Սամվել Ջաբաղյան
14.04.2020
Զարմանալի է, թե ինչու է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում կատարվող փոփոխությունը նախաձեռնել ոչ թե Արդարադատության նախարարությունը (որի խնդիրներից է օրենսդրության կատարելագործումը, այդ թվում՝ դատավարական օրենսգրքերի փոփոխությունները, վերջինիս մասնագիտական և ոլորտային տիրույթում է, ի տարբերություն Էկոնոմիկայի նախարարության, տիրապետում է նման կարևորագույն փոփոխությունների համար անհրաժեշտ համապատասխան իրավական-մասնագիտական քննարկումներ նախաձեռնելու և խնդրին համակողմանի մոտենալու համար համապատասխան մասնագիտական ռեսուրսի), այլ ՀՀ տնտեսական զարգացման քաղաքականությունը մշակող մարմինը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ սույն նախաձեռնության անհրաժեշտությունն առաջացել է շինարարության թույլտվությունների վիճարկման արդյունքում կառուցապատման ոլորտում ներդրումային միջավայրի խաթարումը վերացնելու, խոշոր համայքների բաց թողնված օգուտների ձևով կրվող վնասները բացառելու համար: Եթե իսկապես նպատակը դա է, ապա հարց է առաջանում, թե ինչու կոնկրետ շինարարության թույլտվությունների հետ կապված լուծումներ փնտրելու փոխարեն (օրինակ շինարարության թույլտվությունների վիճարկման վերաբերյալ վարույթների տևողության սահմանափակում, արագացված դատաքննության կիրառում) փորձ է արվում առհասարակ բոլոր վարչական մարմինների «բարենպաստ» վարչական ակտերի վիճարկման «հարցերը լուծել»: Որպես փոփոխության հիմնավորում, նշված է. «Ըստ դատավորների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և կառուցապատմամբ զբաղվող կազմակերպությունների շրջանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կատարված հարցումների՝ նշված դատական գործերը շատ դեպքերում բաղկացած են առերևույթ անհիմն և կեղծ հայցադիմումներից, որոնցով հայցվորները չունեն օրինական շահ գործի ելքում, այլ հետապնդում են այլ, որոշ դեպքերում ոչ իրավաչափ նպատակներ»։ Հետաքրքիր է, որ Էկոնոմիկայի նախարությունը հիմք է ընդունում և որպես փաստարկ նշում է ակնհայտ շահագրգիռ անձանց՝ ՏԻՄ-ի ներկայացուցիչների և կառուցապատողների կարծիքը հայցադիմումների անհիմն լինելու վերաբերյալ. հարց է ծագում, իսկ ինչու հարցման չեն ենթարկվել բազմահազար այն քաղաքացիները, որոնց իրավունքները նույն ՏԻՄ ներկայացուցիչները և կառուցապատողները ոտնահարել են: Ընդ որում, վերջիններիս իրավունքների խախտումը ոչ թե ենթադրություն է, այլ օրինական ուժ ստացած դատական ակտերով հաստատված փաստեր, ցավոք նաև միջազգային դատական ատյանների ակտերով: Իսկ թե ինչ է «կեղծ հայցադիմումը», առնվազն անհասկանալի է. համենայն դեպս նման եզրույթ չի հանդիպել որևէ իրավական ակտում, կամ նույնիսկ իրավունքի տեսության մեջ: Հատկանշական է Էկոնոմիկայի նախարարության պնդումն այն մասին, որ նաև դատավորների շրջանում է հարցումներ կատարել և արդյունքում եզրակացրել, որ «ՀՀ վարչական դատարանի դատավորները չունեն հնարավորություն՝ ապահովելու վարչական ակտի հասցեատիրոջ գերակայող իրավունքներն ու օրինական շահերը, ինչը հատկապես խնդրահարույց է մեծ համայնքներում (ինչպիսին Երևանն է), որտեղ բնակարանների նկատմամբ պահանջարկը էականորեն գերազանցում է շուկայում դրանց առաջարկը»։ Անհիմն պնդում է, քանի որ, այսօր գործող օրենսդրությամբ գոյություն ունի բավականին գործուն մեխանիզմ. դա արագացված դատաքննության է, երբ հայցը ակնհայտ հիմնավոր է կամ ակնհայտ անհիմն: Ուղղակի անհրաժեշտ է այդ ինստիտուտը բարեխղճորեն կիրառել: Պետք է ընդամենը խորանալ խնդիրների բուն էության մեջ և վերացնել դրանց ծնող պատճառները, այլ ոչ թե փորձել շարունակել հետևանքները «շտկելու» նախկին պրակտիկան: