ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2013 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)78-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ վարչական դատարանը պարտավոր է հայցադիմումն ստանալու օրվանից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, վարույթ ընդունել Օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն հայցադիմումը վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու կամ այն վերահասցեագրելու հիմքերը։ Հայցադիմումի վերադարձման և դրա ընդունումը մերժելու օրենսդրական հիմքերի ուսումնասիրությունից բխում է, որ դրանցով առկա չեն հայցադիմումի բովանդակության և հիմնավորվածության վերաբերյալ պահանջներ, այլ բավարար է հայցադիմումի ձևի նկատմամբ կիրառելի նվազագույն պայմանների բավարարումը։
Համաձայն Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցի[1] վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ հետևյալ 4 դեպքերի.
1) վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.
2) վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ՝ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է՝ ելնելով հանրային շահերից.
3) վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ.
4) վիճարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ:
Վերոնշյալ դատավարական նորմերի կիրառությունը բազմաթիվ դեպքերում հանգեցնում է վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձանց կողմից իրենց իրավունքների չարաշահման՝ ի հաշիվ վարչական ակտի հասցեատիրոջ իրավունքների և օրինական շահերի, ինչպես նաև վարչարարության տնտեսավարության սկզբունքի[2] խախտման։ Մասնավորապես, համաձայն Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված տեղեկատվության՝ 2020 թվականի մարտի 13-ի դրությամբ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական դատարանում վիճարկվում է Երևան քաղաքի տարածքում ավելի քանի 125 հազար քառակուսի մետր ընդհանուր կառուցապատման մակերեսով շինարարական թույլտվություն։ Բացի դատարաններում արդեն իսկ վիճարկվող շինարարական թույլտվություններից, Հայաստանի Հանրապետության խոշոր համայքները կրում են բաց թողնված օգուտների ձևով վնասներ, քանի որ օրենսդրական խնդրի պատճառով կառուցապատման գործունեությունը որակվում է որպես ռիսկային պոտենցիալ ներդրողների կողմից։ Ըստ դատավորների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և կառուցապատմամբ զբաղվող կազմակերպությունների շրջանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կատարված հարցումների՝ նշված դատական գործերը շատ դեպքերում բաղկացած են առերևույթ անհիմն և կեղծ հայցադիմումներից, որոնցով հայցվորները չունեն օրինական շահ գործի ելքում, այլ հետապնդում են այլ, որոշ դեպքերում ոչ իրավաչափ նպատակներ։
Միևնույն ժամանակ, նշված գործերով ՀՀ վարչական դատարանի դատավորները չունեն հնարավորություն՝ ապահովելու վարչական ակտի հասցեատիրոջ գերակայող իրավունքներն ու օրինական շահերը, ինչը հատկապես խնդրահարույց է մեծ համայնքներում (ինչպիսին Երևանն է), որտեղ բնակարանների նկատմամբ պահանջարկը էականորեն գերազանցում է շուկայում դրանց առաջարկը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը մեծապես հիմնված է ռոմանոգերմանական վարչական դատավարության իրավունքի վրա։ Հարկ է նշել, որգործող Օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված դատավարական նորմի համար հիմք է ծառայել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1977 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ (77) 31 բանաձևը[3] և դրա հիման վրա ընդունված 1989 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ (89) 8 հանձնարարականը[4]։ Համաձայն հանձնարարականով առաջարկված 1-ին սկզբունքի՝ երբ վարչական ակտը վիճարկվում է դատարանում և դեռևս առկա չէ գործը ըստ էության լուծող որոշում, հայցվորը կարող է դիմել դատարան՝ ժամանակավոր պաշտպանության միջոցներ («les mesures de protection provisoire»)[5]կիրառելու պահանջով։ Նույն հանձնարարականի 2-րդ սկզբունքի համաձայն՝ ժամանակավոր պաշտպանության միջոցների վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պետք է հաշվի առնի բոլոր վերաբերելի գործոնները և շահերը։
Միևնույն ժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավական նորմին համարժեք կարգավորում գրեթե նույնությամբ առկա է նաև Գերմանիայի վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածում[6]։ Չնայած վերոշարադրյալին՝ հարկ է նշել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նախագծով առաջարկվող իրավահարաբերությունները կարգավորելիս ունի էական տարբերություն Գերմանիայի օրենսդրությունից։ Մասնավորապես, Գերմանիայի վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ վարչական ակտի կատարման կասեցման պահանջը չի կիրառվում այն դեպքերում, երբ վարչական ակտը կայացրած վարչական մարմինը հիմնավորել է դրա անհապաղ կատարման անհրաժեշտությունը՝ հանրային շահի կամ վարչական ակտի հասցեատիրոջ գերակայող շահից ելնելով։ Նույն օրենսգրքի 80ա հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վարչական ակտը բարենպաստ է դրա հասցեատիրոջ համար, սակայն վիճարկվում է երրորդ անձի կողմից, վարչական մարմինը վարչական ակտի հասցեատիրոջ պահանջով կարող է կայացնել վարչական ակտի անհապաղ կատարման վերաբերյալ որոշում՝ հիմք ընդունելով օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը։ Ի տարբերություն Գերմանիայի վարչական դատավարության օրենսգրքի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը որպես վարչական ակտի անհապաղ կատարման հիմք չի նախատեսում դրա հասցեատիրոջ գերակայող շահը, ինչպես նաև չի սահմանում բավարար իրավական մեխանիզմներ՝ պաշտպանելու բարենպաստ վարչական ակտի հասցեատիրոջ օրինական շահերը երրորդ անձանց կողմից իրավունքների չարաշահումից։
Բացի վերոշարադրյալից, պետք է ընդգծել, որ մայրցամաքային իրավունքի զարգացած պրակտիկա ունեցող որոշ պետություններ ունեն վարչական դատավարության այլ սկզբունքներ։ Օրինակ՝ համաձայն Ֆրանսիայի վարչական դատավարության օրենսգրքի L4 հոդվածի[7]՝ բացառությամբ այդ մասին հատուկ օրենսդրական դրույթներիկամ դատական նախադեպի առկայության դեպքերի, վարչական գործերով հայցադիմումները չեն կասեցնում վարչական ակտերի կատարումը[8]:
Ռումինիայիվարչական դատավարության օրենսգրքի 14-րդ և 15-րդ հոդվածները[9] նախատեսում են դատարանի կողմից վարչական ակտերի կատարման կասեցման հնարավորություն շահագրգիռ անձի կողմից դատարան ներկայացվողմիջնորդության հիման վրա։
Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ նախագծով առաջարկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը լրացնել 1.1 մասով, որով կնախատեսվի, որ վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտը երրորդ անձի կողմից բողոքարկվելու դեպքում այդ վարչական ակտի կատարումը կասեցնելուօրենսդրական պահանջը չի կիրառվում, այլ կիրառվում են Օրենսգրքով նախատեսված հայցի ապահովման ընդհանուր կանոնները։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վարչական դատավարության մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պատշաճ և հավասարակշռված պաշտպանության արդյունավետ մեխանիզմի ներդրում երրորդ անձանց կողմից հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտերի վերաբերյալ վիճարկման հայցերի ներկայացման դեպքերում։
Առաջարկվող կարգավորման ընդունմամբ կներդրվի Հայաստանի Հանրապետության վարչական դատարանների կողմից վիճարկման հայցերով հայցի ապահովման ճկուն և նպատակային միջոցների կիրառման հնարավորություն, ինչը կհանգեցնի անձանց իրավունքներ առավել արդյունավետ իրացման։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։
[1]Համաձայն Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները): Միաժամանակ, համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի բ) ենթակետի՝ միջամտող է այն վարչական ակտը, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը։
[2] «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված։
[3]https://www.coe.int/en/web/cdcj/recommendations-resolutions-guidelines
[4]https://rm.coe.int/16804f288f
[5] Հանձնարարականի 3-րդ սկզբունքի համաձայն՝ ժամանակավոր պաշտպանության միջոցները ներառում են վարչական ակտի կատարման մասնակի կամ ամբողջական կասեցումը, վարչական մարմնի վրա պարտավորություններ դնելը և այլն։
[6]https://germanlawarchive.iuscomp.org/?p=292#80
[7]https://www.legifrance.gouv.fr/affichCodeArticle.do;jsessionid=900FC6946AB9D8015E48F532A3BBDE07.tplgfr24s_3?idArticle=LEGIARTI000006449158&cidTexte=LEGITEXT000006070933&dateTexte=20200325
[8]Ինչ վերաբերում է շինարարական թույլտվություններիմասնավոր դեպքին, Ֆրանսիայի վարչական դատավարության օրենսգրքի R811-1-1 հոդվածի[8] համաձայն՝ Ֆրանսիայի մեծ համայնքներում բնակելի շենքերի շինարարական թույլտվությունների վերաբերյալ հայցադիմումներով առաջին և վերջին ատյանի դատարանը հանդիսանում է վարչական տրիբունալը։
[9]http://www.crj.ro/userfiles/editor/files/LEGE%20nr%20554_ENG.pdf
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում: