ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
1.Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մասով՝
- «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենքը) 17-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ մթնոլորտային օդի պահպանության վերահսկողությունն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին)։ Մասնավորապես, Տեսչական մարմինը իրեն վերապահված գործառույթների շրջանակում իրականացնում է մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատումը, և համապատասխանաբար՝ մթնոլորտային օդին պատճառված և հատուցման ենթակա վնասի չափի հաշվարկը: Այնուամենայնիվ, մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 91-Ն որոշմամբ՝ հիմք ընդունելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքից դուրս եկած 42-րդ հոդվածը:
Այսպիսով, անհրաժեշտություն է առաջացել Օրենքում նախատեսել Կառավարության կողմից մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը սահմանելու լիազորող նորմ՝ հետագայում համապատասխան կարգը հաստատող Կառավարության որոշման մեջ նշված լիազորող նորմին հղում տալու նպատակով:
- Նախագծով նախատեսվում է նաև անդրադառնալ Օրենքի 28-րդ հոդվածի բովանդակության և նշված հոդվածի վերնագրի միջև անհամապատասխանության խնդրին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 28-րդ հոդվածի վերնագիրը վերաբերվում է մթնոլորտային օդի պահպանության հարցերի վերաբերյալ վեճերի լուծման կարգին, իսկ հոդվածի բովանդակությունը մթնոլորտային օդի աղտոտման հետևանքով անձանց պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերություններին, որոնք իրենցից հարցերի ավելի լայն շրջանակ են ենթադրում, քան միայն վեճերի կարգավորման խնդիրները:
- Օրենքի գործող 11-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ հղկման աշխատանքներ կատարելիս պետք է օգտագործել փոշու արտանետումը բացառող սարքեր և տեխնոլոգիաներ, իր հերթին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 81.1-ին հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն հղկման աշխատանքներ իրականացնելիս փոշու արտանետումները բացառող սարքեր, տեխնոլոգիաներ չօգտագործելու համար:
Նշվածը պետք է մեկնաբանել այնպես, որ հղկման աշխատանքներ կատարելիս պետք է բացառվի փոշու արտանետումը, այնուամենայնիվ՝ վերոհիշյալ դրույթները տառացիորեն մեկնաբանելու դեպքում՝ տնտեսավարողները կարող են առարկել, որ առանձին դեպքում օգտագործվել են համապատասխան տեխնոլոգիրաները, սակայն դրանց անսարքության կամ հղկվող նյութի ֆիզիկական առանձնահատկությունների պատճառով փոշու արտանետումը չի կանխվել:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև փոշու արտանետումների բացառման մասով «չմիջնորդավորված» նորմերի սահմանման նպատակահարմարությունը՝ անհրաժեշտություն է առաջացել հղկման աշխատանքներ կատարելիս փոշու արտանետումը բացառող սարքերի և տեխնոլոգիաների օգտագործման պահանջը փոխարինել հղկման աշխատանքներ կատարելիս փոշում բացառելու պահանջով, իր հերթին այդ պահանջի պահպանման համար միջոցների ընտրությունը թողնելով տնտեսավարողների հայեցողությանը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մասով՝
- «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 43.1-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն և 219.1-րդ հոդվածի համաձայն՝ սահմանվում է վարչական պատասխանատվություն շինարարական աղբը համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելը կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելու համար, իսկ նշված մասերով գործերի քննությունը վերապահվում է տեղական ինքնակառավարման մարմիններին:
Իր հերթին, նույնաբովանդակ կարգավորում առկա է նաև Օրենսգրքի 81.2-րդ 1-ին և 2-րդ մասերում, որոնց համաձայն՝ սահմանվում է վարչական պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցներով ավազի կամ ցեմենտի կամ գաջի կամ խիճի կամ այլ սորուն նյութերի կամ հողային զանգվածների, ինչպես նաև շինարարական աղբի տեղափոխումն առանց փոշու համար անթափանց ծածկոցների իրականացնելու կամ սահմանված կարգով հատկացված վայրում չտեղադրելու համար:
Այսպիսով՝ շինարարական աղբի տեղադրման մասով Օրենսգրքում առկա են միմյանց կրկնորդող դրույթներ, որոնցով նախատեսված խախտումների մասով գործերի քննությունը վերապահված է տարբեր գերատեսչությունների:
Նշվածի մասով հարկ է նաև նկատի ունենալ, որ հատկացված վայրերում ավազի կամ ցեմենտի կամ գաջի կամ խիճի կամ այլ սորուն նյութերի կամ հողային զանգվածների տեղադրման կարգ բնապահպանական օրենսդրությամբ չի սահմանվում, իսկ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով սահմանվում են պահանջներ միայն վերոհիշյալ նյութերի տեղափոխման և պահպանման վերաբերյալ:
2) Օրենքում առաջարկվող փոփոխությունների համատեքստում՝ անհրաժեշտություն է առաջացել նաև փոխել Օրենսգրքի 81.1-րդ՝ վարչական պատասխանատվություն սահմանելով հղկման աշխատանքներ կատարելիս մթնոլորտային օդ փոշու արտանետումները չբացառելու համար՝ հղկման աշխատանքներ իրականացնելիս փոշու արտանետումները բացառող սարքեր, տեխնոլոգիաներ չօգտագործելու մասով սահմանված վարչական պատասխանատվության փոխարեն:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Օրենքների նախագծերով առաջարկվում է՝
1) «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում լրացնել Կառավարության կողմից մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը սահմանելու, իսկ լիազոր մարմնի կողմից այն մշակելու լիազորող նորմերը,
2) Հստակեցնել տնտեսավարողների պարտականությունները համապատասխան կարգով գնահատված վնասի հատուցումը կատարելու մասով,
3) Միմյանց համապատասխանեցնել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում առկա կարգավորումները՝ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահելով հատուկ սահմանված երթուղով և հատուկ հատկացված վայրեր շինարարական աղբի տեղափոխման նկատմամբ վերահսկողությունը,
4) Շինարարական աղբի ոչ սահմանված վայրերում տեղադրման և սահմանված երթուղով տեղափոխման հարցերի հետ կապված բացառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում առկա կրկնորդումները:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Օրենքների նախագծերը մշակվել են Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Տեսչական մարմնի կողմից համատեղ:
4.Ակնկալվող արդյունքը
Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում՝
1) Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները կիրականացվեն առավել արդյունավետ, իսկ խախտումների արձանագրման և պետության և շրջական միջավայրին պատճառված վնասի հատուցման գործընթացի տեսանկյուններից առավելագույնը կբացառվի համապատասխան որոշումների բեկանման հնարավորությունը:
2) Կապահովվի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքով սահմանված պահանջների նկատմամբ Տեսչական մարմնի կողմից իրականացվող պատշաճ վերահսկողությունը:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Օրենքների նախագծերի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Օրենքների նախագծերի փաթեթը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։