Добавить в избранное

В стадии разработки

««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացումը բխում է «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսված դրույթները «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով  (այսուհետ՝ Պայմանագիր) նախատեսված դրույթներին   համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:

Բացի այդ, հարկ է նշել, որ «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրույթների կիրառման պրակտիկայում ի հայտ են եկել դրանցում տեղ գտած որոշ վրիպակներ, մի շարք խնդիրներ, որոնց լուծման, ինչպես նաև բնագավառի մի շարք այլ ընթացակարգային դրույթների կարգավորման համար անհրաժեշտ է սահմանել հստակ մոտեցումներ։

  1. Առաջարկվող լուծումները.

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշակվել է սույն՝ ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծով նախատեսվում են հետևյալ հիմնական փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև օրենսդրական տեխնիկային առնչվող և այլ տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների շտկումները.

  1. հստակեցվել են ապրանքային նշանների տարբերակիչ հատկությունները, որոնք ձեռք են բերվել այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցման հայտ է ներկայացվել,
  2. կիրառման նպատակահարմարությունից ելնելով՝ փոփոխվել է ապրանքային նշաններում չպահպանվող տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելուն վերաբերող մոտեցումները,
  3. Օրենքով նախատեսված դրույթները համապատասխանեցվել են Պայմանագրի դրույթներին, մասնավորապես՝ ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու համար ապրանքային նշանի չօգտագործման ժամկետները,
  4. հետագա հակասություններից խուսափելու նպատակով՝ Օրենքով նախատեսված որոշ դրույթներ ուժը կորցրած են ճանաչվել:

 

Այսպես՝

 

  1. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերում նշված նիշերը, բացառությամբ պետությունների պաշտոնական անվանումների, դրանց կրճատ ձևերի և շփոթելու աստիճան նման նիշերի, կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ որպես չպահպանվող տարրեր, եթե նրանք գերիշխող մաս չեն զբաղեցնում, և եթե առկա է համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը։

Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով առաջարկվում է նույն կարգավորումը նախատեսել նաև նույն հոդվածի 2-5-րդ կետերով սահմանված տարրերի վերաբերյալ, համաձայն որի նշված նիշերը կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ որպես չպահպանվող տարրեր, եթե նրանք գերիշխող մաս չեն զբաղեցնում:

  1. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ որպես ապրանքային նշան` գրանցման ենթակա չէ այն նիշը, որը նույնական կամ շփոթելու աստիճան նման է այլ անձի ֆիրմային անվանմանը, որը Հայաստանի Հանրապետությունում այդ անվանման նկատմամբ իրավունք է ձեռք բերել մինչև ապրանքային նշանի հայտի ներկայացման թվականը կամ առաջնության թվականը, և որը մինչև այդ թվականն իրական գործունեություն է իրականացրել նույն կամ նույնատիպ ապրանքների (որոնց համար գրանցման է ներկայացվել ապրանքային նշանը) արտադրության կամ ծառայությունների մատուցման բնագավառում, և որ այդ նույնականությունը կամ նմանությունը կվնասի ֆիրմային անվանման բարի համբավին:

 Վերը նշված հոդվածի կապակցությամբ, անհրաժեշտ է նշել, որ ելնելով միջազգային պրակտիկայից՝ անհրաժեշտություն է առաջացել առավել տարանջատելու ֆիրմային անվանումները և ապրանքային նշանները՝ նվազեցնելով մեկը մյուսի հետ առընչվելու հնարավորությունը, քանի որ ֆիրմային անվանման գործառույթն է տարանջատել իրավաբանական անձանց՝ մեկը մյուսից, իսկ ապրանքային նշանինը՝ ապրանքները և (կամ) ծառայությունները, դրանով իսկ խթանելով ապրանքային նշանների պահպանության արժեքավորումը, որը և հանդիսանում է ապրանքների և (կամ) ծառայությունների հիմնական անհատականացման միջոց:

 Հետևաբար, ելնելով նշվածից՝ փոփոխվել են ապրանքային նշանի գրանցումը մերժելու հարաբերական հիմքերին վերաբերող որոշ մոտեցումներ, որի արդյունքում Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով նշված դրույթը ուժը կորցրած է ճանաչվել:

  1. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրանցված ապրանքային նշանի իրավատերն իրավունք չունի արգելելու երրորդ անձանց կողմից տվյալ ապրանքային նշանի օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնք իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ այդ նշումով տնտեսական շրջանառության մեջ են դրվել որևէ այլ երկրում (այսինքն՝ զուգահեռ ներկրում): Իսկ Պայմանագրով նախատեսված դրույթի համաձայն՝ նշված դրույթը կիրառվում է միայն այն ապրանքների նկատմամբ, որոնք իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ տնտեսական շրջանառության մեջ են դրվել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի անդամ որևէ երկրում:

Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որպես ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու համար ապրանքային նշանի չօգտագործման ժամկետ սահմանված է ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված՝ հինգ տարի անընդմեջ, կամ հայցը ավելի ուշ ներկայացնելու դեպքում, հայցին անմիջականորեն նախորդող հինգ տարի անընդմեջ ժամանակահատվածը, իսկ  Պայմանագրով նախատեսված դրույթի համաձայն՝ նշված ժամանակահատվածը սահմանված է երեք տարի:

Հետևաբար՝ վերը նշված դրույթները համապատասխանեցվել են Պայմանագրի դրույթներով նախատեսված պահանջներին՝ հետագա հակասություններից խուսափելու նպատակով:

  1. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված է, որ ապրանքային նշանի զիջումը կամ լիցենզիայի տրամադրումը հիմք է չօգտագործման պատճառով ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու մասին հայցը մերժելու: Նշված նորմը, դարձել է շինծու գործարքների կնքման պատճառ, քանի որ Օրենքով նախատեսված ժամանակահատվածի ավարտին լինում են դեպքեր, երբ կնքվում են իրավունքի փոխանցման կամ լիցենզիայի տրամադրման պայմանագրեր, որոնք ակնհայտորեն միտված են ապրանքային նշանի օգտագործումը հիմնավորելու համար, որից հետո նշված ապրանքային նշանը այդպես էլ շարունակվում է չօգտագործվել և հանդիսանում է չարաշահումների  պատճառ:

Հետևաբար, ելնելով նշվածից՝ Օրենքի համապատասխան դրույթը շարադրվել է նոր խմբագրությամբ:

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մի շարք դրույթների համապատասխանեցումը «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված դրույթներին:

Բացի այդ, Օրենքի ընդունմամբ կբարելավվի Օրենքի կիրարկման արդյունավետությունը, կապահովվի դրանով սահմանված դրույթների միանշանակ կիրառման հնարավորությունը, ինչպես նաև պրակտիկայում առաջացող հնարավոր խնդիրների լուծումները։

  • Обсуждалось

    08.11.2017 - 30.11.2017

  • Тип

    Закон

  • Область

    Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10408

Принт

Предложения

Ռուզան Շահվերդյան

28.11.2017

ուղղում առաջարկիս մեջ տեղ գտած վրիպակի՝ ոչ թե հայերեն կամ հայատառ, այլ հայերեն և հայատառ: Շնորհակալություն:

Ռուզան Շահվերդյան

21.11.2017

Քանի որ օրենքում ապրանքային նշանի լեզվի մասին հիշատակություն չկա, առաջարկում եմ 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ կետ 2-ով. <<Ապրանքային նշանի մեջ մտնող տառերը, բառերը, բառակապակցություններն ու կարգախոսները կարող են լինել միայն հայերեն կամ հայատառ, այլ երկրներում ներկայացված լինելու համար, անհրաժեշտության դեպքում, համապատասխան տառադարձությամբ: Այլ երկրներում գրանցված ապրանքային նշանները հրապարակային գրվածքներում զուգահեռաբար պետք է ունենան հայերեն տառադարձությունը՝ ավելի փոքր չափերով ու չգերիշխող դիրքում>>:

Узнать больше