ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՉԱՓԱՆԻՇԵՐԻՆ ԵՎ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ
ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Սույն նախագծի նպատակն է՝ մշակել Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների դասագրքերին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող պահանջներ, բարելավել չափորոշչային պահանջների կատարումը վերահսկելու մեխանիզմները որակյալ ուսումնական նյութերի միջոցով սովորողների ուսուցման/ ուսումնառության գործընթացը դարձնել ավելի գրավիչ, դասագրքաստեղծ հեղինակային խմբերին ապահովել դասագրքերի համար մշակված ավելի հստակ չափանիշներով և գործիքակազմով:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Վերոնշյալ նպատակների իրագործմանն ուղղված գործընթացներ ընթանում են գրեթե բոլոր երկրներում, սակայն շատ չեն այն երկրները, որոնք ունեն հստակ սահմանված և ճշգրիտ կիրառվող չափանիշներ, քանի որ ժամանակի և տեխնոլոգիական առաջընթացի ամենօրյա մարտահրավերները դրանց վերանայման և փոփոխման առիթ են դառնում: Բացի այդ՝ դժվար է ստեղծել համապարփակ չափանիշներ, որոնք կներառեն բոլոր տարիքային խմբերն ու բոլոր առարկաները:
Նկարագրված խնդիրներն արդիական են ՀՀ-ում և անմիջականորեն արտացոլվում են կրթական համակարգում: 21-րդ դարի հմտությունների զարգացումն ապահովելու անհրաժեշտությունը կրկնակի բարդացնում է դասագրքաստեղծ խմբերի և կառույցների աշխատանքը, մանավանդ որ մինչ այժմ դրանց բավարար ուշադրություն չի դարձվել: Դասագրքերին, դրանց կից ուսուցչի ձեռնարկներին և առհասարակ ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներում անդրադարձ չի եղել սովորողի՝ սեփական ուսումնառությունը կազմակերպելու և գնահատելու կարողությունների զարգացմանը, ուսուցման/ուսումնառության մեթոդաբանությանը և այլն:
Հայաստանի դպրոցներում գործող բոլոր դասագրքերն անցել են գնահատման և երաշխավորման գործընթացներ, սակայն դրանց որակի և կիրառման արդյունավետության վերաբերյալ կան որոշակի դժգոհություններ: Այդ մասին են վկայում մամուլում հրապարակված բազմաթիվ հոդվածները, հեռուստատեսությամբ և այլ ԶԼՄ-ներում փորձագետների արտահայտած կարծիքները, վերապատրաստման դասընթացների ժամանակ (ԿԳՆ ԿԱԻ 2007 – 2017 թթ.) ուսուցիչների մտքերը, , սոցիալական ցանցերում և ֆորումներում հասարակության տարբեր շերտերի քննարկումներն ու ծնողական համայնքների հետ պարբերական հանդիպումների ժամանակ հնչած կարծիքները:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Դասագրքերը և ուսումնական նյութերը 21-րդ դարի կրթական նպատակներին համապատասխանեցնելու համար դրանք պետք է դարձնել փոխներգործուն, սովորողի ինքնուրույն ուսումնառությունը խթանող, բազմաթիվ հղումներ ու կապեր պարունակող, բաց և ճկուն կառուցվածք ունեցող: Դրա շնորհիվ դասագրքերն ու ուսումնական ռեսուրսները կբավարարեն ուսումնական տարբեր կարիքներ ու պահանջներ: Դրանք պետք է ուղղված լինեն սովորողների մեջ դրական դիրքորոշում, արժեհամակարգ, ուսումնառության հակվածություն ձևավորելուն, սովորել սովորելուն՝ ողջ կյանքի ընթացքում:
Դասագրքերին ներկայացվող պահանջները բաղկացած են հետևյալ բաժիններից.
- Ընդհանրական պահանջներ
- Բովանդակությանը վերաբերող պահանջներ
- Ուսուցմանը և ուսումնառությանը վերաբերող պահանջներ
- Հմտություններին վերաբերող պահանջներ
- Արժեհամակարգին վերաբերող պահանջներ
- Կառուցվածքին, ձևավորմանը վերաբերող պահանջներ
- Դասագրքի լեզվին վերաբերող պահանջներ
- Կարգավորման առարկան
Վերը նշված բոլոր բաժինների համար հստակ չափանիշների և գործիքակազմի մշակում
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նոր սերնդի դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման համար մշակված և ներդրված հստակ չափանիշեր և գործիքակազմ:
ՏԵՂԵԿԱՆՔ 1
«ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՉԱՓԱՆԻՇԵՐԻՆ և ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԻՆ» ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Նոր սերնդի դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման չափանիշներին և գործիքակազմին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ 2
«ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՉԱՓԱՆԻՇԵՐԻՆ և ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԻՆ» ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈԻՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Նոր սերնդի դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման չափանիշներին և գործիքակազմին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: