Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» OՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.            Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, կարգավորման նպատակը և բնույթը.

Աշխատանքային հարաբերությունների ճկուն և սոցիալապես պաշտպանված կարգավորումներ ներդնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետև՝ Նախագիծ), որը նպատակ ունի ապահովել աշխատողների աշխատանքի և ընտանեկան պարտականությունների արդյունավետ համատեղումը, ինչպես նաև ներդնել աշխատանքի կազմակերպման ժամանակակից գործիքներ։

Նախագիծը նախատեսում է՝

·         սահմանել «ծնողական ժամ» եզրույթը՝ մինչև տասներկու տարեկան երեխա ունեցող աշխատողների համար,

·         օրենսդրորեն ամրագրել ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառման հնարավորությունը՝ աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ։

Փոփոխությունները միտված են բարձրացնելու աշխատողների սոցիալական պաշտպանությունը և աշխատանքի արդյունավետությունը։

Ծնողական ժամի վերաբերյալ

Գործող օրենսդրությամբ հատուկ կարգավորում նախատեսված չէ այն դեպքերի համար, երբ աշխատող ծնողը պարտավոր է ամենօրյա ռեժիմով ապահովել երեխայի տեղափոխումը նախադպրոցական կամ հանրակրթական հաստատություն։ Գործնականում այն հաճախ առաջացնում է աշխատանքից ուշացումներ,  աշխատանքային և ընտանեկան պարտականությունների անհամատեղելիություն, հատկապես բազմազավակ ընտանիքների համար։

 

Ծնողական ժամի իրավունքի սահմանումը թույլ կտա օրենսդրորեն կարգավորել այդ հարաբերությունները, նվազեցնել աշխատողի և գործատուի միջև հնարավոր հակասությունները և ապահովել ընտանիքի սոցիալական պաշտպանության բարձր մակարդակ։

Ճկուն աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ

Ժամանակակից աշխատանքի շուկան պահանջում է աշխատանքի կազմակերպման ավելի ճկուն մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս հաշվի առնել ինչպես կազմակերպության արտադրական շահերը, այնպես էլ աշխատողի անհատական կարիքները։ Գործնականում բազմաթիվ կազմակերպություններ արդեն կիրառում են ճկուն աշխատանքային գրաֆիկներ, սակայն դրանց կիրառումը միշտ չէ, որ ունի հստակ օրենսդրական ձևակերպում, ինչը կարող է առաջացնել իրավական անորոշություն և վեճեր։

Ճկուն աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ առանձին հոդվածի ամրագրումը անհրաժեշտ է՝

·         օրենսդրորեն ճանաչելու աշխատաժամանակի ճկուն կազմակերպման հնարավորությունը,

·         հստակեցնելու, որ այն կարող է սահմանվել կողմերի գրավոր համաձայնությամբ,

·         ապահովելու, որ ճկունությունը չի խախտում աշխատաժամանակի սահմանված նորմերը, հանգստի իրավունքը և աշխատողների մյուս երաշխիքները,

·         խթանելու աշխատանքի արդյունավետության բարձրացումը և ժամանակակից կառավարման մեթոդների ներդրումը։

 

2.            Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

 

3.            Ակնկալվող արդյունք.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝

·                     աշխատողների սոցիալական երաշխիքների ընդլայնում և աշխատանքի ու ընտանեկան կյանքի հավասարակշռության բարելավում,

·                     աշխատավայրերում ուշացումների և կարգապահական վեճերի նվազում,

·                     ճկուն աշխատանքային գրաֆիկի կազմակերպման իրավական հիմքերի հստակեցում,

·                     գործատուների համար աշխատանքի կազմակերպման առավել արդյունավետ գործիքների ստեղծում,

·                     երեխաներ ունեցող աշխատողների սոցիալական պաշտպանության ուժեղացում։

Երկարաժամկետ հեռանկարում փոփոխությունները կարող են նպաստել աշխատուժի արտադրողականության աճին, սոցիալական կայունությանը, ընտանիքի ինստիտուտի ամրապնդմանը և ժողովրդագրական քաղաքականության իրականացմանը։

 

4.            Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է։

Նախագծերի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։

 

5.            Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.   

Նախագիծը որոշակիորեն բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարության 4-րդ մեգանպատակից՝ «Ստեղծենք անհրաժեշտ բոլոր պայմաններն առողջ ապրելակերպի, առողջության պահպանման, վերականգնման և արդյունավետ աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև ապահովենք պետական ամբողջական և լիարժեք հոգածություն երեխաների և անաշխատունակ խմբերի նկատմամբ:»։

Նախագիծը բխում է նաև ՀՀ կառավարության 17.10.2024 N 1641-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությունից. Մասնավորապես, «Ռազմավարական նպատակ 1»-ից, այն է՝ «Ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը։»։

  • Обсуждалось

    01.04.2026 - 17.04.2026

  • Тип

    Закон

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5523

Принт

Предложения

Աննա Աղայան

16.04.2026

Նախ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նման նախագծի համար, որը շատ կարևոր է մեզ`մայրերիս համար։

Մի քանի առաջարկ կուզեմ կատարել։ Շատ կխնդրեի 12տարեկանի շեմը հնարավորության դեպքում գոնե մինչև 14տարեկան բարձրացնել ու հատկացվող ժամանակը մնա ծնողի հայեցողությանը` օգտագործել առավոտյան, թե աշխատանքի ավարտին։ Իսկ առհասարակ իմ խնդրանքը և առաջարկը հետևյալն է։ Հնարավորության դեպքում դիտարկել աշխատող մայրերի աշխատաժամանակի կրճատումը։ Ես` լինելով 3 երեխաների մայր, ֆիզիկապես դժվարանում եմ աշխատել 8ժամյա գրաֆիկով, վարել կենցաղ ու երեխաների կրթությանը ու դաստիարակությանը պատշաճ ուշադրություն դարձնել։ Հայաստանում ընտանիքի բարօրության հոգսը հայ կնոջ վրա է, իսկ հայ մայրը իր ներդրումն ունենալով պետության տնտեսության հարցում իր հարկը վճարելով` գոնե պետությունը ինչ որ ձևով ընդառաջի հայ աշխատող մայրերին։ Հնարավորության դեպքում խնդրում եմ դիտարկել։

Կատարել եմ հետևյալ ուսումնասիրությունը։ Եվրոպական մի շարք պետություններ` Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Գերմանիան, Շվեդիան փորձարկում են նախագծեր, որտեղ շեշտը դրվել է շաբաթական 30֊32 ժամ` այսինքն 6ժամյա գրաֆիկ։ Եվ փորձերը ցույց են տվել, որ աշխատողների արտադրողականությունը բավական աճել է, իսկ հոգնածությունը` նվազել։ Ներկայիս իշխանությունը բավական բարեփոխումներ է կատարել երկրի տարբեր ոլորտներում։ Խնդրում եմ թեթևացնել հայ մայրերի 'լուծը', չէ՞ որ իրենցից է կախված առողջ ու կիրթ սերունդ ունենալը։ Ու խնդրում եմ ցանկացած որոշում որ ընդունվի կառավարության կողմից, լինի օրենքով կարգավորվող, այլ չմնա գործատուի հայեցողությանը։

Համոզված եմ` կառավարությունը ինչ որոշում էլ կայացնի, կլինի հօգուտ հայ մայրերի ու Հայաստանի բարօրության։

Շնորհակալություն։

«Կետ 33» հասարակական կազմակերպություն

16.04.2026

➠Առաջարկում ենք սահմանել ծնողական ժամերը ամսվա կտրվածքով կուտակելու և դրանք գումարային օգտագործելու իրավունք (Հոդված 142.1.)։


վերջին տարիներին աշխատող ծնողները բարձրաձայնում են, որ հաճախ դժվարություններ են ունենում հարմարեցնելու իրենց աշխատանքային ժամերը պետական մանկապարտեզների աշխատանքային ժամերի հետ։ Մասնավորապես, սովորաբար, ծնողի համար աշխատանքային օրվա ավարտը սահմանվում է ժամը 18:00-ն, իսկ պետական նախակրթական հասատատությունների աշխատանքային ժամն ավարտվում է 17:30-ին։

Հետևաբար, 30 րոպեն բավարար չէ ծնողական ժամի իրավունքը պրակտիկայում իրացնելու համար, քանի որ, օրինակ, 17:30-ին աշխատավայրից դուրս գալն ու նույն ժամին մանկապարտեզում լինելը տրամաբանորեն և ֆիզիկակապես հնարավոր չէ։

Խնդիրը որոշակիորեն կարող է լուծել չօգտագործված 30 րոպեները կուտակելու և գումարային կերպով օգտագործելու հնարավորությունը։ Օրինակ, երկու ծնողը կարող են հերթափոխով կազմակերպել երեխային մանկապարտեզից վերցնելը և յուրաքանչյուրը օրական կունենա ոչ թե մինչև 30 րոպե այլ ավելի քան 30 րոպե ծնողական ժամ (ամսական յուրաքանչյուրը՝ 5-6 ժամ)։

«Կետ 33» հասարակական կազմակերպություն

16.04.2026

➠Առաջարկում ենք սահմանել, որ մինչև 14 տարեկան երեխային միայնակ խնամող (ծնող, երեխա որդեգրած անձ, խնամատար ծնող, խնամակալ) աշխատողն իրավունքի ունի օրական նվազագույնը 1 ժամ ծնողական ժամի իրավունք (Հոդված 142.1.)։


Վերջին մարդահամարի տվյալներով՝ շուրջ 69 հազար մինչև 14 տարեկան երեխա մեկ ծնողի խնամքի տակ է մեծանում։ Սակայն աշխատանքային օրենսդրության մեջ միայնակ երեխա խնամող անձինք գրեթե բացակայում են, մինչդեռ ընտանիք-աշխատանք համատեղման խնդիրները առավել սուր են դրված այս անձանց առջև։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: