Հիշել նախագիծը

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 13.07.2023 15:55:34 «ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ դիտողություններ և առաջարկություններ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ գործող օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտավորեցնում է հղկման աշխատանքներ կատարելիս օգտագործել փոշու արտանետումը բացառող սարքեր և տեխնոլոգիաներ։ Մինչդեռ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 4-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը խմբագրել հետևյալ կերպ. «Հղկման աշխատանքներ կատարելիս բացառել մթնոլորտային օդ փոշու արտանետումները.»: Հարց է առաջանում, թե ի՞նչ պետք է հասկանանք «բացառել» ասելով, ի՞նչ գործողություններով պետք է բացառենք մթնոլորտային օդ փոշու արտանետումները։ Որքան էլ պնդենք, որ «բացառել» բառը ենթադրում է որևէ գործողության կամ երևույթի հնարավորությունը վերացնել, արգելել, թույլ չտալ կամ կանխարգելել, այնուամենայնիվ, պետք է ընդունենք, որ «բացառել» բառը չի տալիս այն ենթադրյալ գործողության կամ գործողությունների էությունն ու նկարագիրը, որնց կատարումը կարող է ապահովել ցանկալի արդյունք։ Այսպիսով, նախագծի 4-րդ հոդվածի ձևակերպումը ոչ բավարար հստակ է և չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, տարաբնույթ ընկալման տեղիք է տալիս, ինչը հետագայում հանգեցնելու է տվյալ իրավական նորմի անկատարության: Գործող Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի բոլոր ենթակետերի, այդ թվում նաև 5-րդ ենթակետի, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցից յուրաքանչյուրում թվարկված են պարտադիր կատարման ենթակա որոշակի գործողությունները, որոնց ապահովումը կամ կատարման մեջ թերացումը հնարավոր է ապացուցել և չկատարման դեպքում՝ ենթարկվել պատասխանատվության։ Իսկ առաջարկվող փոփոխության պարագայում Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ ենթակետի պահանջը դուրս կմնա սույն հոդվածի 2-րդ մասի ընդհանուր տրամաբանությունից, և պարտավորության կատարման ապացուցումը փաստացի կդառնա անհնարին։ «Բացառել» բառի քննարկումը գուցե այնքան էլ կարևորություն չստանար, եթե մեկ այլ՝ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով գործող Օրենսգրքի 81.1-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվող փոփոխությամբ վարչական պատասխանատվություն չսահմանվեր Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ ենթակետի պահանջը խախտող ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։ Երբ այս կամ այն իրավական նորմը օրենքում ձևակերպված է անորոշ կամ ոչ հստակ, ապա իրավակիրառ պրակտիկայում այն միանշանակ առաջացնելու է բազում հարցեր ու վեճեր, քանի որ յուրաքանչյուր կողմ յուրովի է մեկնաբանելու տվյալ անորոշ նորմի ձևակերպումը, բնականաբար՝ հօգուտ իրեն, իսկ դատարաններն էլ ավելի են խճճելու դրա ընկալումն ու կիրառումը։ Օրենքում «բացառել» բառի օգտագործումը հակասում է նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջին, որի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: Ըստ նույն հոդվածի 3-րդ մասի՝ եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը: Ավելին, ՀՀ սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: Այսպիսով, առաջարկում ենք վերանայել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը և «բացառել» բառի փոխարեն նախատեսել հստակ կատարման ենթակա գործողություն կամ գործողություններ։ Միևնույն ժամանակ առաջարկում ենք վերանայել նաև «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդավծի բովանդակությունը, և այն համապատասխանեցնել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նոր՝ վերանայված փոփոխությանը՝ հիմք ընդունելով մեր դիտողություններն ու առաջարկությունները։ "Ա․Դ․Սախարովի անվ․ մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն" ՀԿ 13․07․2023թ․ Չի ընդունվել: Կարծում ենք, որ «բացառել» բառը տարընթերցումների տեղ չի կարող թողնել, և առաջարկվող կարգավորումը կարող է մեկնաբանվել միայն մեկ ձև, այն է՝ հղկման աշխատանքներ կատարելու ժամանակ փոշում որևէ արտանետում չպետք է տեղի ունենան: Ներկայացված առաջարկությունը կդիտարկվեր այն պարագայում, եթե առաջարկվող կարգավորման համատեքստում ներկայացվեր դրա մեկնաբանության մեկ այլ տարբերակ, որի դեպքում համապատասխան նորմը լավարկելու հնարավորություն կստեղծեր:
2 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 13.07.2023 17:20:59 "Վարչական իրավախախտումների վերաբերյալ" ՀՀ օրենսգրքի փոփոխությունների մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ․ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 81.2-րդ հոդվածում՝ օգտագործելով 10-ին մաս, 2-րդ մաս արտահայտությունները։ Հարկ է նկատել, որ օրենսգրքի 81.2-րդ հոդավածը զուրկ է իրավաբանական տեխնիկայի կանոններին համապատասխան համարակալումից։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի, 3-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը և կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով։ Հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով: Այսպիսով, Օրենսգրքում նախատեսված փոփոխությունները «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահնաջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից ելնելով, առաջարկում ենք սույն Նախագծով «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 81.2-րդ հոդվածի համար նախատեսել նաև հոդված մասերի և կետերի համարակալում։ "Ա․Դ․Սախարովի անվ․ մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն" ՀԿ Չի ընդունվել: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի առանձին հոդվածների համապատասխանեցումը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին դուրս է տվյալ օրենքի նախագծի կարգավորման առարկային: Իր հերթին, Նախագծում օգտագործվել ել արդեն իսկ ինկորպորացված բազմաթիվ այլ համանման օրենքների նախագծերում օգտագործվող եզրույթները:
3 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 14.07.2023 12:57:30 Օրենսդրական տեխնիկայի կանոնների մասով՝ Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, 1-ին մասի՝ նորմատիվ իրավական ակտերը շարադրվում են պետական լեզվով՝ հայերենով: Ըստ հայերեն լեզվի ուղղագրության՝ հերթականություն ցույց տվող դասական թվականները կազմվում են արաբական թվերով և հայերեն «-րդ» մասնիկով, բացի «1» թվականից։ Վերջինս կազմվում է «առաջին» ձևով, այլ ոչ թե «մեկերորդ»։ Այս կանոնը ոչ ճիշտ է գործածվել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ օրենքի նախագիծ) 2-րդ և 6-րդ հոդվածներում, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ օրենսգրքի նախագիծ) 1-ին հոդվածում։ Օրենքների նախագծերը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, 1-ին մասի պահանջին համապատասխանեցնելու նպատակով առաջարկում ենք՝ օրենքի նախագծի 2-րդ և 6-րդ հոդվածներում «2.1-րդ» բառը փոխարինել «2.1-ին» բառով։ Նույն կերպ՝ օրենսգրքի նախագծի 1-ին հոդվածում «81.1-րդ» բառը փոխարինել «81.1-ին« բառով։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, 3-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով: Նույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով: Ասվածից հետևում է, որ նորմատիվ ակտում լրացում նախատեսող օրենքում լրացվող դրույթի բովանդակությունից բացի, պետք է նշվի նաև դրա համարը։ Բացի դրանից, նախագծով պետք է արտացոլվի նորմատիվ ակտը լրացնող դրույթի նոր լինելու հանգամանքը։ Այդուհանդերձ, առաջարկում ենք օրենքի նախագծի 3-րդ հոդվածում «լրացնել նոր կետով» բառակապակցությունը փոխարինել «լրացնել նոր՝ 2.1-ին կետով» բառակապակցությամբ։ Իսկ օրենքի նախագծի 5-րդ հոդվածում «լրացնել 3-րդ մասով» բառակապակցությունը փոխարինել «լրացնել նոր՝ 3-րդ մասով» բառակապակցությամբ։ "Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն" ՀԿ Մասամբ է ընդունվել: Ներկայացված դիտարկումները և առաջարկությունները ընդունվել են, իսկ «.1» կետադրական նշանը և թիվը պարունակող թվերի պարագայում՝ «-րդ» մասնիկի փոխարեն «-ին» մասնիկի օգտագործման առաջարկությունը չի ընդունվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման դեպքերում օգագործվում/արտաբերվում է «մեկ» բառը, այլ ոչ թե է «առաջին» բառը: Այսպիսով, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» oրենքի նախագծի 3-րդ հոդվածում «լրացնել նոր կետով» բառերը փոխարինել են «լրացնել նոր՝ 2.1-ին կետով» բառերով, իսկ օրենքի նախագծի 5-րդ հոդվածում «լրացնել 3-րդ մասով» բառերը փոխարինվել են «լրացնել նոր՝ 3-րդ մասով» բառերով։ Միևնույն ժամանակ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ և 6-րդ հոդվածներում «2.1-րդ» փոխարինվել է «2.1» բառով, իսկ օրենսգրքի նախագծի 1-ին հոդվածում «81.1-րդ» բառը փոխարինվել է «81.1» բառով: