Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Տարածքային աճի բևեռների զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշում

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՃԻ ԲԵՎԵՌՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ

ՀԱՎԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱ­ՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1.  Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

 1.1Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի թիվ 122-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 87-րդ կետով նախատեսված միջոցառման կատարմամբ:

Հայեցակարգի մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 29-ի N29 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարությունը (այսուհետ` Ռազմավարություն):

  1.2  Ընթացիկ իրավիճակը

 Հայաստանն այսօր բնութագրվում է որպես զարգացման մարտահրավերներով, աշխարհաքաղաքական սահմանափակումներով, էներգիայի արտաքին աղբյուրներից ու շուկաներից կախում ունեցող երկիր: Հայաստանի տարածքային զարգացման անհամաչափությունները պայմանավորված են տարածքների բնակլիմայական առանձնահատկություններով, արտադրողական ուժերի ու բնական ռեսուրսների անհամաչափ բաշխմամբ, տնտեսական զարգացման, սոցիալական, ժողովրդագրական ու մշակութային տարբերություններով: Խորհրդային տարիներին Հայաստանի յուրաքանչյուր տարածաշրջան կամ բնակավայր ուներ իր ուրույն դիմագիծը և տեղը երկրի զարգացման գործընթացում: Ավերիչ երկրաշարժը, ծանր պատերազմական տարիները, ոչ ճիշտ մասնավորեցման գործընթացը և տնտեսական կապերի կորուստը բացասաբար անդրադարձան երկրի տնտեսության և, հատկապես, որոշ մարզերի տնտեսությունների վրա:

Թեև վերջին երկու տասնամյակում ՀՀ-ում տարածական տնտեսական քաղաքականության իրականացման համար ստեղծվել են որոշակի նախադրյալներ, մշակվել և կենսագործվում են տարաբնույթ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր, տարածքային զարգացման անհամաչափություններն սկսել են խորանալ և հիմնականում արտահայտվում են մայրաքաղաքի տնտեսական դերի և նշանակության աճով, ինչի արդյունքում էլ ավելի է աճել Երևանի և մարզերի միջև կենսամակարդակի ճեղքվածքը։

Գյուղական բնակավայրերի մեծ մասը 60% և ավել գտնվում են քաղաքների ազդեցության գոտում և գյուղական բնակչության մեծ մասը բնակվում է Երևանի, Վանաձորի և Գյումրու մերձակա գյուղերում: Իսկ  հեռավոր տարածաշրջանների  և սահմանամերձ  գոտու բնակավայրերի սոցիալ-տնտեսական վիճակն ունի վատթարացման  միտում, ինչը գլխավորապես պայմանավորված է գործարար ակտիվության ցածր մակարդակով, աշխատատեղերի բացակայությամբ, սոցիալական ենթակառուցվածքների ոչ բավարար վիճակով, միգրացիայի բարձր տեմպերով: Այդ տարածաշրջաններն առանձնակի ոլորտային զարգացման  կենտրոնների ձևավորման անհրաժեշտություն ունեն:

 2.Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Կայուն զարգացման գրավական հանդիսացող երկրի համաչափ տարածքային զարգացնան նպատակով առաջարկվում է ՀՀ տարածաշրջաններում ձևավորել տարածքային աճի բևեռներ, որոնց զարգացումը թույլ կտա անցում կատարել միաբևեռ, մայրաքաղաքում կենտրոնացած տնտեսությունից բազմաբևեռ, կայուն, համաչափ զարգացող տնտեսությանը:

Տարածքային աճի բևեռների ճիշտ ընտրությունը կապահովի երկրի ՀՆԱ-ի փաստացի աճ, որը պետք է գնահատվի հետևյալ ցուցանիշներով.

1)երկրի ՀՆԱ-ում կոնկրետ աճի բևեռների տեսակարար կշիռ,

2)Տնտեսության այլ ճյուղերի վրա դրական մուլտիպլիկատիվ ազդեցություն:

Հայեցակարգի նախագծով  առաջարկվում է հնարավորություն ընձեռել բևեռային քաղաքներում որոշումների կայացման վրա ազդեցություն ունեցող բոլոր կողմերին՝ միասնական մշակելու համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը և դրանից բխող նպատակային ծրագրերը: Այն ապահովում է համայնքի մրցակցային առավելությունների վրա հիմնված որոշումների ընդունման միասնական գործընթացը:Բևեռի ընտրության գործընթացում առաջնային հարց է հանդիսանում բնակչության կյանքի  որակի բարձրացման խնդիրը, և ընտրության համար հիմք են հանդիսանում քաղաքների հետևյալ ելակետային տվյալները/ինդիկատորները/չափորոշիչները`

 

 

 

 

 

 

 

1.

Աշխարհագրական և բնառեսուրսային ներուժը

 

ա) աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները,

 բ) վարչական կարգավիճակը

 գ) ճանապարհային հեռավորությունը մայրաքաղաքից, մարզկենտրոնից,  ճանապարհի առկա վիճակը և դրանց հիմնանորոգման և վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը,

դ) ջրային, անտառային ռեսուրսների, բնության հուշարձանների, լանդշաֆտային բազմազանության, ինքնատիպ բնություն պետական արգելոցների,  բնության հուշարձանների,  առողջարանային ռեսուրսների, հանքային աղբյուրների և այլ օգտակար հանածոների, վառելիքաէներգետիկ ռեսուրսների առկայությունը:

2.

    Ժողովրդագրական ներուժը

 

ա) բնակչության թիվը, խտությունը

բ) մարդկային ներուժը` կրթական, զբաղվածության,աշխատանքային ռեսուրսները

3.

   Սոցիալական ներուժը

 

ա) աղքատության ցածր մակարդակը

բ) գործազուրկների թիվը

գ) սոցիալապես անապահով ընտանիքների թիվը

դ) հանցագործությունների և ահաբեկչության ցածր մակարդակը

4.

    Տնտեսական ներուժը

 

ա) բիզնես միջավայրը և ներդրումային գրավչությունը,

բ) զարգացման կայությունը

գ) ոլորտներ, որոնք առավել հեռանկարային և քիչ ծախսատար են տվյալ տարածաշրջանի համար

դ)  արդյունաբերություն և արտադրությունը` կառուցվածքը, արտադրանքի ծավալները և ներուժը  /մշակող արդունաբերություն` սննդամթերք, խմիչք, ծխախոտ, տեքստիլ, փայտ, քիմ.նյութեր, մետաղ, ռետինե և պլաստմասե արտադրություն/

 ե) ձեռնարկությունները, որոնք  տարածաշրջանի ոլորտների համար բազային կամ կայուն գործող են

զ) արտահանման ծավալները և դինամիկան,

է) ՀՆԱ-ի տարածքային մասնաբաժինները

ը) գերակա ոլորտի արտադրանքի պահանջարկի հեռանկարները ներքին և արտաքին շուկաներում

թ) ծառայությունների ծավալը և որակը

ժ) նոր ստեղծված ձեռնարկությունների թիվը և աշխատատեղերի քանակը

ի) ՓՄՁ գործարարության զարգացման միտումները

լ) էքստրեմալ, էկոտուրզմի, ագրոտուրիզմի  ձմեռային զբոսաշրջության զարգացման ռեսուրսները

5.

  Համայնքում իրականացված և իրականացվող ծրագրերը`

 

ա) ծրագրեր, որոնք իրականացվում են տվյալ տարածաշրջանում և նպատակահարմար են դրա հետագա զարգացման համար, այդ թվում`

բ) վարկային և դրամաշնորհային

գ) պետական բյուջեի միջոցների հաշվին

դ) համայնքային բյուջեի միջոցների հաշվին

ե) ՊՄԳ գործիքների կիրառմամբ

6.

  Ենթակառուցվածքը

 

ա) ճանապարհների և տրանսպորտի /երկաթուղի, ավտոմոբիլային` վերանորոգված և վերակառուցված/, խելացի տրանսպորտի առկայությունը

բ) ջրամաատակարարում և ջրահեռացում, կեղտաջրերի հեռացման և մաքրման համակարգեր, սելավատորներ, դրենաժային համակարգ

 գ) էլեկտրա- և -գազամատակարարման համակարգեր

դ) փողոցային լուսավորություն` ԷԽ

ե) վերականգնվող էներգետիկայի ներուժ  /քամի, արև, երկրաջերմային, կենսազանգվածային, հիգդրո/,  էներգախնայողություն

զ) տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաներ

7.

 Առողջապահություն

ա) առողջապահական ենթակառուցվածքի                         /ԲԿ, ԱԿ,պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ, առողջության պահպանման կենտրոններ/

8.

 Գիտություն և կրթություն

 

 

ա) ինտելեկտուալ ներուժը               

բ) ինֆորմացիոն ռեսուրսների առկայությունը,

գ) կրթական և գիտահետազոտական կենտրոնների առկայությունը

 

         

   Հայեցակարգի նախագծով առաջարկվում է  ՀՀ տարբեր տարածքներում ձևավորել և զարգացնել տարածքային աճի բևեռներ, որոնք կստեղծվեն ի հակակշիռ Երևանին և կապահովեն կայուն սոցիալ-տնտեսական զարգացում:   Նշյալ բևեռները կունենան ուժեղ գրավման էֆեկտ և կձևավորեն զարգացման գոտիներ  տարածաշրջանում և երկրում: Աճի բևեռների ակտիվացումը կնպաստի տարածաշրջանի մրցակցային առավելությունների ստեղծմանը, տրանսակցիոն և արտադրական ծախքերի նվազեցմանը՝ ի հաշիվ տարածաշրջանի սուբյեկտների ինտեգրացիայի  և ինովացիոն ենթակառուցվածքների զարգացման:   Տարածքային աճի բևեռների զարգացման գործընթացում պետության   անմիջական մասնակցության ապահովման նպատակով առաջարկվում է նշյալ բևեռներում պետական ներդրումների իրականացում պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով:

Ընդ որում առաջարկվում է տարածքային աճի բևեռների ձևավորման գործընթացն իրականացնել փուլային եղանակով, քանի որ մի քանի տարածքային աճի բևեռների միաժամանակյա ձևավորումը կհանգեցնի պետության համար լրացուցիչ պարտավորությունների, գործընթացի օպերատիվ կառավարման և համապատասխան ֆինանսական ծախսերի և ներդրումների հետ կապված բարդությունների:  Համապատասխան տնտեսական էֆեկտի ապահովման դեպքում առաջարկվում է շարունակել տարածքային աճի բևեռների ձևավորումը՝ ստեղծելով տարածքային աճի բևեռների ցանց:

Առաջարկվում է որպես բևեռներ ընտրել սույն հայեակարգով սահմանվող չափանիշներին համապատասխան այն քաղաքները, որոնք ունեն տնտեսական/ինովացիոն զարգացման ներուժ, կա՛մ ցայտուն արտահայտված լեռնարդյունաբերական, կա՛մ զբոսաշրջային ուղղվածություն:

 Բևեռային քաղաքներ կարող են հանդիսանալ Գյումրի, Վանաձոր, Ջերմուկ, Դիլիջան, Ալավերդի, Արարատ, Եղեգնաձոր, Արտաշատ, Սևան, Մեծամոր, Քաջարան, Աշտարակ, Ագարակ, Ախթալա, Ծաղկաձոր քաղաքները։  

Նշված քաղաքներում անհրաժեշտ է ապահովել տեղական տնտեսական զարգացում, (այսուհետ`ՏՏԶ) որն իրենից ներկայացնում է մասնակցային գործընթաց` նպատակաուղղված ավելի մրցունակ տնտեսության և որակյալ աշխատատեղերի ստեղծմանը:  ՏՏԶ- ն ընկալվում է զարգացման երեք հիմնական ուղղություններով՝

1) սոցիալական զարգացում և աղքատության կրճատում,

2) գյուղական տարածքների ինտեգրացված զարգացում բևեռային քաղաքի ազդեցության գոտում,

3) ուղղակի գործարարության զարգացում։

    Համայնքային տնտեսական զարգացման երեք հիմնական թիրախներն են հանդիսանում՝

1) գործող ձեռնարկությունները և ֆերմերային տնտեսությունները,

2) սկսնակ ձեռնարկությունները և ֆերմերային տնտեսությունները,

3) համայնքից դուրս գործող ձեռնարկությունները, որոնց ներգրավումը համայնք կխթանի տնտեսության առկա կամ հեռանկարային ճյուղերի զարգացումը։

Առաջարկվում է ընտրվող համայնքներին մշակել տեղական տնտեսական զարգացման ռազմավարություն և զարգացման ծրագրեր:

                            3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

        Հայեցակարգի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

 

Տարածքային աճի բևեռների ձևավորման հայեցակարգի ընդունումը կնպաստի տարածքային աճի բևեռների գրագետ ձևավորմանը և հետևյալ արդյունքների ապահովմանը. 

Աճի բևեռներում կոնկրետ ոլորտի զարգացումը շղթայականորեն կապահովի փոխկապակցված և հարակից ոլորտների աշխուժացում, և տարերայնորեն կտարածվի հարակից տարածքների և ողջ երկրի տնտեսության վրա,

Նշյալ բևեռներում գործարար ակտիվության մակարդակի բարձրացումը կապահովի տեղական և օտարերկրյա ներդրումների անընդհատ ներհոսք,  պետության կողմից տարածքային աճի բևեռներում իրականացնող ուղղակի ներդրումների արդյունքում կբարելավվեն տեղական ենթակառուցվածքները, կարձանագրվի կյանքի որակի և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում՝  ի հաշիվ գործազրկության և աղքատության նվազեցման, կլուծվեն տրանսակցիոն և արտադրական ծախքերի նվազեցման խնդիրները՝ ի հաշիվ տարածաշրջանի սուբյեկտների ինտեգրացիայի և ինովացիոն ենթակառուցվածքների զարգացման և կնպաստի  տարածաշրջանի և երկրի մրցակցային առավելությունների ստեղծմանը: 

 

  ՏԵՂԵԿԱՆՔ

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՃԻ ԲԵՎԵՌՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ

ՀԱՎԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱ­ՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

        «Տարածքային աճի բևեռների զարգացման հայեցակարգին հավա­նու­թյուն տալու մա­սին» Հայաստանի Հանրա­պետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՃԻ ԲԵՎԵՌՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ

ՀԱՎԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱ­ՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

        «Տարածքային աճի բևեռների զարգացման հայեցակարգին հավա­նու­թյուն տալու մա­սին» Հայաստանի Հանրա­պետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։ Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապա­տաս­խա­նությունը`  համապատասխանում է:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    01.11.2017 - 16.11.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10455

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

13.11.2017

Գնահատելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցների կատարած աշխատանքը՝ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ տնտեսության համար բեկումնային համարվող փաստաթուղթը(որը կարող է հիմք հանդիսանալ տնտեսության նոր համակարգի անցմանը), արդյունավետ և քիչ խոցելի կլինի, եթե դրա մշակման աշխատանքներում անմիջական մասնակցություն ունենան ոլորտի պատասխանատու նախարարության աշխատակիցները և գիտնականները, ու իրականցվեն հանրային լայն քննարկումներ, ինչպես նաև հաշվի առնվի ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագիծը և համայնքների գլխավոր հատակագծերով նախատեսվող տվյալ տարածքի զարգացման ուղղությունները: Այնուամենայնիվ ներկայացնենք տարածքային աճի բևեռների զարգացման հայեցակարգի վերաբերյալ «Քաղաքաշինություն և Տնտեսություն» ՀԿ-ի կարծիքը. 1. Դիտարկելով որպես առանցքային խնդիր՝ մայրաքաղաքի միաբևեռ և կենտրոնացված տնտեսությունից անցումը բազմաբևեռ, կայուն, համաչափ զարգացող տնտեսության՝ առաջարկվում է լուծել աճի բևեռների ստեղծման միջոցով: Առաջարկում ենք միաբևեռ և կենտրոնացված տնտեսությունից ազատվելու և մայրաքաղաքը բեռնաթափելու նպատակով հարակից Մասիս, Էջմիածին, Աշտարակ և Աբովյան քաղաքները ընդունել որպես <<արբանյակ>> քաղաքներ և իրականցնել համապատասխան ուղղվածության տնտեսական քաղաքականություն (պատրաստակամ ենք ներկայացնել առաջարկություններ), քանի որ մայրաքաղաքում բևեռացված չեն արդյունաբերության առաջատար ճյուղերը: Տարածքային աճի բևեռի տեսության հիմնադիր Ֆրանսիացի տնտեսգետ Ֆ.Պերուի կողմից սահմանվել է, որ աճի բևեռ կարող է հանդիսանալ կոմպակտ տեղակայված և դինամիկ զարգացող արդյունաբերությունը, որում կենտրոնացված է <<զարգացման ներուժը>>, որը ազդում է տնտեսության տարածքային կառուցվածքի և դինամիկայի վրա: 2. Հայեցակարգի հիմնական նպատակն է մշակել տարածքային աճի բևեռների ձևավորման և զարգացման ընդհանուր հայեցակարգային մոտեցումներ` կայուն զարգացող բազմաբևեռ տնտեսության և հավասարաչափ տարածքային զարգացման ապահովման նպատակով: Ներկայցվել են իրար հակասող նպատակներ, քանի որ հանրապետությունում ՀՀ կառավարության 29.07.2016թ. N29 արձանագրային որոշման 5-րդ կետի համաձայն լավագույն դեպքում 1-3 տարածքային աճի բևեռների ստեղծումը, խթանելով տնտեսության զարգացմանը, չի կարող ծածկել ամբողջ տարածքի հավասարաչափ զարգացումը: 3. Նախատեսվում է բևեռային քաղաքներ ձևավորել պատմական, վարչական, սոցիալ-տնտեսական, իննովացիոն կենտրոններում: Այն համահունչ չէ <<Տարածքային աճի բևեռ>> տեսության մշակող գիտնականների հիմնական թեզին, ըստ որի բևեռները ձևավորվում են արդյունաբերության ճյուղերի զարգացման համար առավել նպաստավոր կենտրոններում: Իսպանացի գիտնական Հ.Ռ. Լասունենը նշում է. աճի բևեռը շրջանի տնտեսության արտահանման հատվածի հետ կապված ձեռնարկությունների տարածաշրջանային հանգույց է՝ տեղակայված մեկ կամ մի քանի տնտեսվարող սուբյեկտների (կոնցենտրացիաների) տարածքում: 4. Հստակեցված չէ բևեռների ընտրության համար հիմք հանդիսացող քաղաքների ելակետային տվյալների(ինդիկատորների) և չափորոշիչների յուրաքանչյուրի կոնկրետ կշիռը, որը կնպաստի հետագա աշխատանքներում ճիշտ և անկողմնակալ գնահատելու և համապատասխան ընտրություն կատարելու համար: 5. Հայեցակարգում չի նշվում դրանից բխող տնտեսական զարգացման ռազմավարության մշակման աշխատանքների պատասխանատու մարմինը, ժամանակացույցը և անհրաժեշտ միջոցները, բևեռների ձևավորման առաջարկվող փուլերի տարածական և ճուղային հաջորդականությունը ու ժամանակահատվածը: 6. Որքանով է իրատեսական առաջիկա տարիներին պետության կողմից անմիջական մասնակցության հնարավորությունը և ինչպիսին է դրա ֆինանսական գնահատականը: 6. Որպես տարածքային աճի բևեռի համար նախատեսվող քաղաքների ցանկում ավելացնել Սպիտակը՝ հաշվի առնելով նրա տեքստիլ արդյունաբերության ներուժը, իսկ ցանկից հանել տուրիստական կենտրոնները: Տուրիստական կենտրոնների զարգացումը կարելի է իրականացնել այլ մոդելների կիրառմամբ՝ չբաժանելով առանձին կենտրոնների, օրինակ Սևան քաղաքը դիտարկել Սևանի ավազանի բնակավայրերի հետ միասին՝ որպես ընդհանուր մեկ միավոր: Ոլորտի հեղինակություններից Չ.Շմիդի համաձայն՝ արտադրության համակենտրոնացումը ծառայում է որպես տնտեսության այն բանալին, որը հանգեցնում է արդյունաբերության զարգացմանը՝ որոշելով արդյունաբերական հարաբերությունների ժամկետները և որոշակի տեսակները և բևեռի հետագա աճը: Ֆրանսիացի հայտնի գիտնական Ֆ.Բուդվիլը զարգացնելով Պերուի տեսությունը սահմանել է, որ աճի բևեռները քաղաքներ են, որոնք ունեն խթանող արդյունաբերություն: 7. Անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կառավարության 19.03.2014թ. թիվ 11 արձանագրային որոշման համաձայն ՀՍՆՀ-ի կողմից <<աճի բևեռների>> ուղղությամբ իրականացրած գործունեության արդյունքները: Հստակ չի ներկայացվում այն տնտեսական կառուցվածքի մոդելը, որով կուղղորդվի բևեռի կայացումը, առաջարկվող տարբերակի այլընտրանքը, հնարավոր ռիսկերի չափելիությունը, հետևանքները և ապահովագրման մեխանիզմները: 8.Աճի բևեռները պետք չէ նույնականացվեն արդյունաբերական հանգույցների և կենտրոնների հետ: Հիմք ընդունելով միայն նախկին արդյունաբերական գոտիների առկայությունը՝ այստեղ էլ կարող ենք թույլ տալ դասական այն սխալը, երբ դրանք նույնականցվում են տարածքային աճի բևեռի հետ: Միաժամանակ հայտնում ենք <<Քաղաքաշինություն և տնտեսություն>> հասարարակական կազմակերպության անդամների պատրաստակամությունը անհրաժեշտության դեպքում ներկայացնելու առավել մանրամասն տեղեկատվություն վերոշարադրյալի վերաբերյալ:

Տեսնել ավելին