<<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ
20.09.2019
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունն, ուսումնասիրելով «Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարությանը հավանություն տալու» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը, ներկայացնում է հետեւյալ նկատառումներն ու առաջարկությունները․ 1. Վերանայել նշված ռազմավարության առաջին պարբերության երկրորդ նախադասության մեջ կիրառվող «քաղաքացիներ» հասկացությունը փոխարինել «յուրաքանչյուր անձի» բառակապակցությամբ։ 2. Գլուխ 4-ում որպես գերակա ուղղություն դիտարկել միգրացիան, քանի որ ՀՀ-ում մեծ են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միգրացիոն ծավալները։ Միգրացիան երկրի ժողովրդագրության եւ աշխատաշուկայի վրա ուղղակիորեն ազդող գործոն է եւ հետեւաբար պետք է դիտարկվի որպես վերոնշյալ ռազմավարության գերակայություն։ 3․Գերակայություն 3-ում՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված առաջնահերթությունների համատեքստում դիտարկել նաեւ քաղաքային բնակավայրերում ծնելիության աճի խթանմանը եւ մահացությունների կրճատմանն ուղղված գործողությունների կարեւորությունը, քանի որ նշված առաջնահերթություններում շեշտադրված է միայն գյուղական բնակավայրերում այդ ուղղությամբ նախատեսվող գործողությունների կարեւորությունը։ 4․ Վերանայել Գերակայություն 5․3-ի վերնագիրը՝ վերաձեւակերպելով իրավունքահեն մոտեցման համատեքստում, օրինակ՝ «Տարեցների իրավունքների պաշտպանություն, ակտիվ ու առողջ ծերացում»։ Վերը նշված գերակայության շրջանակներում տարեցների համար նախատեսվող ծառայությունների համառոտ նկարագրերի հատվածը փոխարինել տարեցների իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականության ընդհանուր դրույթներով․ նշված նկարագրերն արդեն իսկ արտացոլված են «Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների, ապաինստիտուցիոնալացման եւ այլընտրանքային, համայնքային ծառայությունների ներդրման ու զարգացման ռազմավարության» նախագծում կամ կարող են արտացոլվել նշված ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրում։ 5․ Վերանայել վերոնշյալ ռազմավարության մեջ շարադրված հետեւյալ ձեւակերպումը՝ «Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում (այսուհետ` ՀՍԾՏԿ) տեղակայվում են սոցիալական աջակցության, սոցիալական ապահովության, զբաղվածության տարածքային մարմինները և բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովները, որոնք թեև պետք է գործեին են մեկ պատուհանի սկզբունքով: Թեև ծառայությունները տրամադրվում են մեկ վայրում, սակայն միաժամանակ գործում են չորս տաբեր ծառայություններ և մեկ պատուհանի սկզբունքը չի պահպանվել»: Առաջին նախադասության միտքն առկախ է, իսկ երկրորդ նախադասության ձեւակերպումը կարող է տարընկալման հիմք հանդիսանալ, ուստի առաջարկվում է կիրառել հետեւյալ ձեւակերպումը․ Թեև ծառայությունները տրամադրվում են մեկ վայրում, սակայն միաժամանակ գործող չորս ծառայությունները տրամադրվում են առանձին-առանձին, իրարից անկախ՝ չպահպանելով ինտեգրման գաղափարն ու դրանից բխող մեկ պատուհանի սկզբունքը։ 6․ Վերանայել եւ վերաձեւակերպել աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարական հիմնական սկզբունքների շրջանակներում ներկայացվող այլ կարեւոր սկզբունքները՝ փոխհատվելիություն՝ անհավասարության բազմակի առանցքների փոխհարաբերումը, «հնարավորությունների հավասարությունը» և արդյունքների հավասարությունը կենտրոնական գաղափար, ճանաչվածություն – ներկայացվածություն - վերաբաշխում մոդել։ 7․ Խմբագրել նշված ռազմավարության ողջ տեքստը՝ վերանայելով ուղղագրությունն ու կետադրությունը, մասնագիտական լեզուն, օրինակ՝ տեքստում օգտագործված է «սնուցման ոլորտ» ձեւակերպումը, որը ենթադրաբար վերաբերում է պարենային ապահովմանը։