ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆՈւՄ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍ (COVID-19)» ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈւՄ ԳՈՐԾԱԶՈւՐԿՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈւՄ ԳՈՐԾԱՏՈւԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈւՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈւՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը, այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը և այդ կապակցությամբ 2020 թվականի մարտի 16-ին Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարվելու հանգամանքը՝ առաջացել է անհրաժեշտություն մշակելու «Հայաստանի Հանրապետությունում «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում գործազուրկներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
- Ընթացիկ իրավիճակը և առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Ստեղծված իրավիճակում առաջացած խնդիրները հնարավորինս լուծելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում աշխատաշուկայում աշխատուժի պահանջարկի հնարավոր անկման ու դրա հետ կապված սոցիալական ճգնաժամի ազդեցությունների մեղմման և դրա հետևանքով գործազուրկի կարգավիճակում հայտնված անձանց զբաղվածության ապահովման նպատակով մշակել «Հայաստանի Հանրապետությունում «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում գործազուրկներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր): Ծրագրի շահառու են հանդիսանում տարածքային կենտրոնում հաշվառված և գործազուրկի կարգավիճակ ստացած այն անձինք, ում աշխատանքային պայմանագիրը լուծվել է 2020 թվականի մարտի 13-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ: Ծրագրում առաջնահերթության կարգով կընդգրկվեն հաշմանդամություն ունեցող, երեխաներ ունեցող և ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող անձինք:
Ծրագրով նախատեսվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր շահառուի համար գործատուին տրամադրել միանվագ փոխհատուցում 250.0 հազար դրամի չափով։ Ծրագրի տևողությունը առնվազն մեկ տարի է: Շահառուին սեզոնային աշխատանքի ընդունելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի առնվազն վեց ամիս ժամկետով՝ գումարային առնվազն ապահովելով շահառուի 12 ամսվա զբաղվածությունը:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 500 շահառուի համար: Ծրագրի նկատմամբ մեծ պահանջարկի առկայության պարագայում կքննարկվի ծրագրում ընդգրկվող շահառուների թվի ավելացման հարցը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ ներկայիս իրավիճակով պայմանավորված՝ 2020 թ. մարտի 13-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ աշխատանքը կորցրած և գործազուրկ դարձած շուրջ 500 անձ նորից կհամալրի աշխատաշուկան:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆՈւՄ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍ (COVID-19)» ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈւՄ ԳՈՐԾԱԶՈւՐԿՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈւՄ ԳՈՐԾԱՏՈւԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈւՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈւՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՅՈւՋԵՈւՄ ԵԿԱՄՈւՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում գործազուրկներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում: Այն կիրականացվի Զբաղվածության կարգավորման 2020 թվականի պետական ծրագրին հատկացված բյուջեի շրջանակներում՝ ծրագրային վերաբաշխումների միջոցով։
Հարկ է նշել, որ հաշվի առնելով ծրագրի այն պայմանը, որ գործատուի և աշխատողի միջև աշխատանքային հարաբերությունները պետք է շարունակվեն առնվազն մեկ տարի, անգամ աշխատողին նվազագույն ամսական աշխատավարձ վճարելու պարագայում, յուրաքանչյուր ծրագրի համար ծախսված 250.0 հազ. դրամի առնվազն 243 732 դրամը հետ է վերադարձվելու ՀՀ պետական բյուջե եկամտային հարկի տեսքով: