Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2140-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացների կատարելագործման, արդյունավետության բարձրացման և պարզեցման համար:

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2140 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2140-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացների կատարելագործման, արդյունավետության բարձրացման և պարզեցման համար

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորելու համար քաղաքացիները բացի թոփ 50 բուհերում սովորելուց, տարկետում էին ստանում նաև մշակված մեթոդաբանությամբ համապատասխան նվաճումներ ունեցող ուսանողները: Որպես նվաճումներ սահմանված են դիմելու օրվան նախորդող երեք տարիներում համապատասխան ամսագրերում հոդվածներ ունենալը, գիտական կոնֆերանսներին մասնակցելը և գիտակրթական մրցանակներ ունենալը: Նշված ցուցանիշները բացառիկ նվաճում համարելը կրթության և գիտության ոլորտում առաջացրել է մասնագետների դժգոհությունը, որոնք հիմնականում կապված են գիտական կոնֆերանսների մասնակցությունը բացառիկ նվաճում համարելուն: Ուսանողները տարկետման արժանանալու համար մասնակցում են ցածրամակարդակ գիտաժողովների, որոնք ֆորմալ առումով համապատասխանում են պահանջներին, սակայն աղերս չունեն գիտական միջոցառումների հետ: Ներկայացված կոնֆերանսները հիմնականում կեղծ (ֆեյք) կոնֆերանսներ են, որոնց մասնակցության համար ուղղակի պահանջվում է համապատասխան վճարումը կատարել: Կրթա-գիտական տեսանկյունից գիտաժողովի զեկույցները իրական գրախոսում չեն անցնում և իրենցից գիտական արժեք չեն ներկայացնում: Այսօր ցանկացած ուսանող կարող է ցանկացած հոդված՝ համապատասխան վճարի դիմաց, ներկայացնել կոնֆերանսի և ստանալ համապատասխան վկայական, որը պետք համարվի բացառիկ նվաճում և քաղաքցուն դրա համար տրամադրվի տարեկետում:

Գործող կարգի 8-րդ կետի համաձայն՝ նշանակալի նվաճումները համապատասխան հանձնաժողովի կողմից հաշվարկվում են բալային միավորների համակարգով՝ առավելագույնը 80 բալային միավորի սահմանաչափով, նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության հիման վրա՝ համաձայն որոշմամբ սահմանված ձևի: Մագիստրոսի կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունքի հավակնություն են ձեռք բերում առնվազն 49, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի շրջանակներում՝ առնվազն 51 բալային միավոր հավաքած քաղաքացիները:

Սկսված 2018 թվականի ամառային զորակոչից մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների կողմից ներկայացված նշանակալի նվաճումների փաստաթղթերը և դրանց գնահատման վերաբերյալ քաղաքացիների բազմաթիվ ահազանգերը, դիմում-բողոքները, ինչպես նաև նշանակալի նվաճումների գնահատման արդյունքները վիճարկելու համար առկա դատական գործընթացների համադրմամբ և վերլուծությամբ պարզ է դառնում, որ նշանակալի նվաճումների բալային միավորների համակարգով գնահատման գործընթացը քաղաքացիների մոտ հիմնականում առաջացնում է հանձնաժողովի գործունեության նկատմամբ անվստահություն, ինչը դրսևորվում է նշանակալի նվաճումների սխալ, ոչ լիարժեք կամ ընտրողաբար գնահատում իրականացնելու կասկածանքով: Նման տեսակետի համար հիմք է հադիսանում նշանակալի նվաճումների գնահատման բարդ և շատերի համար անհասկանալի, ոչ միանշանակ ընկալվող և հավելյալ պարզաբանումների կարիք ունեցող մեթոդաբանությունը, ինչպես նաև գնահատման ժամանակ մարդկային գործոնով պայմանավորված սխալվելու հավանականությունը:

2018 թվականին ընդունված ՀՀ կառավարության 451-Ն որոշմամբ քաղաքացիներին տարկետում տրամադրվել է կրթության և գիտության ոլորտում բացառիկ նվաճումների համար՝ սահմանված հաշվարկի մեթոդաբանության համապատասխան: 2018 թվականին հաշվարկի մեթոդաբանությամբ միավոր է նախատեսված եղել նաև հարցազրույցի համար, և ընդհանրապես կարգը ընդունվելուց նախատեսվել է, որ սահմանափակ թվով և բացառիկ նվաճում ունեցող քաղաքացիները ստանան տարկետում, որի նպատակով նախատեսվել է նաև հանձնաժողով, որում ընդգրկված անդամները կիրականացնեն բացառիկ նվաճումների գնահատումը և հարցազրույցը: Սակայն, 2018 թվականից սկսած, կարգի մեջ տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, մասնավորապես հարցազրույցի փուլ այլևս նախատեսված չէ, իսկ իրավակիրառ պրակտիկայում կիրառված մոտեցումները հանգեցրել են նրան, որ տարկետումից օգտվում են ոչ թե բացառիկ նվաճումներ ունեցող եզակի քաղաքացիներ, այլ հարյուրավոր ուսանողներ, որոնք պահանջվող նվաճումները ձեռք են բերում՝ շատ ժամանակ նաև ոչ գնահատելի և չափելի կրթա-գիտական գործունեության շնորհիվ: Առաջարկվող փոփոխությունները նպատակ են հետապնդում կոնկրետացնել նվաճումները և դրանք համարժեք գնահատականի արժանացնել: Այդ իսկ պատճառով էլ նախատեսվում է նվաճումների շրջանակը հստակեցնել, իսկ գնահատումը դարձնել հստակ և տեսանելի:

Ամփոփելով վերը շարադրվածը, պարզ է դառնում, որ գործող տարկետման համակարգը չի նպաստում ՀՀ կրթա-գիտական ոլորտի զարգացմանը, իսկ սահմանած ցուցանիշները, որոնք ունենալու համար քաղաքացին համարվում է բացառիկ նվաճում ուեցող, արդարացված չեն և համարժեք չեն բացառիկ նվաճում հասկացությանը: Գործող հաշվարկի մեթոդաբանությունը և բալային համակարգը, որը կիրառվում է գիտական կենտրոններում գիտնականների գիտական գործունեության արդյունավետության չափման համար, կիրառելի չեն ուսանողների համար և գործընթացները դարձնում են ոչ ընկալելի և չափելի:

Ներկա կարգավորումներով քաղաքացին պատասխանատվություն ունի մինչև սեպտեմբերի 30-ը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում ներկայացնել համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքները` հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ, որոնց հիման վրա կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումից հետո քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով: Սակայն, հաշվի առնելով տարկետում ստացած քաղաքացիների մեծ թվաքանակը և ներկայացվող տեղեկատվության մեծ ծավալը, մեկ ստորաբաժանման կողմից տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր չի լինում սահմանված ժամկետներում և կարգով գործընթացը իրականացնել: Առաջարկվող փոփոխությամբ տեղեկավության հավաքագրումը և կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմին ներկայացնելու գործընթացը իրականացվում է քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանման կողմից, քանի որ, ոչ կենտրոնացված և տարածքային մակարդակով տարկետում ստացածների թվաքանակը քիչ է, և հետևաբար ավելի արդյունավետ և պատշաճ կարող է իրականացվել, բացի այդ քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանումներում է ամփոփվում քաղաքացիների զինապարտության մասով ամբողջական տեղեկատվությունը:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, կարգավորման նպատակը.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը գործող կարգավորումների և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված ներկայացվող հիմնական պահանջների պահպանությամբ և մոտեցումներով սահմանել առավել պարզեցված և ընկալելի ընթացակարգ, որը հնարավորինս զերծ կլինի մարդկային գործոնով պայմավորված գնահատման համակարգից և շեշտը կդրվի հավակնորդի ունեցած փաստացի նվաճման առկայության վրա: Ինչպես նաև բացառիկ նվաճում համարել այնպիսի ձեռքբերումները, որոնք ուղղված կլինեն ՀՀ կրթա-գիտական ոլորտի զարգացմանը:

  1. Կարգավորման նպատակը.

Նախագծով ներկայացվող առաջարկությամբ նախ և առաջ գործընթացը հնարավորինս պարզեցվել և առավել ընկալելի ու հասկանալի է դարձվել՝ միաժամանակ պահպանելով այն հիմնական չափանիշերը, որոնք կարող են համարվել բացառիկ նվաճում ու որոնց հիման վրա սկսած 2018 թվականից իրականացվել է գնահատումը և քաղաքացիներին տրվել է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք:   

Առաջարկվող փոփոխությունների շնորհիվ գործընթացը կիրականացվի քաղաքացիների համար առավել հասկանալի և թափանցիկ եղանակով, ինչպես նաև հնարավորինս կնվազեցնի մարդկային գործոնով պայմանավորված սխալ գնատում իրականացնելու հավանականությունը, բացի այդ, որպես  բացառիկ նվաճում չի համարվի գիտական կոնֆերանսներին մասնակցությունը, քանի որ վերջին տարիներին ներկայացրած հիմքերից պարզ է դառնում, որ կոնֆերանսներին ուսանողների մասնակցությունը կրում է զուտ ձևական բնույթ, մասնավորապես, արտերկրում կազմակերպվում են մատչելի` մինչև 20 դոլլար մասնակցության համար նախատեսված վճարով, միջազգային գիտաժողովներ, որտեղ ներկայացված նյութերը առանց գրախոսության տպագրվում են: Այսպիսի գիտաժողովների նպատակը գումար աշխատելն է, այլ ոչ գիտական աշխատանքի գնահատումը և լուսաբանումը: Դիմորդները հաճախ որոշ փոփոխություններով` հիմնականում վերնագրի մեջ, նույն նյութը ներկայացնում են այսպիսի գիտաժողովներին, և քանի որ նյութը գրախոսություն չի անցնում, այն տպագրվում է, արդյունքում գրեթե միևնույն նյութը գնահատվում է մի քանի անգամ: Նմանատիպ գիտաժողովների նյութերը ֆորմալ բավարարում են Կառավարության որոշման պահանջներին, սակայն գիտական միջոցառման հետ առնչություն չունեն: Եղել են դեպքեր երբ ուսանողը ներկայացրել է մեկ կոնֆերանսի ընթացքում 7 հոդվածով զեկույց կարդալու մասին հավաստագրեր: Առաջարկվող փոփոխությամբ նման արատավոր երևույթները այլևս չեն համարվի բացառիկ նվաճում:

Առաջարկվող փոփոխություններով կարգավորվում է նաև ասպիրանտուրայում սովորող և հայտարարված զորակոչի ընթացքում ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված կամ ատենախոսությունը Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետությունում պաշտպանած, բայց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատումը կամ օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանի վկայագիրը Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցումը դեռ չստացած անձանց տարկետման հարցը: Ներկայումս հարցը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2140-Ն որոշմամբ, որի կիրառումը առաջացնում է մի շարք խնդիրներ և շատ ժամանակ  քաղաքացիների տարկետման ժամկետը ավարտվում է և նրանք չեն կարողանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել համապատասխան գիտական աստիճանի վկայականը, որը հիմք կարող էր հանդիսանալ նրանց պարտադիր զիվորական ծառայությունից ազատելու համար, միաժամանակ նաև հնարավորություն չէր լինում նաև երկարացնել քաղաքացիների տարկետումը: Առաջարկվող լուծմամբ ուժը կորցրած է ճանաչվելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2140-Ն որոշումը, իսկ 451-Ն որոշմամբ նախատեսվում է, որ նշված անձիք զորակոչվում են հաջորդ զորակոչին, ինչը հնարավորություն կտա, թե քաղաքացիների, և թե պետական համապատասխան մարմիններին գործընթացները կազմակերպել ավելի արդյունավետ՝ առանց սահմանված ժամկետների խախտման:

Որոշման նախագծով սահմանված է, որ նախատեսվող փոփոխությունները ուժի մեջ են մտնելու 2023 թվականի մարտի 1-ից այն նպատակով, որ քաղաքացիները հնարավորություն և ժամանակ ունենան ուսումնառության ընթացքում ձեռք բերեն այն նվաճումները, որը պահանջվում է նշված փոփոխություններով:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2140-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչեու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացները կկատարելագործվեն, այն կդառնա ավելի պարզ և հասկանալի շահակից տարբեր խմբերի համար, սահմանված նվաճումները համահունչ կլինեն կրթության և գիտության արդի պահանջներին:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2140-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2140-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:

6.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

  • Քննարկվել է

    14.02.2022 - 01.03.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4949

Տպել

Առաջարկներ`

Էմմա Եղիազարյան

01.03.2022

Հարգելի ԿԳՄՍՆ, Խնդրում եմ հաշվի առնել, որ գրեթե բոլոր (եթե ոչ հենց բոլոր) ամսագրերը անգամ ընթացք չեն ուզում տալ այն հոդվածներին որոնց հեղինակը միայն բակալավրիատի/մագիստրատուրայի ուսանող է եւ ակնկալում են առնվազն 1 գիտական թեկնածուի կամ դասախոսի առկայություն հեղինակների ցանկում։

Gurgen Grigoryan

01.03.2022

Առաջարկում եմ հանել առանց համահեղինակ հոդվածների սահմանափակումը, քանի որ դա հնարավորություն չի տալիս որպես հեղինակ ներառել գիտական ղեկավարին։ Ավելին՝ շատ դեպքերում "լուրջ" հոդվածները պահանջում են առնվազն 2 տարբեր դիսցիպլինայի մասնագետի/հեղինակի համատեղ աշխատանք։ Փաստորեն, այսպիսի հոդվածները տվյալ դեպքում կբացառվեն։ Կամ գոնե առաջարկում եմ ներառել հետևյալ նախադասությունը՝ "մագիստրատուրայի կրթական ծրագրի համար՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրերում տվյալ մասնագիտության գծով առնվազն 1՝ առանց համահեղինակության կամ առնվազն 2՝ համահեղինակությամբ, իսկ ասպիրանտուրայի կրթական ծրագրի համար առնվազն 2՝ առանց համահեղինակության կամ 1 առանց համահեղինակության և 2 համահեղինակությամբ կամ 4 համահեղինակությամբ հրապարակված գիտական հոդվածներ ունենալու", որը նախորդ տարվա նմանատիպ նախագծում էր ներառված։

Մարտին Մնացականյան

01.03.2022

Կարծում եմ հետևյալ նախադասությունը ճշգրտման կարիք ունի՝ "իսկ ասպիրանտուրայում սովորելու համար առնվազն երեք՝ առանց համահեղինակների կամ ԱՌՆՎԱԶՆ մեկ՝ առավելագույնը 5 համահեղինակ ունեցող՝ հղման ենթակա, հրապարակված գիտական հոդվածներ ունենալու հանգամանքը:" Բացի այդ, առաջարկում եմ վերանայել առանց համահեղինակ հոդվածների պահանջը, քանի որ շատ ամսագրեր հոդվածը ընդունելուց առաջ պահանջում են առնվազն 1 համահեղինակի առկայություն, որը ունի գիտական կոչում։

Տեսնել ավելին