Հիշել նախագիծը

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

Օրենքների նախագծերի  փաթեթով առաջարկվում է՝
1)       «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում լրացնել Կառավարության կողմից մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը  սահմանելու, իսկ լիազոր մարմնի կողմից այն մշակելու լիազորող նորմերը,
2)       Հստակեցնել տնտեսավարողների պարտականությունները վերոնշված կարգով գնահատված վնասի հատուցումը կատարելու մասով,
3)       Միմյանց համապատասխանեցնել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում առկա կարգավորումները՝ վերապահելով հատուկ սահմանված երթուղով և հատուկ հատկացված վայրեր  շինարարական աղբի տեղափոխման նկատմամբ վերահսկողությունը «Մթնոլորտային օդի պահպանության մասին»  օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին,
4)       Շինարարական աղբի ոչ սահմանված վայրերում տեղադրման և սահմանված երթուղով տեղափոխման հարցերի հետ կապված բացառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում առկա կրկնորդումները:

  • Քննարկվել է

    28.06.2023 - 14.07.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2304

Տպել

Առաջարկներ`

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

14.07.2023

Օրենսդրական տեխնիկայի կանոնների մասով՝ Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, 1-ին մասի՝ նորմատիվ իրավական ակտերը շարադրվում են պետական լեզվով՝ հայերենով: Ըստ հայերեն լեզվի ուղղագրության՝ հերթականություն ցույց տվող դասական թվականները կազմվում են արաբական թվերով և հայերեն «-րդ» մասնիկով, բացի «1» թվականից։ Վերջինս կազմվում է «առաջին» ձևով, այլ ոչ թե «մեկերորդ»։ Այս կանոնը ոչ ճիշտ է գործածվել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ օրենքի նախագիծ) 2-րդ և 6-րդ հոդվածներում, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ օրենսգրքի նախագիծ) 1-ին հոդվածում։ Օրենքների նախագծերը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, 1-ին մասի պահանջին համապատասխանեցնելու նպատակով առաջարկում ենք՝ օրենքի նախագծի 2-րդ և 6-րդ հոդվածներում «2.1-րդ» բառը փոխարինել «2.1-ին» բառով։ Նույն կերպ՝ օրենսգրքի նախագծի 1-ին հոդվածում «81.1-րդ» բառը փոխարինել «81.1-ին« բառով։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, 3-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով: Նույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով: Ասվածից հետևում է, որ նորմատիվ ակտում լրացում նախատեսող օրենքում լրացվող դրույթի բովանդակությունից բացի, պետք է նշվի նաև դրա համարը։ Բացի դրանից, նախագծով պետք է արտացոլվի նորմատիվ ակտը լրացնող դրույթի նոր լինելու հանգամանքը։ Այդուհանդերձ, առաջարկում ենք օրենքի նախագծի 3-րդ հոդվածում «լրացնել նոր կետով» բառակապակցությունը փոխարինել «լրացնել նոր՝ 2.1-ին կետով» բառակապակցությամբ։ Իսկ օրենքի նախագծի 5-րդ հոդվածում «լրացնել 3-րդ մասով» բառակապակցությունը փոխարինել «լրացնել նոր՝ 3-րդ մասով» բառակապակցությամբ։ "Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն" ՀԿ

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

13.07.2023

"Վարչական իրավախախտումների վերաբերյալ" ՀՀ օրենսգրքի փոփոխությունների մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ․ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 81.2-րդ հոդվածում՝ օգտագործելով 10-ին մաս, 2-րդ մաս արտահայտությունները։ Հարկ է նկատել, որ օրենսգրքի 81.2-րդ հոդավածը զուրկ է իրավաբանական տեխնիկայի կանոններին համապատասխան համարակալումից։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի, 3-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը և կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով։ Հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով: Այսպիսով, Օրենսգրքում նախատեսված փոփոխությունները «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահնաջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից ելնելով, առաջարկում ենք սույն Նախագծով «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 81.2-րդ հոդվածի համար նախատեսել նաև հոդված մասերի և կետերի համարակալում։ "Ա․Դ․Սախարովի անվ․ մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն" ՀԿ

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

13.07.2023

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ դիտողություններ և առաջարկություններ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ գործող օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտավորեցնում է հղկման աշխատանքներ կատարելիս օգտագործել փոշու արտանետումը բացառող սարքեր և տեխնոլոգիաներ։ Մինչդեռ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 4-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը խմբագրել հետևյալ կերպ. «Հղկման աշխատանքներ կատարելիս բացառել մթնոլորտային օդ փոշու արտանետումները.»: Հարց է առաջանում, թե ի՞նչ պետք է հասկանանք «բացառել» ասելով, ի՞նչ գործողություններով պետք է բացառենք մթնոլորտային օդ փոշու արտանետումները։ Որքան էլ պնդենք, որ «բացառել» բառը ենթադրում է որևէ գործողության կամ երևույթի հնարավորությունը վերացնել, արգելել, թույլ չտալ կամ կանխարգելել, այնուամենայնիվ, պետք է ընդունենք, որ «բացառել» բառը չի տալիս այն ենթադրյալ գործողության կամ գործողությունների էությունն ու նկարագիրը, որնց կատարումը կարող է ապահովել ցանկալի արդյունք։ Այսպիսով, նախագծի 4-րդ հոդվածի ձևակերպումը ոչ բավարար հստակ է և չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, տարաբնույթ ընկալման տեղիք է տալիս, ինչը հետագայում հանգեցնելու է տվյալ իրավական նորմի անկատարության: Գործող Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի բոլոր ենթակետերի, այդ թվում նաև 5-րդ ենթակետի, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցից յուրաքանչյուրում թվարկված են պարտադիր կատարման ենթակա որոշակի գործողությունները, որոնց ապահովումը կամ կատարման մեջ թերացումը հնարավոր է ապացուցել և չկատարման դեպքում՝ ենթարկվել պատասխանատվության։ Իսկ առաջարկվող փոփոխության պարագայում Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ ենթակետի պահանջը դուրս կմնա սույն հոդվածի 2-րդ մասի ընդհանուր տրամաբանությունից, և պարտավորության կատարման ապացուցումը փաստացի կդառնա անհնարին։ «Բացառել» բառի քննարկումը գուցե այնքան էլ կարևորություն չստանար, եթե մեկ այլ՝ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով գործող Օրենսգրքի 81.1-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվող փոփոխությամբ վարչական պատասխանատվություն չսահմանվեր Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ ենթակետի պահանջը խախտող ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։ Երբ այս կամ այն իրավական նորմը օրենքում ձևակերպված է անորոշ կամ ոչ հստակ, ապա իրավակիրառ պրակտիկայում այն միանշանակ առաջացնելու է բազում հարցեր ու վեճեր, քանի որ յուրաքանչյուր կողմ յուրովի է մեկնաբանելու տվյալ անորոշ նորմի ձևակերպումը, բնականաբար՝ հօգուտ իրեն, իսկ դատարաններն էլ ավելի են խճճելու դրա ընկալումն ու կիրառումը։ Օրենքում «բացառել» բառի օգտագործումը հակասում է նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջին, որի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: Ըստ նույն հոդվածի 3-րդ մասի՝ եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը: Ավելին, ՀՀ սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: Այսպիսով, առաջարկում ենք վերանայել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը և «բացառել» բառի փոխարեն նախատեսել հստակ կատարման ենթակա գործողություն կամ գործողություններ։ Միևնույն ժամանակ առաջարկում ենք վերանայել նաև «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդավծի բովանդակությունը, և այն համապատասխանեցնել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նոր՝ վերանայված փոփոխությանը՝ հիմք ընդունելով մեր դիտողություններն ու առաջարկությունները։ "Ա․Դ․Սախարովի անվ․ մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն" ՀԿ 13․07․2023թ․

Տեսնել ավելին