ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
______2022 թվականի N ____Լ
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍՈՎ ՍՈՒԲՍԻԴԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603 00 000 0` պղնձի խտահանքեր, 2613` մոլիբդենի խտահանքեր, 7202 70 000 0` ֆեռոմոլիբդեն, 8102` մոլիբդեն և դրանից պատրաստված արտադրատեսակներ (բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8102 97 000 0 ապրանքային դիրքին պատկանող թափոնի և ջարդոնի) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների արտահանումը դեպի երրորդ երկրներ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2022 թվականի մարտի 3-ի թիվ 266-Ն որոշմամբ սահմանված լիցենզիաների ստացման նպատակով արտահանման տուրք վճարող, ընդերքօգտագործման իրավունք ունեցող (մինչև 10մլն տ հանքաքար տարեկան արդյունահանման իրավունք ունեցող) կազմակերպություններին տրամադրել սուբսիդիա համաձայն հետևյալ բանաձևի՝
ՍԳ=ԱՏ-((ՊՄ-ՊՆ)*0.25/2)
ՍԳ- սուբսիդավորվող գումար, բայց ոչ ավել քան 100000դրամ 1տ համար
ԱՏ- Արտահանման տուրք տվյալ արտադրատեսակների մասով
ՊՄ- Պղնձի բորսային եռամսյակային միջին գնի և դոլլարի միջին գնի արտադրյալ
ՊՆ- Նորմալ շահութաբերության շեմ համարվող հաստատուն, որը իրենից ներկայացնում է 2021թ-ին արտահանման տուրքի ներդրման պահին Էկոնոմիկայի նախարարության կողմից առաջարկված նորմալ շահութաբերության շեմը ՝3120000 ՀՀ դրամը(6500$*480ՀՀ դրամ), ԿԲ-ի կողմից 2022թվականի համար ներկայացված 9% գնաճով համապատասխանեցնելու դեպքում:
2. Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող ամսվա մինչև 5-րդ օրը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել առաջարկություն՝ սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպություննների և սուբսիդավորման ենթակա գումարի վերաբերյալ։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`
1) որոշման 2-րդ կետին համապատասխան առաջարկությունը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ սույն որոշման 2-րդ կետով սահմանված առաջարկություններում նշված գումարի չափով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ:
2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին մասին համապատասխան կառավարութան որոշման ընդունումից հետո 5 օրյա ժամկետում ապահովել շահառու կազմակերպությունների ծանուցումը՝ սույն որոշման շահառու լինելու վերաբերյալ։
3) Կազմակերպության դիմումը և նախարարության ծանուցման փաստը հավաստող փաթեթը կազմակերպությունից ստանալուց հետո 5 օրվա ընթացքում կնքել սուբսիդավորման պայմանագիր համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ-ի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման։
4) Կազմակերպության կողմից սուբսիդիա ստանալու վերաբերյալ դիմումը ներկայացնելու վերջնաժամկետ է հանդիսանում 2022 թվականի դեկտեմբերի 26-ը ներառյալ:
4. Սուբսիդիայի հաշվարկման և տրամադրման համար հիմք հանդիսացող ժամանակահատված սահմանել 2022 թվականի հունիսի 1-ից նոյեմբերի 30-ը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2022 թ. ……………………
Երևան