ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի (այսուհետ՝ հարց) սահմանումը.
<<Նոտարիատի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և <<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով նախատեսվում է լրացումներ կատարել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ քրեական օրենսգրքում, մասնավորապես՝
- Առաջարկվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակում ներառել վկայի ցուցմունքները.
- Առաջարկվում է նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառել դատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը:
- Առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար:
2.Առկա իրավիճակը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) համաձայն հաստատված ծրագրով Կառավարության կողմից նախատեսվել է մինչև 2018 թվականի ավարտն ընդլայնել իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակը՝ ներառելով վկայի ցուցմունքները՝ դրա հետ մեկտեղ քրեական պատասխանատվություն նախատեսելով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար:
<<Նոտարիատի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 81.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոտարը հաստատում է այն փաստերը, որոնցից կախված են քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը: Օրենքի 9-րդ մասում սպառիչ թվարկված են այն պահանջները, որոնց պահպանված չլինելու դեպքում նոտարը մերժում է փաստի հաստատումը։
Օրենքի 81.1-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նոտարը իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր, կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը: Նմանատիպ կարգավորում է նախատեսված նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածում, համաձայն որի՝ դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:
Ի սկզբանե Օրենքում նախատեսելով նոտարի իրավունքը հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստ, օրենսդրի նպատակն է եղել բեռնաթափել դատարաններին: Մինչդեռ առկա կարգավորումներով իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու համար անհրաժեշտ ապացույցների շարքում բացակայում է վկայի ցուցմունքը, որը կարող է գործով կարևոր ապացուցողական նշանակություն ունենալ: Ինչի արդյունքում նոտարը իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործերով զրկված է որպես ապացույց ընդունել նաև վկայի ցուցմունքը:
Հաշվի առնելով վերոշարադրյալը, անհրաժեշտություն է առաջացել իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակը ընդլայնել ներառելով նաև վկայի ցուցմունքը, ինչպես նաև առաջարկվում է նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառել դատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը:
- Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունմամբ ընդլայնվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակը՝ ներառելով վկայի ցուցմունքը, նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառվում է դատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը և քրեական պատասխանատվություն է սահմանվում նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար:
4.Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
<<Նոտարիատի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և <<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում: