Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.      2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետև՝ Օրենսգիրք) 138-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 5.1-ին կետով.

«5.1) ծնողական ժամը.»։

 

Հոդված 2.      Օրենսգրքի 142-րդ հոդվածում «ռեժիմը» բառը փոխարինել «գրաֆիկը» բառով։

 

Հոդված 3.     Օրենսգիրքը լրացնել նոր 142.1-ին հոդվածով.

«Հոդված 142.1. Ծնողական ժամ

 

1. Խնամքին  մինչև տասներկու տարեկան երեխա ունեցող  ծնողը (խնամատար ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը) իրավունք ունի օգտվելու ծնողական ժամից՝ երեխային նախադպրոցական կամ հանրակրթական հաստատություն ուղեկցելու կամ հաստատությունից վերցնելու նպատակով։

2. Ծնողական ժամը տրամադրվում է՝

1) մինչև երկու երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)՝ օրական առավելագույնը 30 րոպե

2) երեք և ավելի երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)՝ օրական առավելագույնը մեկ ժամ

3. Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա։»։

 

Հոդված 4.     Օրենսգիրքը լրացնել նոր 142.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 142.2. Ճկուն աշխատանքային գրաֆիկ

 

1.        Աշխատողի և գործատուի գրավոր համաձայնությամբ կարող է սահմանվել ճկուն աշխատանքային գրաֆիկ, որի դեպքում աշխատանքային օրվա (հերթափոխի) սկիզբը և ավարտը որոշվում է կողմերի համաձայնությամբ:

2.       Ճկուն աշխատանքային գրաֆիկ սահմանվելու պարագայում անհրաժեշտ է պահպանել աշխատաժամանակի շաբաթական տևողությունը, ինչպես նաև սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի, 152-րդ, 154-րդ և 155-րդ հոդվածների կարգավորումները։»։

 

Հոդված 5.     Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Քննարկվել է

    01.04.2026 - 17.04.2026

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7649

Տպել

Առաջարկներ`

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

17.04.2026

Հոդված 142.1. մասով առաջարկում ենք անկախ ընտանիքում երեխաների քանակից սահմանվի մինչև 30 րոպե բացակայության հնարավորություն, որը գործատուի տեսանկյունից հնարավոր զսպելի ռիսկ է: Ունենալ կագավորում, որ փոփոխությունը նախատեսվում է միայն ամբողջական դրույքով աշխատող աշխատակիցների համար/կամ նվազ չափով` ոչ ամբողջական դրույքով աշխատող աշխատակիցների համար: Նախատեսել իրավական հետևանքներ նշված իրավունքի ոչ նպատակային կիրառման համար:

Հոդված 142.2. առաջարկում ենք լրացնել 2 հետևյալ մասերով.

3. Այն դեպքերում, երբ ճկուն աշխատանքային գրաֆիկի շրջանակում աշխատողի աշխատանքային ժամերը ամբողջությամբ կամ մասնակիորեն համընկնում են օրենքով սահմանված տոնական և ոչ աշխատանքային օրերի կամ ժամերի հետ, ինչպես նաև գիշերային ժամերի հետ, այդպիսի ժամերը չեն համարվում համապատասխանաբար տոնական, ոչ աշխատանքային կամ գիշերային՝ տվյալ աշխատողի համար և չեն հանգեցնում համապատասխան հավելավճարների կամ փոխհատուցումների կիրառման, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի գրավոր համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով։

4. Ճկուն աշխատանքային գրաֆիկի պայմաններում աշխատանքը չի համարվում արտաժամյա, եթե այն իրականացվում է կողմերի կողմից նախապես համաձայնեցված աշխատանքային ժամանակացույցի շրջանակում՝ նույնիսկ այն դեպքում, երբ աշխատանքը կատարվում է ընդհանուր ընդունված աշխատանքային ժամերից դուրս, պայմանով, որ պահպանվել են սույն հոդվածի 1-ին մասով նշված հոդվածների կարգավորումները։ Հարգանքով` Ամերիաբանկ

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

16.04.2026

Խնդրում եմ դիտարկել խնամքի տակ մինչև 2 տարեկան (մինչև մանկապարտեզ հաճախելու տարիք) երեխա ունեցող ծնողներին հնարավորություն տալ, հեռավար աշխատելու իրավունքը իրացնել առանց հատուկ նախապայմանների: Այսինքն, եթե աշխատանքի բնույթը համատեղելի է հեռավար կատարելու հետ, ապա ծնողին օրենքով սահմանված կարգով, ոչ թե տնօրենի հայեցողությամբ թույլատրվի աշխատել հեռավար կարգով: Այդպիսով ծնողը կկարողանա համտեղել երեխայի խնամքը և երեխայի կարիքները հոգալու համար միջոցներ վաստակելը:

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

14.04.2026

Խնդրում ենք վերանայել 12 տարեկան շեմը։ 3 մանկահասակ երեխա ունցողը 12տարեկան 3րդ երեխային չի կարող մեծ համարելով փոքրերին պարտեզ կամ դպրոց ճանապարհելը թողնի 12տարեկանի։ Իսկ այդ 12տարեկան շեմը կխանգարի մյուս երեխաների համար օրենքի 1 ժամից օգտվելուն

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: