Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» OՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.            Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, կարգավորման նպատակը և բնույթը.

Աշխատանքային հարաբերությունների ճկուն և սոցիալապես պաշտպանված կարգավորումներ ներդնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետև՝ Նախագիծ), որը նպատակ ունի ապահովել աշխատողների աշխատանքի և ընտանեկան պարտականությունների արդյունավետ համատեղումը, ինչպես նաև ներդնել աշխատանքի կազմակերպման ժամանակակից գործիքներ։

Նախագիծը նախատեսում է՝

·         սահմանել «ծնողական ժամ» եզրույթը՝ մինչև տասներկու տարեկան երեխա ունեցող աշխատողների համար,

·         օրենսդրորեն ամրագրել ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառման հնարավորությունը՝ աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ։

Փոփոխությունները միտված են բարձրացնելու աշխատողների սոցիալական պաշտպանությունը և աշխատանքի արդյունավետությունը։

Ծնողական ժամի վերաբերյալ

Գործող օրենսդրությամբ հատուկ կարգավորում նախատեսված չէ այն դեպքերի համար, երբ աշխատող ծնողը պարտավոր է ամենօրյա ռեժիմով ապահովել երեխայի տեղափոխումը նախադպրոցական կամ հանրակրթական հաստատություն։ Գործնականում այն հաճախ առաջացնում է աշխատանքից ուշացումներ,  աշխատանքային և ընտանեկան պարտականությունների անհամատեղելիություն, հատկապես բազմազավակ ընտանիքների համար։

 

Ծնողական ժամի իրավունքի սահմանումը թույլ կտա օրենսդրորեն կարգավորել այդ հարաբերությունները, նվազեցնել աշխատողի և գործատուի միջև հնարավոր հակասությունները և ապահովել ընտանիքի սոցիալական պաշտպանության բարձր մակարդակ։

Ճկուն աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ

Ժամանակակից աշխատանքի շուկան պահանջում է աշխատանքի կազմակերպման ավելի ճկուն մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս հաշվի առնել ինչպես կազմակերպության արտադրական շահերը, այնպես էլ աշխատողի անհատական կարիքները։ Գործնականում բազմաթիվ կազմակերպություններ արդեն կիրառում են ճկուն աշխատանքային գրաֆիկներ, սակայն դրանց կիրառումը միշտ չէ, որ ունի հստակ օրենսդրական ձևակերպում, ինչը կարող է առաջացնել իրավական անորոշություն և վեճեր։

Ճկուն աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ առանձին հոդվածի ամրագրումը անհրաժեշտ է՝

·         օրենսդրորեն ճանաչելու աշխատաժամանակի ճկուն կազմակերպման հնարավորությունը,

·         հստակեցնելու, որ այն կարող է սահմանվել կողմերի գրավոր համաձայնությամբ,

·         ապահովելու, որ ճկունությունը չի խախտում աշխատաժամանակի սահմանված նորմերը, հանգստի իրավունքը և աշխատողների մյուս երաշխիքները,

·         խթանելու աշխատանքի արդյունավետության բարձրացումը և ժամանակակից կառավարման մեթոդների ներդրումը։

 

2.            Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

 

3.            Ակնկալվող արդյունք.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝

·                     աշխատողների սոցիալական երաշխիքների ընդլայնում և աշխատանքի ու ընտանեկան կյանքի հավասարակշռության բարելավում,

·                     աշխատավայրերում ուշացումների և կարգապահական վեճերի նվազում,

·                     ճկուն աշխատանքային գրաֆիկի կազմակերպման իրավական հիմքերի հստակեցում,

·                     գործատուների համար աշխատանքի կազմակերպման առավել արդյունավետ գործիքների ստեղծում,

·                     երեխաներ ունեցող աշխատողների սոցիալական պաշտպանության ուժեղացում։

Երկարաժամկետ հեռանկարում փոփոխությունները կարող են նպաստել աշխատուժի արտադրողականության աճին, սոցիալական կայունությանը, ընտանիքի ինստիտուտի ամրապնդմանը և ժողովրդագրական քաղաքականության իրականացմանը։

 

4.            Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է։

Նախագծերի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։

 

5.            Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.   

Նախագիծը որոշակիորեն բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարության 4-րդ մեգանպատակից՝ «Ստեղծենք անհրաժեշտ բոլոր պայմաններն առողջ ապրելակերպի, առողջության պահպանման, վերականգնման և արդյունավետ աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև ապահովենք պետական ամբողջական և լիարժեք հոգածություն երեխաների և անաշխատունակ խմբերի նկատմամբ:»։

Նախագիծը բխում է նաև ՀՀ կառավարության 17.10.2024 N 1641-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությունից. Մասնավորապես, «Ռազմավարական նպատակ 1»-ից, այն է՝ «Ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը։»։

  • Քննարկվել է

    01.04.2026 - 17.04.2026

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7620

Տպել

Առաջարկներ`

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

17.04.2026

Հոդված 142.1. մասով առաջարկում ենք անկախ ընտանիքում երեխաների քանակից սահմանվի մինչև 30 րոպե բացակայության հնարավորություն, որը գործատուի տեսանկյունից հնարավոր զսպելի ռիսկ է: Ունենալ կագավորում, որ փոփոխությունը նախատեսվում է միայն ամբողջական դրույքով աշխատող աշխատակիցների համար/կամ նվազ չափով` ոչ ամբողջական դրույքով աշխատող աշխատակիցների համար: Նախատեսել իրավական հետևանքներ նշված իրավունքի ոչ նպատակային կիրառման համար:

Հոդված 142.2. առաջարկում ենք լրացնել 2 հետևյալ մասերով.

3. Այն դեպքերում, երբ ճկուն աշխատանքային գրաֆիկի շրջանակում աշխատողի աշխատանքային ժամերը ամբողջությամբ կամ մասնակիորեն համընկնում են օրենքով սահմանված տոնական և ոչ աշխատանքային օրերի կամ ժամերի հետ, ինչպես նաև գիշերային ժամերի հետ, այդպիսի ժամերը չեն համարվում համապատասխանաբար տոնական, ոչ աշխատանքային կամ գիշերային՝ տվյալ աշխատողի համար և չեն հանգեցնում համապատասխան հավելավճարների կամ փոխհատուցումների կիրառման, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի գրավոր համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով։

4. Ճկուն աշխատանքային գրաֆիկի պայմաններում աշխատանքը չի համարվում արտաժամյա, եթե այն իրականացվում է կողմերի կողմից նախապես համաձայնեցված աշխատանքային ժամանակացույցի շրջանակում՝ նույնիսկ այն դեպքում, երբ աշխատանքը կատարվում է ընդհանուր ընդունված աշխատանքային ժամերից դուրս, պայմանով, որ պահպանվել են սույն հոդվածի 1-ին մասով նշված հոդվածների կարգավորումները։ Հարգանքով` Ամերիաբանկ

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

16.04.2026

Խնդրում եմ դիտարկել խնամքի տակ մինչև 2 տարեկան (մինչև մանկապարտեզ հաճախելու տարիք) երեխա ունեցող ծնողներին հնարավորություն տալ, հեռավար աշխատելու իրավունքը իրացնել առանց հատուկ նախապայմանների: Այսինքն, եթե աշխատանքի բնույթը համատեղելի է հեռավար կատարելու հետ, ապա ծնողին օրենքով սահմանված կարգով, ոչ թե տնօրենի հայեցողությամբ թույլատրվի աշխատել հեռավար կարգով: Այդպիսով ծնողը կկարողանա համտեղել երեխայի խնամքը և երեխայի կարիքները հոգալու համար միջոցներ վաստակելը:

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

14.04.2026

Խնդրում ենք վերանայել 12 տարեկան շեմը։ 3 մանկահասակ երեխա ունցողը 12տարեկան 3րդ երեխային չի կարող մեծ համարելով փոքրերին պարտեզ կամ դպրոց ճանապարհելը թողնի 12տարեկանի։ Իսկ այդ 12տարեկան շեմը կխանգարի մյուս երեխաների համար օրենքի 1 ժամից օգտվելուն

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: