ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
------------------- 2019 թվականի N - Լ
ԱՇԽԱՏԱՆՔԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 1-ին կետի համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հավանություն տալ՝
- Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարությանը՝ համաձայն N 1 հավելվածի,
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող ապրիլի 15-ը` միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների նախորդ տարում ստացված և տվյալ տարվա համար ծրագրված արդյունքերի վերաբերյալ ամփոփ հաշվետվությունը տեղադրել նախարարության պաշտոնական կայքէջում:
Հավելված N1
ՀՀ կառավարության 2019 թվականի
--------------- --- ի N --Լ որոշման
ԱՇԽԱՏԱՆՔԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
I.ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն) մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 1-ին կետի: Ռազմավարությունն ուղղված է քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական վիճակի բարելավմանը, սոցիալական իրավունքների լիարժեք և արդյունավետ իրացմանը՝ հիմնված հավասար հնարավորությունների և աշխատանքի քաջալերման սկզբունքի վրա։
Սույն փաստաթղթի համար հիմք է ծառայում մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հիմնական երաշխիք հանդիսացող երկրի մայր օրենքը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը (ուժի մեջ է մտել 22.12.2015թ.)։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն: Սոցիալական պետության հիմնական գործառույթները սոցիալական պաշտպանվածության և մարդկանց բարեկեցության օրենսդրական երաշխիքների ապահովումն է, սոցիալական պաշտպանության ինստիտուցիոնալ համակարգերի ստեղծումը և դրանց բնականոն գործունեության, կենսապահովման նվազագույն պայմանների, մարդու զարգացման ապահովումը, սոցիալական ռիսկերի կառավարումը, սահմանադրական երաշխիքների անշրջելիության ապահովումը և այլն: Նշված երաշխիքներն իրացվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ գլխում, որով սահմանվել են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները և մասնավորապես 29-րդ, 83-րդ, 84-րդ, 86-րդ և 87-րդ հոդվածներն անդրադառնում են մարդու և քաղաքացու սոցիալական պաշտպանվածության հիմնական երաշխիքներին: Ռազմավարության մշակման հիմնական ուղենիշը Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրն է (ՀՀ կառավարության 08.02.2019թ. N65-Ա որոշմամբ հավանության արժանացած)՝ իրավիճակի, մարտահրավերների, և հնարավորությունների լայնածավալ վերանայման հիման վրա:
Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (08.02.2019թ. N 65-Ա) դրույթները գործնական քաղաքականություն դառնալու համար անհրաժեշտ է նոր ռազմավարություն, որը կհամապատասխանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի մարտահրավերներին, կսահմանի քաղաքականության գերակայությունները, առաջնահերթ ուղղությունները և հիմք կծառայի պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության ինստիտուտների համար՝ մինչև 2023 թվականը ծայրահեղ աղքատությունը վերացնելու և աղքատությունը էապես նվազեցնելու վերաբերյալ կառավարության նպատակադրության իրականացման հստակ միջոցառումների մշակման գործում:
Ռազմավարությունը մշակվել է՝ հաշվի առնելով նաև 2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտած «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները, բաղկացած 169 թիրախներից, որոնք ընդունվել են աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015թ. սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարական հիմնական նպատակներն են.
սոցիալական իրավունքների իրացում և սոցիալական նվազագույն երաշխիքների ապահովում, այդ թվում՝ կենսաթոշակի իրավունքի ապահովում, աշխատանքային իրավունքների և ազատությունների պետական երաշխիքների սահմանում, աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծման նպաստում, աշխատողների և գործատուների իրավունքների ու շահերի պաշտպանություն
- քաղաքացիների սոցիալական վիճակի և կենսամակարդակի բարելավում, այդ թվում՝ աշխատաշուկայում գործազրկության կրճատման, զբաղվածության աճի և բնակչության կայուն և ժամանակավոր զբաղվածության ապահովում, սոցիալական աջակցության համակարգի որակական բարեփոխում՝ քաղաքացիների և ընտանիքների կարիքների գնահատման, կայուն եկամտի աղբյուրների ձևավորման, համալիր աջակցության, նախաձեռնողականության և ինքնաիրացման խրախուսման միջոցով
- տարբեր խմբերի հավասար հնարավորությունների ապահովում և սոցիալական ներառում, այդ թվում՝ արժանապատիվ ծերացմանն ուղղված քաղաքականության մշակում և իրականացում, գենդերային հավասարություն և բռնության կանխարգելում, երեխաների իրավունքների ու շահերի արդյունավետ պաշտպանության քաղաքականության մշակում ու իրականացում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության, սոցիալական ներառմանն ուղղված քաղաքականության մշակում և իրականացում
- սոցիալական պաշտպանության ոլորտի կառուցվածքային բարեփոխումների միջոցով քաղաքացիների սոցիալական իրավունքների ապահովման ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծում, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, մատուցվող սոցիալական պաշտպանության ծառայությունների բարելավում, ինչպես նաև ծառայություն մատուցող գերատեսչություններում վերլուծական՝ մոնիթորինգի և գնահատման գործառույթների ուժեղացում, ծառայությունների թվայնացում
- աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտի գործառույթների արդյունավետության բարձրացման նպատակով թվայնացման ու տեղեկատվական համակարգերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ քայլերի իրականացում
- ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված քաղաքականության մշակում և իրականացում, աջակցություն բազմազավակ, երիտասարդ, գյուղաբնակ և այլ խմբերին պատկանող ընտանիքներին՝ թիրախային ծրագրերի մշակման և իրականացման միջոցով:
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարական հիմնական սկզբունքներն են.
- Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարական հիմնական սկզբունքը իրավունքահենք լինելն է, ինչը նշանակում է, որ մշակվող և իրականացվող քաղաքականությունների կենտրոնում մարդու իրավունքներն են և առաջարկվող լուծումներն ու կարգավորումները ելնում են իրավունքների իրացման առաջնահերթությունից։
Սոցիալական քաղաքականության զարգացումները պետք է հիմնվեն նաև այն սկզբունքների վրա, որոնք ուղղակիորեն որոշում են դրա արդյունավետությունը:
Դրանցից առավել կարևորներն են.
- Սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության սկզբունք. այս սկզբունքը պահանջում է սոցիալական արդարության սկզբունքների և տնտեսական արդյունավետության պահանջների համադրում:
- Սոցիալական պաշտպանության և ինքնապաշտպանության, օգնության և ինքնօգնության միասնության սկզբունք. սոցիալական պաշտպանության ցանկացած ձև չի կարող բավարարել մարդու սոցիալական պահանջմունքները, եթե այն չի հենվում այդ օգնության կարիքն ունեցող անձի ակտիվության վրա: Հակառակ դեպքում սոցիալական ծառայության տվյալ տեսակը ստացողը մշտապես գտնվում է կախվածության մեջ կամ այլ կերպ` առաջանում է սոցիալական խնամառություն:
- Ապակենտրոնացման սկզբունք. այն սոցիալական խնդիրները, որոնք կարելի է լուծել կազմակերպական տեղական մակարդակում պետք է չբարձրանան ավելի բարձր կազմակերպական մակարդակ: Ըստ էության սա բերում է անհատների, սոցիալական խմբերի, հասարակական կազմակերպությունների և իշխանության մարմինների գործունեության ինքնուրույնության, մի սկզբունք, որն օրգանապես առնչվում է նախորդ սկզբունքի հետ: Համաձայն այս սկզբունքի սոցիալական խնդիրների լուծման նախապընտրելի ձևը հասարակական կազմակերպությունների և համայնքների հետ համագործակցային եղանակն է:
- Սոցիալական նոր առաջնահերթությունների և կողմնորոշիչների որոնման անհրաժեշտություն. հիմնական պահանջմունքների` ֆիզիկական անձի կեցության համար անհրաժեշտ պայմանների (սնունդ, հագուստ, կացարան, բուժօգնություն, հիմնական ընդհանուր կրթություն, բնակարանային կոմունալ ծառայություններ) կարևորությանը զուգահեռ, սոցիալական քաղաքականությունը չի կարող սահամանափակվել, առավել ևս սպառվել, միայն դրանց բավարարմամբ: Ոչ նյութական պահանջմունքները` արդարություն, ճշմարտություն, մարդու և հանրության զարգացման համար առաջնահերթ կարևորություն ունեն: Վերջիններիս ապահովման անբավարար մակարդակը հանրային բացասական գործընթացների պատճառներից մեկն է, որը կարող է հանգեցնել սոցիալական ոլորտի ապամարդկային դառնալուն:
Այլ կարևոր սկզբունքներն են՝
- Կարիքի վրա հիմնված աջակցություն և աջակցության բազմազանություն
- Փոխհատվելիություն՝ անհավասարության բազմակի առանցքների փոխհարաբերումը
- Զրկանքների (որպես մարդու իրավունքների ոտնահարում) կառուցվածքային պատճառների ճանաչում և վերհանում
- Ապրանքների և ծառայությունների արդար բաշխում և բաշխման արդյունավետություն
- «Հնարավորությունների հավասարությունը» և արդյունքների հավասարությունը կենտրոնական գաղափար
- Ճանաչվածություն – ներկայացվածություն - վերաբաշխում մոդել
- Տեղեկատվության ապահովում և տեղեկատվության հավասար հասանելիություն
- Փոխվստահություն, մասնակցայնություն և համագործակցություն
- Սոցիալական համերաշխություն և սոցիալական համախմբվածություն
- Սոցիալական գործընկերություն: