Add to favourites

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքի (այուհետ՝ Օրենք) 27-ից 33-րդ հոդվածները շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 27.  Մաքսային ներկայացուցիչը

  1. Մաքսային ներկայացուցիչը հայտարարատուի կամ նրա լիազորած անձի հանձնա­րա­րությամբ և նրա անունից Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված մաքսային գործառնություններ իրականացնող` «Եվրասիական տնտեսական միու­թյան մաք­­­սային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմա­նա­գրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ ԵՏՄ մաքսային օրենսգիրք) 401-րդ հոդվածով սահման­ված իրավաբանական անձն է։
  2. Մաքսային ներկայացուցչի և հայտարարատուի կամ նրա լիազորած անձի միջև հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրերով:
  3. Մաքսային ներկայացուցիչը կրում է համապատասխան մաքսային ընթացակարգով հայտարարագրման ժամանակ նախատեսված մաքսատուրքը, հարկերը, հատուկ, հակագ­նագց­ման և փոխհատուցման տուրքերը և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարները վճարելու պարտավորությունը, եթե մաքսային ներկայացուցչի և հայտա­րա­րատուի կամ նրա լիազորած անձի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 28. Իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառելու պայմանները 

  1. Իրավաբանական անձի` մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառելու պայմանները սահմանված են ԵՏՄ մաքսային օրենսգրքի 402-րդ հոդվածով։
  2. ԵՏՄ մաքսային օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված (քաղաքացիական) պատասխանատվության ռիսկի ապահովագրության գումարի չափը որոշվում է մաքսային ներկայացուցչի և ապահովագրական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով:
  3. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում չեն կարող հաշվառվել պետական կառավարչական հիմնարկները, համայնքները, պետական ոչ առևտրային կազմակերպու­թյուն­ները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, ինչպես նաև պետական մասնակցությամբ կազմավորված այլ իրավաբանական անձինք:
  4. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառման մասին վկայականը պարունակում է մաքսային ներկայացուցչի անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառ­ման համարը, վկայականը տրամադրող մաքսային մարմնի անվանումը, վկայա­կանի տրամադրման ամսաթիվը և դրա համարը:
  5. Միայն արտահանման գործարքներ իրականացնող մաքսային ներկայացուցիչները ազատվում են պարտավորությունների կատարման ապահովման ներկայացումից:

Հոդված 29. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառման համար դիմումը

  1. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառվելու նպատակով ներկայացվող դիմումը պետք է պարունակի՝
    • տեղեկություններ մաքսային ներկայացուցչի անվանման, գտնվելու վայրի մասին (փոստային հասցեն և (կամ) այլ կոնտակտային տվյալներ).
    • դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ իրավաբանական անձի անձնակազմում մաքսային մարմնի սահմանած կարգով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած առնվազն 3 անձի առկայության մասին տեղեկություններ.
    • ԵՏՄ մաքսային օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան պարտավորությունների կատարման ապահովումը հաստատող փաստաթուղթը ներկայացված լինելու վերաբերյալ տեղեկություններ՝ բացառությամբ սույն օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի.
    • սույն օրենքով նախատեսված քաղաքացիական պատասխանատվության ռիսկի ապահովագրության պայմանագրի (պայմանագրերի) վերաբերյալ տեղեկություններ։
  2. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառման համար դիմումին կցվում են սույն հոդվածի 1-ին մասով ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց ստորագրված պատճենները, որոնք ուսումնասիրությունից հետո վերադարձվում են: Մաքսային մարմիններին ներկայացվում է պարտավորությունների կատարման` ԵՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված ապահովումը հաստատող փաստաթղթի բնօրինակը:

Հոդված 30. Մաքսային ձևակերպումների մասնագետը

  1. Մաքսային ներկայացուցչի անունից մաքսային ձևակերպումներ կարող է իրակա­նաց­նել միայն մաքսային ներկայացուցչի հետ աշխատանքային կամ քաղաքացիաի­րա­վա­կան պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող կամ նրա լիազորած` մաքսային մարմնի սահմանած կարգով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստա­ցած Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
  2. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական ստանալու պարտադիր պայմաններ են`
    • բարձրագույն կրթությունը.
    • հայերենին տիրապետելը.
    • մաքսային օրենսդրությանը տիրապետելը.
    • մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգից օգտվելու իմացությունը:
  3. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման կարգը և պայմանները սահ­մանում է մաքսային մարմինը: Մաքսային ձևակերպումների որակավորման քննություն­ներն ընդունում է մաքսային մարմնի ստեղծած հանձնաժողովը: Մաքսային ձևակերպում­ների որակավորման քննությունը դրական հանձնած անձանց մաքսային մարմնի սահմա­նած ժամկետում տրվում է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայա­կան, ինչպես նաև մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգ մուտք գործելու հնարավորություն:
  4. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական ստացած անձը կորցնում է այդ որակավորումը, եթե վկայականը ստանալու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա ընթացքում չի հավաքում որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ քանակի միավորներ.

            1) մաքսային մարմնի կազմակերպած վերապատրաստման դասընթացներին մաս­նակցելով և դրանց ամփոփիչ քննությունները հանձնելով, և (կամ).

            2) ապրանքների բաց թողնման համար հիմք հանդիսացած մաքսային մարմնի սահմա­նած քանակի մաքսային հայտարարագրեր ներկայացնելով, որոնց ընդհանուր քանակում այն մաքսային հայտարարագրերի քանակը, որոնց կապակցությամբ արձանագրված մաք­սային իրավախախտումների համար որակավորում ունեցող տվյալ անձի նկատմամբ նշա­նակ­­վել է պատասխանատվության միջոց, չեն գերազանցում մաքսային մարմնի սահմանած տոկոսային շեմը:

  1. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված վերապատրաստման դասընթացների և դրանց ամփոփիչ քննությունների անցկացման կարգը և հաճախականությունը, մաքսային ձևակեր­պում­ների մասնագետի որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ տարե­կան միավոր­ների քանակը և հաշվառման կարգը, ինչպես նաև միավորների հատկացման կարգն ու պայմանները սահմանում է մաքսային մարմինը:

Հոդված 31. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողության դադարեցման հիմքերը և կարգը 

  1. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է, եթե`
    • հաստատվում է մաքսային ձևակերպումների մասնագետի` կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով որակավորման վկայական ստացած լինելու փաստը.
    • օրինական ուժի մեջ է մտնում մաքսային ձևակերպումների մասնագետի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտը.
    • մաքսային ձևակերպումների մասնագետը ի շահ իրեն կամ երրորդ անձանց օգտագործում, հրապարակում կամ երրորդ անձանց է տրամադրում իր ներկայացրած անձանց վերաբերող պետական, առևտրային, բանկային, ծառայողական կամ ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
    • վկայականը ստացած անձը կորցրել է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը՝ սույն օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան:
    • մաքսային ձևակերպումների մասնագետը դատապարտվել է մաքսանենգության, խարդախության կամ զեղծարարության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
  2. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողո­ւթյունը դադարեցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է մաքսային մարմնի համապա­տասխան պաշտոնատար անձը։ Նշված որոշման պատճենը տրամադրվում է այն անձին, որի առնչությամբ ընդունվել է այդ որոշումը, այն ընդունելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։
  3. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողու­թյան դադարեցման որոշումը կարող է բողոքարկել վերադասության կարգով և (կամ) դատարան:
  4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողությունը դադարեցված լինելու դեպքում՝ անձը մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություններին մաքսային մարմնի սահմանած կարգով կարող է մասնակցել վեց ամսից ոչ շուտ՝ հաշվարկված որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու մասին որոշման կայացման օրվանից:

Հոդված 32. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցչին հանելու հիմքերը

  1. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցչին հանելու հիմքերը սահմանված են ԵՏՄ մաքսային օրենսգրքի 403-րդ հոդվածով:
  2. ԵՏՄ մաքսային օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված հիմքով մաքսային ներկայացուցիչը չի հանվում մաքսային ներկայացուցիչների ռեեստրից այն դեպքերում, երբ վերակազմավորումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կամ 5-րդ կետերով սահմանված եղանակով և չի հանգեցրել ստեղծված իրավաբանական անձի՝ որպես մաքսային ներկայացուցիչ գրանցվելու համար ապահովված պայմանների բացա­կայությանը:
  3. Կառավարությունը, ԵՏՄ մաքսային օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրից հանելու՝ ԵՏՄ մաքսային օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերից բացի այլ լրացուցիչ հիմքեր:

Հոդված 33. Մաքսային ներկայացուցչի իրավունքները և պարտականությունները

  1. Մաքսային ներկայացուցիչների իրավունքները սահմանված են ԵՏՄ մաքսային օրենսգրքի 404-րդ հոդվածով:
  2. ԵՏՄ մաքսային օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, մաքսային ներկայացուցիչը կարող է սահմանափակել իր կողմից իրականացվող գործունեությունը՝ առանձին կատեգորիաների ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման, առանձին մաքսային գործառնությունների իրականացման կամ առանձին տարածաշրջաններում գործունեություն ծավալելու նպատակներով:
  3. Մաքսային ներկայացուցիչների պարտականությունները սահմանված են ԵՏՄ մաքսային օրենսգրքի 405-րդ հոդվածով:
  4. ԵՏՄ մաքսային օրենսգրքի 405-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան, մաքսային ներկայացուցչի կողմից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման՝ մաքսային մարմնի կողմից պահանջը չի առաջադրվում կամ արդեն իսկ առաջադրված պահանջը համարվում է կասեցված, դատարանի օրինական ուժի մեջ մտած այն վճռի առկայության պարագայում, որի համաձայն մաքսային ներկայացուցիչը չպետք է կրի այդպիսի վճարների կատարման պարտավորություն:»

Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածից հետո լրացնել նոր 33.1.-րդ և 33.2.-րդ հոդվածներ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 33.1. Մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի հասանելիությունը մաքսային ներկայացուցիչների համար

  1. Մաքսային մարմինների կողմից մաքսային նպատակներով տեղեկատվության ավտոմատացված մշակման և տվյալների էլեկտրոնային փոխանցման համար օգտագործվող տեղեկատվական համակարգերի հասանելիությունը մաքսային ներկայացուցիչների, ինչպես նաև սույն օրենքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված այլ անձանցհամար ապահովում է մաքսային մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով:

Հոդված 33.2. Մաքսային ներկայացուցչի և նրա անձնակազմի կողմից հանձնարարողից ստացած տեղեկության օգտագործումը

  1. Հանձնարարությունը կատարելու նպատակով հանձնարարողից ստացած տեղեկությունը մաքսային ներկայացուցիչը և դրա աշխատողները կարող են օգտագործել բացառապես մաքսային նպատակներով:
  2. Պետական, բանկային, առևտրային, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն և չեն կարող օգտագործվել մաքսային ներկայացուցչի կամ դրա աշխատողների կողմից` ի շահ իրենց կամ երրորդ անձանց, տրամադրվել երրորդ անձանց, այդ թվում` պետական մարմիններին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    04.01.2022 - 19.01.2022

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4403

Print