Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԿՐԿՆՄԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

…… հոկտեմբերի 2024 թվականի N ____-Ն

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԿՐԿՆՄԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման կարգը` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ                                                                                               Ն. Փաշինյան

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի …-ի N _____-Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԿՐԿՆՄԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին աջակցություն ցույց տվող հատուկ կառույցների (այսուհետ՝ հատուկ կառույցների) համագործակցության հիմնական ուղղությունները և փոխազդեցությունը` ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման գործընթացում:
  2. Սույն կարգի հիմնական նպատակներն են՝

1) ապահովել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի արդյունավետ հայտնաբերումը,

2) ապահովել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ կամ հատուկ կառույցներ,

3) ձևավորել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հատուկ կառույցների համագործակցության արդյունավետ մեխանիզմ՝ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման նպատակով,

4) նպաստել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների արդյունավետ իրականացմանը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև պաշտպանությանը:

  1. Սույն կարգում կիրառվող հասկացությունները կիրառվում են «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքին (այսուհետ՝ Օրենք) համապատասխան: Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված իմաստով:
  2. Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերումն իրականացվում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց հայտնաբերմամբ՝ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի բացահայտման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի նույնացման միջոցով: Այդ պարտականությունն ունեն բնակչության հետ առնչվող պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինները, ինչպես նաև հատուկ այն կառույցները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան ստանձնել են ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին աջակցություն ցույց տալու գործառույթ:
  3. Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի հայտնաբերումը ներառում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հայտնաբերումը, երբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ՝ Ոստիկանություն) կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ հատուկ կառույցների ծառայողները կամ աշխատողներն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին տեղեկացվել են ինքնուրույն, այլ անձանցից, զանգվածային լրատվամիջոցներից, թեժ գծերով կամ օրենքով նախատեսված այլ աղբյուրներից:
  4. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց հայտնաբերումից հետո իրականացվում է ուղղորդման գործընթացը, որը լինում է՝
  • ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ուղղորդում,
  • ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կամ ենթարկված անձի մասին տեղեկության ուղղորդում (փոխանցում):

 

  1. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ, ԴՐԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄԸ

 

  1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են համագործակցել այն հատուկ կառույցների հետ, որոնք Օրենքին համապատասխան ստանձնել են ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին աջակցություն տրամադրելը, իսկ այդ հատուկ կառույցներն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի համաձայնությամբ, բացառությամբ սույն կարգի 19-րդ կետով նախատեսված դեպքերի, պարտավոր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտանեկան և կենցաղային բռնության յուրաքանչյուր դեպքի կամ ենթարկված անձի մասին տեղեկությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, փոխանցել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ Ոստիկանություն:
  2. Մյուս բոլոր կազմակերպություններն ու մարմինները, որոնք իրենց գործունեության ընթացքում կարող են առնչվել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կամ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հետ կամ իմանալ դրա մասին համարվում են տեղեկության աղբյուր Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Ոստիկանություն կամ հատուկ կառույցների համար:
  3. Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման ընթացքում համագործակցությունը հիմնվում է Օրենքի 2-րդ հոդվածում նախատեսված, ինչպես նաև հետևյալ սկզբունքների վրա՝
  • ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին չվնասելու և չմեղադրելու սկզբունք,
  • ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի և նրա ընտանիքի անդամների անձնական կյանքի և արժանապատվության հարգման սկզբունք,
  • վստահության մթնոլորտի ձևավորման և այդ մթնոլորտում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հետ շփման սկզբունք,
  • ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հետ աշխատելիս նրան տեղեկացնելու և տեղեկացված համաձայնության սկզբունք,
  • ծառայությունների մատուցման ընթացքում երկրորդային զոհականացումից խուսափելու սկզբունք,
  • ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված և հաշմանդամություն ունեցող անձանց՝ սույն կարգով նախատեսված գործընթացների լիարժեք և արդյունավետ մասնակցության ու ներգրավվածության, ինչպես նաև սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումների հասանելիության, հասցեականության և մատչելիության սկզբունքը:
  1. Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման կամ նման դեպքերի մասին հիմնավոր ենթադրության պահից Օրենքի 2-րդ հոդվածով և սույն կարգի 9-րդ կետով նախատեսված սկզբունքների պահպանումը պարտադիր է յուրաքանչյուր մարմնի, կազմակերպության կամ կառույցի ծառայողի կամ աշխատողի համար:
  2. Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի առնչությամբ ստացված տեղեկություններն ըստ բնույթի տարանջատվում են` ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի մասին տեղեկության ու ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին տեղեկության: Եթե ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին տեղեկությունը ենթադրյալ հանցագործության մասին է, ապա սույն կարգով նախատեսված գործառույթների իրականացումը չպետք է խոչընդոտի ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի վերաբերյալ համապատասխան քրեական վարույթին:
  3. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի մասին տեղեկությունն անձի համաձայնությամբ անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, փոխանցվում է՝
  • Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` ի դեմս իր համապատասխան մասնագիտացված ստորաբաժանման, եթե ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը հայտնաբերվել է հատուկ կառույցի կողմից կամ նա ինքն է դիմել հատուկ կառույց,
  • հատուկ կառույց, եթե ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը հայտնաբերվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց կազմակերպությունների կողմից:
  1. Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին տեղեկությունը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, հակտուկ կառույցների կողմից անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, փոխանցվում է Ոստիկանություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի համաձայնությամբ, բացառությամբ սույն կարգի 19-րդ կետով նախատեսված դեպքերի:
  2. Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման հիմնական պարտականությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ունեն Ոստիկանությունն ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ի դեմս միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների:
  3. Սույն կարգի 14-րդ կետում նշված մարմինների հետ համագործակցության միջոցով պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հանդես են գալիս համապատասխան կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումներով, որոնք համակարգում են իրենց աղբյուրներից ստացվող տեղեկության փոխանակումը միմյանց միջև: Համապատասխան ստորաբաժանումներն ակտիվորեն փոխհամագործակցում և օգտագործում են միմյանց միջոցներն ու հնարավորություններն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց հայտնաբերման, ուղղորդման և աջակցության տրամադրման, ինչպես նաև հանցագործության դեպքերի կանխարգելման ու բացահայտման նպատակով:
  4. Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված մարմիններն օպերատիվորեն համագործակցում են ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կամ ենթարկված անձի մասին տեղեկությունը միմյանց փոխանցելու դեպքում՝ հնարավորինս անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում իրականացնելով իրենց վերապահված գործառույթները:
  5. Ոստիկանության ծառայողները և սոցիալական աշխատողներն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման համար կարող են ցուցաբերել նախաձեռնողականություն ու հայտնաբերել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը, եթե վստահ են, որ այդ նախաձեռնողականությամբ կնպաստեն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերմանը, չեն վնասի ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին և չեն վնասի կամ ոչնչացնի ընտանեկան և կենցաղային բռնության դեպքին առնչվող հնարավոր փաստերը կամ ապացույցները:
  6. Ոստիկանության ծառայողները և սոցիալական աշխատողներն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման դեպքում՝ անկախ սույն կարգով նախատեսված գործառույթներից, իրականացնում են ոլորտային օրենսդրությամբ նրանց վերապահված գործառույթները:
  7. Եթե ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին տեղեկության վերաբերյալ Ոստիկանությանն անհապաղ չահազանգելը կարող է հանգեցնել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կամ նրա ընտանիքի անդամի կամ այլ անձանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելուն, նրանց հիմնարար իրավունքների և ազատությունների խախտման կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման արդյունքում առկա է բարձր ռիսկայնություն, ապա նման տեղեկություն ունեցող մարմինը, կազմակերպությունը կամ հատուկ կառույցն այդ մասին տեղեկությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, փոխանցում է Ոստիկանություն: Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկայնությունը համարվում է բարձր, եթե սույն կարգի 30-րդ կետում նախատեսված հանգամանքներից առկա են առնվազն չորսը:
  8. Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հանցավոր դրսևորումների սահմանումները տրված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի Հատուկ մասում ու դրանց բովանդակության մեկնաբանությունն իրականացվում է այդ օրենսգրքի համաձայն:
  9. Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հանցավոր դրսևորումների հայտնաբերման դեպքում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին տեղեկացնում են կիրառված բռնության ենթադրյալ հանցագործություն լինելու մասին, և այդ տեղեկությունը Ոստիկանությանը կամ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին փոխանցելու անհրաժեշտության մասին:

 

III. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

  1. Ոստիկանության ծառայողները և սոցիալական աշխատողներն օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով որոշում են, թե ստացած տեղեկությունն ինչ ծավալով պետք է փոխանցվի այլ մարմիններին և կազմակերպություններին՝ ընտանեկան և կենցաղային բռնության սպառնալիքը գնահատելու կամ կանխելու կամ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին և նրա ընտանիքի անդամներին պաշտպանելու նպատակով:
  2. Ոստիկանության ծառայողները և սոցիալական աշխատողները ստացված կամ այլ կերպ հայտնի դարձած տեղեկությունը չեն կարող փոխանցել այլ կազմակերպություններին և մարմիններին, եթե՝
  • այդ տեղեկությունը վերաբերում է անձի դատվածության առկայությանը կամ քրեական վարույթին այլ կերպ ներգրավվածությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա վերաբերում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքով նախկինում հարուցված քրեական վարույթին՝ անկախ անձի դատավարական կարգավիճակի,
  • տեղեկությունը վերաբերում է երեխայի խնամքի և դաստիարակության առանձնահատկություններին, ներառյալ՝ նրա որդեգրմանը կամ ընտանեկան այլ գաղտնիքին,
  • տեղեկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համարվում է գաղտնի տեղեկություն,
  • տեղեկությունն անհրաժեշտ է նախաքննության համար և դրա փոխանցումը չի բխում արդարադատության շահերից,
  • ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի և նրա ընտանիքի անդամների գտնվելու վայրը, եթե նրանք փոխել են բնակության վայրը կամ գտնվում են ապաստարաններում:
  1. Ոստիկանության ծառայողները և սոցիալական աշխատողները, ելնելով ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի և նրա ընտանիքի անդամների անվտանգության և բարեկեցության ապահովման անհրաժեշտությունից, կարող են որոշ տեղեկություն նպատակային փոխանցել սահմանափակ թվով կազմակերպություններին կամ մարմիններին՝ ելնելով ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կարիքներից՝ նախապես տեղեկացնելով այդ մասին ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
  2. Պետական մարմինները`

1) Ոստիկանությունն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի մասին տեղեկություններ կարող է ստանալ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինքնուրույն` իր ստորաբաժանումների միջոցով, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներից, անհատներից (ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանցից և այլ դիմումատուներից), այլ կազմակերպություններից և օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման արդյունքում․

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարող է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի մասին տեղեկություններ ստանալ ինքնուրույն` իր ստորաբաժանումներից, հատուկ կառույցներից, թեժ գծով կամ անհատներից (ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանցից և այլ դիմումատուներից), այլ կազմակերպություններից.

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի մասին տեղեկություններ կարող է ստանալ ինքնուրույն` իր ստորաբաժանումներից, բժշկական հաստատություններից և անհատներից (ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանցից և այլ դիմումատուներից).

4) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի մասին տեղեկություններ կարող է ստանալ ինքնուրույն՝ նախակրթական և հանրակրթական հաստատություններից, ինչպես նաև այդ հաստատությունների աշխատողներից կամ կրթական գործընթացներում ներգրավված այլ անձանցից.

5) խնամակալության և հոգաբարձության մարմիններն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի մասին տեղեկություններ կարող է ստանալ ինքնուրույն՝ սոցիալական աշխատանքի իրականացման ընթացքում և անհատներից (ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանցից և այլ դիմումատուներից):

  1. Սույն կարգի 25-րդ կետում չնշված այլ կազմակերպություններն ու մարմինները, որոնք իրենց գործունեության ընթացքում կարող են առնչվել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին, կարող են հանդիսանալ տեղեկության աղբյուր սույն կարգի 14-րդ կետում նշված մարմինների համար:
  2. Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման փուլում տեղեկության աղբյուրները, ըստ ընդգրկված կառույցների, հետևյալն են`

1) Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման դեպքում`

ա. դիմումատուները (ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց, այլ անձինք, կազմակերպություններ և այլն),

բ. զանգվածային լրատվության միջոցները,

գ. օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունը,

դ. հասարակական կազմակերպությունները.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանման դեպքում`

ա. միասնական սոցիալական ծառայությունը,

բ. մարզպետի աշխատակազմի սոցիալական աշխատողները,

գ. թեժ գիծը,

դ. հասարակական կազմակերպությունները.

3) հատուկ կառույցների դեպքում`

ա. թեժ գիծը,

բ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,

գ. Ոստիկանությունը,

դ. անհատները (ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձինք և այլ դիմումատուները),

ե. հասարակական կազմակերպությունները:

 

  1. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԿՐԿՆՄԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

  1. Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման գործընթացը ներառում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ու ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին ամբողջական տեղեկության հավաքագրումը, դրա վերլուծությունը և հետագա քայլերի հաջորդականության որոշումը:
  2. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ու ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին տեղեկության վերլուծությամբ նույնականացվում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը, բացահայտվում են նրա և նրա ընտանիքի անդամների կարիքները և ռիսկային համարվող գործոնները:
  3. Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկայնությունը որոշելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները՝
  • ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի նկատմամբ նախկինում նույն անձի կողմից կատարված ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի առկայությունը և դրանց հաճախականությունը,
  • ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ընտանիքի անդամների նկատմամբ նախկինում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից կատարված ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի առկայությունը և դրանց հաճախականությունը,
  • ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից բռնության այլ դրսևորումնրը և դրանց հաճախականությունը,
  • ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կախվածությունն ալկոհոլից, թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերից, դրանց պատրաստուկներից կամ դրանց համարժեք նյութերից (անալոգից) կամ դրանց ածանցյալներից,
  • ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի՝ ալկոհոլից, թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերից, դրանց պատրաստուկներից կամ դրանց համարժեք նյութերից (անալոգից) կամ դրանց ածանցյալներից բուժման կուրսից խուսափելը կամ հրաժարվելը,
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զենքի թույլտվության առկայությունը,
  • ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ֆինանսական կամ գույքային կախվածությունն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձից,
  • ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հոգեբանական կախվածությունն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձից, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի մոտ «Ստոկհոլմյան համախտանիշի առկայությունը»,
  • ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի սոցիալական կախվածությունն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձից, սոցիալական կարիքներն ու խնդիրներն ինքնուրույն լուծելու անհնարավորությունը, նրա աշխատանքի կամ կայուն եկամտի բացակայությունը,
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դատական վեճի առկայությունն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ու ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կամ նրա ընտանիքի անդամների միջև, կամ դրա՝ ի վնաս ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կամ նրա ընտանիքի անդամների լուծված լինելը,
  • ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին կատարվածի կապակցությամբ մեղադրելն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի, նրա ընտանիքի անդամների, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ընտանիքի անդամների կողմից,
  • ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կամ նրա ընտանիքի անդամների կողմից ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին կամ նրա ընտանիքի անդամներին պատկանող տնային կենդանիներին վնասելը կամ վնասելու սպառնալիքը:

 

  1. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԻ ՈՒՂՂՈՐԴՈՒՄԸ

 

  1. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդումն իրականացվում է միջգերատեսչական համագործակցության միջոցով։
  2. Միջգերատեսչական համագործակցության կողմերն իրենց իրավասության շրջանակում իրականացնում են ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի բացահայտում, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց կարիքների գնահատում, աջակցություն և պաշտպանություն:
  3. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ուղղորդումն իրականացվում է միայն իր համաձայնությամբ` հայտնաբերման պահից, բացառությամբ երեխայի լավագույն շահերից բխող դեպքերի, երբ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված երեխայի ուղղորդումն իրականացվում է անհապաղ:
  4. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ուղղորդումն իրականացվում է կախված բռնության դեպքը բացահայտող կամ անձին հայտնաբերող մարմնի կամ կազմակերպությունի գործառույթներից:
  5. Եթե ընտանեկան և կենցաղային բռնության դեպքը բացահայտում է Ոստիկանությունը, ապա համապատասխան ծառայողը՝

1)  իրականացնում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի հանգամանքների պարզում, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ու ենթադրյալ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի նույնացում,

2) գնահատում է իրավիճակը, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կյանքին ու առողջությանը սպառնացող հնարավոր վտանգի հավանականությունը: Սպառնալիքն իրական է համարվում այն դեպքում, երբ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը բավարար հիմքեր է ունենում վախենալու դրա իրականացումից, այսինքն՝ սպառնալիքի իրականացումը հնարավոր է՝ հաշվի առնելով սպառնալիքի բովանդակությունը, սպառնալիք տալու եղանակը, դեպքի վայրը, ժամանակը, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ու ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի միջև հարաբերությունների բնույթը, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի հատկանիշները և այլն,

3) հավաքագրում է փաստեր և կազմում անհրաժեշտ փաստաթղթեր՝ առերևույթ հանցագործության բացահայտման, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը կանխելու նպատակով,

4) ենթադրյալ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունը փոխանցում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քրեական վարույթ նախաձեռնելու համար,

5) իրականացնում ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատում,

6) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին է ներկայացնում Օրենքով ամրագրված ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցները,

7) սոցիալական, հոգեբանական և առողջապահական ոլորտի ծառայությունների անհրաժեշտության դեպքում իրականացնում է բացատրական աշխատանքներ և ուղղորդում հատուկ կառույցներ։

  1. Եթե ընտանեկան և կենցաղային բռնության դեպքը բացահայտող մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է, ապա ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին աջակցության գործընթացը կազմակերպելուն զուգահեռ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին տեղեկությունը փոխանցում է Ոստիկանություն:
  2. Եթե ընտանեկան և կենցաղային բռնության դեպքը բացահայտում է հատուկ կառույցը, ապա համապատասխան աշխատողը՝

1)  իրականացնում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի հանգամանքների պարզում, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ու ենթադրյալ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի նույնացում,

2) գնահատում է իրավիճակը, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կյանքին ու առողջությանը սպառնացող հնարավոր վտանգի հավանականությունը: Սպառնալիքն իրական է համարվում այն դեպքում, երբ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը բավարար հիմքեր է ունենում վախենալու դրա իրականացումից, այսինքն՝ սպառնալիքի իրականացումը հնարավոր է՝ հաշվի առնելով սպառնալիքի բովանդակությունը, սպառնալիք տալու եղանակը, դեպքի վայրը, ժամանակը, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ու ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի միջև հարաբերությունների բնույթը, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի հատկանիշները և այլն,

3) իրականացնում ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատում,

4) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի համաձայնությամբ տեղեկությունը փոխանցում է Ոստիկանություն։

  1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու խնամակալության և հոգաբարձության մարմիններն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին տեղեկությունը փոխանցում են Ոստիկանություն՝ դեպքի բացահայտման և կանխարգելման նպատակով, իսկ անձին ուղղորդում են հատուկ կառույց՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին աջակցություն ցուցաբերելու նպատակով:
  2. Ընտանեկան և կենցաղային բռնության՝ ֆիզիկական կամ սեռական բռնության նշանների կամ հիմնավոր կասկածի դեպքում, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին հայտնաբերող մարմինն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին ուղղորդում է համապատասխան բժշկական հաստատություն։
  3. Ուղղորդում կատարած կամ ուղղորդվող մարմինները կամ կազմակերպությունները փոխանցված տեղեկությունը պահպանում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով։
  4. Համապատասխան տեղեկությունները հայտնի լինելու դեպքում՝ ուղղորդվող մարմին են փոխանցվում հետևյալ տվյալները․
  • ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, գրանցման և մշտական բնակության վայրերը,
  • ուղղորդող մարմնին ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կամ այլ անձի կողմից դիմելու կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքը բացահայտելու ամսաթիվը և ժամը,
  • ուղղորդող մարմնի կողմից ուղղորդվող մարմնին դիմելու նպատակը կամ հիմքը,
  • վտանգ սպառնալու դեպքում` ենթադրյալ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի և վտանգի տակ գտնվող անձանց տվյալները,
  • առկայության դեպքում՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կողմից վստահելի անձի՝ այդ թվում իրավաբանական, կոնտակտային տվյալները։
  1. Եթե ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը երեխա է կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձ, ապա ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին պարտադիր տեղեկացվում է երեխայի կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի բնակության կամ գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է երեխայի կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու երեխայի լավագույն շահը:
  2. Եթե ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը երեխա է կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձ ու ընտանեկան և կենցաղային բռնությունը գործադրվել է երեխայի միակ ծնողի կամ խնամակալի կամ հոգաբարձուի կամ խնամքն իրականացնող այլ անձի կողմից, ինչպես նաև անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի միակ խնամակալի կամ հոգաբարձուի կողմից, ապա խնամակալության և հոգաբարձության մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախաձեռնում է այդ երեխայի ծնողի՝ ծնողական իրավունքների զրկումը կամ սահմանափակումն ու խնամքի և դաստիարակության կազմակերպումը, իսկ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի դեպքում՝ նրա խնամակալի կամ հոգաբարձուի փոխարինումը:
  3. Երեխայի կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի նկատմամբ ընտանեկան և կենցաղային բռնության կատարման դեպքում՝ երեխայի կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի հետ առնչվող հաստատությունները, կազմակերպությունները և մարմիններն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, դրա մասին տեղեկացնում են Ոստիկանությանը կամ հատուկ կառույցին:
  4. Եթե ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված երեխային թողել են բժշկական հաստատություններում կամ երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, ապա այդ հաստատության տնօրինությունը պարտավոր է՝
  • երեխային թողնելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 4 ժամվա ընթացքում տեղեկացնել դրա մասին Ոստիկանությանը,
  • երեխայի նկատմամբ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղեկացնել երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված երեխայի ընտանիքի կամ մերձավոր ազգականների հայտնաբերման նպատակով:
  1. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված երեխան՝ ընտանեկան և կենցաղային նրա կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, տեղափոխվում է հաստատություն կամ խնամատար ընտանիք, որտեղ տեղավորելիս երեխայի կարծիքն իր տարիքին և զարգացվածության մակարդակին համապատասխան հաշվի է առնվում։
  2. Եթե Ոստիկանության համապատասխան ծառայողը որոշում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված երեխային տեղավորել անվտանգ միջավայր, ապա նա դիմում է երեխայի բնակության կամ գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երեխայի այլընտրանքային խնամքը կազմակերպելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    01.10.2024 - 17.10.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 852

Տպել