«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
0 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքի (այուհետ՝ Օրենք) 27-ից 33-րդ հոդվածները շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 27. Մաքսային ներկայացուցիչը
- Մաքսային ներկայացուցիչը հայտարարատուի կամ նրա լիազորած անձի հանձնարարությամբ և նրա անունից Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված մաքսային գործառնություններ իրականացնող` «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ ԵՏՄ մաքսային օրենսգիրք) 401-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձն է։
- Մաքսային ներկայացուցչի և հայտարարատուի կամ նրա լիազորած անձի միջև հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրերով:
- Մաքսային ներկայացուցիչը կրում է համապատասխան մաքսային ընթացակարգով հայտարարագրման ժամանակ նախատեսված մաքսատուրքը, հարկերը, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարները վճարելու պարտավորությունը, եթե մաքսային ներկայացուցչի և հայտարարատուի կամ նրա լիազորած անձի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 28. Իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառելու պայմանները
- Իրավաբանական անձի` մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառելու պայմանները սահմանված են ԵՏՄ մաքսային օրենսգրքի 402-րդ հոդվածով։
- ԵՏՄ մաքսային օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված (քաղաքացիական) պատասխանատվության ռիսկի ապահովագրության գումարի չափը որոշվում է մաքսային ներկայացուցչի և ապահովագրական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով:
- Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում չեն կարող հաշվառվել պետական կառավարչական հիմնարկները, համայնքները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, ինչպես նաև պետական մասնակցությամբ կազմավորված այլ իրավաբանական անձինք:
- Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառման մասին վկայականը պարունակում է մաքսային ներկայացուցչի անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը, վկայականը տրամադրող մաքսային մարմնի անվանումը, վկայականի տրամադրման ամսաթիվը և դրա համարը:
- Միայն արտահանման գործարքներ իրականացնող մաքսային ներկայացուցիչները ազատվում են պարտավորությունների կատարման ապահովման ներկայացումից:
Հոդված 29. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառման համար դիմումը
- Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառվելու նպատակով ներկայացվող դիմումը պետք է պարունակի՝
- տեղեկություններ մաքսային ներկայացուցչի անվանման, գտնվելու վայրի մասին (փոստային հասցեն և (կամ) այլ կոնտակտային տվյալներ).
- դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ իրավաբանական անձի անձնակազմում մաքսային մարմնի սահմանած կարգով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած առնվազն 3 անձի առկայության մասին տեղեկություններ.
- ԵՏՄ մաքսային օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան պարտավորությունների կատարման ապահովումը հաստատող փաստաթուղթը ներկայացված լինելու վերաբերյալ տեղեկություններ՝ բացառությամբ սույն օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի.
- սույն օրենքով նախատեսված քաղաքացիական պատասխանատվության ռիսկի ապահովագրության պայմանագրի (պայմանագրերի) վերաբերյալ տեղեկություններ։
- Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառման համար դիմումին կցվում են սույն հոդվածի 1-ին մասով ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց ստորագրված պատճենները, որոնք ուսումնասիրությունից հետո վերադարձվում են: Մաքսային մարմիններին ներկայացվում է պարտավորությունների կատարման` ԵՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված ապահովումը հաստատող փաստաթղթի բնօրինակը:
Հոդված 30. Մաքսային ձևակերպումների մասնագետը
- Մաքսային ներկայացուցչի անունից մաքսային ձևակերպումներ կարող է իրականացնել միայն մաքսային ներկայացուցչի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող կամ նրա լիազորած` մաքսային մարմնի սահմանած կարգով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
- Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական ստանալու պարտադիր պայմաններ են`
- բարձրագույն կրթությունը.
- հայերենին տիրապետելը.
- մաքսային օրենսդրությանը տիրապետելը.
- մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգից օգտվելու իմացությունը:
- Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման կարգը և պայմանները սահմանում է մաքսային մարմինը: Մաքսային ձևակերպումների որակավորման քննություններն ընդունում է մաքսային մարմնի ստեղծած հանձնաժողովը: Մաքսային ձևակերպումների որակավորման քննությունը դրական հանձնած անձանց մաքսային մարմնի սահմանած ժամկետում տրվում է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական, ինչպես նաև մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգ մուտք գործելու հնարավորություն:
- Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական ստացած անձը կորցնում է այդ որակավորումը, եթե վկայականը ստանալու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա ընթացքում չի հավաքում որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ քանակի միավորներ.
1) մաքսային մարմնի կազմակերպած վերապատրաստման դասընթացներին մասնակցելով և դրանց ամփոփիչ քննությունները հանձնելով, և (կամ).
2) ապրանքների բաց թողնման համար հիմք հանդիսացած մաքսային մարմնի սահմանած քանակի մաքսային հայտարարագրեր ներկայացնելով, որոնց ընդհանուր քանակում այն մաքսային հայտարարագրերի քանակը, որոնց կապակցությամբ արձանագրված մաքսային իրավախախտումների համար որակավորում ունեցող տվյալ անձի նկատմամբ նշանակվել է պատասխանատվության միջոց, չեն գերազանցում մաքսային մարմնի սահմանած տոկոսային շեմը:
- Սույն հոդվածի 4-րդ մասում նշված վերապատրաստման դասընթացների և դրանց ամփոփիչ քննությունների անցկացման կարգը և հաճախականությունը, մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ տարեկան միավորների քանակը և հաշվառման կարգը, ինչպես նաև միավորների հատկացման կարգն ու պայմանները սահմանում է մաքսային մարմինը:
Հոդված 31. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողության դադարեցման հիմքերը և կարգը
- Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է, եթե`
- հաստատվում է մաքսային ձևակերպումների մասնագետի` կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով որակավորման վկայական ստացած լինելու փաստը.
- օրինական ուժի մեջ է մտնում մաքսային ձևակերպումների մասնագետի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտը.
- մաքսային ձևակերպումների մասնագետը ի շահ իրեն կամ երրորդ անձանց օգտագործում, հրապարակում կամ երրորդ անձանց է տրամադրում իր ներկայացրած անձանց վերաբերող պետական, առևտրային, բանկային, ծառայողական կամ ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
- վկայականը ստացած անձը կորցրել է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը՝ սույն օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան:
- մաքսային ձևակերպումների մասնագետը դատապարտվել է մաքսանենգության, խարդախության կամ զեղծարարության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
- Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է մաքսային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը։ Նշված որոշման պատճենը տրամադրվում է այն անձին, որի առնչությամբ ընդունվել է այդ որոշումը, այն ընդունելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։
- Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողության դադարեցման որոշումը կարող է բողոքարկել վերադասության կարգով և (կամ) դատարան:
- Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողությունը դադարեցված լինելու դեպքում՝ անձը մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություններին մաքսային մարմնի սահմանած կարգով կարող է մասնակցել վեց ամսից ոչ շուտ՝ հաշվարկված որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու մասին որոշման կայացման օրվանից:
Հոդված 32. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցչին հանելու հիմքերը
- Մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցչին հանելու հիմքերը սահմանված են ԵՏՄ մաքսային օրենսգրքի 403-րդ հոդվածով:
- ԵՏՄ մաքսային օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված հիմքով մաքսային ներկայացուցիչը չի հանվում մաքսային ներկայացուցիչների ռեեստրից այն դեպքերում, երբ վերակազմավորումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կամ 5-րդ կետերով սահմանված եղանակով և չի հանգեցրել ստեղծված իրավաբանական անձի՝ որպես մաքսային ներկայացուցիչ գրանցվելու համար ապահովված պայմանների բացակայությանը:
- Կառավարությունը, ԵՏՄ մաքսային օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրից հանելու՝ ԵՏՄ մաքսային օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերից բացի այլ լրացուցիչ հիմքեր:
Հոդված 33. Մաքսային ներկայացուցչի իրավունքները և պարտականությունները
- Մաքսային ներկայացուցիչների իրավունքները սահմանված են ԵՏՄ մաքսային օրենսգրքի 404-րդ հոդվածով:
- ԵՏՄ մաքսային օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, մաքսային ներկայացուցիչը կարող է սահմանափակել իր կողմից իրականացվող գործունեությունը՝ առանձին կատեգորիաների ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման, առանձին մաքսային գործառնությունների իրականացման կամ առանձին տարածաշրջաններում գործունեություն ծավալելու նպատակներով:
- Մաքսային ներկայացուցիչների պարտականությունները սահմանված են ԵՏՄ մաքսային օրենսգրքի 405-րդ հոդվածով:
- ԵՏՄ մաքսային օրենսգրքի 405-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան, մաքսային ներկայացուցչի կողմից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման՝ մաքսային մարմնի կողմից պահանջը չի առաջադրվում կամ արդեն իսկ առաջադրված պահանջը համարվում է կասեցված, դատարանի օրինական ուժի մեջ մտած այն վճռի առկայության պարագայում, որի համաձայն մաքսային ներկայացուցիչը չպետք է կրի այդպիսի վճարների կատարման պարտավորություն:»
Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածից հետո լրացնել նոր 33.1.-րդ և 33.2.-րդ հոդվածներ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 33.1. Մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի հասանելիությունը մաքսային ներկայացուցիչների համար
- Մաքսային մարմինների կողմից մաքսային նպատակներով տեղեկատվության ավտոմատացված մշակման և տվյալների էլեկտրոնային փոխանցման համար օգտագործվող տեղեկատվական համակարգերի հասանելիությունը մաքսային ներկայացուցիչների, ինչպես նաև սույն օրենքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված այլ անձանցհամար ապահովում է մաքսային մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով:
Հոդված 33.2. Մաքսային ներկայացուցչի և նրա անձնակազմի կողմից հանձնարարողից ստացած տեղեկության օգտագործումը
- Հանձնարարությունը կատարելու նպատակով հանձնարարողից ստացած տեղեկությունը մաքսային ներկայացուցիչը և դրա աշխատողները կարող են օգտագործել բացառապես մաքսային նպատակներով:
- Պետական, բանկային, առևտրային, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն և չեն կարող օգտագործվել մաքսային ներկայացուցչի կամ դրա աշխատողների կողմից` ի շահ իրենց կամ երրորդ անձանց, տրամադրվել երրորդ անձանց, այդ թվում` պետական մարմիններին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
04.01.2022 - 19.01.2022
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 4413
Принт