31.03.2026
Նախագծով նախատեսվում է նվազեցնել ուսումնասիրության փուլում կնքվող հաշտության համաձայնությամբ պետությանը փոխանցվող գույքի արժեքի նվազագույն շեմը՝ 75%-ի փոխարեն որպես նվազագույն շեմ սահմանելով 60%-ը։ Հասկանալի է, որ առաջարկվող փոփոխության նպատակն է խթանել առավել մեծ թվով հաշտության համաձայնությունների կնքումը հենց ուսումնասիրության փուլում, դրանով իսկ նվազեցնելով դատարանների ծանրաբեռնվածությունը և արագացնելով վարույթները։ Սակայն գտնում ենք, որ այստեղ կա սկզբունքային խնդիր, որը, հակառակ Նախագիծը ներկայացնող մարմնի պնդման, չի բխում օրենքի նպատակներից։ Եթե պետությունն իր իսկ իրականացրած ուսումնասիրությամբ հանգում է այն եզրակացության, որ առկա են բավարար հիմքեր հիմնավորելու գույքի ապօրինի ծագումը, ապա մինչդատական փուլում այդ գույքի միայն 60%-ի փոխանցմամբ բավարարվելը ենթադրում է, որ պետությունը պատրաստ է էապես զիջել դատախազության կողմից ապօրինի համարվող ակտիվների զգալի մասը։ Սա կարող է ոչ միայն թուլացնել ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձման արդյունավետությունը, այլև հանրային ընկալմամբ ստեղծել «բանակցային» կամ «զեղչային արդարադատության» տպավորություն, ինչը հակասում է հակակոռուպցիոն քաղաքականության կանխարգելիչ և վերականգնողական նպատակներին։
Բացի այդ, նման նվազեցումը կարող էր որոշակիորեն արդարացված լինել միայն այն դեպքում, եթե դրա հիմքում դրվեին համապատասխան վիճակագրական տվյալներ կամ արդեն ավարտված վարույթների համակողմանի վերլուծություն, որոնք ցույց կտային, որ նման մոտեցումը համաչափ է՝ հաշվի առնելով վարույթի ծախսերը, տևողությունը և դատարանների կողմից իրականում բավարարվող պահանջների չափերը։ Մինչդեռ Նախագծի հիմնավորումները նման տվյալների կամ վերլուծության առկայության մասին որևէ հղում չեն պարունակում։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք ուսումնասիրության փուլում կնքվող հաշտության համաձայնությամբ պետությանը փոխանցվող գույքի արժեքի նվազագույն շեմի իջեցման վերաբերյալ փոփոխություն կատարել միայն ավարտված վարույթների, ինչպես նաև պետության կողմից կրած ծախսերի և ստացված արդյունքների համադրման արդյունքում համապարփակ վերլուծություն իրականացնելուց հետո։ Միայն նման տվյալահեն մոտեցումը կարող է ապահովել, որ սահմանվող շեմը լինի հիմնավորված, համաչափ և համադրելի օրենքի նպատակների հետ։ Նման վերլուծության բացակայության պարագայում գտնում ենք, որ փոփոխությունը հիմնավորված չէ։