով ներկայումս բուսասանիտարիայի ոլորտում առաջացած խնդիրներին արագ հանգուցալուծում և իրավակարգավորումներ սահմանելու անհրաժեշտությունը։
Սույն նախագծի ընդունմամբ կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) որոշ դրույթներում առաջացած բացերը, տարընկալումները, մասնավորապես կհստակեցվեն Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում արտադրված և փորձարկված պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար անհրաժեշտ արտադրող ֆիրմայի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու պահանջը։
Միաժամանակ, իրավական կարգավորում կտրվի օտարերկրյա պետություններում արտադրված ու փորձարկված և գործածության մեջ գտնվող պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման ժամանակ հայտատուի կողմից գրանցման երկրի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու պահանջի հետ կապված խնդիրների լուծմանը, հստակեցնելով տվյալ ապրանքների պետական գրանցման գործընթացում Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով պահանջվող տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությունը։ Նախագծով հստակեցվել են նաև որոշ մասնագիտական հասկացություններ, ինչպես նաև սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդներ և թունաքիմիկատներ արտադրողի պարտականությունները։
- 2. Ընթացիկ իրավիճակը
«Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է օրենքում առկա բացերի լրացմամբ, որոշ դրույթներում առկա տարընկալումների հստակեցմամբ, ինչպես նաև մասնագիտական բնույթի շտկումներով։ Այսպես, վերջին 1 տարվա ընթացքում, կապված պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման և գրանցման հարցերի հետ՝ տարընկալումներ են առաջանում՝ կապված վերջիններիս գրանցմանը ներկայացվող պահանջների կատարման հարցում, մասնավորապես, Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում արտադրված և փորձարկված պեստիցիդների և ագրոքիմիկատների համար պահանջվում է ներկայացնել պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրող ֆիրմայի վերաբերյալ տեղեկատվություն, որն էլ տնտեսավարողների շրջանում տեղիք էր տալիս հակասական կարծիքների, թե արտադրող կազմակերպության ո՞ր հասցեն է իրականում համապատասխանում պահանջվող տեղեկատվությանը, իրավաբանական հասցե՞ն, թե՞ այն արտադրական հարթակի, որտեղ իրականացվել է արտադրանքի տեխնիկական արտադրությունը։ Նման պարագայում պեստիցիդի կամ ագրոքիմիկատի ՀՀ-ում գրանցման փուլում խնդիրներ են առաջանում՝ գրանցման գործընթացը պատշաճ և առանց խոչընդոտների իրականացնելու հարցում։ Այս համատեքստում սույն իրավական ակտով սահմանվել են «արտադրող» և «արտադրական հարթակ» հասկացությունների մեկնաբանությունները, ինչպես նաև հստակեցվել են դրանց վերաբերյալ տեղեկատվության ներկայացման մանրամասները։
Միաժամանակ, եվրոպական երկրներում արտադրված և փորձարկված ագրոքիմիկատները, ֆերոմոնային թակարդները, դեֆոլիանտներն, դեսիկանտներն ու աճի խթանիչները արտադրվում և շրջանառվում են եվրոպական միության կանոնակարգերին և դրանցով սահմանված ստանդարտներին համապատասխան, իսկ կենսապեստիցիդներին տրվում է ազատ շրջանառության սերտիֆիկատ։ Նշված նյութերի պետական գրանցումն ըստ անհրաժեշտության իրականացնում է ներմուծող երկիրը՝ իր ազգային օրենսդրությանը համապատասխան։ Հարկ է նշել, որ Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի պահանջը՝ ներկայացնելու գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, այդ թվում գրանցող երկրի և համարի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ընկալվում է որպես պարտադիր պահանջ, սակայն այն իրականում սահմանված է որպես լրացուցիչ տեղեկատվության ներկայացում՝ ՀՀ-ում պետական գրանցման գործընթացում տվյալ արտադրանքի մասին ավելի ամբողջական և մանրակրկիտ պատկեր ստանալու համար, սակայն, քանի որ նշված դրույթն ընկալվում է որպես պարտադիր պահանջ, ապա տնտեսավարողների շրջանում առաջանում են խնդիրներ՝ կապված մի շարք թունաքիմիկատները եվրոպական երկրներից և Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ ներմուծման և գրանցման հետ, և եթե դրանք ենթակա չեն եղել գրանցման արտադրող երկրում, հետևաբար, նման դեպքերում հնարավորություն չի լինում ապահովել տվյալ դրույթի կատարումը։ Պետք է փաստել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ագրոքիմիկատների և ֆերոմոնային թակարդների մեծ մասը ներմուծվում է եվրոպական երկրներից և Ռուսաստանի Դաշնությունից (շուրջ 60-70 տոկոսը եվրոպական արտադրության ծագում ունեն), ուստի գրանցման հետ կապված վերոնշյալ պահանջի վերանայման անտեսումը խնդրահարույց կլինի հանրապետության գյուղատնտեսության ոլորտի համար։ Այս համատեքստում հարկ է նշել նաև, որ իտալական ընկերությունների կողմից ՀՀ-ում իրականացվող և լայն տարածում գտած «ինտենսիվ այգեգործությունը» նույնպես կբախվի լուրջ խնդիրների, քանի որ վերահսկողությունը իրականացնող ընկերությունները երաշխավորում են բերքատվությունը միայն այն պարագայում, երբ այգիների մշակումը իրականացվում է իրենց կողմից մշակված ծրագրերի խիստ պահպանմամբ, մասնավորապես, ծրագրի շրջանակներում իրենց կողմից նշանակված պեստիցիդների և ագրոքիմիկատների կիրառմամբ, որոնց 80 և ավելի տոկոսը կազմում է եվրոպական շուկայում վստահություն ձեռք բերած ընկերությունների արտադրանքը, ուստի դրանք չեն կարող փոխարինվել այլ արտադրանքով։ Սույն նախագծով հսկտակեցվում է, որ ՀՀ տարածք պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացում գրանցող երկրի, համարի և ամսաթվի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է դրանց այլ երկրում գրանցված լինելու դեպքում։
Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու համար սահմանված են միանման պահանջներ, մինչդեռ այնպիսի պահանջները, ինչպիսիք են սպասման ժամկետները, թունունակությունը, ազդեցությունը վերարտադրողականության վրա՝ մասնագիտական տեսանկյունից կիրառելի չեն որոշ ագրոքիմիկատների նկատմամբ։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել նաև նշված հատկությունների տարանջատումը օրգանական պարարտանյութերի գրանցման գործընթացում։
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf ։
- Նպատակը և ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ բուսասանիտարիայի ոլորտում կսահմանվեն իրավակարգավորումներ, որոնք կբացառեն օրենսդրական դրույթների կիրարկման տարընկալումները, մասնավորապես հնարավորություն տալով պեստիցիդներ և ագրոքիմիկատներ ներկրող տնտեսավարողներին ճշգրիտ կողմնորոշվելու պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացում պահանջվող փաստաթղթերի ներկայացման հարցում, ինչն էլ հնարավորություն կտա առանց արհեստական խոչընդոտների ապահովել պեստիցիդների և ագրոքիմիկատների սահմանված կարգով գրանցումը։ Մասնավորապես, կհստակեցվի պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացում արտադրողի տվյալների ներկայացումը, ինչպես նաև այլ երկրներում գրանցված լինելու մասին անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու պահանջը, հստակեցնելով որ գրանցման երկրի մասին տվյալների բացակայության դեպքում ՀՀ-ում դրանց գրանցումը կարող է իրականացվել առանց վերոնշյալ տեղեկատվության ներկայացման, ինչն էլ հնարավորություն կտա գյուղացիական տնտեսություններում պեստիցիդների և ագրոքիմիկատների պահանջարկի ժամանակին ապահովումը, կայուն բուսասանիտարկան իրավիճակի ստեղծումը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեության խթանումը՝ զարգացնելով տնտեսավարող սուբյեկների ձեռնարկատիրական գործունեությունը։ Միաժամանակ, նախագծով կսահմանվեն օրենքում առկա դրույթների բովանդակային հստակեցման որոշ հասկացություններ, ինչպես նաև կսահմանվեն Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդներ և ագրոքիմիկատներ արտադրողի, ներմուծողի, փոխադրողի և իրացնողի պարտականությունները, կհստակեցվեն օրենսդրական ձևակերպումները՝ խուսափելով անհարկի կրկնություններից և հաշվի առնելով ոլորտում մասնագիտական մոտեցումները։