Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԿՐԿՆՄԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԿՐԿՆՄԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

2024թ.-ի հուլիսի 1-ից «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ մտած մեծածավալ փոփոխությունների հետևանքով փոփոխվել է ոչ միայն Օրենքի վերնագիրը, այլ նաև այն գործառույթներ իրականցնող մարմինների շրջանակը, դրանց գործառույթները, լիազորությունները, համագործակցությունը և այլ հիմնահարցեր: Օրենսդրական բարեփոխումների արդյունքում իրավահարաբերությունների կանոնակարգման նպատակով հստակեցումներ ներառելու և ավելորդ տեղեկատվություն չփոխանցելու, ընտանեկան և կենցաղային բռնություն դեպքերի արդյունավետ հայտնաբերելու և քննարկվող իրավահարաբերություններում այլ լավարկումների իրականացնելու տեսանկյունից, մասնավորապես, Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրվել է հետևյալ կարգավորումը. «3. Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման կարգը, աջակցության կենտրոնի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները հաստատելու և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը, ապաստարանի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները հաստատելու և ապաստարանի կողմից ծառայությունների մատուցման կարգը, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը հաստատում է Կառավարությունը:»: Վերոգրյալը հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջացել Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման կարգը, ինչին միտված է ներկայացված նախագիծը։

 

  1. Առաջարկվող իրավակարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունում պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին աջակցություն ցույց տվող հատուկ կառույցների (այսուհետ՝ հատուկ կառույցների) համագործակցության հիմնական ուղղությունները և փոխազդեցությունը` ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման գործընթացում:

Նախագծում ամրագրելով հիմնական նպատակները և գործունեության հավելյալ սկզբունքները՝ ուրվագծվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հատուկ կառույցների գործունեության հիմնական ուղղությունները և մոտեցումները՝ հիմնական գործառույթները բաժանելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ՝ Ոստիկանություն), Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հատուկ կառույցների միջև:

Նախագծով հստակ տարանջատվել է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց հայտնաբերումից հետո իրականացվող ուղղորդման 2 տեսակները՝

  • ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ուղղորդում,
  • ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կամ ենթարկված անձի մասին տեղեկության ուղղորդում (փոխանցում):

Հստակեցվում է, որ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի մասին տեղեկությունն անձի համաձայնությամբ անհապաղ փոխանցվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` ի դեմս իր համապատասխան մասնագիտացված ստորաբաժանման, եթե ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը հայտնաբերվել է հատուկ կառույցի կողմից կամ նա ինքն է դիմել հատուկ կառույց, կամ հատուկ կառույց, եթե ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը հայտնաբերվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց կազմակերպությունների կողմից, իսկ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին տեղեկությունը՝ Ոստիկանություն: հատուկ կարգավորված է, որ անձի համաձայնության անհրաժեշտությունը բացակայում է, եթե ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին տեղեկության վերաբերյալ Ոստիկանությանն անհապաղ չահազանգելը կարող է հանգեցնել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կամ նրա ընտանիքի անդամի կամ այլ անձանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելուն, նրանց հիմնարար իրավունքների և ազատությունների խախտման կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման արդյունքում առկա է բարձր ռիսկայնություն[1]:

Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման հիմնական պարտականությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ունեն Ոստիկանությունն ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Բացի տեղեկատվության և անձի ուղղորդման կարգավորումներից՝ հատուկ շեշտադրվում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման գործընթացը, որն իր մեջ ներառում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ու ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին ամբողջական տեղեկության հավաքագրումը, վերլուծությունը և հետագա քայլերի հրատապության ու հաջորդականության որոշումը: Մասնավորապես, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկայնությունը որոշելիս հաշվի են առնվելու 12 հանգամանքներ, որոնցից առնվազն 4-ի առկայությունը վկայելու է բարձր ռիսկայնության մասին: Այդ կետերից են օրինակ՝

  • ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի նկատմամբ նախկինում նույն անձի կողմից կատարված ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի առկայությունը և դրանց հաճախականությունը,
  • ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կախվածությունն ալկոհոլից, թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերից, դրանց պատրաստուկներից կամ դրանց համարժեք նյութերից (անալոգից) կամ դրանց ածանցյալներից,
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զենքի թույլտվության առկայությունը,
  • ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ֆինանսական կամ գույքային կախվածությունն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձից,
  • ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կամ նրա ընտանիքի անդամների կողմից ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին կամ նրա ընտանիքի անդամներին պատկանող տնային կենդանիներին վնասելը կամ վնասելու սպառնալիքը և այլն:

Ներկայացված նախագծով հստակեցվում է նաև ուղղորդվող մարմին ուղարկվող տվյալները, որոնք ի թիվս այլնի, պետք է բովանդակեն նաև ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, գրանցման և մշտական բնակության վայրերը, ուղղորդող մարմնին ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կամ այլ անձի կողմից դիմելու կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքը բացահայտելու ամսաթիվը և ժամը, վտանգ սպառնալու դեպքում` ենթադրյալ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի և վտանգի տակ գտնվող անձանց տվյալները և այլն:

Հաշվի առնելով ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց՝ երեխա կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձ լինելու փաստով պայմանավորված առանձնահատկությունները, Նախագծով նախատեսված են որոշակի առանձնահատկություններ՝ կապված ուղղորդման մեխանիզմների և հետագա գործառույթների կատարման առնչությամբ:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման կարգը, որը համապատասխանելու է ՀՀ գործող օրենսդրությանը, ինչի արդյունքում կհստակեցվեն թե՛ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման ընթացակարգերը, դրանց առանձնահատկություններն ըստ հայտնաբերող մարմինների կամ կազմակերպությունների, թե՛ կներկայացվեն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման հնարավոր տարբերակներն ու ուղղությունները, թե՛ կսահմանվի ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման միասնական կարգը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ:

 

  1. Որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ դրանց փոփոխման անհրաժեշտությունը բացակայում է:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի մշակումը չի բխում որևէ ռազմավարությունից:

 

 

 

[1] Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկայնությունը համարվում է բարձր, եթե նախագծով ներկայացվող կարգի 30-րդ կետում նախատեսված հանգամանքներից առկա են առնվազն չորսը:

  • Քննարկվել է

    01.10.2024 - 17.10.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 855

Տպել