ՆԱԽԱԳԻԾ
ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ
ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ԵՎ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հավանություն տալ «Նոր սերնդի դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման չափանիշներին և գործիքակազմին»՝ համաձայն Հավելվածի:
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
---նիստի արձանագրային որոշման
ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ
ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ
I. Ամփոփ համառոտագիրը
- Նոր սերնդի ուսումնամեթոդական նյութերը կրթության որակի բարձրացման և ժամանակակից կրթական միջավայրի ստեղծման հենքային պայման են: Դրանք ոչ միայն իրականացնում են տեղեկատվական գործառույթ, այլ նպաստում են ուսուցման գործընթացի կազմակերպմանն ու սովորողների ինքնուրույն, փոխներգործուն գործունեության ապահովմանը: Ժամանակակից դասագրքի հիմնական նպատակն է՝ բացահայտել կրթության բովանդակության, պետական հանրակրթական չափորոշչի և առարկայական ծրագրերի համապատասխանությունը:
- Դասագիրքը պետք է համապատասխանի դիդակտիկական սկզբունքներին, ուսուցման նպատակներին և իրականացնի սովորողների աշխարհայացքի, բարոյական նորմերի ձևավորման գործառույթներ:
II. Ներածություն
- Դասագրքերի որակի գնահատման և դրանց բարելավման հարցը մշտապես կրթության քաղաքականություն մշակողների, գիտնականների, մանկավարժ–հետազոտողների, հրատարակչությունների և հասարակության լայն շերտերի ուշադրության կենտրոնում է, քանի որ ուսուցման/ուսումնառության արդյունավետությունը էապես պայմանավորված է ուսումնական նյութերի, մասնավորապես՝ դասագրքերի որակով:
- Ժամանակակից գիտամանկավարժական գրականության մեջ դպրոցական դասագիրքը դիտարկվում է որպես փոխկապակցված բաղադրիչների բազմագործառույթ համակարգ, որի հիմքում ընկած է տվյալ երկրի՝ պաշտոնապես հաստատված կրթության բովանդակությունը, և որի բաղադրիչներն են՝ դասագրքի կառուցվածքային, մեթոդաբանական տարրերը, որոնք ուղղված են գրքի գործառույթների իրականացմանը։
- Հետևաբար, արդյունավետ դասագրքեր ստեղծելու համար պետք է, որ տվյալ երկրի կրթության բովանդակությունը և դասագրքի բաղադրիչ տարրերը փոխկապվածության և փոխազդեցության մեջ գտնվեն։ Կարևոր է, որ դասագիրք ստեղծողներն այդ հանգամանքը ուշադրության կենտրոնում պահեն՝ դասագրքի շարադրմանն անցնելուց առաջ որոշակիացնելով այն մեթոդաբանական և արժեքային մոտեցումները, որոնք տվյալ դասագրքի հիմքն են դառնալու և հստակ պատկերացնելով՝ ինչպես է այն դասարանում «աշխատելու»: