«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ դիտողություններ և առաջարկություններ
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ գործող օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտավորեցնում է հղկման աշխատանքներ կատարելիս օգտագործել փոշու արտանետումը բացառող սարքեր և տեխնոլոգիաներ։
Մինչդեռ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 4-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը խմբագրել հետևյալ կերպ. «Հղկման աշխատանքներ կատարելիս բացառել մթնոլորտային օդ փոշու արտանետումները.»:
Հարց է առաջանում, թե ի՞նչ պետք է հասկանանք «բացառել» ասելով, ի՞նչ գործողություններով պետք է բացառենք մթնոլորտային օդ փոշու արտանետումները։ Որքան էլ պնդենք, որ «բացառել» բառը ենթադրում է որևէ գործողության կամ երևույթի հնարավորությունը վերացնել, արգելել, թույլ չտալ կամ կանխարգելել, այնուամենայնիվ, պետք է ընդունենք, որ «բացառել» բառը չի տալիս այն ենթադրյալ գործողության կամ գործողությունների էությունն ու նկարագիրը, որնց կատարումը կարող է ապահովել ցանկալի արդյունք։
Այսպիսով, նախագծի 4-րդ հոդվածի ձևակերպումը ոչ բավարար հստակ է և չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, տարաբնույթ ընկալման տեղիք է տալիս, ինչը հետագայում հանգեցնելու է տվյալ իրավական նորմի անկատարության:
Գործող Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի բոլոր ենթակետերի, այդ թվում նաև 5-րդ ենթակետի, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցից յուրաքանչյուրում թվարկված են պարտադիր կատարման ենթակա որոշակի գործողությունները, որոնց ապահովումը կամ կատարման մեջ թերացումը հնարավոր է ապացուցել և չկատարման դեպքում՝ ենթարկվել պատասխանատվության։ Իսկ առաջարկվող փոփոխության պարագայում Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ ենթակետի պահանջը դուրս կմնա սույն հոդվածի 2-րդ մասի ընդհանուր տրամաբանությունից, և պարտավորության կատարման ապացուցումը փաստացի կդառնա անհնարին։
«Բացառել» բառի քննարկումը գուցե այնքան էլ կարևորություն չստանար, եթե մեկ այլ՝ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով գործող Օրենսգրքի 81.1-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվող փոփոխությամբ վարչական պատասխանատվություն չսահմանվեր Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ ենթակետի պահանջը խախտող ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։ Երբ այս կամ այն իրավական նորմը օրենքում ձևակերպված է անորոշ կամ ոչ հստակ, ապա իրավակիրառ պրակտիկայում այն միանշանակ առաջացնելու է բազում հարցեր ու վեճեր, քանի որ յուրաքանչյուր կողմ յուրովի է մեկնաբանելու տվյալ անորոշ նորմի ձևակերպումը, բնականաբար՝ հօգուտ իրեն, իսկ դատարաններն էլ ավելի են խճճելու դրա ընկալումն ու կիրառումը։
Օրենքում «բացառել» բառի օգտագործումը հակասում է նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջին, որի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: Ըստ նույն հոդվածի 3-րդ մասի՝ եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը:
Ավելին, ՀՀ սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
Այսպիսով, առաջարկում ենք վերանայել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը և «բացառել» բառի փոխարեն նախատեսել հստակ կատարման ենթակա գործողություն կամ գործողություններ։ Միևնույն ժամանակ առաջարկում ենք վերանայել նաև «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդավծի բովանդակությունը, և այն համապատասխանեցնել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նոր՝ վերանայված փոփոխությանը՝ հիմք ընդունելով մեր դիտողություններն ու առաջարկությունները։
"Ա․Դ․Սախարովի անվ․ մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն" ՀԿ
13․07․2023թ․