ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՃԻ ԲԵՎԵՌՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
1.1Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի թիվ 122-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 87-րդ կետով նախատեսված միջոցառման կատարմամբ:
Հայեցակարգի մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 29-ի N29 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարությունը (այսուհետ` Ռազմավարություն):
1.2 Ընթացիկ իրավիճակը
Հայաստանն այսօր բնութագրվում է որպես զարգացման մարտահրավերներով, աշխարհաքաղաքական սահմանափակումներով, էներգիայի արտաքին աղբյուրներից ու շուկաներից կախում ունեցող երկիր: Հայաստանի տարածքային զարգացման անհամաչափությունները պայմանավորված են տարածքների բնակլիմայական առանձնահատկություններով, արտադրողական ուժերի ու բնական ռեսուրսների անհամաչափ բաշխմամբ, տնտեսական զարգացման, սոցիալական, ժողովրդագրական ու մշակութային տարբերություններով: Խորհրդային տարիներին Հայաստանի յուրաքանչյուր տարածաշրջան կամ բնակավայր ուներ իր ուրույն դիմագիծը և տեղը երկրի զարգացման գործընթացում: Ավերիչ երկրաշարժը, ծանր պատերազմական տարիները, ոչ ճիշտ մասնավորեցման գործընթացը և տնտեսական կապերի կորուստը բացասաբար անդրադարձան երկրի տնտեսության և, հատկապես, որոշ մարզերի տնտեսությունների վրա:
Թեև վերջին երկու տասնամյակում ՀՀ-ում տարածական տնտեսական քաղաքականության իրականացման համար ստեղծվել են որոշակի նախադրյալներ, մշակվել և կենսագործվում են տարաբնույթ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր, տարածքային զարգացման անհամաչափություններն սկսել են խորանալ և հիմնականում արտահայտվում են մայրաքաղաքի տնտեսական դերի և նշանակության աճով, ինչի արդյունքում էլ ավելի է աճել Երևանի և մարզերի միջև կենսամակարդակի ճեղքվածքը։
Գյուղական բնակավայրերի մեծ մասը 60% և ավել գտնվում են քաղաքների ազդեցության գոտում և գյուղական բնակչության մեծ մասը բնակվում է Երևանի, Վանաձորի և Գյումրու մերձակա գյուղերում: Իսկ հեռավոր տարածաշրջանների և սահմանամերձ գոտու բնակավայրերի սոցիալ-տնտեսական վիճակն ունի վատթարացման միտում, ինչը գլխավորապես պայմանավորված է գործարար ակտիվության ցածր մակարդակով, աշխատատեղերի բացակայությամբ, սոցիալական ենթակառուցվածքների ոչ բավարար վիճակով, միգրացիայի բարձր տեմպերով: Այդ տարածաշրջաններն առանձնակի ոլորտային զարգացման կենտրոնների ձևավորման անհրաժեշտություն ունեն:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Կայուն զարգացման գրավական հանդիսացող երկրի համաչափ տարածքային զարգացնան նպատակով առաջարկվում է ՀՀ տարածաշրջաններում ձևավորել տարածքային աճի բևեռներ, որոնց զարգացումը թույլ կտա անցում կատարել միաբևեռ, մայրաքաղաքում կենտրոնացած տնտեսությունից բազմաբևեռ, կայուն, համաչափ զարգացող տնտեսությանը:
Տարածքային աճի բևեռների ճիշտ ընտրությունը կապահովի երկրի ՀՆԱ-ի փաստացի աճ, որը պետք է գնահատվի հետևյալ ցուցանիշներով.
1)երկրի ՀՆԱ-ում կոնկրետ աճի բևեռների տեսակարար կշիռ,
2)Տնտեսության այլ ճյուղերի վրա դրական մուլտիպլիկատիվ ազդեցություն:
Հայեցակարգի նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել բևեռային քաղաքներում որոշումների կայացման վրա ազդեցություն ունեցող բոլոր կողմերին՝ միասնական մշակելու համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը և դրանից բխող նպատակային ծրագրերը: Այն ապահովում է համայնքի մրցակցային առավելությունների վրա հիմնված որոշումների ընդունման միասնական գործընթացը:Բևեռի ընտրության գործընթացում առաջնային հարց է հանդիսանում բնակչության կյանքի որակի բարձրացման խնդիրը, և ընտրության համար հիմք են հանդիսանում քաղաքների հետևյալ ելակետային տվյալները/ինդիկատորները/չափորոշիչները`
|
|
|
|
1.
|
Աշխարհագրական և բնառեսուրսային ներուժը
|
ա) աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները,
բ) վարչական կարգավիճակը
գ) ճանապարհային հեռավորությունը մայրաքաղաքից, մարզկենտրոնից, ճանապարհի առկա վիճակը և դրանց հիմնանորոգման և վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը,
դ) ջրային, անտառային ռեսուրսների, բնության հուշարձանների, լանդշաֆտային բազմազանության, ինքնատիպ բնություն պետական արգելոցների, բնության հուշարձանների, առողջարանային ռեսուրսների, հանքային աղբյուրների և այլ օգտակար հանածոների, վառելիքաէներգետիկ ռեսուրսների առկայությունը:
|
2.
|
Ժողովրդագրական ներուժը
|
ա) բնակչության թիվը, խտությունը
բ) մարդկային ներուժը` կրթական, զբաղվածության,աշխատանքային ռեսուրսները
|
3.
|
Սոցիալական ներուժը
|
ա) աղքատության ցածր մակարդակը
բ) գործազուրկների թիվը
գ) սոցիալապես անապահով ընտանիքների թիվը
դ) հանցագործությունների և ահաբեկչության ցածր մակարդակը
|
4.
|
Տնտեսական ներուժը
|
ա) բիզնես միջավայրը և ներդրումային գրավչությունը,
բ) զարգացման կայությունը
գ) ոլորտներ, որոնք առավել հեռանկարային և քիչ ծախսատար են տվյալ տարածաշրջանի համար
դ) արդյունաբերություն և արտադրությունը` կառուցվածքը, արտադրանքի ծավալները և ներուժը /մշակող արդունաբերություն` սննդամթերք, խմիչք, ծխախոտ, տեքստիլ, փայտ, քիմ.նյութեր, մետաղ, ռետինե և պլաստմասե արտադրություն/
ե) ձեռնարկությունները, որոնք տարածաշրջանի ոլորտների համար բազային կամ կայուն գործող են
զ) արտահանման ծավալները և դինամիկան,
է) ՀՆԱ-ի տարածքային մասնաբաժինները
ը) գերակա ոլորտի արտադրանքի պահանջարկի հեռանկարները ներքին և արտաքին շուկաներում
թ) ծառայությունների ծավալը և որակը
ժ) նոր ստեղծված ձեռնարկությունների թիվը և աշխատատեղերի քանակը
ի) ՓՄՁ գործարարության զարգացման միտումները
լ) էքստրեմալ, էկոտուրզմի, ագրոտուրիզմի ձմեռային զբոսաշրջության զարգացման ռեսուրսները
|
5.
|
Համայնքում իրականացված և իրականացվող ծրագրերը`
|
ա) ծրագրեր, որոնք իրականացվում են տվյալ տարածաշրջանում և նպատակահարմար են դրա հետագա զարգացման համար, այդ թվում`
բ) վարկային և դրամաշնորհային
գ) պետական բյուջեի միջոցների հաշվին
դ) համայնքային բյուջեի միջոցների հաշվին
ե) ՊՄԳ գործիքների կիրառմամբ
|
6.
|
Ենթակառուցվածքը
|
ա) ճանապարհների և տրանսպորտի /երկաթուղի, ավտոմոբիլային` վերանորոգված և վերակառուցված/, խելացի տրանսպորտի առկայությունը
բ) ջրամաատակարարում և ջրահեռացում, կեղտաջրերի հեռացման և մաքրման համակարգեր, սելավատորներ, դրենաժային համակարգ
գ) էլեկտրա- և -գազամատակարարման համակարգեր
դ) փողոցային լուսավորություն` ԷԽ
ե) վերականգնվող էներգետիկայի ներուժ /քամի, արև, երկրաջերմային, կենսազանգվածային, հիգդրո/, էներգախնայողություն
զ) տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաներ
|
7.
|
Առողջապահություն
|
ա) առողջապահական ենթակառուցվածքի /ԲԿ, ԱԿ,պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ, առողջության պահպանման կենտրոններ/
|
8.
|
Գիտություն և կրթություն
|
ա) ինտելեկտուալ ներուժը
բ) ինֆորմացիոն ռեսուրսների առկայությունը,
գ) կրթական և գիտահետազոտական կենտրոնների առկայությունը
|
|
|
|
|
|
Հայեցակարգի նախագծով առաջարկվում է ՀՀ տարբեր տարածքներում ձևավորել և զարգացնել տարածքային աճի բևեռներ, որոնք կստեղծվեն ի հակակշիռ Երևանին և կապահովեն կայուն սոցիալ-տնտեսական զարգացում: Նշյալ բևեռները կունենան ուժեղ գրավման էֆեկտ և կձևավորեն զարգացման գոտիներ տարածաշրջանում և երկրում: Աճի բևեռների ակտիվացումը կնպաստի տարածաշրջանի մրցակցային առավելությունների ստեղծմանը, տրանսակցիոն և արտադրական ծախքերի նվազեցմանը՝ ի հաշիվ տարածաշրջանի սուբյեկտների ինտեգրացիայի և ինովացիոն ենթակառուցվածքների զարգացման: Տարածքային աճի բևեռների զարգացման գործընթացում պետության անմիջական մասնակցության ապահովման նպատակով առաջարկվում է նշյալ բևեռներում պետական ներդրումների իրականացում պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով:
Ընդ որում առաջարկվում է տարածքային աճի բևեռների ձևավորման գործընթացն իրականացնել փուլային եղանակով, քանի որ մի քանի տարածքային աճի բևեռների միաժամանակյա ձևավորումը կհանգեցնի պետության համար լրացուցիչ պարտավորությունների, գործընթացի օպերատիվ կառավարման և համապատասխան ֆինանսական ծախսերի և ներդրումների հետ կապված բարդությունների: Համապատասխան տնտեսական էֆեկտի ապահովման դեպքում առաջարկվում է շարունակել տարածքային աճի բևեռների ձևավորումը՝ ստեղծելով տարածքային աճի բևեռների ցանց:
Առաջարկվում է որպես բևեռներ ընտրել սույն հայեակարգով սահմանվող չափանիշներին համապատասխան այն քաղաքները, որոնք ունեն տնտեսական/ինովացիոն զարգացման ներուժ, կա՛մ ցայտուն արտահայտված լեռնարդյունաբերական, կա՛մ զբոսաշրջային ուղղվածություն:
Բևեռային քաղաքներ կարող են հանդիսանալ Գյումրի, Վանաձոր, Ջերմուկ, Դիլիջան, Ալավերդի, Արարատ, Եղեգնաձոր, Արտաշատ, Սևան, Մեծամոր, Քաջարան, Աշտարակ, Ագարակ, Ախթալա, Ծաղկաձոր քաղաքները։
Նշված քաղաքներում անհրաժեշտ է ապահովել տեղական տնտեսական զարգացում, (այսուհետ`ՏՏԶ) որն իրենից ներկայացնում է մասնակցային գործընթաց` նպատակաուղղված ավելի մրցունակ տնտեսության և որակյալ աշխատատեղերի ստեղծմանը: ՏՏԶ- ն ընկալվում է զարգացման երեք հիմնական ուղղություններով՝
1) սոցիալական զարգացում և աղքատության կրճատում,
2) գյուղական տարածքների ինտեգրացված զարգացում բևեռային քաղաքի ազդեցության գոտում,
3) ուղղակի գործարարության զարգացում։
Համայնքային տնտեսական զարգացման երեք հիմնական թիրախներն են հանդիսանում՝
1) գործող ձեռնարկությունները և ֆերմերային տնտեսությունները,
2) սկսնակ ձեռնարկությունները և ֆերմերային տնտեսությունները,
3) համայնքից դուրս գործող ձեռնարկությունները, որոնց ներգրավումը համայնք կխթանի տնտեսության առկա կամ հեռանկարային ճյուղերի զարգացումը։
Առաջարկվում է ընտրվող համայնքներին մշակել տեղական տնտեսական զարգացման ռազմավարություն և զարգացման ծրագրեր:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Հայեցակարգի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Տարածքային աճի բևեռների ձևավորման հայեցակարգի ընդունումը կնպաստի տարածքային աճի բևեռների գրագետ ձևավորմանը և հետևյալ արդյունքների ապահովմանը.
Աճի բևեռներում կոնկրետ ոլորտի զարգացումը շղթայականորեն կապահովի փոխկապակցված և հարակից ոլորտների աշխուժացում, և տարերայնորեն կտարածվի հարակից տարածքների և ողջ երկրի տնտեսության վրա,
Նշյալ բևեռներում գործարար ակտիվության մակարդակի բարձրացումը կապահովի տեղական և օտարերկրյա ներդրումների անընդհատ ներհոսք, պետության կողմից տարածքային աճի բևեռներում իրականացնող ուղղակի ներդրումների արդյունքում կբարելավվեն տեղական ենթակառուցվածքները, կարձանագրվի կյանքի որակի և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում՝ ի հաշիվ գործազրկության և աղքատության նվազեցման, կլուծվեն տրանսակցիոն և արտադրական ծախքերի նվազեցման խնդիրները՝ ի հաշիվ տարածաշրջանի սուբյեկտների ինտեգրացիայի և ինովացիոն ենթակառուցվածքների զարգացման և կնպաստի տարածաշրջանի և երկրի մրցակցային առավելությունների ստեղծմանը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՃԻ ԲԵՎԵՌՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Տարածքային աճի բևեռների զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՃԻ ԲԵՎԵՌՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Տարածքային աճի բևեռների զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։ Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը` համապատասխանում է: